Թե հավես ունես, արի խաղանք: Հաստատ կիմանաս «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»: Հետաքրքրի` բախտդ փորձիր: Խաղի կանոնները գրեթե անփոփոխ են, միայն չկան անձեռնմխելի գումարներ, հարցերն էլ ավելի քիչ են: Ընդամենը վեց ու կես հարց` չորսական տարբերակով: Փետրվարի 29-ին ուղարկիր քո ցուցակը, ես էլ պարտավորվում եմ նույն օրը հրապարակել իմը: Խաղարկվում է մեկ միլիոն դրամ: Կստանաս ամբողջ գումարը, եթե մեր նախընտրած տարբերակները լիովին համընկնեն:

Սկսեցինք:

Հարց առաջին
Ի՞նչ ես ուզում:
Ա. Ազատվել կեսիցս: Սրտանց ուզում եմ կորցնել կեսիս, որ անկախանամ, դառնամ ինքնաբավ ու վերջապես հանգիստ ապրեմ:
Բ. Մեկ միլիոն դրամ: Երկուսիս համար էլ խոսքը փողից թանկ է: Ինքս ինձ խոսք եմ տալիս. փետրվարի 29-ին կունենամ մեկ միլիոն դրամ, ուրեմն անվրեպ կկրակեմ, անհոգ եղիր:
Գ. Օգտվել «զանգ ընկերոջը» հնարավորությունից: Զանգեցի, բարեւեցի ու կրկնեցի համարդ՝ 091 364344, որ ստուգեմ` ճիշտ ես գրել, թե ոչ: Պարզվեց՝ չես խաբել: «Գիտե՞ս, կարդում եմ քո «միլիոնատեր»-ը, ուզում եմ հասկանալ` առաջին հարցի տարբերակներից որն ընտրել»: Հուշեցիր:
Դ. Իմանալ` վերջն ինչ կլինի: Մեկնարկը հեշտ է, չնայած թեթեւ սկիզբը հաճախ ծանր ավարտ է խոստանում: Դրա համար էլ գլխանց մեջդ սպանիր միլիոնատեր դառնալու հեշտագին ցանկությունն ու տրվիր խաղին ոչ թե հանուն փողի, այլ` ընթերցասիրությունից ելնելով:

Հարց երկրորդ
Ի՞նչ ես ման գալիս:
Ա. Հինգ մատիս պես քեզ գիտեմ. չես փոխվելու: Անընդհատ խանգարելու ես: Ագռավի նման կռռալու ես վրաս, մինչեւ վերջնականապես չգժվացնես: Ման եմ գալիս բայղուշ սպանող որսորդ, վարձու մարդասպան, որ պատրաստ է մի միլիոնի դիմաց վերացնել կեսիս:
Բ. Եթե խոսք տված չլինեի, մտքովս էլ չէր անցնի պատասխանել: Հիմա ուշ է հետ կանգնել: Բեր նկարն ու փողը: Աշխատում եմ մաքուր, անցանկալի հետքեր չեմ թողնում: Գոհ կմնաս, դեռ ոչ մեկը չի դժգոհել: Գումարը պետք է փոխանցես նախօրոք: Վերջնաժամկետը փետրվարի 29-ն է: Ման եմ գալիս քեզ պես մեկին:
Գ. Բոլոր մարդիկ էլ երեւի փնտրում են իրենց կեսին, եթե, ինձ նման, դեռ չեն գտել, հաստատ մի օր գտնելու են: Հետդ խոսելիս տարօրինակ զգացում ունեցա. կարծես վաղուցվա ծանոթներ ենք, արդեն խաղացել վերջացրել ենք ու հիմա վերհիշում ենք ապագան: Հար-ցից չշեղվեմ, իմ տարբերակն է՝ գտնել կեսիս:
Դ. Ման եմ գալիս ինձ ման եկողին: Թող հիմա էլ ինձ ման գան ու գտնեն: Ես էլ դառնամ մեկի փնտրածը: Ամեն անգամ թվում է` լավ ընտրություն ես կատարել, հետո պարզվում է ճիշտ հակառակը: Ընտրություններն ավանդաբար կեղծվում են, բայց ոչ մեկին դաս չի լինում, որ էլ չընտրեն: Այլ է ընտրվելը. մեկից ավելի ձայն ստանալն արդեն հուսադրող է. ուրեմն մենակ դու չես ասածներիդ հավատում: Կարճ ասած, մի ընտրիր, թող քեզ ընտրեն: Այսինքն` ընտրիր Դ տարբերակը:

Հարց երրորդ
Կգա՞ս միասին գնանք ման գալու:
Ա. Կգայի, բայց չեմ կարող: Ես քեզնից խռով եմ, աչքով աչք չունեմ քեզ հետ, ուր մնաց գամ հետդ ման գալու: Լավ էլ հասկանում ես. նորից քեզ տեսնել չեմ կարող, դա կնշանակի ագռավին կերակրել, իսկ ես ուզում եմ նրան սատկացնել: Արդեն գտել եմ մեկին, ով հանուն միլիոնի պատրաստ է ամբողջ սեւ գործն անել: Մտադիր եմ նկարն ու գումարը փոխանցել: Բան չմնաց. շուտով ազատ կլինեմ՝ անտեր շան նման ինքս ինձ տրված: Հիշո՞ւմ ես, կռվելիս ինձ միշտ անտեր շուն էիր ասում:
Բ. Չէ, չեմ գա: Ընդհանրապես գրական խարդավանքիդ տրվել եմ հանուն խոստման ու գումարի: Որտե՞ղ ես կարդացել, որ քիլերը զբոսնի իր մասին գրողի հետ: Սպասում եմ պատվիրատուիս, պետք է լուր տա, որ հանդիպենք` փոխանցի փողն ու զոհի նկարը: Հարցեր տալու սովորություն չունեմ, ինձ չի հուզում, թե ով, ում, ինչի համար է ուզում վերացնել: Ինքը սկսեց կյանքը պատմել. պատկերացնո՞ւմ ես, հեռախոսով լաց էր լինում, ձայնը դողաց, ասում է՝ խնդրում եմ, թող ցավ չզգա, թող ընդհանրապես չհասկանա, թե ինչ կատարվեց իր հետ:
Գ. Այո, հաստատ կգամ: Անձնապես դեռ ծանոթ չենք, բայց ես քեզ արդեն մի քիչ գիտեմ. հեչ որ չլինի, գրածներդ կարդում եմ: Ձեռքիդ համարն ունեմ, անունդ գիտեմ, էլ չասած ապագայի վերհուշի արտառոց զգացողության մասին : Զբոսնել-զրուցելով ոչինչ չեմ կորցնի: Հակառակ դեպքում՝ գուցե: Նախազգուշացրել ես, թե հանդիպած չլինենք ու ճիշտ տարբերակը Գ-ն լինի, միլիոնս չեմ ստանա: Պայմանը պայման է, ես ազնիվ եմ խաղում:
Դ. Իրականում սա սխալ տարբերակ է, որովհետեւ տրամաբանորեն կա երեք տարբերակ: Չնայած հեղինակի համար կարող է եւ միակ ընդունելին լինել: Ամեն դեպքում, գժի գործ է ման գալու առաջարկ անել սեփական անձին: Ուրեմն` հաստատ ծուղակ է: Համոզված եմ` կհամարվի ճիշտ, դրա համար էլ ընտրում եմ հենց այս տարբերակը:

Հարց չորրորդ
Ի՞նչ ես կարդում:
Ա. Վերընթերցում եմ հազարերորդ անգամ վերջին գրածդ ու ուզում եմ հասկանալ՝ ով է սա գրել. ե՞ս, թե՞դու: «Դու աննորմալի մեկն ես, ապրում ես քո աշխարհում, ինչ ուզում` մտածում ես: Ես աննորմալի մեկն եմ, ապրում եմ իմ աշխարհում, ինչ ասես, որ չեմ մտածում: Կհանդիպենք փետրվարի 29-ին Ձեռքերի մոտ»: Կապրենք` կտեսնենք: Ավելի ճիշտ՝ ես կապրեմ, իսկ դու` չէ:
Բ. Թերթից բացի, վաղուց ոչինչ չեմ կարդում. սովորաբար` կատարած աշխատանքս մի օր հետո ներկայացնում են առաջին էջերում: Մի տեսակ ինձ գնահատված եմ զգում: Մեկ էլ` սրա նման տարօրինակ հաղորդագրություններ. «Ես աննորմալի մեկն եմ, ապրում եմ իմ աշխարհում, տարօրինակ մտքեր ունեմ: Ոչ մի դեպքում չփորձես հետս ծանոթանալ կամ շփվել: Ման գալու առաջարկս կմերժես: Արագ կվերցնես փողն ու նկարը եւ կհեռանաս: Կհանդիպենք Ձեռքերի մոտ, փետրվարի 29-ին»:
Գ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» վերնագրով պատմվածք: Կեսն արդեն կարդացել եմ, հասել եմ չորրորդ հարցին: Որոշ բաներ լավ չեն հասկացվում, բայց վատ չի, դուր է գալիս: Հերոսներն ինքնարտահայտվում են խաղի պատասխան տարբերակների միջոցով, ընթերցողն էլ պիտի որոշի ամեն հարցի պարագայում, որ մեկին ավելի շատ հավատա ու կարող է ինքն էլ դառնալ միլիոնատեր: Ես էլ եմ ընթերցող: Հեղինակի հետ ժամադրված եմ, արդեն համաձայնել եմ, որ գնալու ենք միասին ման գալու, հույս ունեմ` կհաղթեմ:
Դ. Շատ էի ուզում էս հարցը տալ. ամենալավ հարցն է մարդուն ճանաչելու համար: Կյանքում ոչինչ չի կարող պատահել, որ մի տեղ գրված չլինի, ու հնարավոր չլինի մի տեղ կարդալ: Ինձնից բացի, ինչ-որ մեկը սա կկարդա, ու ես մտքերս կկիսեմ նրա հետ, ինքն էլ կհանդիպի ինձ: Կարդում եմ ինձ համար գրված գրքեր:

Ընթերցասրահի օգնության հնարավորություն.
Ա-մեկ քառորդը
Բ-մեկ քառորդը
Գ-մեկ քառորդը
Դ-մեկ քառորդը

Հարց հինգերորդ
Ի՞նչ կատարվեց մեզ հետ փետրվարի 29-ին:
Ա. Փետրվարի 29-ին արթնացա գլխացավով: Լուսանկարների դարակից հանեցի բոլոր ալբոմները, երկար փնտրում էի մեջս ավելի շատ ատելություն առաջացնող նկարը: Գտա մեկը, որտեղ իբր երջանիկ ես, բայց մենակ չես, կողքիդ քեզ պես երջանիկ մեկն էլ կա, գլուխ գլխի տված` ժպտում եք: Կիսեցի ու դրեցի ծոցագրպանս: Սառնարանից երկու հում նրբերշիկ հանեցի, մեկը կուլ տվի, մյուսն էլ դրեցի տոպրակի մեջ ու վերցրի հետս, ճանապարհին պետք կգա: Զգացի` սուրճի առաջին կումն ինչպես է փոխում բերանիս համաը, եւս երեք կում արեցի ու դուրս եկա տնից՝ առանց հայելու մեջ նայելու: Քշեցի HSBS, հանեցի հաշվեհամարից մի միլիոն դրամ: Բանկի աղջիկն ինձ չժպտաց, միայն հարցրեց. «Ամբողջ գումա՞րն եք հանում», ասեցի՝ այո: Մարդիկ կարծում են, թե հարուստ եմ: Աշխատանք ունեմ, տունուտեղ, լավ եմ հագնվում: Իրականում հետ գցած ամբողջ գումարս էր: Ինձ փող պետք չի: Փողոցում անտեր շուն տեսա, հարազատություն զգացի, բայց շատ քոսոտ տեսք ուներ, վանող, խղճահարությունից բացի` ոչինչ չառաջացնող: Մոտեցա, զգաց, որ խղճում եմ, ինքն էլ ինձ ըստ արժանվույն գնահատեց ու գռմռաց: Նրբերշիկը հանեցի ցելոֆանից ու գցեցի առաջը: Ոչնչացնող հայացքով նայեց ինձ, տեղում չորացա. աչքերը… մի տեղ տեսել եմ էս աչքերը: Մոտ չեկավ, սպասեց` մինչեւ հեռանամ: Քշեցի, շրջվեցի ու տեսա, որ կաղում է: Ոչինչ, շունը կաղալով չի սատկի: Մի քիչ շուտ հասա Ձեռքերի մոտ: Օրը` արեւոտ, օդը` սառը, կյանքը` անցողիկ: Ագռավասպանս դեռ չկա: Նրան միշտ պատկերացրել եմ տխուր աչքերով, ոտից գլուխ սեւ հագած, ինչպես եւ վայել է իրեն հարգող վարձու մարդասպանին: Մազերը մի քիչ երկար, գանգուր ու հետ սանրած: Հասակը` մետր ութսուն, թող բոյով լինի: Գիշերները չի քնում, խիղճը տանջում է, ուզածն արժանապատիվ ապրուստի միջոց է: Գոհ չի իր բախտից: Հոնքերի արանքում, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մի մեծ կնճիռ կա՝ շատ խոժոռվելուց: Եկավ, հեռվից նկատեցի, ինչ-որ տարօրինակ քայլքով, ոտքերի տակ նայելով, կարծես բան էր փնտրում: Մոտեցավ՝ հարյուր տոկոսով իմ պատկերացրածը, նույնիսկ կնճիռն իր տեղում էր: Բարեւեցինք, քաշվեցինք մի կողմ: Նկարն ու փողը հանեցի ծոցագրպանիցս ու մեկնեցի իրեն: Նայեց կիսած պատկերին, անհանգստացավ. դենքի արտահայտությունը միայն մի ակնթարթ փոխվեց, բայց բավական էր շփոթմունքը որսալու համար: Սկսեցի համոզել. ես համոզելու մասնագետ եմ: Ինչ ասես չասեցի: «Ինքս չեմ կարող անել: Համաձայնեցիր էժան գնով ստանձնել պատվերը, ասեցիր` խոսքը փողից թանկ է, քո բառերն են: Ինքդ ընտրեցիր սկզբից, հենց առաջին հարցից՝ Բ տարբերակը, հիմա հետ ես կանգնում: Մտածելու բան չկա. մարդիկ իրար ձրի էլ են սպանում, առանց փողի՝ լավության կարգով, ամեն քայլափոխի: Քեզնից բան չի գնում, դա քեզ համար սովորական մահ է, իսկ ինձ համար` կյանքի ու մահվան հարց»: Էլի ինչ-որ բաներ ասեցի, բայց անհողդողդ էր: Գումարը հետ չի տալիս, զինված է, մեջս խաբված լինելու վախ մտավ: Ինչ-որ բաներ է բռբռում. սկզբունքների ու խաղի կանոնների մասին: Այլընտրանք չունեմ, համաձայնում եմ իր խաղին: Վերջին անգամ նայում եմ Ագռավասպանի աչքերի մեջ ու հասկանում եմ` տխուր չեն, փողոցում հանդիպած անտեր շան աչքերն են մեկից մեկ. մտածում եմ` երեւի բարեկամ են, ու կրակում:
Բ. Փետրվարի 29-ին արեւոտ օր էր, օդն էլ` սառը. իմ սիրած եղանակը: Առավոտ շուտ գնացի, թերթերն առա. կարդացի մի երկու սպանության մասին, հասկացա, որ մասնագետի գործ չի՝ ինքնուս սիրողական մակարդակ: Մտածեցի` սխալ է օրը ցերեկով պատվիրատուի հետ Ձեռքերի մոտ ժամադրվելը, բայց արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու համար: Սկսեցի պատրաստվել հանդիպման: Չեմ սիրում ոտից գլուխ սեւ հագնել, բայց գիտեմ, որ պատվիրատուս դա է ինձնից սպասում, կերպարս է թելադրում հագուստի նման ոճ: Առաջ մազերս կարճ էին, հիմա մի քիչ երկարացրել եմ ու հետ եմ սանրում. դա էլ տուրք է Հոլիվուդին: Մեկ էլ` հոնքերիս արանքի սպին, որ շատերի կարծիքով կնճիռ է: Հայելում ինձ նայելիս հիշեցի նախորդ օրվա բարմեն աղջկան, որ ամբողջ երեկո չժպտաց ու վերջում էլ ինձ էր ասում. «Դու դժգոհ ես քո կյանքից, դեմքիդ գրված է, ու տխուր աչքեր ունես»: Լուրջ զենքի կարիք չկա, բայց հետս միշտ ատրճանակ եմ վերցնում: Տնից դուրս չեկած` ուսիս ծրտեցին: Տեսա ագռավ էր, կռռալով թռավ գնաց: Կյանքում ծիտ խփած չկամ, իմ սկզբունքներն ունեմ, կենդանիներին վնաս չեմ տալիս: Մի անգամ եմ շեղվել, գիշերը գործից հետ էի գալիս, մի անտեր շուն վրա տվեց, մեծ էր ու կատաղած: Խփեցի, վնգստոցը կապեց, մոտեցա մի հատ էլ կրակելու: Ոչնչացնող հայացքով նայեց ինձ, տեղում չորացա. Ձեռս չգնաց խփեմ, ասում են` շունը կաղալով չի սատկում, կարող է ապրի: Վերջը, ծերտն ուսիցս մաքրեցի, բայց մի թեթեւ հետք մնաց: Որոշեցի ոտքով, ինքս ինձ հետ խաղալով, գնալ` հաշվարկված քայլվածքով, երբ մայթի սալիկները բաժանող գծի վրա ոտքդ չպիտի հայտնվի: Պատվիրատուիս հեռվից ճանաչեցի. հեծանվով էր եկել: Բարեւեցինք, քաշվեցինք մի կողմ: Նկարն ու փողը հանեց ծոցագրպանից, ինձ տվեց: Մինչեւ նկարը տեսնելն արդեն կասկածներ ունեի: Աղոտ զգում էի, որ անազնիվ խաղ է հետս բռնել: Հենց նկարը տեսա՝ ամեն ինչ հասկացա: Ինքն էլ զգաց. դեմքի արտահայտությունը մի պահ փոխվեց, բայց դա էլ էր հերիք, որ շփոթմունքը հասկացվի: Սկսեց համոզել. ոնց որ համոզելու մասնագետ լիներ: Հերթ չէր տալիս խոսելու: Հազիվ հասցրի հասկացնել, որ հարցը միլիոնը չի, մարդ սպանելը շատ ավելի թանկ արժի անգամ մեր աղքատ երկրում: Ուրիշ տարբերակ չկար, դրա համար եմ համաձայնել: Երկուսիս համար էլ խոսքը փողից թանկ է: Հետո ասեցի բառացիորեն հետեւյալը. «Պետք է նախազգուշացնեիր` ում ես ուզում սպանել: Խաղի վերջում ես բացում քարտերը, անազնիվ ես: Ես էլ իմ սկզբունքներն ունեմ ու իմ խաղի կանոնները: Օրինակ, քեզ ծիծաղելի կթվա, բայց ծիտ չեմ խփում: Չես էլ հասկանո՞ւմ, որ ինքնասպանության նման մի բան ես ուզում ինձնից: Փողդ հետ չեմ տա, ասե՞մ` ինչ կանենք: Մի տարբերակ կա: Թե հավես ունես, արի մահվան խաղը խաղանք միլիոնի վրա: Հաստատ կիմանաս ռուսական պտտախաղը` ռուլետկան: Տես, հանում եմ բոլոր փամփուշները, թողնում եմ միայն մեկը: Քո ուզած խաղն է, հաղթող չկա, միայն` պարտվող, մեկ էլ` վերապրող: Դա էր ուզածդ, չէ՞: Սկսեցինք, առաջինը դու ես»:
Գ. Փետրվարի 29-ին արթնացա թե չէ` վազեցի համակարգչի մոտ, բացեցի էջդ, ինչպես եւ խոստացել էիր, դրել ես պատասխանների ճիշտ տարբերակները: Բինգոոոոո…. ես հաղթել եմ: Հավատացի քեզ, ինձ, խաղին, խոսքին ու հաղթեցի: Ես միլիոնատեր եմ: Լողացա, նախաճաշեցի, մի երկու բան ինտերնետում փորփրեցի` մինչեւ մի քիչ ժամանակ անցնի. անհարմար զգացի առավոտ շուտ զանգել, միգուցե դեռ քնած լինես: Մի քիչ էլ ոտս կախ գցեցի սոցիալական ցանցերում, հետո զանգեցի: Բարեւեցի, միանգամից ճանաչեցիր, դե, արդեն հանդիպել էինք մի անգամ: Ինձ շնորհավորեցիր հաղթանակիս կապակցությամբ: Ժամադրվեցինք Ձեռքերի մոտ: Օդը սառն էր, օրը` արեւոտ, տաքսիով եկա: Ճանապարհին ծաղկավաճառից երկու երիցուկ առա: Տրտնջաց, ասեց` փնջով եմ ծախում, հատիկով չի լինի: Համոզեցի. ես համոզելու վարպետ եմ: Մինչեւ հասա` արդեն սպասում էիր, էս անգամ հեծանվով էիր, բայց չզարմացա, քանի որ դրա մասին նախօրոք կարդացել էի քո պատմվածքում: Զբոսնեցինք այգում, ձյուն չկար, հալվել-գնացել էր: Վաղը գարուն է, ու ես միլիոնատեր եմ: Գնացինք թեյ խմելու: Դեսից-դենից զրուցեցինք, մի տեսակ չափազանցված ուրախ էիր, անընդհատ խնդմնդում էիր: Հետո անսպասելի հարցրիր, մի միլիոնի նրբերշիկ կառնե՞ս թափառական շների համար: Դրա մասին էլ էիր գրել, ես էլ արդեն յուրօրինակ պատասխան էի մտածել: Ասածս սրտովդ էր երեւի, քանի որ անկեղծ ծիծաղեցիր: Երկար խոսում էինք հինգերորդ հարցի մասին, ու երկուսս էլ համաձայն էինք, որ որոշողը մենք ենք, թե ինչ կկատարվի մեզ հետ փետրվարի 29-ին: Հայացքս, ինձնից անկախ, անընդհատ գցում էի դիմացս, սեղանին դրված ուռուցիկ ծրարին. վրան գրված է` HSBS, իսկ մեջը` իրոք, մեկ միլիոն դրամ; Առաջարկեցիր հաշվել: Չէ, հավատում եմ: Հետո ասեցի բառացիրորեն հետեւյալը. «Մի խաղն ավարտվեց, մյուսին անցնելու պահն է, հիմա իմ հերթն է, ես եմ խաղացնողը: Հավես ունես, արի խաղանք: Հաստատ կիմանաս «Սիրում է, չի սիրում»-ը. ամենապարզ խաղն է»: Վերցրինք մեկական երիցուկ ու սկսեցինք պոկել թերթիկները: Միասին բարձրաձայն վերհիշում ենք վերջին հարցը: Ժպտում ենք իրար, որովհետեւ համոզված ենք՝ պատասխանը միայն երիցուկի թերթիկները գիտեն:
Դ. Նախորդ երեքից եւ ոչ մեկը: Ես ունեմ իմ տարբերակը: Մարդիկ իրենց կեսը դրսում են որոնում, բայց կարող է ներսում էլ լինել: Անկախ դրանից, երկուսը, մի տեղ երկար մնալով, երբեմն թարսվում են, ու մեկն ուզում է ոչնչացնել մյուսին: Պապս ասում էր՝ կռիվդ խաղի վերածի, միշտ հաղթող դուրս կգաս: Էս խաղը գլխանց սրտովս չէր. արի մի ասա, այ անտեր շուն, միլիոն ունես` գնա վայելի, ինչի՞ պիտի տաս ինչ-որ մեկին: Իմ պատասխանն է. առանձնապես ոչինչ էլ տեղի չունեցավ փետրվարի 29-ին, սովորական արեւոտ օր էր, բայց օդը` սառը, ուղղակի գնացի Ձեռքերի մոտ` պարզելու` կեսս ինձ սիրում է, թե չէ:
Հարց վեցուկեսերորդ
Խաղն ավարտվում է, իսկ հիսուն-հիսուն օգնության հնարավորությունն անազնիվ է չկիրառել, ինչը եւ սիրով անում եմ՝ հեշտացնելով խաղացողի գործը ու հանելով Ա եւ Դ սխալ տարբերակները:
Սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում:
Բ. Սիրում է:
Գ. Չի սիրում:

 

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն