Ինչու՞ են, մարդիկ օղի խմում:
Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն:
խմում են, որ թթու վարունգ ուտեն:
խմում են, որ մեռածներին ու աստծուն հիշեն:
խմում են, որ խմեն:
խմում են, որ մարդ սպանեն:
խմում են, որ սիրեն
խմում են, որ ծեծեն:
խմում են, որ մոռանան:
խմում են, որ ապրեն:
Հայրիկը խմում է, որովհետեւ չի կարողանում չխմել:
Մայրս գդալով ապուրի մեջ ճզմում է դեղահաբը: Դաստակի շարժումը սահուն է, արագ:Հիմա հայրիկը շվշվացնելով զուգարանից դուրս կգա ու սովածությունից դողդողացող ձեռքերով կհամտեսի հավով ապուրը, որի մեջ լուծվել է իմ ու մայրիկի գաղտնիքը: Հացը բկիս է կանգնել: Նա արագ վերջացնում է ապուրը, սառույցով ջուր է խմում, գնում սենյակ: Ես մտածում եմ, միգուցե նա մահանա, դեղահաբը ազդի արյան շրջանառության վրա, սիրտը պայթի: Մեղքս գալիս է: Անցնում են րոպեներ: Հայրս անհանգիստ է: Անկողնուց ելնում է, վազում բաց պատուհանի մոտ, շունչը չի հերիքում: Հեւում է: Չի հասկանում, ինչու է վատ զգում: Աչքերի մեջ վախ կա, այդ վախը ես տեսել եմ ոսկոր կրծելող շան աչքերում: Ես ու մայրս նստած ենք խոհանոցում` մարդասպանների լուռ համբերությամբ: Հայրիկը սկսում է ոռնալ: Մենք վազում ենք օգնության, պառկեցնում մահճակալին. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից:
Հաբը ազդում է: Զգուշացրել են, որ հիվանդի մոտ կառաջանա, գլխապտույտ, վախ, սրտխփոց, դատարկության զգացողություն, նողկանք խմիչքի հանդեպ: Մայրս ինձ հանցակից է դարձրել, որ ապահով զգա իրեն, հեշտ կլինի, երբ հիշի, որ հաբը ապուրի մեջ ճզմելու պահին ես իր կողքն եմ եղել: Հաջորդ օր չեմ դիմանում, խնդրում եմ մորս վերջ տալ այս ամենին. լսվում է միայն գդալի համաչափ չկչկոցը: Վերցնում եմ անխիղճ ափսեն ու խփում պատին: Հերիք է: Հերիք է:
Ամանորին մի քանի օր է մնացել: Խոզի բուդը պատրաստ է: Բնակարանի դուռը բանալիովս բաց եմ անում: Ձայն եմ տալիս, չեն պատասխանում: Տանը մարդ չկա: Մտնում եմ ծնողներիս սենյակ: Հայրիկը մեջքով կանգնած է: Չի զգում, որ ներսում եմ: Քսան լիտրանոց օղու շիշը դրել է բերանին ու խմում է: Կանգնած եմ: Երբ վերջապես շրջվում ու տեսնում է ինձ, միանգամից հարբում է: Արտասվում է: Մամայիդ չասես, խնդրում եմ: Ինչ ուզես` քեզ կառնեմ:
Ես հինգերորդ դասարան եմ տեղափոխվում, պապիս գրադարանից գրքեր եմ գողանում ու սպասում եմ հորս խոստումին:
Հունվարի մեկին նա հսկայական երաժշտական կենտրոնը ձեռքին ներս է մտնում: Կաշառք` լռության դիմաց: Ինձ թվում է երաժշտական կենտրոնից օղու, սխտորի ու ներսս վառող կեղծիքի հոտ է փչում:
Ես հայրիկին ամեն օր, թաքուն, օղի եմ տալիս, դրա համար էլ տանը ամենից շատ նա ինձ է սիրում: Երախտապարտ է:
Մենք ամառանոց ունենք: Հայրիկն է կառուցել: Միակ վայրն է որտեղ ես ինձ մարդ եմ զգում, ասում է նա: Ճանապարհին կանգնում ենք փայտե խանութի դիմաց, վաճառողուհին առանց հարցնելու մեկնում է մեկ շիշ կոլան եւ օղին: Ես խաղում եմ այգում, վայելում եմ հյութը եւ գիտեմ, որ հայրիկը խոհանոցում տասը րոպեն մեկ թրջում է ստամոքսը: Նրան թվում է, թե ես գլխի չեմ ընկնում, բայց համոզված եմ` հոգու անկյունում ինքը գիտի, որ ես գիտեմ եւ օգտագործում է ինձ, բայց ոչինչ, թող այդպես լինի: Ես իմ տասը րոպեն պահպանում եմ, առանց վայրկյան խախտելու, մինչեւ հայրիկը խմի, վերջացնի ողջ շիշը: Տուն ենք վերադառնում սիրահարների պես գրկախառնված` ցեխոտ ու քերծվածքներով: Մայրիկը ծեծում է հորս, ինձ անվանում է ագահ ու պիղծ` մեկ շիշ կոլայով ծախված կենդանի: Հայրս ընկնում է անկողին: Ոչ ոք սենյակ չի մտնում: Նա մենակ է: Մայրիկը քրոջս հետ է քնում: Գիշերվա կեսին ես մտնում եմ սենյակ, թթվածին չկա, պատերը օղի են շնչում: Նա այդպես էլ մնացել է նույն դիրքով, շորերը հագին, պտղի պես կծկված: Ուզում եմ լսել խռմփոցը` համոզվելու համար, որ չի մահացել: Ձայն չկա: Դողալով մատներս կպցնում եմ ճակատին` երակները պայթում են: Ողջ է` չի մահացել: Մի փոքր տխրում եմ, գուցե մահանար, թեթեւանար:
Ականջներիս մեջ խլանում են փշրվող օղու շշերի ձայները եւ հորս մշուշոտ, թախանձող աչքերը: Ես ջարդում եմ նրա օղիները, մեկը մյուսի հետեւից: Հետո նստում եմ, ջրով լվանում աչքերս, դուրս գալիս: Ծեծում եմ հարեւանի դուռը: Նրան ասում եմ, թե ծառի չորացած ճյուղը քերծել է ոտքս, մի բաժակ օղի տուր, մշակեմ: Հարեւանս բժշկական սպիրտ է տալիս, բամբակ. բարեհամբույր` հաջողություններ է մաղթում ինձ:
Սպիրտը, առանց ջրով բացելու, տալիս եմ հայրիկին, օգնում խմել: Համարյա անգիտակից վիճակում փորձում է շնորհակալություն հայտնել, չի ստացվում: Ես զգում եմ:
Նարկոլոգիական հիվանդանոցի բաժանմունքի վարիչը անընդհատ ցնցում է գլուխ: Նա վառում է բերանի կարմիր ծխամորճը, որը հանգչում է: Փորձում է լսել ինձ: Ասում եմ, որ հայրս հայտնի վիրաբույժ է, ուզում եմ փրկել նրան` բուժել, ինչ-որ կերպ օգնել, բայց չեմ ուզում, որ մարդիկ իմանան: Հասկանում է, կիսում մտահոգությունս, կրկին վառում է ծխամորճը, որը համառորեն չի կպչում: Նա ինձ պարզաբանում է, որ պալատները վճարովի են, ռեժիմը` խիստ: Բուժքույրերը անհանդուրժող են, ամեն օր հիվանդներին մեկ բաժակ օղի են տալիս, իսկ հետո լրիվ արգելք է դրվում, եթե չեն եթարկվում, զսպաշապիկներով կապում են մահճակալին: Իսկ եթե մահանա, ասում եմ ես: Մեզ մոտ շատ են մահանում, թաքցնելու բան չունեմ, դուք էլ եք հասկանում, որ վերջիվերջո դրանից բուժում չկա, ասում է նա: Չեմ ուզում, որ հայրիկը մահանա: Կկարոտեմ:
Պատերը կարմիր են: Հայրս ընկած է հատակին: Պատռված քունքից արյուն է ցայտում: Գեղեցիկ է: Հրապարակի շատրվանին է նման: Մայրս եւ քույրս տանն են, իրենց սենյակներում: Մատս մտցնում եմ վերքի մեջ: Արյունը տեղական հյութերի պես ջրիկ է: Մշակում եմ յոդով: Վիրակապ եմ դնում` ինքն է սովորեցրել:
Հայրիկ, հայրիկ, ատում եմ քեզ: Խաբում ես: Ծիծաղում է: Որտե՞ղ ընկար: Գնացքի գծերի մոտ: Հո մարդ չտեսա՞վ, հարցնում եմ ես: Բոլոր հարեւանները տեսան, Ար: Մի երեխա օգնեց ինձ, բերեց տուն: Կներես:
Հայրիկը տրուսիկի միջից ճմրթված հազար դրամանոց է հանում: Վերցրու Ար ջան, ընկերուհուդ հետ կոֆե կխմես: Պառկեցնում եմ մահճակալին: Քնիր: Քնիր:
Քահանայի մոտ եմ գնում: Խորհուրդ է տալիս պատարագի մասնակցել: Տերը լսում է ամեն ինչ: Նրա պատասխանը լռությունն է: Այո, նա միայն լուռ ցավակցում է: Պետք չի ինձ նրա ողորմածությունը: Ես հուզվում եմ:
Ինձ հանդերձներ են տալիս, մոմեր, խունկ: Արարողությունը երկար է ձգվում: Պատարագից հետո քահանան մոտենում է, ձեռքը ընկերաբար հպում ուսիս: Հույսդ դիր տիրոջ վրա, նա մեծ սիրտ ունի, ճանապարհ ցույց կտա: Չգիտեմ, ինչ կզգար Հիսուսը, եթե Հայր Աստված հարբեցող լիներ:
Ես քահանային ասում եմ, որ խղճում եմ հայրիկին, ուզում եմ, որ նա մեռնի, բայց չեմ ուզում դժոխք ընկնի, առանց այն էլ դժոխքի մեջ է: Ասում եմ, որ ամաչում եմ: Պետք չի ամաչել, աշխարհում մենակ դու չես, որդիս: Նա հանգստացնում է ինձ` բարեկամաբար հրաժեշտ տալիս:
Երազներում ես թափանցիկ շշեր եմ տեսնում: Բոլոր շշերի մեջ հայրիկն է նստած` բթացած հայացքով: Նա օգնություն է կանչում: Ձայնը չի լսվում: Բերանի շարժումներից եմ հասկանում: Ես խելառի պես հարձակվում եմ շշերի վրա, բռնում եմ հորս մազերից, դուրս եմ քաշում, մկրատով կտրում եմ գլուխը: Կարագի պես փափուկ է գնում: Հետո հարձակվում եմ մյուս շշերի վրա, դուրս եմ քաշում իմ հայրիկներին, մկրատով անջատում եմ նրանց գլուխները: Ապրես, Ար ջան, շարունակիր, փրկիր ինձ: Ես ցավակցում եմ ինձ, որ իմ հայրն ես: Ոտքերով ճզմում եմ խոսող գլուխներին: Արյուն չկա: Հայրիկը արյուն չունի: Ջուր Է:
Հեռախոսիս վրա զանգ է գալիս: Հիվանդանոց են կանչում:
Ես թողնում եմ Մաշային ու արագ գնում այնտեղ: Սիրտս ցամաքում մահացող ձկան պես թպրտում է: Սենյակում փշրված շշերը շնաձկան ատամների պես սուր եզրեր ունեն: Հայրիկը լրիվ մերկ է: Ներքեւի շրթունքը մի քանի տեղից պատռված է: Երեսը նման է սառնարանից կես ժամ առաջ հանած վարդագույն մսագնդի: Նա չի հասկանում, որ ես իր հետ եմ: Կտրտված մատներով բռնել է կրակայրիչը` մտցրել քթանցքը` գազ է շնչում: Մատները աքցաններ են դարձել: Չեմ կարողանում ձեռքից պոկել կրակայրիչը: Կծում եմ մատը: Ցավ չի զգում, բայց ռեֆլեքսորեն բացում է ափը: Շպրտում եմ կրակայրիչը: Փակում եմ դուռը: Ծնոտներս բուլդոգի նման սեղմում եմ, բայց ձայնը շրթունքներիս արանքից ճանապարհ է գտնում: Ծվվում եմ: Ուզում եմ մտքիս մեջ գոռալ: Կարծես ստացվում է: Միայն ես եմ լսում:
Բազկաթոռի տակից գտնում եմ տրուսիկը` խնամքով հագցնում եմ, հետո մնացածը` գուլպաները, շալվարը, վերնաշապիկը: Հայրիկը պատրաստ է: Ուժ հավաքիր, խնդրում եմ: Չեմ ուզում ինձ տեսնեն, մի կերպ հասկացնում է նա: Չեն տեսնի: Ես պինդ բռնում եմ նրա գոտկատեղը, թեւը գցում ուսիս: Վախվորած բացում եմ դուռը, պահը որսալով` դուրս եմ բերում միջանցք: Հայրս վիրավոր զինվորի տեսք ունի, ես քարշ եմ տալիս նրան: Աստված ջան, միայն մարդ չհանդիպի, խնդրում եմ: Ռենտգենի սենյակից բուժքույր է դուրս գալիս` ուղղվում է մեր կողմ: Կարոտել ենք իրար, փորձում եմ ժպտալ նրան, բայց լաց եմ լինում: Միջանցքը չի վերջանում: Քիչ մնաց, դուրս ենք գալիս: Ուժերս լքում են: Ընկնում ենք: Հայրիկը միանգամից քնում է: Ես պառկել եմ նրա փափուկ մարմնի վրա: Երեսս կպել է երեսին: Արցունքներս լցվում են աչքերի, ականջների, բերանի մեջ: Սառնությունից ու աղիությունից սթափվում է: Միջանքում լռություն է: Բարձրացնում եմ նրան, քարշ եմ տալիս: Միջանցքը վերջ չունի, ինչպես հայրիկի կյանքը: Սեւ տառերով գրված է` -ԵԼՔ- :
Մեքենաս դռանը մոտ եմ կանգնացրել: Հայրիկին տեղավորում եմ կողքի նստատեղին: Պարանով կապում եմ, որ չփլվի: Տանը մեզ չեն դիմավորում: Նստում եմ բազմոցի եզրին: Քունս տանում է:
«Ես ատում եմ քեզ, ամաչում եմ, որ դու իմ հայրն ես: Դու ինձ չես սիրում, եթե սիրեիր` կթողնեիր խմելը, քո մեջ սեր չկա, դու մենակ խմել ես սիրում, դու շշերի միջով կուլ ես տվել ինձ: Ես ուզում եմ սպանել քեզ իմ մեջ, չեմ ուզում կրել քո տված անունը, քո ազգանունը: Բոլորի մեջ մեռած մարդիկ կան, իմ մեջ այդ մարդը դու ես, հայրիկ»:
«Շատերն ունեն խմող հայրեր, մենակ դու չես: Դաժան ես խոսում, բայց ես գիտեմ, որ դու բարի տղա ես, ինչպես ես: Այլեւս չեմ կարող չխմել, հասկացիր: Ինձ ոչ մի բուժում չի փրկի: Համակերպվիր: Ես հիվանդ եմ, շատ հիվանդ, ցավում եմ քեզ համար, որ այդպիսին եմ: Դու չես կարող ինձ սպանել քո մեջ, ես քեզ լավ գիտեմ, հետո ես քո մեջ եմ ապրելու: Ինչ էլ որ ես անեմ, դու ինձ չես լքի»:
Դատարկ սրտով գործի եմ գնում:
Սպասում եմ հեռախոսիս զանգին:
Հիմա որտե՞ղ է հայրիկն ընկել` աշխատավայրում, սենյակում, բակում, զուգարանում, թփերի մեջ:
Հայրիկն ընկել է:
Մենակ է:
Դուռը փակել են վրան` արնահոսում է` չի կարողանում օգնություն կանչել:
Շտապել է պետք:
Ես գնում եմ նրա մոտ: Ավտոտնակում է: Շշով բենզինը, ռետինե խողովակը դրված են կողքին: Շնչել է:
Դաստակներին ասեղներով ծակծկված տեղեր կան:
Սարսափելի է:
Ես կանգնել եմ կասկադի բետոնների վրա: Թեթեւ քամի կա: Ներքեւում` մութ է, վերեւում` աստղեր:
Տարածքի հսկիչը շնչակտուր մոտենում է: Շուտ ցած իջիր, գժվել ե՞ս: Ձայնը օդում խլանում է:
Անցնում եմ Բաբայան փողոցը:
Անցնում եմ «Չայկոֆ»ը, որտեղից սիրածս աղջկա համար թեյ եմ գնում:
Ես վազում եմ տուն:
Ես վազում եմ, որովհետեւ վախենում եմ:
Ես վազում եմ, որովհետեւ չեմ ուզում տեսնել թափանցիկ շշեր:
Ես վազում եմ, որովհետեւ ինձ հետ վազում են աշխարհի բոլոր երեխաները:
Ես վազում եմ, որովհետեւ չեմ ուզում այսպես լինի:
Ես վազում եմ, որովհետեւ հայրիկին տնեցիներից թաքուն մի բաժակ օղի պիտի տամ:
Ես վազում եմ, որովհետեւ նա սպասում է ինձ: