Ինչ-որ պահից դու էս աշխարհում մենակ չես լինի: Կգա մեկը, ով էս աշխարհին քո աչքերով կնայի, մեկը, ով քո աշխարհը կդառնա: Էլ սիրուն տողեր քամելու կարիք չի լինի. ինքն ամենասիրունը կլինի իմաստներից: Սկզբում աչքերովդ կճանաչի աշխարհը, հետո ամեն ինչ կանի աչքիցդ հեռու: Նա սկզբում անմարմին կլինի, բայց ամենակենսական գոյությունը կդառնա, է-ն, առանց որի աշխարհում ոչինչ չի ստացվում: Ինքն էն սիրուն խաղաղությունը կլինի, որի մասին մարդիկ երազում են: Սկզբում ներսում, հետո աշխարհի համար: Հիմա ինչ-որ նոր սիրտ կա իմ մեջ: Իմ գլխի վրայով աղավնիներ են թռչում, ու ես վերջապես խաղաղվել եմ: Ամենասիրուն տողերը ո՛չ ցավից են ծնվում, ո՛չ էլ տառապանքից: Ամենասիրուն տողը դու ես: Ամենաիսկական պատկերը, որ օգնում է հանդարտ նայել աղավնիներին: Նրանք թռչում են իմ գլխի վրայով ու ստիպում հավատալ, որ արդեն գտել եմ ամենահանգիստ տողը… Բարև, Մարի՛: Գիտե՞ս` քեզնից առաջ ես հրաշքների չէի հավատում, իսկ հիմա ուզում եմ, որ հավատաս հեքիաթներին: Ոչ մի վայրկյան չկասկածես, որ երկնքից խնձորներ են ընկնում, եթե դրանց կարիքը կա, ու ժուկով-ժամանակով միշտ ինչ-որ մեկը վերևից հսկում է քեզ: Բարև, Մարի՛: Գիտե՞ս` շատ եմ մտածել մեր հանդիպման մասին, բայց չեմ պատկերացրել, որ կհայտնվի մեկն ու կստիպի ինձ ուշադիր ապրել: Ես արդեն ուրիշ անկյան տակ եմ ժպտում, ուրիշ են մտքերս, ու էտյուդների փոխարեն հեքիաթներ են ծնվում: Ես հիմա հեքիաթ եմ գրում քեզ համար: Դու ծնվեցիր, երբ աշխարհը զբաղված էր: Փակեցիր բոլոր ճանապարհներն ու ոչ ոքի թույլ չտվեցիր դիմավորել քեզ: Քեզ տուն բերեցին Ուիթմենի երազած բաց ճանապարհներով: Դատարկ ու սիրուն փողոցներով: Առանց մարդկանց: Քեզ տվեցին ամենակարևոր լռությունն ու հանգստությունը, որ կարելի է գտնել սենյակում, որտեղ աշխարհի ամենասիրուն օրորոցն է: Հիմա գիշերվա մեջ երկու զույգ շագանակագույն ու կանաչ բաց աչքեր են: Իմ աչքերով ինձ նայող աչքեր: Ինձ ժպտացող իմ ժպիտն ու ձախ այտի փոսիկը, որ ամբողջ կյանքում երազեցի ունենալ: Գիտե՞ս, Մարի՛, դու միակն ես, ում համար արժե ապրել ու սիրել էս կյանքը կամ կործանել աշխարհը, եթե պետք լինի: Դու միակն ես, ում պատճառով կարելի է ընդհատել քունն ու անքուն նայել փակ աչքերիդ: Դու միակն ես, ում շնչառությանը կարելի է ժամերով հետևել: Դու միակն ես, ում հետ կապված են բոլոր երազանքները: Միակը, ում սերը փրկում է ու օգնում հավատալ փերիներին: Երբ մի քիչ էլ մեծանաս, ես հեքիաթներ կհորինեմ քեզ համար, ու մենք երկուսով կսկսենք հավատալ դրանց: Դու ինձ կախարդների ու թռչող գորգերի մասին կհարցնես, հետո աստղերը կհաշվենք, ու դու կփակես աչքերդ: Երբ դառնաս մեկ տարեկան, բազկաթոռից բռնվելով կքայլես դեպի ինձ: Երկու տարեկանում բանաստեղծություն անգիր կասես ու ինքդ քեզնից գոհ կժպտաս: Երեքում էնքան միասին կխաղանք, որ հայրդ երկուսիս մանկապարտեզ կտանի: Չորսում մեծ աղջիկ կլինես ու հինգում դպրոց կգնաս: Դու ամենասիրունը կլինես: Մենք միասին կմրցենք, թե ով ավելի շատ գիրք կկարդա, ու ես կսկսեմ կյանքում առաջին անգամ հաճույք ստանալ պարտություններիցս: Մենք անսահման երջանիկ կլինենք ու խաղաղ կապրենք մեր հորինած հեքիաթում: