Xanjyan2006- ի գարնանը ՀԳՄ երգիծական «Սատիրիկոն» թերթի գլխին ամպեր կուտակվեցին, աներևույթ ոլորտներից խորհրդավոր մի ձայն շշնջաց` «Թերթը տրամադրիր ջահելներին, նրանք հիմա դրա կարիքն ունեն»: «Սատիրիկոնն» առանձնապես չբողոքեց, դյուրությամբ էր հանձնվում, կարծես գիտակցելով Եկողի կարևորությունը: «Գրեթերթի» գաղափարն անկասելիորեն ամրանում էր: Չէ, անունը դեռ ճշտված չէր, հիմնադիր-հեղինակների խումբը,- Արփի Ոսկանյան, Արքմենիկ Նիկողոսյան, Մհեր Բեյլերյան, Հովհաննես Թեքգյոզյան, Անահիտ Հայրապետյանը,- հետո ընտրեց մի քանի տարբերակներից` Գրեթերթ` այսինքն` գրական երիտասարդական թերթ, նաև` գրերից կազմված թերթ, նաև` գրեթե թերթ: Գուցե վիճելի է, բայց վիճելի լինելը նույնպես պատճառ էր, որ հենց այդ անունն ընտրվեր` ինտրիգ կա, սադրանք, ավելի արագ կտպավորվի, կհիշվի: Եվ ահա` 2006- ի հուլիսի մեկը, ողջույն «Գրեթերթ» համար առաջինին:

Գրեթերթը եռամսյա գրական թերթ է, ուր տպագրվում են մինչև երեսուն, գուցե մի քիչ էլ ավելի տարիքի գրողները կամ որպես այդպիսին հավակնողները, ավագներից` միայն նրանք, ովքեր կգրեն ջահելների մասին: Ցանկալի էր թերթն ամեն ամիս տպագրել, սակայն ֆինանսները թույլ չտվին, բացի այդ,- հետո պարզվեց,- քիչ թե շատ որակյալ նյութերը հենց այդ պարբերությամբ էլ հավաքվում են:

Չի կարելի ասել, թե թերթերն ու ամսագրերը զլանում են տպագրել երիտասարդների գործերը, սակայն մի բան է դեպքից դեպք այստեղ-այնտեղ հայտնվելը, և բոլորովին ուրիշ` սեփական մամուլում պարբերաբար, համախումբ ներկայանալը, դառնալով նաև նյութերի, լուսանկարների ընտրության, համարի հրատարակման, ապա քննարկման մասնակիցը. սա պետք է որ փորձառություն բերի, վստահություն, նաև գիտակցում` թե իրենք են վաղվա գրականության կառուցողն ու տերը. «Գրեթերթը», կարծում ենք, հուշում է մեր գրականության հեռապատկերը, նրա հիմնական ուղենիշները:

Որոշ սնոբական արձագանքներ հայտնվեցին` թերթը կոնցեպցիա չի որդեգրել, դեմք չունի, ուրիշության չի ձգտում: Այո, թերթը նման ամբիցիաներ չունի, թերթով կեցվածք ընդունելու, գլուխ գովելու խնդիր չունենք, մեզ նման շռայլություն թույլ տալ չենք կարող, մեր նպատակն այլ է` մեզ համար կարևոր է, որպեսզի թերթում տպագրվող յուրաքանչյուր հեղինակ ինքն ունենա իր կոնցեպցիան, ձգտի ուրիշ լինել, այսինքն` գտնի ինքն իրեն, կայանա, թերթն այս խնդրին է ցանկանում նպաստել, ազատ կայացման ասպարեզ է ստեղծում իր հեղինակների համար:

Ահա այսպիսի թերթ: Սիրեք այն, եթե կարող եք, եթե ոչ` հոգ չէ, ինքը կսիրի ձեզ, վերջապես` դա էլ էական չէ, գրականությունը վեր է իրար սիրել-չսիրելուց:

Գլխավոր խմբագիր` ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ