աճող սիրտ

-քեզ, որ պատրաստվում ես լոլիկ ու վարունգ աճեցնել
մեր լռության բացատներում

շրջանաձև կրկնվող բառերը քեզ անդադար ավելի խոցելի են դարձնում, սեր իմ,
ես նշմարում եմ ճանապարհը, որով մի օր կհայտնվես զգացմունքի վեկտորին` ճիշտ ու ճիշտ որտեղ ես եմ
ու իմ սերը` անապատում բուսնած կակտուսի պես մի քանի կաթիլ ջրով ապրելու պատրաստ
պատրաստ արմատներ գցելու օտար հողերում ու ծաղիկներ տալու երեք-չորս տարին մեկ անգամ
քո լուսամուտագոգին էլ չի լինի պյարտի համերգին դահլիճում հազացող մարդու պես` այդքան ավելորդ ու նույնքան էլ սովորական-հասարակ մի բան:

սիրելիս, ծեսը` խոսքերը քեզ մատուցելու, ավարտվում է իրարից մի քայլ հեռավորության վրա,
ես մոռանում եմ բոլոր դերանունները անխտիր ու թե ինչ էի ուզում պատմել` նախորդ օգոստոսի հետ կապված,
մտածում` անհրաժեշտ է ամուր բռնել կրծքավանդակը, որ դուրս չհոսի սիրուց ոչ մի կաթիլ,
ու որքան կարևոր է, որ դու չխեղդվես հինգ օվկիանոսներից մեկնումեկում:

որ դու չխեղդվես հինգ օվկիանոսներից մեկնումեկում, գետերում իմ երկրի կամ ծովերում աղի,
որ հյուսիսից եկող քամիները չքշեն-տանեն քեզ հեռու, որ չարթնանամ մի առավոտ` մտքով`
ինչ նման ես դու աշխարհի վերջի կվարտետին:

ես ամեն օր տեսնում եմ երազներ ու կարդում նորզելանդացի պոետների
պատմելու քեզ` ինչ հրաշալիները կան աշխարհում,
դու լռում ես, աստված իմ, ինչքան երկար ես լռում, դրանից ես փախչում-մտնում եմ պահարանը,
դու գտնում ես բանալիները գորգի տակ կամ ծաղկամանում թաքցրած,
հետո ես շարունակում եմ սիրել:

հոգեհանգիստներ լսելը ինչ-որ բան է թաղում ներսում,
ժամանակին միացնում ու լալիս էի օրերով,
որովհետև դժվար է, այնքան դժվար է հրաժեշտ տալ մեռնողին, հատկապես, երբ սերն է,
որին տաք պահել էր պետք, հագցնել ու շոյել փետրվարի կեսին,
որովհետև դժվար է գերեզմանների լռության մեջ շվարած կանգնելը` անվստահ, որ ամառ կգա երբևէ
կամ գարուն, ու վարդը կբացվի գոնե:

աստված իմ, հինգ մատիս պես սկսել եմ ճանաչել լռությունը,
որ լիցքավորված ատրճանակի պես պատրաստ է օդը ճեղքելուն
ես չեմ հավատում մահին
դու չես հավատում մահին
մահին չենք հավատում մենք
մեր լռությունը հոմանիշ չէ դրան
ատրճանակը խուսափում է կրակել քանի դեռ կողք կողքի ենք նստած մի աթոռին:
ես վախենում եմ մեզ բաժանող տարածությունից
այն լցված է երազներով, որոնցից վեր եմ թռչում կեսգիշերին,
նավարկելի գետերով ու ծովերով,
որտեղ անդառնալի սուզվում են խոստովանությունները ու լողում ձկները պսպղուն,
ու զրոներով, որոնց երբեմն բաժանվում է ինչ-որ թիվ:

մեկ-մեկ սիրտս թեթևանում է փետուրի պես,
մեկ-մեկ դժվար է դառնում կանգնելը ոտքի վրա
սիրտ-քար
սիրտ-ծանրծանրլեռ
սիրտ-հազարաթևթռչուն
սիրտ-տիբեթյանբարձրավանդակ
սիրտ-մոնեիլճիջրաշուշան
սիրտ-իմուքոսևուսպիտակլուսանկար
սիրտ-յասամանիբույր
մի օր քամին կքշի-կտանի

մարդիկների քաղաք,
հեռացող ոտնաձայների քաղաք,
ծանոթ այգիներ, մեր ոտքերը հոգնած ու մարմինները` խոտերի վրա

քաղաք-ստվերների բարձրացած պատերին
քաղաք-փակ սենյակում համբուրվելու
քաղաք-իմ պատուհանի քո պատուհանի
իմ սենյակի քո սենյակի
իմ կանգառի քո կանգառի
իմ սիրած քո չսիրած
քաղաք-իմ վերադարձի ու քո փախուստի
քաղաք-իմ ու քո

դու վեր ես կենում աթոռից, ես խնդրում եմ հետ գաս, նորից նստես կողքիս
դու բռնում ես ձեռքս, ես վախենում եմ նայել աչքերիդ
մենք փորձում ենք հաղթահարել դա ու անթարթ նայում ենք իրար,
ընթացքում` մի քանի պատմություններ մեսիենի համակենտրոնացման ճամբարից
շարունակ կրկնվող բառեր, թե ինչպես չձանձրացանք նույնահոս զրույցներից ամենօրյա,
վեճեր, որ չեն տանում ոչ մի տրամաբանական ավարտի,
ու այն մասին, թե որքան սիրահարված եմ վուլֆին
ու քեզ, որ մի օր պարզ կխոսես սիրո մասին
գրկելով ինձ
իմ սիրտը
չթողնելով մենակ
չթողնելով մենակ
գիշերցերեկ

հետո
հետո դու ասում ես, որ մեր մեջ եղած լռության բացատներում
կարելի է լոլիկ ու վարունգ ցանել
ու մի ամբողջ տնտեսություն հիմնել առհասարակ
(սիրտս հաշտ-համերաշխ, թեթև-թեթև
նոր ծիլ տվող իրիս մանուշակագույն)
ես ծաղիկների սերմեր եմ պահում գրպանումս
ու եգիպտացորենի` տոպրակի մեջ
մենք ցանում ենք բոլորը
աշնանը կհավաքենք բերք` մի քանի պարկ,
կպահենք պապիկիդ տան մառանում ու երջանիկ կլինենք` չհասած ոչինչ չմնաց

լոլիկ,
վարունգ,
եգիպտացորեն,

ու շարունակ աճող-
աճող
իմ սիրտ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն