Մասնագիտությամբ երաժիշտ Անի Հովակիմյանը ինչպե՞ս դարձավ նկարիչ, կոլաժիստ Անի Հովակ: Ե՞րբ որոշեցիր զբաղվել նկարելով:
Չորս տարի զբաղվում եմ նկարչությամբ: Ավարտել եմ Կոնսերվատորիան, ֆլեյտահար եմ, «Հովեր» երգչախմբում եմ երգում, «Զանգակներ» խմբում եմ նվագում: Չեմ կարող պատասխանել ինչու սկսեցի նկարել, գուցե ինձ պակասում էր գույնը: Եվ դրա համար օգտագործեցի այն, ինչ ընկավ ձեռքիս տակ:
Ժամանակակից արվեստում ի՞նչն է առաձնացող քեզ համար:
Ժամանակակից արվեստից աշխատում եմ տեղեկացված լինել՝ ավելի ինքնամփոփ եմ, ինքս իմ մեջ փակված ստեղծում եմ այն ինչ գալիս է իմ ենթագիտակցությունից:
Ինչո՞ւ ձուկ, ինչո՞ւ ձկան ֆորման:
Գուցե ենթագիտակցության ազդակներն են, որ պետք է օգտագործեմ: Ես հավատացյալ մարդ եմ, քրիստոնյա: Բայց ուզում եմ հոգեբաններն ու արվեստաբանները պատասխանեն այդ հարցին, իրենք վերլուծեն: Ի վերջո, ոչինչ հենց էնպես չի լինում: Գուցե ես պետք է ասեմ բաներ, փոխանցեմ զգացողություններ, որն անում եմ հենց ձկան նման, համրությամբ, ու իմ փոխարեն խոսում են ստեղծագործությունները, որոնք ցուցադրված են այստեղ:
Որքա՞ն ժամանակում է ստեղծվում աշխատանքը:
Անհամբեր եմ, շատ անհամբեր, ամենաշատը՝ մեկ-երկու օր, մի ժամ, երկու: Միտքը երկար չեմ կարող պահել: Պետք է արագ իրականացնեմ:
Ցուցահանդեսը հեքիաթներ վերադարձնող հատկություն ուներ:
Իր մեջ մանկական նաիվություն կա, որը ես վախենում եմ կորցնել, շատ խորանալուց վախենում եմ կորցնել: Ես իմ միջի Անիին էլ եմ վախենում կորցնել: Ափսոսանք չէ, պարզապես չեմ ուզում կորցնել, որովհետև էս շտապող իրականության մեջ հնարավոր է կորցնես էդ հեքիաթը: Մարդկանց միջի աղմուկը կարող է կորցնել էդ հեքիաթը: Դրանից շատ եմ վախենում: