Արամ Մամիկոնյան

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

օրիգամի
(Տանյա Հովհաննիսյանի համար)

ա.
մատներիդ մանիկյուռի կարմիրի մեջ ճաքճքել էր կիրակին՝
հանգիստը՝ մարմնի, հոգու, մտքի,
ու ամեն մեկը իր ուղղությամբ լողում էր հոր տուն,
իսկ դու մենակ էիր ու խելառ,
իսկ դու չգտար հորդ տունը,
ընթերցում էիր մարմինների ուրվագծից պոկված
դեմքերը մարդկանց,
մինչ դեմքդ մնաց մատիտովդ խզբզած
ժպիտների մեջ անհասկանալի

սպիտակ վերնաշապիկով,
դու բակի ավազակույտերի մեջ թռչկոտող աղջնակն էիր
ու գիժը, որին զսպաշապիկը այնքան լավ սազեց

թղթե քաղաք թղթե մարդկանցով,
հոսող ջրին պատմած թղթե երազներ
ու գրպաններ` ճղճղված ու անփող…
…ոչինչ չի փոխվել, ամեն ինչ շարունակվում է
ինչպես գիտեիր

տեսար Ատծուն, որ թափ տվեց ձեռքը ու հեռացավ
ու ալկոհոլը խորթ մոր անտարբերությամբ շպրտեց քեզ փողոց,
շոյեց դատարկ որովայնդ ինչպես տղամարդու ձեռք՝
ստերոիդներից դուրս փքված երակներով

իսկ կանայք նորից սեր էին անում փափուկ բառերի անկողիններում,
ու խելագարի պես փախչում էին
չմխիթարող գիշերներից,
կծու ծամոնի պես չծամծմված՝
ինչպես սովորական կին,
ինչպես սովորական տղու բերանում

երբեք ձեռքդ թափ չտվիր ու չհեռացար,
և հենց դրա համար ճակատագիրդ այդքան դաժան
ատեց քեզ

բ.
կապույտ խելոք աչքերով,
բարակ նկարելու ձեռքերով,
երկու կլոր կրծքերով աղջիկ,
ու վառված թղթե ծաղիկների հետ
շրխկացիր դեմքերին՝ ինչպես ապտակ,
որ դանակ, պատառաքաղով հոթդոգ էին ուտում,
որ փակ էին ինչպես կոպ,
և անհաղորդ մեռելի պես

ու թղթե ծաղիկները ավելի բնական թույնով ճչացին,
սուր արմատները խրեցին մարմնի մեջ հողի,
հողը ցնցվեց,
ինչպես պատռված մկան,
ու մահն անգամ չզգացվեց քո մահով լուռ

տունդ սպասեց քեզ,
մոռացար, գնացիր թեթևասահ թեթևսոլիկ,
հետո վախից ցցցցցնցվեց, ցնցցցցցվեց,
և տանդ շեմին մոռացար
երկնքում մաշած ամպոտ կոշիկներդ
ու շորի պես հանած մարմինդ,
գնացիր

պարանից կախ մնացին
առավոտվա սպիտակ լվացքը,
դատարկ սպիտակ թղթերը,
սպիտակ քաղաքը,
որ քար ու փոշու պես պիտի թափվեիր նրանց վրա՝
կոպիտ
ու կոպիտ

25-րդ կադրի պես խարդախ ու արգելված օր,
որպես փնթի լափ շպրտված ափսեն կենսագրության
ու վեջին բանաստեղծությունից հետո շարունակվող աղջիկ՝
չստացված պոեցիայի ամենալավ տողի տակ ընդծված,
չստացված պոեզիայի ամենալավ տողի մեջ
կծկված, սպասող ու սպասող,
որ փոքր, մեծ քաղաքի,
պուճուր ու մեծ մարդիկ՝
փոքր, մեծ ցույցերից հոգնած,
պուճուր ու մեծ մատները տողերի տակ սահեցնելով,
բառ առ բառ,
հնչյուն առ հնչյուն
կսրբեն փոշին, քարն ու հողը տողերի տակից
ու թավալգլոր կտան այնտեղ, ինչպես անկողիններում,
ու կսիրեն իրար, ու կդավաճանեն,
ու կսիրեն իրար, ու կդավաճանեն

***
երբ ձյունը նստի տանիքների հերթականության վրա,
ու շենքերը արջի քուն մտնեն
ձյան հաստ շերտի տակ,
երբ մարդիկ փաթաթվեն սպիտակ վերմակներով՝
նմանվելով ծխախոտի գլանակների,
սպիտակ մայթերի դատարկության վրա
մոլորված ոտնահետքերիս ձեռագրով կպատմեմ,
թե ինչ դժվար ձմեռ է մոտենում,
հետո քիթս կկախեմ մի մեծ բաժակ
տաք շոկոլադի գոլորշիների վրա
ու կսպասեմ
վերջին երամի հետևից
ուշացած ու անփետուր թռչունների հետ
հուսահատության տրամագծով կտարածեմ թևերս,
սենյակից սենյակ, քաղաքից քաղաք
ուրվականի պես անհասցե պտտվող մարմինս
դրամապանակիս հետ կմոռանամ
երթուղային տաքսիներից մեկում,
ու աշունը անվերադարձ կփակվի վրաս
դագաղի խուփի պես
դեղահոտից թմրած անորովայն մեռելների
ու թաց կապտամաշկ նորածինների մեջ կերևա
թաքուն պտտվող շեղբը կյանքի,
իսկ պորտալարի հետ կտրվող բոլոր ճամփաները
քեզ էին ենթադրում
որովհետև իրոք դժվար ձմեռ է մոտենում,
ու ափսոս, որ ես էլ քեզ պես թռչուն չեմ՝
թեկուզ նույնքան ուշացած ու անփետուր,
միայն անհույս թափահարում եմ,
ուժեղ, շատ ուժեղ, խելագարի պես
թափահարում եմ թևերս,
որովհետև տեսնում եմ, թե ինչպես
մարդիկ սառցելուլաների պես պոկվում են պաշգամբներից
ու ջարդուփշուր տարածվում գետնին,
որովհետև մեռելների համար շիրմաքարի տակ էլ
նույնքան ցուրտ է, անհարամար ու նեղ,
որովհետև չեմ ուզում սառել
այս մեծ բաժակ անհամ շոկոլդի պես…

տաղ վերադարձի

այդ օրերը ինձ պետք չէին,
դրանք ինչ-որ մեկը ապրել էր իմ փոխարեն,
դրանք ինձ նեղում էին
ինչպես ուրիշի հագած բանաստեղծություն

ու այսքան գիշերներից հետո
ինձ են մնում
մի պարտադիր ու հուսահատ մարմին՝
փրկված ինքնասպանության փորձերիցս,
չստացված պոեզիա,
թելերն արձակ կոշիկներ,
որ վերջապես
շունչս ազատ կարող եմ հագնել

պարտվածներին հետ եմ կանչում,
թափ եմ տալիս նրանց
փոշոտ տաբատները,
ուղղում օձիքները,
ամաչում եմ, որ տնիցս դուրս էի արել,
ասում եմ՝ կներեք,
ասում եմ, որ սխալվել եմ ու նման բաներ,
ասում եմ՝ զգացեք ձեզ ինչպես ձեր տանը
ու նորից սպիտակ թուղթ եմ փռում
նրանց ոտքերի տակ

այս օրերը վարձով վերցրած բանակարաններ էին,
ու հիմա ոնց որ նորից գտել եմ իմ տունը,
իսկ մնացածը հետո կպատահի,
եթե մնացածը հետո պատահի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն