Տե՜ր,
Նույնիսկ անձրևն ենք վերցնում մեզ վրա,
որ տաքացնում է խոսքիդ պես ու չի վառում,
քանզի արտագրվում է այն մեր ափի մեջ
Քո խռոված ու տրտմագին վերևներից,
եվ քաշում ենք անձրևն անգամ մեր սառած մարմնին…
— Եվ անձրևի հետ այս զգում ներկայությունդ անբացակա,
եվ անձրևի հետ այս մորմոքում է հոգին մեր թացական,
Եվ անձրևիդ խառնում մեր ներսերի անձևն անարձագանք…
Տե՜ր, հիշեցնում ես կրկին
Մեր մեղավոր անցյալը՝ քառասնօրյա ջրով:
Բայց իմ պոետական կտցին ես պահել եմ վերջի՜ն,
Վերջի՜ն մի ճախր և ձիթենու մի ճյուղ,
որով պիտի գրեմ քո լռության մասին ու անձրևիդ՝ խոսուն,
Հավատարիմ, անու՜ս աշակերտի նման,
որ չունեցավ մարդու սովորական քանքար…
Քո գալստի առթիվ,
ջրաներկով պիտի գրեմ մարդագրքի վերջին
ու խունացած թերթին.
որ հաջորդը արդեն չի լինելու տապան, այլ…տապանաքար…
***
Քեզ գտա՞, թե հորինեցի
որպես նոր բառ,
որը չի տեսել նույնիսկ մարդու երես,
որը երբեք չի գրվել-հանգավորվել…
եվ գտա իբրև անհոմանիշ
ու անհականիշ ներդաշնակում տառոց,
որով պիտի բարբառեի
զարմանքն իմ արայական
ու արտառոց`
թանաքելով որպես սիրո և ապրումի
առհավատչյա գալիքական…
Բայց լքեցիր, ու մակդիրները ծնվեցին միանգամից,
այնպես, ինչպես թեթև սյուքից հետո
օվկիանների վրա ալիքը կա՛…
Եվ լքեցիր, ու քեզանից միայն մնաց նշանակությունը քո,
եվ մնացին բառերն այս` ապօրինի մանկունք,
ու ճչացող որպես
անհիշատակ որբեր…
***
Չհասցրի ոտքս ետ քաշել,
ու այն մնաց
իմ սիրո ու քո ատելության
միջնադռան տակ,
քո մոռացման ու իմ հուշի
փոթորկածեծ
բացուխուփ պատուհանի արանքում…
Եվ ես սայթաքեցի հանկարծ
իմ երկարափեշ երազի ու քո կարճազգեստ հույսի
Խճողումից,
եվ շնչարգել եղա
իմ երգերի թանաքահոտից
և քո երդիկի ծխից՝ նամակե…
… Եվ ճաք տվեց երջանկության արձանը մեր թափանցիկ
իմ տաք կարոտից ու քո մարմնից սառն ու ապակե…
***
Ես քո վերադարձրած բառերով,
Գրպանեգրպան,
սրտեսիրտ,
շրթեշուրթ,
շվարած կանգնել եմ
Սիրո տուրևառության այս Քաղաքի
դարպասների առջև,
Եվ վախենում եմ նույնիսկ
քո բառերով
հառաչել,
քանզի Աստված
կարող է ճիշտ չհասկանալ իմ արտասանածն
ու դրա դիմաց…ետ տվածը քո…
…Եվ, ուրեմն, բառերդ վերջին,
որ ապրում են արդեն իմ տարածքում,
Ես այրելու եմ հոգուս կրակներում անթեղ
Դառնահամը քիմքումս, և արյունն՝ աչքերիս,
Եվ պատկերդ, պատկերդ… չջնվելիք այնտեղ,
Եվ ժպիտս՝ իբրև ծամածռում՝
ներսի ցավի անբառակերպ,
Եվ ժպիտս՝ իբրև վերջին կապող, բարակ մի թել՝
այս բարբարոս դրսին:
…Բայց ես էլի բառերով եմ սիրում,
Եվ ասում եմ՝ Ապրես, որ… Սեր ես վարակել,
Ինձ դարձրել ես հիվանդ, մեռնող, բայց ոչ՝ անսիրտ…
***
Դու քո սերն ինձանից խնամքով թաքցնում ես,
ինչպես սուտ քուն են մտնում երեխաները՝
Թափանցիկ մատնարանքից նայելով,
ինչպես ոսկեղենն՝ ապակու տակ,
ինչպես գիրք են կարդում՝
մտքում կրկնելով վերջին հանդիպման բոլոր նախադասություններն անխտիր ու թանկ,
Ու լռություններն՝ արյունե- անմակարդուն…
ինչպես գործում են որդու ձմեռնագուլպան, որն արդեն ընկել է մարտում…
Դու թաքցնում ես քո սերն ինձանից,
Որ ասեղնագործ վերմակից անմեծ
իր թափառական ու արյանաշիթ ու դադրած ցավից`
ոտքն է տարածել.
Դու թաքցնում ես, բայց թաքստոցից…
ջրեր են գալիս՝
երկունքի թացեր…