Ուսուցչիս և Ընկերոջս՝ Հրաչ Սարիբեկյանին,

նրա սպասումները որոշ չափով արդարացնելու հույսով…

Եթե դուք ծնվել եք Երևանում, այստեղ եք մեծացել, ունեք անմոռաց հուշեր այս փոքր ու հիասքանչ քաղաքի հետ կապված, ուրեմն երևի ես կպատմեմ ձեզ այս պատմությունը` ջանալով հնարավորինս պարզ մատուցել: Մայթերը շատ են. դուք դա ինձանից լավ գիտեք: Ամեն մայթ իր պատմությունն ունի: Ամեն մայթ առնվազն մեկ կամ երկու քաղաքային նստարան ունի: Քաղաքի բնակիչներից ամեն մեկն իր կյանքում գոնե մեկ անգամ պարտադիր նստել է նստարաններից որևէ մեկին: Ոմանք մայթերն անիմաստ չափչփելուց հետո իրենց հոգնածությունն են թողել մի նստարանի: Ուրիշները պարզապես նստել ու, ասենք, հանգիստ ծխել են: Շատ տղաներ նստել, անցուդարձող աղջիկների հայացքներն են որսացել: Երեխաները վերջացած հյութի շշերն են թողել ու վազել խաղի հետևից: Հավատացեք` մի քանիսն էլ հենց այստեղ են իրենց առաջին սիրուն գտել, այս նստարաններին: Անտուն մարդկանց գրեթե իննսուն տոկոսը (սա արդեն դժբախտաբար, բայց, համենայն դեպս, փաստացի) շատ ու շատ անգամներ լուսացրել են այս նստարաններին: Երթուղայինի վարորդները, խցանման մեջ քսան րոպե նույն տեղը կանգնելուց նյարդայնացած, դուրս են թռել, արագ մոտեցել այդ նստարաններից մեկին, նստել, խորը շունչ քաշել ու անպայման հայհոյել իրենց բաժին հասած անարդար կյանքը: Ոմանք էլ հենց այնպես, առանց պատճառի, ուղղակի նստել են: Մեր մեջ ասած, նստել են նստած լինելու համար, որ կանգնած չմնան:
Բայց քաղաքի բնակիչներից մեկը` միայն մի տղա, որին ես վեց ամիս հետևել եմ` գաղտնի սպասումներով, ինչ-որ վստահությամբ լցված, թե նա անկասկած պատկանում է այն սակավաթիվ անձանց տեսակին, որոնք լուրջ վերաբերմունք գրեթե չեն ցուցաբերում կյանքի հանդեպ. համարյա արհամարհական հպարտությամբ, երբեք չեն կիսվում մյուսների հետ ու հարյուր մեկ տոկոսով վստահ են, որ շրջապատող աշխարհում չեն գտնվի անհատականություններ, ովքեր նման կլինեն իրենց ես-ին, կհասկանան արժանվույն և կընդունեն յուրօրինակ, նաև տարօրինակ այդ ներաշխարհը, որից շատերը զուրկ են: Հայտնապես պետք է ասեմ, որ նմանօրինակ մարդկանց Աստված սիրում է. զուտ մի համոզմունքով, թե մարդկային այդ տեսակին պատկանող անձինք իր հետ մի մեծ ընդհանրություն ունեն. Աստծուն ևս ոչ ոք չի հասկանում: Բայց սիրո հետ մեկտեղ Ամենակարողը անտարբեր է տվյալ մարդկանց նկատմամբ, և քանզի սովորաբար նրանք հավատ չունեն ոչնչի նկատմամբ, ուրեմն Աստված անգամ բացառություն չէ: Զարմանալի՞ է արդյոք, որ Բարձրյալի պարագայում և նրա սիրո առկայության ժամանակ ինչպե՞ս կարող է անտարբերություն արտահայտվել: Բայց այդ հարցը մեր որոշելը չէ, և, ինչպես ասում են, Աստծո գործերն անքննելի են, ես կավելացնեի նաև ամենակարևորը` անըմբռնելի են, իսկ զգացմունքներն՝ անկեղծ: Մենք կբավարարվենք կամ կկեղծենք, թե բավարարվում ենք` հայտնի մտքին հետևելով, որ վերաբերմունք ցուցաբերելով` արժանին կստանաս: Ինչևի՛ցե, այնուամենայնիվ նրանց նմաններին Աստված սիրում է:
Գաբրիելը (տղան, որ մեր պատմության գլխավոր դերում է ) մեկուսացված ճակատագրի անորոշ ու ակնառու արտահայտությունն է` անհյուրընկալ հոգու մի ամբողջությամբ: Նրան տեսնում էի քայլելիս. միշտ քայլում էր Աբովյան, Թումանյան, Տերյան, Իսահակյան փողոցներով: Հազվադեպ էի Գաբիին (հուսով եմ՝ չեմ քննադատվի անվան կրճատման համար. ես պայմանականորեն իմ սիրած տարբերակով կգործածեմ նրա անունը) նստած տեսնում, ինչպես մեր պատկերացումներում են տպավորվել ընկնող աստղերի մասին լեգենդները, քանզի դրանք շատ հազվադեպ են պատահում, այն էլ` ընտրյալ հաջողակներին:Կարծեմ, երբեք էլ հաջողակ մարդ չեմ եղել, ու ընկնող աստղեր ինձ քիչ են պատահել, և Գաբիին ևս երկու-երեք անգամ է, որ նկատել եմ նստած: Շատերն այն կարծիքին էին, որ նա գիժ է:
— Էլի էս աննորմալը անկապ ֆռֆռում ա,- լսվում էին այսպիսի արտահայտություններ:
Ցանկանու՞մ եք իմանալ` գի՞ժ էր նա ըստ իս, թե՞ ոչ: Անկեղծորեն ասեմ՝ չե՛մ կարծում, թե Գաբին կարող էր գիժ լինել: Գժերն այդպես չեն լինում: Ինքս հանդիպել եմ մի քանիսի. նրանք անգիտակցաբար թքած ունեն ամեն ինչի ու ամենքի վրա: Կարող է պատահել այնպես, որ անիմաստ քայլելիս սկսեն գոռգոռալ: Հետաքրքիրն այն է, որ նրանք անդատապարտելի են հասարակության կողմից: Ոչ ոք երբեք ոչինչ չի ասի նրանց, անգամ ոստիկանները, ու դեռ մանկուց ես էլ միշտ ցանկանում էի ուզածս անել ու չպատժվել. ավաղ դա անկարելի էր և մինչև հիմա էլ անկարելի է:
Գաբին իր պահվածքով ևս թքած ուներ ամեն ինչի վրա, սակայն ինձ թվում է` գիտակցաբար էր այդպես: Դատելով արտաքինից, հագուկապից` դժվարանում եմ նրան գիժ համարել. ուներ անորոշ տրամադրություն, բայց խելացի հայացք, խոշոր աչքեր ու լայն ճակատ: Չեմ հիշում, որ նրան տեսած լինեմ ինչ-որ մեկի հետ խոսելիս: Թեև այսքանը գիտեմ, բայց նրա մեջ հետաքրքիր ձգող ուժ կար:
Գուցե ինչ-որ ժամանակահատված է եղել` կյանքը սովորականի պես չար խաղեր է խաղացել: Ինչևէ, համարյա նմանակելով մի հանճարի` այսպես ձևակերպեմ միտքս, թե ճակատագրի օրենքները կատարյալ են, և նրանցում սխալներ փաստելն անհանդուրժելի է, նմանապես անհանդուրժելի է, սակայն, տեղի ունեցող ամեն ինչը որպես պատահականություն ընկալելը: Այս ծանրակշիռ խաղում յուրաքանչյուր քայլ մտածված է, հետևաբար անհրաժեշտ է չսխալվել, ճի՛շտ խաղալ:
Ժամանակ անցավ: Համալսարանում դասերս այնքան շատ էին և միաժամանակ զզվելի` հազիվ էի հասցնում: Հետո աշխատում էի: Մեր հարևան Ռուբեն պապը կասեր` «Ընգել ես, պտի քաշես: Չքաշի՞ր, կքաշվես»: Եթե ճիշտն ասեմ, ավելի շատ կարդում էի, քան դաս անում: Դա՞ս: Ավելի ճիշտ` վերաքննություն: Ինձ ինչ հիշում եմ, վերաքննություն եմ հանձնում: Մեկից պրծնում եմ, մյուսի հերթն է գալիս: Իսկ բոլոր վերաքննությունները հանձնելուց հետո սովորական քննական շրջան էր սկսվում, ինչից հետո, եթե հաջողությունը ժպտար, ուրեմն երկու վերաքննություն պատրաստ էր: Հիշում եմ վերաքննության մնալուս անմենաանհեթեթ դեպքը: Շուտ էի արթնացել, պատրաստ էի քննության: Քննության մեկնարկից ուղիղ տասը րոպե շուտ համալսարանում էի: Մոտավորապես ութսուն ուսանող էինք մեր հոսքում: Դասախոսը ինն անց կեսից մինչև աշխատանքային օրվա վերջ պետք է բանավոր քններ գոնե քառասուն ուսանողի, որպեսզի մյուսներին հաջորդ օրը հատկացներ (դա տարվա համալսարանական օրերի վերջնաժամկետն էր): Երբեք չեմ սիրել գրականության այդ դասախոսին, երբեք: Թող մեծամտություն չհամարվի, բայց բազմիցս անգամ բանավիճելով` համոզվել էի, որ, մեղմ ասած, հիմարի մեկն է: Այստեղ Նիցշեի միտքը ձևափոխած արտահայտեմ հետևյալ կերպ, որ ենթադրելով, թե գրականությունը կյանքի հայելին է` ինչպե՞ս այն կասկածը չի առաջանում, թե բոլոր նմանատիպ գրականագետները, որքանով հայտնի համբավ են վայելում, գրականությունից բան չեն հասկացել: Լավ եմ հիշում՝ դեռ դպրոցական տարիներից ուսուցիչները, որ չէին լսել Կաֆկա, Ակուտագավա կամ Բորխես անունները, մեր ուղեղը լցնում էին այդ աղբով. «Երեխանե՛ր, գրականությունը կյանքի հայելին է»… Հըըըմ… Խղճուկ բթամիտներ…
Այսպիսով` ժամն արդեն երկուսն անց էր, ու այդ դասախոսը քննել էր ընդամենը հինգ ուսանողի: Երկու անգամ ներողություն էի հայցել, մոտեցել, խնդրել, որ ինձ շուտ քննի, քանի որ այդ օրը սովորականից շուտ՝ ժամը երեքին էի աշխատանքի գնալու, իսկ վերջացնելու էի մյուս օրը երեքին (հերթափոխ աշխատողի անառողջ լինելու պատճառով): Երրորդ անգամ դուռը ծեծեցի, մտա լսարան: Դասախոսն ինձ ասաց. «Դու՛րսը սպասիր, չե՞ս տեսնում` որքան ուսանող կա լսարանում» (ընդամենը երեքն էին): Նա այդ ասաց` դեմքի այնպիսի արտահայտություն ինձ վրա ուղղելով, որ, կարծես, նշանակում էր, թե ինքն ամենագետ է և ինձ նման խղճուկներին ուղղակի անտեսում է: Այդ պահը չկարողացա հանդուրժել, մի կողմ տշեցի քաղաքավարությունն ու նրան ի պատասխան աջ ձեռքիս ցուցամատը վեր տնկեցի, որ նշանակում էր` «Կներեք Պարոն, բայց դուք առնվազն կատարյալ ապուշ եք»: Դուռն ուժեղ շրխկացնելով ու միջանքում վիրավորական խոսքեր շռայլելով` հեռացա համալսարանից: Այդ տարի այլևս չգնացի համալսարան: Երկու օրից համակուրսեցիներս էլեկտրոնային հաղորդագրությամբ ինձ հայտնեցին, որ վերաքննության եմ մնացել միայն ես: Ոչնչի համար չփոշմանեցի, միայն ափսոսացի այն գումարի համար, որ բանակում պատերազմական գործողություններին մասնակցելու համար (2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ) զեղչվել էր, իսկ գրականության վերաքննությունը ինձ զրկեց հարյուր քառասուն հազար չվճարելու հնարավորությունից. իսկ դա որոշիչ գումար էր: Մի խոսքով, տաղտկալի, ձանձրալի օրերի շարան: Բա ընհանրապե՞ս փողի հարցը: Հիմա կասեմ: Փող ինձ քիչ էր մնում: Աշխատավարձս բարձր չէր: Դե, դա, կներեք, բայց բնական է: Գիշերային ո՞ր պահակն է մեր իրականության մեջ բարձր վարձատրվում: Հաշվի առնելով, որ երկու ամիս է, ինչ ընկերուհի էլ ունեմ: Ռուսերեն հիանալի արտահայտություն կա այս պարագայում` «Вообще кошмар»: Մեկ-մեկ էլ, որ նկատում էր բանասիրականի մի անկյունում մեկ-երկու բառ փոխանակելիս ուրիշ աղջկա հետ, ուրեմն վերջ, պարո՛ն Զաքարյան, դու պետք է անես այն, ինչ անում են մեր Ազգային ժողովի խելամիտ պատգամավորները, երբ խորհրդարանի նիստում ցուրտ է լինում (բայց այդպես լինու՞մ է արդյոք): Ա՜խ, ո՛չ, սիրելինե՛րս, սխալ չհասկանաք: Նրանք ջեռուցումը չեն ուժեղացնում, այլ պարզապես կոճկվում են: Դե ես էլ մի պահ թուքս կուլ եմ տալիս, կոճկում վերնաշապիկիս վերջին կոճակը ու ունեցածս փողը սկսում վատնել ծաղիկների և այլևայլ նվերների վրա: Ինչ արած, սիրում ես, պետք է սիրտը շահես: Չշահես… մի խոսքով, կրկին հիշեցի Ռուբեն պապին:
Հա՛, ասում եմ` այնքան զբաղված էի, որ քիչ ժամանակ էր մնում ինձ ու հազվադեպ, կարելի է ասել, ընդհանրապես քաղաք չէի իջնում: Մայթերի տղային էլ գրեթե մոռացել էի:
Մի օր ժամանակ գտա ու Սոնային հրավիրեցի սրճարան:
— Մամաս ասել ա` դասերից հետո միանգամից տուն կգաս, որ ախպորդ համար պատրաստություն տեսնենք, ուղարկենք զորամաս: Որ չգամ, կնեղանա՞ս: Արի վաղը գնանք, հա՞:
— Չէ, Սո՛ն, չեմ կարա, վաղն էլ եմ աշխատանքի, համ էլ ախպորդ եսիմ ինչ եք սարքել, գնացել ա ծառայի՞, թե՞ հանգստանա: Թողեք, որ տղայից տղամարդ դուրս գա: Ես մեռա՞: Էլի ստեղ եմ, հետ եմ էկել ու փառք Աստծո:
Ասացի ու միանգամից փոշմանեցի ասածիս համար: Չասաց, բայց հասկացա, որ նեղվել է:
— Սո՞ն, դե լավ, կատակ եմ անում, հա-հա, լուրջ ընդունեցի՞ր,- սկսում եմ բարձր ծիծաղել, որ տպավորություն թողնեմ, թե իրոք կատակել էի:
— Վատն էր կատակդ,- գլուխը թեքում է աջ: Ես լուռ սպասում եմ ու տեսնում, որ կամաց-կամաց սկսում է երեսին ժպիտ խաղալ: Միանգամից սկսում եմ թևավոր արտահատությամբ:
— Դե լավ, կներես, բայց միշտ հիշիր ու ինքդ քեզ հարցրու՝ ցանկացած նմանատիպ վեճի ժամանակ դու ուզում ես ճի՞շտ լինել, թե՞ երջանիկ:
Մի րոպե լռություն տիրեց: Զգացի հաղթանակիս վերջնակետը ու շարունակեցի.
— Մաման կհասցնի, չմտածե՛ս, մամաները միշտ հասցնում են: Հատկապես զինվորի մայրը որդու համար աչքաթող չի անի ոչինչ: Հա, զինվոր ասացի՝ միտքս ընկավ. եթե գաս սրճարան, կիթառ կնվագեմ. վերջին անգամ, որ նվագել էի՝ ես էլ էի զինվոր: 138 դիրքն էինք պահում: Տղերքով մի երկու կենաց էինք ասել, կիթառս վերցրել էի ու սկսել: Տղերքն էլ երգում էին:
«Թռչեի՜ մտքով տուն…»:
— Սո՞ն:
— Սոնա՞:
— Կգաս չէ՞:
Ու վերջապես համոզեցի: Բայց մտածում էի` ոնց արդարանամ: Կիթառ հաստատ չէի նվագելու, որովհետև մեծ եղբորս հինգ տարեկան աղջիկը կիթառիս լարերը մկրատով կտրել էր ու կապել աթոռի ոտնակներից, որպեսզի իր տիկնիկի թաց հագուստները փռի ու չորացնի: Ինչ արած, երեխա է: Ես որ հիշում եմ ինձ երեխա ժամանակ…
Ես էլ, երբ հինգ տարեկան էի, գնացել էի գյուղ` տատիս տուն: Տատիս հավի ճտերը գողացել, լողացրել էի ու կողք-կողքի կախել լվացքի պարանից՝ տաք արևին, որ չորանան: Բնականաբար, բոլորը սատկել էին:
Ես տնից շուտ դուրս եկա` Սոնային ասելով, թե կիթառիս հետևից եմ գնում,- ընկերոջս տանն է մնացել,- ավելացրի: Եվ պայմանավորվեցինք, որ ուղիղ չորսին լինի Աբովյան փողոցի «Փարիզյան» սրճարանում:
Արագ իջա, ծաղիկներ ու փափուկ խաղալիք գնեցի: Մտա սրճարան, սեղան պատվիրեցի ու անմիջապես զանգեցի Սոնային: Մտավ սրճարան: Դիմավորեցի, աթոռը քաշեցի, որ հեշտ հարմարվի, ու նստեցի դիմացը: Սկսեցի ստերի մի երկար շղթա կիթառի վերաբերյալ, այնուհետև, համաձայն պայմանավորվածության` մատուցողը ծաղիկներն ու փափուկ արջուկը բերեց: Խոսեցինք: Հանկարծ ճակատագրի հեգնանքով աչքս ընկավ պատուհանին: Ասես մեկը դրդեց, որ դուրս նայեմ: Աբովյան փողոցով մայթերի տղան էր անցնում: Քայլեց ու հարմարվեց մայթի նստարանին` մեզանից ոչ այնքան հեռու: Սա այն եզակի դեպքերից մեկն էր, երբ նրան նստած էի տեսնում: Սոնան հայացքս որսաց, նայեց տղայի կողմը ու ասաց.
— Երևում է` քեզ հետաքրքրեց այդ տղան: Ես նրան ճանաչում եմ: Սա Գաբրիելն է` մեր հարևանի տղան` դժբախտ ու խելացնոր երիտասարդ:
Մինչև Սոնայի ասելը ես Գաբիի անունը չգիտեի:
Կարծում եք` այսքան զուգադիպությունները պատահակա՞ն են: Ո՛չ, սիրելինե՛րս, կյանքում պատահական ոչինչ չի լինում: Այդպես չէ՞: Ի՞նչն է պատահական: Միգուցե այն, որ այս պահի՞ն եմ գրի առնում այս դեպքը: Անգամ սա պատահականություն չի կարող լինել:
Իհարկե, Սոնան ինձ պատմեց տղայի մասին: Ասաց, որ փոքր էր, երբ մայրը այս կողմերի մանկապարտեզներից մեկում էր աշխատում, տղային էլ իր հետ բերում էր մանկապարտեզ: Բայց մի չարաբաստիկ օր մայրը միայնակ էր գնացել ու չէր վերադարձել: Թե ինչպե՞ս, ու՞ր. անհայտ է: Գաբրիելն էլ, չգիտես ինչու, միշտ քայլում էր այստեղի փողոցներով, գնում մանկապարտեզ, վերադառնում տուն: Հայրը հարբեցող դարձավ, իսկ մեծ եղբայրը, որ հիմա Մոսկվայում է, խոշոր ձեռնարկություն է հիմնել ու հարստացել: Միշտ գումար է ուղարկում տուն, բայց ինքը քիչ է գալիս, համարյա չի էլ գալիս: Մոսկվայում ամուսնացել է, արդեն երեխաներ ունի:
Սոնայի պատմելուց հետո ես մի սիգարետ վառեցի: Լիառատ քաշում եմ ծուխը, ու գիտե՞ք ինչ եմ մտածում: Եթե իմ մեջ քաջություն գտնեի, եթե նրա հետ խոսելու առիթ լիներ, ես կասեի նրան.
— Գաբի, Գաբի, Գաբի: Դե: Ու՞մ ես սպասում, գնա, գնա, շուտ գտիր նրան: Դե՛, արագացրու՛, քեզ սպասում է, այնտեղ` մի շենքի միջանցքում գուցե, բայց դու կգտնես մանկությունդ: Գտի՛ր: Գնա: Դե՛, գնա՛, դե՛…
Զարմանալի չէ, երբ, օրինակի համար, գնում եմ գյուղ` տատիս տուն, ես հավերի ճտերին եմ ուզում տեսնել: Ո՛չ, չեմ ուզում լողացնել: Հարցն այլ է: Պարզապես մի դրվագ եմ ուզում հիշել մանկությանս օրերից, վերադառնալ այդ հրաշալի աշխարհը, ինչպես որ Գաբրիելն է քաղաքի մայթերին փնտրում իր մանկությունը և անհետացած մորը: Սարիբեկյան Հրաչը կասեր` «Իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը»…

Հ.Գ.
Որոշ ժամանակ առաջ այս պատմությունն ինձ չափազանց անհեթեթ էր թվում, որպեսզի դրա շուրջ կարելի լիներ ինչ-որ հիշատակություն թողնել: Հետո հասկացա` այն ինձ դուր եկավ: Մի օր էլ աշխատանքից եկա տուն: Երեկոներս, այնուամենայնիվ, անգործ էին: Ցանկություն առաջացավ այդ երեկոները չդարձնել մեռած Հիշողությունների գրադարան:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն