Գուրգեն Խանջյանի ստեղծաբանական համակարգի բնորոշ հատկանիշներից է մի «ես»-ի տրոհումը մի քանի «ես»-երի: Այս առումով Խանջյան գրողի աչքը ոչ թե հավաքող հատկանիշներ ունի, այլ` տրոհող: Նրա վեպերի գլխավոր հերոսները մի դեպքում սեփական «ես»-ի փնտրտուքների մեջ են («Հիվանդանոց» վեպի Գրիգորը կամ «Նստիր Ա գնացքը» վեպի Գևորգը), մի այլ դեպքում` միևնույն «ես»-ի տրոհումներ, ինչպես, օրինակ, «Լուր չկա» վեպի հերոսը` Սուրենը, կամ հեղինակի հաջորդ` «Ենոքի աչքը» վեպի հերոսներ Գոռը և Գրոֆոն, որոնք, ըստ էության, միևնույն «ես»-ի կրկնակներ են: Եվ հենց այս տրոհումներից էլ առաջանում է բազմաձայնությունը (պոլիֆոնիա):
Ըստ Միխայիլ Բախտինի՝ բազմաձայնությունը «անխուսափելիորեն ծնվում է երկխոսական շփման պայմաններում, այսինքն` խոսքի ճշմարիտ կյանքի պայմաններում»1:
Բազմաձայնությունը «Լուր չկա» վեպում դրսևորվում է եռաձայն աստիճանով, և հերոսի տրոհված «ես»-երը տարածվում են մի պարագայում քննիչի մեջ, երկրորդում` Դանդ Արշոյի, իսկ երրորդ դեպքում` հենց իր մեջ: Ստացվում է այնպես, որ Սուրենը ունի իր մասնակի կրկնակները, և նրա ամբողջ կյանքը փաստացի այդ նույն «ես»-երի կամ, ասել է, թե, կրկնակների հաղթահարումն է կամ անվերջորեն շարունակվող հաղթահարման փորձը, որը որոշ դեպքերում դրսևորվում է ներքին երկխոսությամբ: Բախտինը անդրադառնալով Դոստոևսկու վիպակներում գլխավոր հերոսի կրկնակների առկայությանը և ներքին երկխոսություններին` առանձնացնում է Ստրավրոգինի ու Իվան Կարամազովի կերպարները և հանգում այն եզրակացությանը, որ «Իվան Կարամազովի երկխոսությունը սատանայի հետ նույնական է այն ներքին երկխոսություններին, որոնք վարում է Գոլյադկինն ինքն իր և իր կրկնակի հետ, իրադրության և գաղափարախոսական ողջ չնմանությամբ հանդերձ, այստեղ լուծվում է, ըստ էության, միևնույն գեղարվեստական խնդիրը»2: Այսինքն գլխավոր հերոսի ներքին ձայնը և մասնակի նմանակների ձայները վեպի կոնտեքստում, ունենալով գեղարվեստական նույն խնդիրը, ներկայացնում են նույն «ես»-ի տրոհված մասերը:
Արտաքին պլանում անցյալի հետ կապերը խզած, հասարակությունից օտարացած և աստիճանաբար ինքնօտարվող հերոսը, ով ապրում է լուրերի շարունակական բացակայության մեջ, և հնարավոր լուրերի չգոյության գաղափարով, դատախազության քննիչի զանգից հետո վերադառնում է ռեալ կյանք, սակայն, զարմանալիորեն, Սուրենի ներկան այլևս դադարում է իրենը լինելուց և Դանդ Արշոյի մեղադրական նամակից հետո, կարծես թե, նրա ներկայի գործողությունները և շրջապատի հետ հարաբերումը նախասահմանված ընթացք է ունենում` պայմանավորված Արշոյի թվացյալ ներկայությամբ: Սուրենի համար ներկան` հակառակ իր կամքի, դառնում է անցյալի վերաարժևորման ու հիշողությունների վերհանման միջոց, և վեպում ժամանակը, կարծես թե, սկսում է ետ գլորվել («Ետ, ետ, էլի ետ»3): Վեպի ամբողջ ընթացքում հերոսը առնչվում է այնպիսի մարդկանց, երևույթների ու իրերի հետ, որոնք նրան չեն թողնում մնալ իրական ժամանակի մեջ, և վեպում, արդեն, ժամանակ թելադրողը դառնում է Դանդ Արշոն կամ Սուրենի արշոյական «ես»-ը: Հերոսի «ես»-ի տրոհման հարցում առանձնակի նշանակություն ունի մանկությունը, և ներկայացնելով մանկության մի քանի դրվագ, Խանջյանը ավելի հասկանալի է դարձրել Սուրենի «ես»-ի տրոհումը: Մանկությունից եկող հիշողությունները հինգն են, որոնք, անշուշտ, նրա հետագա ձևավորման վրա առանձնակի կարևորություն ունեն` հոր կերպարը, հոգեկան հիվանդին հանդիպելը, առաջին անգամ եկեղեցի մտնելը, բաղնիքում առաջին անգամ մերկ կանանց տեսնելը և սեռական առաջին մերձեցումը մոր ազգականի հետ: Սուրենի էության լիարժեք իրացման անհնարինությունը պայմանավորված է մանկական տարիներին ծնողների հետ փոխհարաբերությունների աղճատմամբ: Ըստ հոգեվերլուծաբան Կարլ Յունգի` ծնողի` հատկապես մոր դերը երեխայի էության ձևավորման հարցում մեծ ազդեցություն ունի:
Այսպիսով, մենք վեպում գործ ունենք Սուրենի տրոհված «ես»-ի չորս տարբեր ձայների պոլիֆոնիայի հետ, որից երկուսը դրսևորվում է հերոսի ներսում, իսկ մյուս երկուսը տրոհվում: Անդրադառնալով Դոստոևսկու «Կրկնակը» վիպակում Գոլյադկինի տրոհված «ես»-ի պոլիֆոնիային` Բախտինը գրում է. «Գործում են երեք ձայն, բայց որոնք քայքայվել են` Գոլյադկինի ձայնն ու գիտակցությունը, նրա «եսն իր համար», առանց ուրիշի և նրա ընդունմամբ չբավարարվող, նրա շինծու «եսն ուրիշի համար» (արտացոլանքն ուրիշի մեջ), այսինքն` երկրորդ Գոլյադկինի փոխարինող ձայնը և, վերջապես, նրան չընդունող ուրիշի ձայնը»4: «Լուր չկա» վեպում նրան չընդունող ուրիշի ձայնը տրոհված է քննիչի «ես»-ի մեջ, իսկ Դանդ Արշոյի «ես»-ի մեջ տրոհված է Սուրենի վախի զգայական գոյացումները: Սրանք արտաքին տրոհումներն են, իսկ ներքին «ես»-ը տրոհված է երկու մասի. նախ «նրա ես-ն իր համար», որը դրսևորվում է ներքին երկխոսությունների ժամանակ, և «նրա շինծու ես-ն ուրիշի համար», որը որոշ դեպքերում «իր համար ես-ի» ժխտումն է:
«Լուր չկա» վեպի հերոս Սուրենը որոշ իմաստով Խանջյանի առաջին վեպում էպատաժային կերպով հայտնվող ինքնասպան եղած նկարիչ Սուրենի «ես»-ի մասնակի շարունակությունն է, ում ազատասիրական փնտրտուքների հանգրվանը լինում է ինքնասպանությունը: «Հիվանդանոց» վեպի Սուրենի համար դա է դառնում բացարձակ ազատության խորհրդանիշը և այսպիսով լուծվում հարցը: Սակայն «Լուր չկա» վեպի Սուրենին ինքնասպանությունը բնորոշ չէ, ըստ նրա ինքնասպանությամբ հարց չեն լուծում. «Ինքնասպանությունը ոչինչ չի փոխում»: Եվ ստացվում է այնպես, որ «Լուր չկա» վեպի Սուրենի մեջ ինքնասպանության վախը հաղթահարված է, և այն անցել է նրա արշոյական «ես»-ին: «Լուր չկա» վեպում ինքնասպան լինողը Արշոն է, ով մեղադրական նամակի մեջ հիշատակում է Սուրենի, եղբոր կնոջ` Փառանձեմի և փողոցային խուլիգան Մամոյի անունները:
Արշո-Սուրեն կերպարային գծերը մի դեպքում հատվում են կանանց հետ փոխհարաբերություններում (Սառա, Կարինե Ավետիսյան և Փառանձեմ), մի այլ դեպքում` բանակային ծառայության ու պատերազմի (Արշոյի`պատերազմի շուրջ ստեղծած միֆը պայմանավորված էր Սուրենի` կռիվ չգնալու հանգամանքով), և փողոցային-խուլիգանական աշխարհի նկատմամբ վախով, որի մարմնացումը Մամոն էր (Արշոն վախենում էր Մամոյից, անգամ շան հետ էր դուրս գալիս. «Էդ բեջուռա շունն էլ որ չէր հանում հետը…կարծես էտի իրան փրկելու էր» (էջ 66):
Հետաքրքիր է նաև Դանդ Արշոյի շան` Լինչի գործառույթը վիպական շարժման մեջ, և հենց նրա անունը` Լինչ («Ինչ էլ անուն է դրել Դանդը` Լինչ, Լինչի դատաստան» (էջ 108): «Լինչի Դատաստանը» (անգլ.` lynching կամ the Lynch law) առանց օրինական դատավարության, ոչ լեգալ մարդկանց կողմից դատաստանի ենթարկելն է: Եվ շան չընդհատվող ներկայությունը վեպում կարծես թե Սուրենի` ոչ օրինական կերպով դատաստանի ենթարկվելու հիշեցումն է: Որոշ դեպքերում Լինչն է Սուրենին մտցնում ռեալ խաղի մեջ` կապելով իրական ժամանակին, ինչպես օրինակ Փառանձեմի պարագայում: Եթե Արշոյի թողած մեղադրական նամակը ընդամենը միավորում էր Սուրենին և Փառանձեմին վերջինիս ինքնասպանության շուրջ, ապա նրանց հարաբերությունները Լինչի միջոցով մտնում են ռեալ շփման մեջ. Փառանձեմը Սուրենի տուն է բերում Լինչին, որովհետև Արշոյի հայրը այլևս չէր ուզում պահել ինքնասպան եղած որդու շանը: Լինչը դառնում է Արշոյի կենդանի ներկայությունը, և դա առավել ակնհայտ է երևում Փառանձեմի և Սուրենի մերձեցման դրվագում. «Փառոյի անշարժությունը բացակայություն էր թվացրել, և երբ նրա մարմինը ցնցվեց հանկարծ` ակնթարթային զարմանք պատճառեց ինձ. խառնշտորած մազերով գլուխը բարձրացավ ինչպես մի կոբրա, պատշգամբին նայող պատուհանի կողմը շրջվեց ու տագնապած անշարժացավ.
— Ինչ եղավ,- հարցրեցի, ապա կրկնեցի հարցս, որովհետև առաջին անգամ ձայնս խռպոտ, անտարբերելի էր հնչել:
— Ինձ թվաց` մեզ հետևում են:
— Շունն էր երևի, վարագույրին կպավ» (էջ 95):
Ստացվում է այնպես, որ Փառանձեմի և Սուրենի հանդիպումները «կազմակերպած» Արշոն շան միջոցով կենդանի ներկայություն է ապահովում:
Լևոն Գասպարյանը Սուրենի մեղքի զգացողության և հավատի զգայական գոյացումից առաջացած կրկնակ է, որը սյուժետային գծի ընթացքում Սուրենի մոտ առաջացնում է մեղքի զգացողություն և նպաստում ներքին «ես»-ի` կասկածներից առաջացած մենախոսություններին: Քննիչի և Սուրենի հարաբերության սկզբնակետը դառնում է հեռախոսազանգը, ինչն էլ Սուրենին վերադարձնելով իրական ժամանակ` տանում է ետ: Այս պարադոքսի լուծման բանալին էլ հենց Արշոյի թողած մեղադրական նամակն էր: Սուրենի և իր կրկնակ «ես»-ի հարաբերությունները ինչ որ տեղ ստանում են կաֆկայական զարգացումներ. սկսվում է հարցաքննությունների երկար ու երբեմն էլ անհեթեթ մի շղթա: Չնայած որոշ կաֆկայական զարգացումներին` «Լուր չկա» վեպը ավարտվում է ոչ թե «շան նման»-ի տրամաբանությամբ, այլ ստանում է «մի տոպրակ շան կեր» հանգուցալուծումը, որը թեկուզև իմաստազրկված և «հատակի», այնուամենայնիվ կյանքի արժևորման և նրա շարունակականության տեսլականն է: Եվ պատահական չէ վեպի այն դրվագը, որտեղ Սուրենը քննիչին ասում է. «Արի մարդկանց հանգիստ թողնենք, պարոն Գասպարյան, չկախվենք նրանց կյանքից, չխաբենք, թե կյանքից ավելի բարձր բաներ կան» (էջ 63), կամ Սառայի հետ երկխոսության մեջ` «Մի կյանք ա` ապրում ենք էլի. մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ, մեկ ա, ոնց էլ ապրես` երկրորդ կյանք չի շնորհվելու… ամենակարևորը հետաքրքիր ապրելն ա, Սառ, մեկ ա` էնտեղից ոչ մի ձեն չկա» (էջ 133): Եվ էականորեն ակնհայտ է դառնում հերոսի թեքվելը դեպի կյանքը, կյանքի արժևորումը և նրա շարունակականության գիտակցումը, թեկուզև առանց իրենց. «Բա, Դանդ եղբայր, փոկը, որով դու կախեցիր քեզ, հիմա քո շանը տանում է բեղմնավորվելուն կարոտ էգին ընդառաջ. կյանքը շարունակվում է, քեզ էլ կարծես թե արդեն մոռանում են բոլորը, մեկ բացառությամբ, որը դու ստեղծեցիր արհեստականորեն, բայց այն էլ երկար չի տևելու» (էջ 125):
Առաջին դեմքով գրված վեպում, բնականաբար, շատ են ներքին մենախոսություններն ու մտածմունքները տարբեր հարցերի շուրջը: Սուրենը հաճախ դիմում է ինքն իրեն, համոզում, արդարանում, վերլուծում, բանավիճում. «Սուրեն, դու երբևէ փորձե՞լ ես ինքնասպան լինել: Ոչ, Սուրեն: Բայց մտածել եմ: Ու մտածելով իմացար, որ դժվա՞ր է: Այո, մտածելով. մտովի կանգնել եմ կամրջի եզրին, ածելին խրել եմ երակներիս մեջ, պարանի օղակն անց եմ կացրել վզովս, մտել եմ գայլերի տարածքը, կոխրճել եմ գյուրզայի պոչը, խմել եմ մկնդեղ… և հասկացել եմ` իմ ուժերից վեր է: Զվարթացիր, Արշավիր, ահա, դու կարողացար անել մի բան, որ չեմ կարող ես: Իսկապես, ո՞նց արեցիր, Արշո, ոնց հրեցիր տակիդ աթոռը, երբ վիզդ փոկի մեջ էր» (էջ 73):
Սուրենի` զգայական տարբեր գոյացումներից առաջացած «ես»-երի հաղթահարումից բացի, վեպում էականորեն ընդգծված է հեղինակի հաղթահարման փորձը, որը նույնպես, իր հերթին, կարող է ընկալվել որպես հեղինակային «ես»-ի մի բաղկացուցիչ մաս: Այս առնչությամբ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը վեպի իր գրախոսության մեջ գրում է. «Նույն կերպ` ազատվելու խնդիր ունի վեպի հեղինակը, թեպետ, ավելի ճիշտ կլիներ այս դեպքում խոսել` հաղթահարելու մասին»26: Հեղինակի հաղթահարման փորձերի վկայություններ են վեպում հանդիպող բանավիճային դրվագները Հերման Հեսսեի և Ֆրանց Կաֆկայի հետ` ուղղակիորեն հղում անելով մի դեպքում Յոզեֆ Կ.-ին` «Երաժշտություն, սուրճ, սիգարետ, կոնյակ և սիրո սպասում… Դարձյալ կպնդե՞ք, թե Սքանչանքներ չունի այս կյանքը, պարոն Յոզեֆ Կ.» (էջ 91), մյուս դեպքում Տափաստանի գայլին` «Հեսսեի տափաստանի գայլը, օրինակ. տարիներ առաջ անմնացորդ հավատում էի նրան, նա ինձանից առաջ ընկած վազում էր` հնչեղ ոռնալով: Սակայն նրա ոռնոցի մեջ բյուրգերականության տարրեր հայտնաբերեցի, և մենք արդեն կողք-կողքի էինք վազում, այդպես երկար վազեցինք` զրուցելով, վիճաբանելով, ապա նա սկսեց ետ ընկնել, հիմա, երբ շրջվում եմ երբեմն` նրա հեռավոր բյուրգերական ոռնոցն արդեն մահվան ձորից է հասնում ականջիս. իմ խեղճ, խաբված, տարակուսած գայլ» (էջ 92) կամ մի այլ դեպքում` Սուրենի ինքնանկարը նկարագրելիս. «Ես` միայնակ գայլի պես, նիհար, շեշտված, ցցուն դիմագծերով, վայրի հայացքով, խորթացած» (էջ 20): Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վեպի հերոսը՝ Սուրենը, վիպական գործողությունների ժամանակ մոտավորապես հիսուն տարեկան է («Ահա, արդեն ետառաջ եմ անում անցած տասնութ հազար օրերի վրայով…»), հիսուն տարեկան է նաև Տափաստանի գայլը` Հարրի Հալլերը, (վեպը գրելու ընթացքում Հերման Հեսսեն նույնպես եկել է հիսուն տարեկան), իսկ Խանջյանը` հիսունհինգ տարեկան:
«Լուր չկա» վեպը Գուրգեն Խանջյանի ստեղծագործական համակարգում դառնում է յուրօրինակ կապող օղակ իր նախորդ և հաջորդ վեպերի միջև: Հաջորդ՝ «Ենոքի աչքը» և «Տուր ձեռքդ, պստլո» վեպերը թե՛ կառուցվածքային, գաղափարական և թե՛ գեղարվեստական ու ոճային առումներով նոր որակներ են կրում:

————————
1. Միխայիլ Բախտին, Դոստոևսկու պոետիկայի խնդիրները, Ստեփանակերտ, Ոգի-Նաիրի, 2012, էջ 271:
2.Նույն տեղում, էջ 271:
3. Գուրգեն Խանջյան Լուր չկա, Երևան, ՀԳՄ հրատ., 2006, էջ 3: Վեպից մյուս քաղվածքները կարվեն նույն հրատարակությունից, էջերը կնշվեն տեղում:
4.Միխայիլ Բախտին, Դոստոևսկու պոետիկայի խնդիրները, էջ 272:
5. Արքմենիկ Նիկողոսյան, Խոսքի տարածություն, Երևան, Անտարես, 2015, էջ 188:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն