20-րդ դարի առաջին կեսին եվրոպական գրականության համար մի բացառիկ շրջան է սկսվում, որի ակունքներում հենց Ֆրանց Կաֆկան է: Եթե ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը գիտականորեն ներկայացրեց, թե ինչպես է կառուցված գիտակցությունը, ապա Ֆրանց Կաֆկայի գրականությունը ցույց տվեց դրանում իմաստի բացակայությունը: Սոցիալ-քաղաքական և շատ այլ հանգամանքներով պայմանավորված գոյաբանական-էքզիստենցիալ խնդիրների վերհանումը հայ գրականության մեջ նորովի տարածում է գտնում 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին` Գուրգեն Խանջյանի ստեղծագործության շնորհիվ:
1995 թ. հրատարակվում է Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոց» վեպը, որը անտարբեր չի թողնում ժամանակի գրական մամուլին: Ոմանք Խանջյանին մեղադրում են նատուրալիզմի, գեղագիտական իդեալի բացակայության, գռեհիկ պատկերներ գրականություն բերելու մեջ: Այս շրջանում նաև ակնարկվում է նրա ստեղծագործության մեջ ազդեցություններ փնտրելու և առնչություններ գտնելու անհրաժեշտության մասին: Այս ազդեցությունները կապված էին ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ գրականության հետ:
Գուրգեն Խանջյանի ստեղծագործության քննադատության երկրորդ ալիքը սկսվում է 2002 թվականին, երբ նախ «Գրական թերթում» մի հատված է հրապարակվում «Նստիր Ա գնացքը» վեպից, ապա լույս է տեսնում վեպն ամբողջությամբ: Քննադատությունը վերածվում է բանավեճի: Այս շրջանում ազդեցությունների մասին խոսելիս արդեն հիշատակվում է նաև Ֆրանց Կաֆկայի անունը:
Պարբերական մամուլում մի քանի հպանցիկ ակնարկներ են արվում Գուրգեն Խանջյանի ստեղծագործության վրա Ֆրանց Կաֆկայի թողած ազդեցության մասին: Սակայն այդ ակնարկները այդպես էլ ոչ մի գրականագետի կողմից լուրջ ուսումնասիրության նյութ չեն դառնում, և հիմնավորված եզրակացություններ չեն արվում:
Վերջերս լույս տեսավ Գուրգեն Խանջյանի «Համբերություն քեզ, մա՛րդ» գիրքը, որը ներառում է նաև «Շարժասանդուղք» ժողովածուն: Այս առիթով մենք որոշեցինք անդրադառնալ Գուրգեն Խանջյանի փոքր արձակին հատուկ մոտիվներից մեկին` կերպարանափոխությանը, և դրա առնչություններին Ֆրանց Կաֆկայի համանուն վիպակի հետ:

***
Կերպարանափոխության` մարդու կամ առարկայի կերպարանքը կամ տեսքը փոխելու, նոր կերպարանք ստանալու մոտիվը գրականության մեջ օգտագործվում է երկու կերպ` արտաքին, ֆիզիկական կերպարանափոխություն և ոչ ֆիզիկական, այսինքն` հոգևոր կերպարանափոխություն: Անհրաժեշտ է նկատել, որ այս երկուսը շաղկապված են, և, եթե խոսքը ֆանտաստիկայի ժանրի մասին չէ, դրանց միջև կա պատճառահետևանքային կապ:
Գրականության մեջ կերպարանափոխության մոտիվի կիրառման առանձնահատկությունները բացահայտելու համար մենք կհամեմատենք 20-րդ դարասկզբի եվրոպական և դարավեջի հայ գրականության մի քանի նմուշներ: Խոսքը Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակի և Գուրգեն Խանջյանի «Շարժասանդուղք» ժողովածուի մի քանի պատմվածքների մասին է:
«Կերպարանափոխություն» վիպակի սյուժետային հիմնական գիծը մարդու` միջատի վերածվելն ու դրա պատճառով նրա ունեցած տանջանքներն են: Գրեգոր Զամզան մի առավոտ արթնանում է և բացահայտում, որ ինքը վերածվել է մի միջատի: Նկատենք, որ Կաֆկան ինքն էլ չի նշում, թե կոնկրետ ինչ կենդանու է վերածվել Գրեգոր Զամզան (խոսքը բնագրի և ոչ թե թարգմանական տարբերակների մասին է):
1994 թվականին հրատարակվում է Գուրգեն Խանջյանի «Շարժասանդուղք» պատմվածքների ժողովածուն, որտեղ ներառված պատմվածքներն աչքի են ընկնում իրականի և ֆանտաստիկի նուրբ միաձուլմամբ և էքզիստենցիալ խնդիրների վերհանմամբ: Այս պատմվածքները կառուցվածքային և գաղափարական շատ կողմերով հիշեցնում են հենց Ֆրանց Կաֆկայի գեղագիտությունը: Սա հնարավորություն է տալիս գրական առնչությունների և ազդեցությունների մասին խոսել հանգամանալիորեն և որոշակի օրինակներով:
Այսպես` ժողովածուում տեղ է գտել «Առնետը» վերնագրով մի պատմվածք, որի գլխավոր հերոսը կերպարանափոխվում է առնետի: Նկատենք մի կարևոր հանգամանք. այս հերոսի անունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Կաֆկայի հերոսների մոտ հանդիպող ամենահայտի անունը` Կ.: Իհարկե, առաջինը Ֆրանց Կաֆկան չէր, որ կիրառեց այս հնարքը (անվան միայն առաջին տառը նշելը), սակայն Գուրգեն Խանջյանի մոտ էլ պարզապես հնարքի կիրառում չէ, այլապես կարելի էր օգտագործել ցանկացած այլ անվան առաջին տառ: Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Գուրգեն Խանջյանը կատարում է հղում` դեպի Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունը:
Ե՛վ Կաֆկայի, և՛ Խանջյանի դեպքում կերպարանափոխության հիմքում դրված է անձի օտարումը: Սա դժբախտ մարդն է, ով մարդկային հասարակության մեջ չունի իր տեղը, անտեսված է մարդկանց կողմից և արդյունքում վերափոխվում է մի որևէ կենդանու:
Սա հիմնական դրույթն է, սակայն այն տարբեր արտահայտություններ է գտել ինչպես երկու գրողների, այնպես էլ մեկի (խոսքը այս դեպքում Գուրգեն Խանջյանի մասին է) տարբեր ստեղծագործություններում: «Առնետը» պատմվածքի հերոսը ոչ թե ընդունված չէ հասարակության կողմից, այլ ինքը չի ընդունում այդ հասարակությունը: Չարացած և դժբախտ մարդը, ում երազանքն էր կործանել ողջ մարդկությունը, երջանկության միակ դրսևորումը գտնում է մի առնետի մեջ: Պատմվածքում տեղ են գտել մի կողմից մարդկային հասարակությունը ստորադասելու, մյուս կողմից էլ` մարդուն բնազդներով առաջնորդվող կենդանուն հավասարեցնելու արտահայտություններ: Այստեղ էական դեր ունեն առնետի նկատմամբ Կ.-ի ունեցած սեռական բնույթի ցանկությունների արտահայտությունները: Պատմվածքում Խանջյանը գրում է. «Սովորաբար, ընթրիքից հետո, երբ նստում էր հեռուստացույցի առջև, առնետը, փորի տակ ծալելով մորթազուրկ, վարդագույն թաթերը, տեղավորվում էր նրա ծնկներին և հաճույքով տրվում փաղաքշանքներին: Հաճույքից նա փակում էր աչքերը և ժամանակ առ ժամանակ ինքնամոռաց ծվծվում: Ռիթմիկ շնչառությունից վերուվար լինող առնետի մարմնի ջերմությունն էլ Կ.-ին էր հաճելի: Այդ հաճույքի մեջ նա երբեմն տարօրինակ թրթիռներ էր ընկալում, որոնց իմաստը հասկանալ չէր կարողանում»:
«Առնետը» պատվածքի հետ կառուցվածքային ընդհանրություն, սակայն գաղափարական որոշակի տարբերություններ ունի «Արագիլ» պատմվածքը: Գլխավոր հերոսը այստեղ կերպափոխվում է արագիլի: Նախորդի նման այս դեպքում էլ կերպարանափոխությունը ոչ թե պատմության հիմքն է, այլ արդյունքը: Նկատենք, որ այս պատմվածքի հերոսը նույնպես անուն չունի, սակայն, եթե նախորդ պատմվածքում հերոսն անուն ուներ, սակայն հեղինակը չի նշում այն ամբողջապես, այլ միայն սկզբնատառը, ապա այս դեպքում ոչ ոք նույնիսկ չի հիշում նրա իսկական անունը: Բոլորը նրան կոչում են խորհրդանշական Արագիլ անունով:
Այս պատմվածքը որոշակիորեն տարբերվում է Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունից» և Գուրգեն Խանջյանի նմանատիպ պատմվածքներից: Եթե մյուսներում գաղափարական հենքը անձի նվաստացումն էր, ինչին հաջորդում էր ոչնչացումը, ապա այստեղ գլխավորը մարդու անկողոպտելի ազատության գաղափարն է:
«Արագիլը» պատմվածքի հիմքում ազատության վեհ գաղափարներն են: Հետագայում Գուրգեն Խանջյանի ստեղծագործության մեջ նաև հենց այս գաղափարներն են քննվում, և եթե «Արագիլում» ֆիզիկական սահմանը հատելը և հեռանալը նորը տեսնելու և ճանաչելու նպատակ է հետապնդում, ապա վեպերում այն դառնում է փախուստի միջոց:
Կաֆկայի մոտ ազատության խնդիրը կարծես չի էլ արծարծվում: Սակայն նրա գործերում հստակորեն կան անձի սահմանափակման խնդիրները: «Կերպարանափոխություն» վիպակում սահմանափակումները ֆիզիկականի շրջանակներում են, և դրանք կարելի է բաժանել երկու խմբի:
Առաջին խմբում այն սահմանափակումներն են, որոնք ուներ Գրեգոր Զամզան մինչ կերպարանափոխությունը` ընտանիքը, որի հոգսը իր ուսերին էր, աշխատանքը, որը իրեն ազատ շունչ քաշելու հնարավորություն չէր տալիս, և հենց իր էությունը:
Սահմանափակումների երկրորդ խումբը առաջ է գալիս կերպարանափոխությունից հետո` նոր մարմնի հնարավորություններն օգտագործելու բարդություններ, տեղաշարժվելու սահմանափակություններ և սենյակից դուրս գալու հնարավորության բացակայություն: Սակայն ազատության այս սահմանափակումը Գրեգոր Զամզայի մեծագույն խնդիրը չէ, քանի որ ինքը երբեք էլ ազատ չի եղել: Պատահական չէ, որ Ֆրանց Կաֆկայի հերոսը գրականության մեջ բավական մեծ տարածում գտած փոքր մարդն էր: Նա չուներ ո՛չ մեծ ձգտումներ, ո՛չ էլ մեծ ցանկություններ:
«Արագիլը» պատմվածքի հերոսի համար, ընդհակառակը, ազատության սահմանափակումը դառնում է մեծագույն ողբերգություն, և հենց սրանից էլ ծնվում է կերպարանափոխությունը:
Գուրգեն Խանջյանի նշված երկու պատմվածքներում կերպարանափոխությունը կրում է զուտ ֆիզիկական բնույթ, քանի որ և՛ «Արագիլի», և՛ «Առնետի» հերոսները արդեն իսկ մեկը արագիլային, իսկ մյուսը առնետային կենցաղ էին վարում: Այսինքն` փոխվում է մարդու կերպարը արտաքնապես, իսկ այն, թե ինչպիսին էր մարդը առաջ, մնում է նույնը: Պարզապես արտաքինը համապատասխանում է ներքինին: Նույնը կարող ենք ասել նաև Ֆրանց Կաֆկայի նշված ստեղծագործության մասին:
Եթե Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունը սկսվում է Գրեգոր Զամզայի` միջատի վերածվելով, ապա Գուրգեն Խանջյանի վերը նշված ստեղծագործության մեջ կերպարանափոխությունը արդյունք է: Ֆրանց Կաֆկան մեծ ճշգրտությամբ և կուռ տրամաբանությամբ տալիս է կերպարանափոխության հետևանքները, իսկ Գուրգեն Խանջանը ցույց է տալիս կենդանու վերածվելու նախապայմանները: Այս առումով «Կերպարանափոխությանը» կառուցվածքային որոշակի նմանություն ունի «Ճարպոյի կերպարանափոխությունը» պատմվածքը. ի տարբերություն նախորդների` հեղինակը պատմվածքը սկսում է հենց կերպարանափոխությունից: Ֆրանց Կաֆկայի վիպակը սկսվում է այսպես. «Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ անհանգիստ երազներից արթնացավ, տեսավ, որ անկողնում սարսափելի ուտիճի է վերափոխվել»: Գրեթե նույն կերպ է սկսվում «Ճարպոյի կերպարանափոխությունը» պատմվածքը. «Առավոտյան, սանրվելու համար հայելուն մոտեցած Ճարպոն տեսավ իր արտացոլումը և սոսկաց»: Սակայն, ինչպես Ֆրանց Կաֆկայի պատումում է, այստեղ կերպարանափոխությանը չեն հաջորդում հետևանքները և արդյունքները: Այս մասում Գուրգեն Խանջյանը նույնիսկ չի էլ գրում, թե ինչի է վերածվել Ճարպոն, այլ գնում է հետ և ցույց տալիս պատճառները: Այսպիսով` ստեղծվում է կոմպոզիցիոն շրջանակ և պատճառահետևանքային ամուր կապ:
Գուրգեն Խանջյանի և Ֆրանց Կաֆկայի այս երկու պատմվածքների մյուս նմանությունը կերպարանափոխությանը հաջորդող արձագանքն է, հասարակությանը երևալու խնդիրը. Գրեգոր Զամզան պետք է աշխատանքի գնար, իսկ Ճարպոն «ինչպե՞ս մարդկանց բացատրի իր այս վիճակը»:
Այս պատմվածքի հաջորդ առանձնահատկությունը կրկնակի կերպարանափոխությունն է: Մեկը` ֆիզիկական, իսկ մյուսը` ոչ ֆիզիկական կերպարանափոխություն է: Նկատենք, որ ոչ ֆիզիկականը նախորդում է ֆիզիկականին:
Ոչ ֆիզիկական կերպարանափոխությունը, որը կարծես թե թերի կերպարանափոխություն է, տեղի է ունենում մի որոշակի ազդակի շնորհիվ. «Հանկարծ, իրեն գովելու թեժ միջոցին, նրա հայացքը հանդիպեց հարևան սենյակում դասերը սերտող քրոջ աղջկա հայացքին: Տասը-տասնմեկ տարեկան այդ աղջնակի մեծ ու պարզ աչքերի հայացքը ասես շամփրեց Ճարպոյին, և նա սարսռաց»:
Այս կերպարանափոխությունը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, թերի է, քանի որ, արդյունքում այն ոչ թե փոխում է Ճարպոյին` որպես մարդու, այլ վերջնականապես կործանում նրան: Այսպիսով` ոչ ֆիզիկականը բերում է ֆիզիկական կերպարանափոխության, և կոմպոզիցիոն շրջանակը փակվում է:
Կերպարանափոխության տարբեր պատճառների և հիմնավորումների հետ մեկտեղ կա մի ընդհանուր գիծ, որը անցնում է այս բոլոր ստեղծագործություններով, դա մենակությունն է: Մարդուն նետել են աշխարհ, և նա մենակ է ու լքված բոլոր աստվածների կողմից, նրա հետ ինչ ասես կարող է կատարվել: Սա 20-րդ դարի գրականության մեջ արծարծվող հիմնական խնդիրներից մեկն է, որի լուծումները տարբեր են տարբեր ստեղծագործություններում:
Այս առումով «Կերպարանափոխությունը» մի ողբերգական պատմություն է իրականության մասին: Այստեղ տրամաբանական հաջորդականությամբ, փուլ առ փուլ պատկերվում է մարդու` անպետք կենդանու վերածվելու ցավալի պատմությունը: Դա մի կողմից Գրեգոր Զամզայի կերպարանափոխությունն է, մյուս կողմից` շրջապատի և հարազատների վերաբերմունքի և այն բանի փոփոխությունը, թե ինչպես են նրանք տեսնում Գրեգորին:
Կերպարանափոխության արդյունքները նույնպես տարբեր են: Գուրգեն Խանջյանի «Առնետը» և «Արագիլ» պատմվածքներում կերպարանափոխությունը դառնում է փրկություն: Մարդկային հասարակության մեջ իրենց տեղը չգտնող այս երկու մարդիկ իրենց ազատությունը գտնում են այլ` կենդանու մարմնում:
Տարբեր լուծումներ ունեն Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը» և Գուրգեն Խանջյանի «Ճարպոյի կերպարանափոխությունը»: Առաջինի դեպքում ամեն ինչ ոչ թե վերջանում է կերպարանափոխությամբ, այլ սկսվում դրա պատճառով: Լուծումը լինում է մահը, սակայն մինչև մահանալը կամ, ինչպես քույրն է կոչում, սատկելը, նա կորցնում է իր մարդկային կերպարանքը և նշանակությունը հարազատների աչքերում:
Գրեգոր Զամզայի անարժեքությունը էլ ավելի շեշտելու համար Ֆրանց Կաֆկան նույնիսկ շարունակում է պատմությունը նրա մահվանից հետո էլ: Ուրեմն, որդին նախ միջատի է վերածվում, ապա իսպառ վերանում պատմությունից: Սա ինքնաոչնչացման կատարյալ դրսևորում է, եթե դիտարկենք հոգեվերլուծական գրականագիտության տեսանկյունից: Երկրորդի դեպքում սյուժեն կերպարանափոխությամբ սկսվում և ավարտվում է, սակայն կերպարանափոխությունը լուծում չի դառնում, և ոչ էլ իրական լուծումն է առկա պատմվածքում:
Կերպարանափոխության իրական կամ երևակայական լինելու հարցին միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Իրական ասվածը նշված բոլոր ստեղծագործություններում ունի հարաբերական բնույթ, քանի որ այն, ինչ իրական չէ ընթերցողի, հեղինակի կամ էլ այլ կերպարների տեսանկյունից, միանգամայն իրական է տվյալ հերոսի տեսանկյունից: Այսպես` «Առնետը» պատմվածքի հերոսը ընդհանրապես կասկածներ չունի իրեն հյուր եկած առնետի իրական լինելու կամ չլինելու վերաբերյալ: Նմանապես Ճարպոյի համար իր արտացոլումը հայելու մեջ ոչ մի դեպքում չի կարող լինել մտապատրանք: «Կերպարանափոխության» դեպքում իրական կամ ոչ իրական լինելը կասկածի ենթարկել չենք կարող երկու պարզ պատճառով: Նախ` Գրեգորի կերպարանափոխությունը տեսանելի է ուրիշների կողմից տևական ժամանակ, և դրանից բխում են որոշակի գործողություններ այլ կերպարների կողմից: Բացի այդ, իրական, ֆիզիկական կերպարանափոխության վրա է հիմնված ամբողջ պատումը, որը տրամաբանական կուռ կառույց է:
Այսպիսով` համեմատելով Գուրգեն Խանջյանի «Շարժասանդուղք» ժողովածուի պատմվածքները Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակի հետ` բացահայտեցինք կառուցվածքային մի շարք նմանություններ, որոնք թույլ են տալիս առավել վստահ խոսել ազդեցությունների մասին: Առաջ քաշված խնդիրներին լուծումներ տալու կամ չտալու, ինչպես նաև գաղափարական առումով նշված ստեղծագործությունները ունեն որոշ նմանություններ և խիստ կարևոր առանձնահատկություններ: Գուրգեն Խանջյանը, տալով կերպարանափոխության նախապատմությունը և իր կերպարին տանելով մինչև կերպարանափոխություն, կարծես ազատում է նրան իրականության կապանքներից և կաղապարներից: Այսպիսով` Գուրգեն Խանջյանի ստեղծագործության մեջ կերպարանափոխության հիմնական գործառույթը փրկությունն է: Այն, կարծես թե, ավելի շատ ելքի միջոց է: Իսկ Ֆրանց Կաֆկայի դեպքում, ընդհակառակը, կերպարանափոխությունը պատճառ է ավելի, քան հետևանք. սա է պատճառը, որ կերպարանափոխությունով ստեղծագործությունը սկսվում է, այլ ոչ թե ավարտվում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն