Կյանքի ընթերցումը` գրականությամբ
Կարդալ սիրելը հորիցս է եկել: Կարդում էր ու կարդացածը պատմում էր ընկերներին, բարեկամներին: Ամռան երեկոներին էլ հարևաններին կանչում, հավաքում էր շուրջը ու պատմում էր կարդացած վեպը, պատմվածքը: Սքանչելի պատմող էր: Ես էլ` փոքր աղջիկ, նստում, կլանված լսում էի նրան: Պապիկս` հորս հայրը, նույնպես գիր ու գրչի մարդ էր ու լավ հռետոր էր: Այնպես որ` կարդալ-պատմելու սերը ժառանգաբար է փոխանցվել ինձ: Հետո ես սկսեցի կյանքը գրքի պես ապրել, կյանքային իրավիճակները պատմվածքի, վեպի տեսքով ընկալել: Մինչև հիմա էլ այդպես է, ու դա ինձ հաճույք է պատճառում: Այդպիսով գրականությունը դառնում ես դու և քո շրջապատը, դառնում է քո ապրած առօրյան, ապրածդ կյանքը, դու մասնակիցն ես այդ գրականության:
Մենաթատրոնի իմ պատմությունը
Երբ շատ հասունացա, մեջս ցանկություն առաջացավ պատմելու իմ կյանքը: Հատկապես մեծ էր ցանկությունս պատմելու Խորհրդային Հայաստանում ապրած իմ տասը տարիների մասին, որը բավական դժվար-պատմելի, բայցև պատմելու արժանի ժամանակաշրջան է իմ կյանքում: Դժվար-պատմելի է, քանի որ այն` իր շիզոֆրենիկ ճշմարտությամբ, դժվար է տեղավորվում մարդկանց ուղեղներում. դրսեցիները չեն կարողանում ընկալել կամ պատկերացնել իրադրությունը, իսկ ներսի, Հայաստանում ապրող մարդիկ, հիմնականում հաշտ, համակերպված իրավիճակին` չեն տեսնում այն, ինչը տեսնում էր դրսից եկածը: Մեր` Սովետական Հայաստան հայրենադարձվածներիս հետևում շրխկալով իջել էր երկաթե վարագույրը, և մենք հայտնվել էինք մի իրականությունում, որտեղ մեզ չէին ընդունում, ընդունելու դեպքում էլ շփման եզրեր չէին գտնում: Նույնը անում էինք և մենք: Եկել էինք մի երկիր, որի ժողովուրդը տասնամյակներ շարունակ կենդանի շփում չէր ունեցել դրսի աշխարհի հետ, սովետական կենցաղից դուրս այլ բան չէր տեսել: Այն տպավորությունն էր, որ տեղացին իրեն պաշտպանում է մեզանից` ախպար-պարսիկներից (այդպես էին կանչում մեզ Էջմիածնում): Ո՞վ էինք մենք, որ եկել ասում էինք` հայ ենք, բայց «իսկական» հայի նման չէինք: Մի խոսքով` նոր հասարակարգ, նոր օրենքներ, նոր կենսակերպ` դժվար, վախենալի, սխալ, սուտ: Այնքան մեծ էր մեր և տեղացու մշակութային տարբերությունները, որ երբեմն վիճակը տանելի դարձնելու համար ստիպված էինք լինում հենվել խորհրդանշական ընդհանրություններին` Մասիս սար, հայրենասիրական երգեր, Շիրազի բանաստեղծություններ…
Ես մտածում էի, որ կարող եմ արվեստով փոխանցել Սովետական իմ տասը տարիների փորձը, բայց դժվարանում էի` դժվարամարս էր, դառն էր պատմությունս: Դուք` երիտասարդներդ հիմա չեք պատկերացնի ինչի մասին եմ խոսում, հիմա աշխարհը ազատ է, հիմա տարածությունը մեծ է, անսահման, տարբերվելու կամ չտարբերվելու, պաշտպանվելու բան չունեք: Հիմա ես, քառասուն տարի ապրելով ԱՄՆ-ում, վերադարձել եմ պարսկաամերիկահայկական խառը իմ մշակույթով, և այլևս վրաս օտարոտի հայացքով նայող չկա: Ինձ չեն նկատում: Ես բոլորից մեկն եմ ու երջանիկ եմ դրա համար: Իրականացել է իմ երազը:
Ահա այս բաների մասին էի ուզում խոսել մենաթատրոնով: Ու շարունակ մտածում էի` ինչպե՞ս: Դա էր պատճառը, որ մենախոսությունը հետաձգվում էր տարիներով: Հետո գտա ելքը. պետք էր վերադառնալ ավելի վաղ ժամանակներ` մանկություն, մանկությունը քաղցր է, պետք էր քաղցրությամբ համեմեի պատումս, պոետիկայի ու արվեստի ընդմիջով էր պետք հասնել հանդիսատեսիս: Եվ կարծում եմ` ինձ հաջողվեց դա անել: Կյանքիս առաջին մասը շատ համով կուլ գնաց: Երկրորդ` հայաստանյան մասում քաղցրության ու դառնության հավասարակշռությունը մասամբ խախտվեց: Չեմ կարող ասել, որ չստացվեց, սակայն նաև չեմ համարում ասելիքս ավարտված. մի տեղ, մի բան կիսատ մնաց, չկարողացա ձերբազատվել մինչև օրս ինձ հալածող սովետական «ցավերից»: Գուցե մի օր, մի այլ կերպ դրսևորվի այն: Չգիտեմ:
Ժամանակակից գրականությունը
Վերադառնալով գրականությանը` ասեմ, որ ինձ միշտ շատ է հետաքրքրել ժամանակակիցներիս գրականությունը: Հետխորհրդային մի կարճ ժամանակվա ամլությունից հետո կրկին ծաղկեց գրականությունը` հատկապես բանաստեղծությունը: Հրապարակ եկան նոր անուններ (կամ հին անուններ` նոր տեսակի գրականությամբ)` Վիոլետ Գրիգորյանը, Մարինե Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Էդվարդ Հախվերդյանը, Արփի Ոսկանյանը, Արմեն Շեկոյանը և շատ ուրիշներ, որոնք նոր որակ բերեցին մեր պոեզիային: Այնքան ոգևորված էի ես այդ օրերի բանաստեղծությամբ, որ Լոս Անջելեսում ամեն օր մի խուրձ բանաստեղծություն թևիս տակ առած` գնում էի սրա-նրա տուն ու բարձրաձայն տողեր էի կարդում: Ուզում էի, որ մարդիկ լսեն, ճանաչեն նորերին: Ես այդ տարիներին «Գարուն» ամսագրի ամենամյա «հյուրն» էի լինում և առիթն ունեի մոտիկից առնչվելու նոր ստեղծվող գրականության ու գրողների հետ: 90-ականների արձակի նոր, մեծ դեմքերը Գուրգեն Խանջյանն ու Լևոն Խեչոյանն էին: Խոսքս հակիրճ է, այլապես կխոսեի նրանց մասին ու նաև ուրիշների` Կարինե Խոդիկյանի, Վահագն ու Վարդան Գրիգորյանների, հավերժ ժամանակակից Աղասի Այվազյանի, Ալեքսանդր Թոփչյանի, Զորայր Խալափյանի և ուրիշների մասին, որոնցից յուրաքանչյուրը նոր ոճ ու նոր թեմա բերեց մեր գրականություն: Այս բոլորի մեջ Խանջյանն ու Խեչոյանը ամենամեծ ներշնչանքի աղբյուրներ եղան` հատկապես երիտասարդ ստեղծագործողների համար, դա խիստ էական էր: Դրան զուգահեռ եղան նաև այնքան անհրաժեշտ կենդանի շփումներ, փորձի փոխանակումներ` դրսի աշխարհում ստեղծվող գրականության ու գրողների հետ: Եվ այդպես ստեղծվեց նոր ու թարմ հայ արձակ: Հիմա մենք գրական բոլոր ժանրերում էլ ունենք բավական հետաքրքիր գործեր: Բավական լայն է նյութի, թեմաների ընտրությունը` ներքին սոցիալական իրադրություն, նորովի ընկալված հայրենիք, բանակ, սեր, սեռայնություն, սեռային դրսևորույթ, արտագաղթ, ներգաղթ, կարոտ: Վերջին վեց ամսվա իմ կարդացած երկու լավագույն վեպերը Արմեն Հայաստանցի-Օհանյանի «Մայրենիք» և Քրիստիան Պատիկեանի «Մետաղէ երազներ» վեպերն են: Կան նաև ավելի վաղ կարդացած շատ ուրիշ հիանալի գործեր, որոնց մասին մի այլ առիթով կխոսենք:
Անդադար վերադարձ Հայաստան
Հիմա, քառասուն տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո, վերադարձել եմ Հայաստան: Հայաստանում ես ԱՊՐՈՒՄ ԵՄ: Իմ վերադարձը այնքան էլ զարմանալի չէ իմ ընկերների ու ընտանիքի համար. մեր կենդանի և ֆեյսբուքյան շփումներում ևս հստակ արտահայտել եմ զգացմունքներս: Հայաստան վերադարձիս միտքն ու ցանկությունը առաջացել ու հասունացել է վերջին տարիներին: Լոս Անջելեսում եկել էր այնպիսի մի պահ, որ այլևս օրս բացվում ու ավարտվում էր Հայաստանի մասին մտածելով ու հայաստանյան իրադարձություններին հետևելով: Ճիշտ է` ես ամեն տարի մի երկու ամիս լինում էի Հայաստանում, բայց դա այլևս չէր բավարարում: Կորցրել էի կիսատ-պռատ պատկանելության զգացումս` Հայաստանում չէի ֆիզիկապես, իսկ Ամերիկայում դարձել էի պղպջակի պես մի բան` փուչ ու անհենարան: Ուզում էի օր առաջ գալ Հայաստան, զգալ, շոշափել, անմիջական մասնակիցը դառնալ հայաստանյան կյանքի: Այս զգացողությունս ուժգնացավ թավշյա հեղափոխությունից հետո: Ու ես վերադարձա: Հիմա արդեն պատկանում եմ, կամ` փորձում եմ պատկանել: Հիմա սերս, հուզումս, բարկությունս, քննադատությունս, ոգևորությունս իրական են, տեղում ու տեղին` հուսամ: Ասեմ, որ իմ վերադարձը նախ և առաջ ինձ էր պետք: Շահողը ես եմ: Եվ հիմա դրսում ապրող իմ ընկերների մեծ մասը, որ իրեն կապող շատ բան չունի իր ապրած երկրի հետ, Հայաստան չգալով` ինքն իրեն զրկում է ԱՊՐԵԼՈՒՑ: Նա չի պատկերացնում, թե ինչ մեծ կարևորություն ունի հարազատության զգացումը: Մի երկու տարի առաջ Լոս Անջելեսից Հայաստան այցելող մի բարեկամի հետ քայլում էինք Երևանում, բարեկամս հարցրեց, թե ամենաշատը ինչն եմ սիրում Հայաստանում: Ես սկսեցի ցատկոտել մայթի վրա ու բացականչել` սա՛ եմ սիրում, այս մայթը, որով քայլում ենք, և այն, որ այս մայթերին քայլում են հազարավոր ուրիշներ, և միասին մենք մաշեցնում ենք հարյուրավոր տարիներ քայլած ու մաշեցրած հայրենի մայթերը, իսկ Լոս Անջելեսում մայթը վաղուց կորցրել է իր կոչվածությունը. այն անմարդ, անհոգի ասֆալտապատ նեղ ուղի է: Հետո կա նաև շատ իրական բան և գուցե ավելի իրական, քան շատ խորհրդանշաններ միատեղ, այն, որ այսօր Հայաստանում, հատկապես Երևանում, օր անցկացնելը խիստ հաճելի է: Քաղաքում շուրջօրյա տոնական տրամադրություն է, և մենք` դրսեցիներս, չտես մանուկների պես մեզ նետում ենք զբոսավայրից զբոսավայր, սրճարանից սրճարան, մի տեսարժան վայրից մեկ այլ, հետո հանդիպումներ, մարդիկ, շփումներ` հեշտ, անտքնանք, և վայելում ենք մեր օրերը: Սակայն կարևոր է նաև հիշել, որ երկրում ապրող մեծամասնությունը չի կարողանում կատարելապես վայելել այդ բոլորը, որ կանգնած ենք հսկայական մարտահրավերների առջև, որ մենք` արտերկրից եկածներս, արդեն շատ ռեալ, պետք է ետ վճարենք այս բոլորի համար, պետք է մեր բաժինը բերենք երկրի բարգավաճման ու կայացման գործընթացին, պետք է օգնենք, որ Հայաստանի քաղաքացին նույնպես իր երկրում արժանապատվորեն ապրելու հնարավորություն ստանա:
Եվ, ի վերջո, գուցե անիմաստ է փորձել բացատրել, թե ինչու է լավ Հայաստան վերադարձը: Թող որ հետաքրքրվողն ինքը գա, ապրի մի քանի ամիս և… որոշի ինքը: Այնպես որ, ուզում եմ կրկնել, որ իմ վերադարձը նախ ի՛նձ է պետք, և որ ես հերոսություն չեմ արել, հերոսը տեղացին է, որ ապրել է իննսունականների Հայաստանում, որ դժվարության ամենածանր պահերին անգամ չի կորցրել լավ օրերի հույսը ու չի լքել երկիրը, որ կարողացել է ստեղծել այնպիսի Հայաստան, որ դարձել է հմայիչ դրսի հայերի համար, և այժմ դրսի հայը փառավորվում է այդ Հայաստանով: Հերոսը, այո, տեղացին է, որ հեղափոխություն է արել և շարունակում է պահել իր ՏՈՒՆԸ, իմ ՏՈՒՆԸ, մեր ՏՈՒՆԸ:
Հարցազրույցը` «Գրեթերթի»