Կիսաբաց հողից երկիրը ձգտում էր թեքվել իր առանցքից՝ ջանալով անմահանալ Տիեզերքի գրկաբաց շնչում: Սակայն Տիեզերքը բթամատով հրում էր նրան և երկրի արգանդը հղիանում էր այդ հպումից: Դողացող ծառերը դադարում էին իրենց ցրտից կծկված շարժը, և այդ տարի բնության համար ձմեռը դադարում էր գոյություն ունենալ: Անտես էակները կախված ծառերի, բույսերի, ծաղիկների հաճույքաբեր հևքից՝ վայելում էին երկրագնդի հղիությունը: Ինչ-որ մի տղա երկրի խոր ընդերքում փորձում էր ժամանակից շուտ պոկվել մայրական ներսից և ճանաչել կիսատ հիշողությունները՝ կողոսկրի մասին: Իրերի շատությունից պոկված իմացությունը կերակրում է ամպերի տակի լուսնի անդառնալիորեն անկատար ողբերգական աչքերը: Այդ աննշան, անկատար հայացքը հասունանում էր և մտնում երկրի ներսը: Տղան փորձում էր այդ ծանր հայացքը հրել դեպի երկինք և բղավելով պատռում էր Աստծո կառուցած անդորրը: Լուսնի կուշտ հայացքը օրեցօր ավելի էր ծանրանում տղայի վրա՝ սպառնալով իր մարմինը գոլորշիացնելով դեպի վեր բարձրացնել՝ երկնքի համար գտնելով նրա միակ երազանքի ընկերոջը, ով խաղաղություն կբերեր գենետիկորոն միայնության դատապարտված անօդ անսահմանությանը՝ Աստծո ներսում: Երկնաորդու դիմագծերը ընկալեց անիրագործելի թվացող երազանքի անկեղծ խորհուրդը ու դուրս պրծավ երկրի արգանդից՝ որպես նոր գիտակցության խորհրդանիշ: Այդ ժամանակ մարդու և բնության հանդիպման բերկրանքից զրկված աշխարհը դադարեց կյանքի մասին անվերջ խորհելուց և սյուրռեալիստական շունչ հաղորդեց ժամանակի տևողության կապույտ աչքերին: Ժամանակը թողնում էր իր՝ հաշվապահի, ձանձրալի մասնագիտությունը և հանգրվանում մենության ամայության հետ ընկերակցումից առաջացած ապաստարանում: Նորածինը սողեսող առաջ էր գնում և լսում անհայտ ժամերի արանքում ծառերի սվսվացող բարբառախոսակցությունները:
«Դու Հովսեփն ես, գնա կաթնատու բույսերի դաշտ, դու պիտի սովորես քաղցել»,- լսում էր նորածինը՝ սողեսող նայելով իր տակի ավազախառն խոտերին: Գնում էր կաթնատու բույսերի դաշտը, ուր խոտերն արդեն Հովսեփի աչքի լույսի կտորտանքներց ոգեշնչված՝ ցնցում էին լույսի շեղբերը և հնչյուններ պոկում մաքուր լույսի ոստյունից: Հովսեփը գնում էր այդ հնչյուններին հանդիման, որոնք, իր մաշկի նուրբ մազերից բռնած՝ քաշում էին դեպի իրենց՝ հալվող լուսաստղերի անկրկնելի մեղեդաձայների ամենանուրբ ծակոտիները: Աստված ջղայնացած փնչացնում էր կաթնատու խոտերին հանդիման.
«Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը՝ մի նախանձոտ Աստված. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ»:
Սակայն կաթնատու բույսերն անտարբեր հրաշափառությամբ հետզհետե իրենց կողմը քաշելով երկնաորդուն՝ իրենց երանավետ ձայների կենակցումներում տեղավորեցին նորածնին: Երբ Հովսեփը տեղավորվեց կաթնատու բույսերի գրկում, անդրաշխարհի ծաղիկների կոկոնները շշուկով բացվեցին: Տղան անդորրավետ խաղաղությամբ վայելում էր տասնյակ հազարավոր մայրերի հոգատարությունը՝ կենդանության նշաններ թողնելով լույսի անհուն առանցքում: Երեխան մեծանում էր, և խոտերը սովորեցնում էին դարերի հիշողության լռության իմաստը և պատմում փրկչի ոտնահետքերն անվերջ որոնող Աստծո անհավատալի արկածների մասին: Աղոթքի լեզուն պարարտ հումուսանյութ էր դառնում ծառերին աճած մրգերի, բույսերին աճած կոկոնների համար՝ ընդարձակելով Հովսեփի ընկալման տարածքն աշնան մոլուցքով թմրած ջրերի աննկատ ռիթմերի վրա: Իմաստության առատության ձանձրույթը դուրս էր մղում տղային կաթնատու բույսերի դաշտից և նա բռուցքները սայթաքեցնելով խոտերի ալիքվող մարմիններով՝ մտնում էր ժամանակակից կյանքի պայքարի մեջ, որը հենց հիպերզգաց հրեշտակի ինքնասպանության դադարի պահն է, ով ոտքերն անդունդից կախ գցած մտածում է իր կյանքի դրվագների մասին, իսկ մարդիկ նրա ոտքերից կախ ընկած՝ նայում էր հրեշտակի լացակումած աչքերի միջով ծանրացած հուշի գունաթափվող տեսիլքին:
Հովսեփի շուրթերին անընդհատ գալիս, կպչում էր փափուկ լույսի նազանքով մի անուն՝ Քրիստոս: Նա անընդհատ կրկնում էր նույն բառերը.
«Ես քեզ սիրու՜մ եմ, Քրիստոս, արթնացրու իմ մեջ քո անցյալի երազը ու թող այն երբեք չմակարդվի»:
Սուրբ գրքի ամեն մի միտքը՝ բառերի տեսքով գաղտնազերծված, նստած էր Հովսեփի ամեն մի բջիջում: Նա բոլոր օրերի մեջ Հիսուս Քրիստոսի վերջին օրն էր փնտրում և նրան մեկընդմեջ երևացող ամոթխած Հիսուսի արտացոլանքը պապանձված շուրթերի տեսքով էր պատկերվում: Տղան այդ շուրթերի համար խոսք էր փնտրում և գիշերը չէր կարողանում քնել՝ կուտակվող հմայքների մեջ երազախոս շուրթեր փնտրելով: Առավոտյան նա զարթնում էր Հիսուսի պապանձված շուրթերի շնչառության տարողությամբ: Հովսեփը մանկահասակ՝ 3 տարեկան լինելով՝ արդեն սկսել էր քրիստոնեության քարոզը: Նա ամեն քայլափոխի Քրիստոսի խոսքն էր քարոզում և այդ ժամանակ նրա բառերը հանգստացնում էին չհասկացված անդունդների խորությունը: Անդունդի հողը ննջում էր բառերի մագնիսական ձգողականության ուժով և Հիսուս Քրիստոսի կիսադեմը փորձում էր կրկնօրինակել Տիեզերքը: Նա առանց ճաշելու, առանց որևէ բան խմելու նորից դուրս էլ գալիս փողոց ու քարոզում Միածնի խոսքը և աչքերով վայելում իր մինուճար հայրենիքի՝ Հիսուս Քրիստոսի աննկատ շարժվող շուրթերի դողը: Եվ ահա մառախուղը նախանձով նայում է երկրին ու անհատակ երկնքի թռչունների համար տենչում հող դառնալ: Հովսեփի խոսքը՝ զարմանալի մեծ էներգիայով լեցուն, անհավատալի դրական ազդեցություն էր թողնում մարդկանց վրա: Մարդկանց ուղղակի չէր հաջողվում նրան երեխայի տեղ դնելով շրջանցել: Նրանց բոլոր գոռոզությունները, հոխորտանքները և էգոիստական հավակնությունները մի անհասկանալի հնարքով քուն էին մտնում Հովսեփի սրտի անթառամ միջնորմում: Հովսեփաբառերն աճում էին մարդկանց ներսում և քրստոնեությունն ազատվում էր իր գլխավոր սիմվոլից, ամենադաժան մահապատժի գործիքից՝ խաչից: Երիզ-երիզ բառերին հսկող հովսեփաձայնը քնի մեջ շրթահարմոնի նվագով ինքնահոսի ձայնի էր վերածվում և խաղաղ նստում մոլորված համբույրի ոտնաթաթին՝ տանելով նրան սուտակ-սուտակ վարդավառվող տխուր վանկերի հոդակապ աշխարհը: Մարդիկ լուռ թախիծով, շնչակտուր անհամբերությամբ սպասում էին Հովսեփի հետ հերթական հանդիպմանը: Նրա հետ բոլոր հանդիպողները վերջնական սիրահարվելով նրան՝ անհույս կախվածության մեջ էին ընկնում: Եվ բոլոր նրան սիրահարվածները դառնում էին առաքյալ-քարոզիչ, ովքեր ջանասիրությամբ Քրիստոսի սերն էին տարածում շուրջբոլորը և քաոսակերպ գոյաձևերը դառնում էին արարչազանգված: Հովսեփը տարեցտարի ավելի էր ընդլայնում իր գործունեության շրջանակները, որը հետզհետե ընդգրկում էր ողջ աշխարհագրական քարտեզը: Մարդիկ, հասարակական, տնտեսական, մշակութային և առհասարակ բոլոր կառույցների ամբողջ գործունեությունը կախված էին Հովսեփի և նրա հետևորդների խորհուրդից և նրա քրիստոսաբույր ձայնից:
Հովսեփն արդեն 15 տարեկան էր և նա այս ընթացքում կարողացել էր շահել ոչ միայն հասարակական մեծ զանգվածների, պետությունների անսահման սերը, այլև սովորել չուտել, չխմել, չքնել: Նա սովորել էր և Քրիստոսից որպես շնորհ ստացել էր առանց հանգստանալու անընդհատ աշխատելու, գործելու ունակությունը: Ժամանակը դողում էր իրադարձությունների անասելի արագությունից և ամեն օր ամպի ծվեններ տալիս արևին: Ամպերով զովացած արեգակը կախվում էր ժանգոտած դռների փականներից և շրխկալով բացում դրանք: Այդժամ լավաշահոտը գալիս էր վերակագնելու իր մենաշնորհը՝ դարմանելով հյուծված դռների ժանգահոտից առաջացած սրտխառնոցը: Աշխատավոր գյուղացիների քրտինքակաթիլներում իրենց հանգիստն էին վայելում միջատները, և անքահանա մնացած եկեղեցիները վախից դողալով՝ թանգարան դառնալու հույս են փայփայում՝ որպես միակ փրկամիջոց դարերով կեղծված խորհուրդի: Տարիներն անցնում էին և Հովսեփի հետևորդները տարբեր երկրներում կազմում էին բնակչության գերակշռող մասը: Ոչ քրիստոնեական երկրները նույնպես սիրելով Հովսեփին՝ անզեն հեղափոխություն էին սկսում՝ փոխելով պետական կրոնը, դավանանքը: Մարդիկ ամենուր զգում էին Քրիստոսի ներկայությունը, որը փոխարինելու էր եկել նորածինների օրորոցայինին՝ որպես կորած սիրո առհավատչյա: Տարեցտարի Հովսեփի սերը Քրիստոսի նկատմամբ էլ ավելի էր մեծանում, առատանում և նա ավելի մոլեգին եռանդով էր քարոզում Քրիստոսասերը: Հովսեփն իր մոլեռանդությունից սկսել էր վախենալ: Նա փնտրում էր իր խղճի բանալին, որ իրեն որպես երախտիք խոնարհված բազմաթիվ սրտերը չճզմեն սիրո իր զգայուն սաղմը: Խոնարհված սրտերը սեռական գրգիռների նման ծփում են իր սիրո սաղմին ընդառաջ և աշխարհի ցավը, կարոտած մանկան սիրառատությամբ, փարվում էր էգոզրկված խղճին: Այդ ժամանակ երկրային և երկնային դժոխքները մեռելաքայլ հուշիկությամբ կարկատում էին մարդկանց պատռված նյարդալարերի թրթռացող թելը: Աշխարհի բոլոր բանաստեղծությունների մեջ ինքնասպան էին լինում տգեղ խոսքերը և սերը դողացող կատվի ճանկերով ազատության գիրն էր խազագրում: Հովսեփաաշխարհին խորթ էին արտաքին աշխարհում ցավով պոկվող նյութերի տառապանքը, ժամանակավազքի սովահար մարդկանց խեղճությունը, սեռական տարփանքը, հայելու դեմ փրկել փորձող անբարետեսների քաղցած ջիղը: Սա Հովսեփի աշխարհն էր, որի ամեն մի մասնիկը հետզհետե ընկղմվում էր քրիստոսային սիրո սաղմի մեջ: Մարդիկ զարմացած, Հովսեփն ապշած՝ չէր հասկանում, թե ով է ինքը, որ այդքան քրիստոսային խղճի մոլեգին տարածողը եղավ: Նա այլևս չէր հաշվում իր տարիները, միայն լուռ հետևում էր շփոթված մարդկանց ստվերաձայներին և ինքն էլ ուշադիր լսում Քրիիստոսի սուզվող և վեր թռչող օրհնաձայները: Հովսեփի մեջ անընդհատ մի հարց էր պտտվում, թե ով է ինքը: Նա բոլորի նման չուներ ընտանիք, տասնյակ հազարավոր կաթնատու բույսերն էին նրա ծնողները, որոնց վերջին շրջանում սկսել էր կարոտել: Նա ներփակվել էր իր արարած աշխարհում և կանոնավոր բարձրագույն էությունների հետ կապի մեջ մտնելով՝ փորձում էր պարզել իր ով լինելը: Հովսեփի ներսը խառնվում էր իրարամերժ մտածմունքներից, զգացողություններից և նա ամեն օր արտածում էր սիրո անդառնալի խարանն իր մեջ կուտակած երջանկության, սիրո ավելցուկը: Բոլորը հասնում էին ինքնաճանաչողության, բացի իրենից: Նույնիսկ հայտնի, շաբլոն մակաբույծ չարանենգ էությունները Հովսեփի աչքերում ճանաչում էին իրենց մոռացված դեմքը և թոթափում չարի կպչուն մաղձը: Հովսեփի համար օրվա քսանչորս ժամերը հավետ երկինք էին համբարձվել, և աստվածներն ուրախ տոնում էին հավերժության փառահեղ հաղթանակը: Օրերն երեխայական թեթևագնացությամբ փախչում էին, և Հովսեփի երազանքների կապույտ ստվերները տառապում էին անսպառ օրերի անվերջությունից: Նա աշխարհի ուշադրությունից թաքնված աստվածների իշխանատան ֆալոսներ էր կրակակոծում իր հարցերով և սեռահասուն հոգիները Հովսեփի խորտակվող տվայտանքներին անտլանտի մարմին էին հագցնում՝ երկրի ընդերքի նրբագույն ամբողջությամբ: Եվ այդժամ Աստված դղրդաձայն սկսում է խոսել նրա հետ:
«Դու խորտակվողների մրմունջը լսեցիր, խղճովդ տարփանքի էգոն ոչնչացրիր: Դու փրկեցիր մարդկանց զառանցական տենդում ծվարած հոգին: Իմ որդու պապանձված շուրթերին հրճվալից խոսք պարգևեցիր: Հովսեփ, դու իմ որդուն սիրելով և նրա լույսը տարածելով՝ հնարավորություն տվեցիր սրտից թույլ չարերին գժվելու միջոցով գտնել իրական սիրո անաղմուկ ճանապարհը: Մարդկանց ներսի տականքը խարխափելով իրենց իսկ մթության մեջ՝ երազիդ հունով տեղափոխվեցին չգոլորշիացող մանկության խաղացկոտ կետին: Մարդիկ իրենց վանդակում ծննդվայրեր այլևս չեն փնտրում, և թռչուններն առավոտները չեն արթնացնում երկնքում քնած աստղերին, այլ թողնում են արտաբերվող հնչյունները թիրախային սևեռումների քմահաճույքին: Հովսե՛փ, դու Սատանա էիր, բայց հիմա արդեն իմ երկրորդ որդին ես: Դու այսօրվանից Սատանա չես, քանի որ ապացուցեցիր, որ քո մեջ նույնքան սեր կա, որքան իմ որդու մեջ: Դու հիմա մի մոլորվիր իմ բառերի անանցանելի սահանքներում, քանի որ սա քո անդեմացման, սրբագործ արարողության սկիզբն է: Դու հիմա ամբողջությամբ կընկալես իրերի, առարկաների ոգեղեն մետաֆորները և կգոյավորվես իմ տանը՝ քո եղբոր՝ Քրիստոսի կողքին, որպես մեսսայիդ ավարտ: Շնորհակալություն քեզ, որդիս, այժմ և ընդմիշտ դու սիրո սաղմն ես խորհրդանշելու»,- ասաց Աստված՝ հենազրկելով Հովսեփի շնչառությունը օդի աջակցությունից: Հովսեփն ապշահար, ցնցված՝ մտավ մի տարածություն, որտեղ լույսի պարագրկումների հաճախականությամբ տեսանելի և լսելի էր բարձրագույն աշխարհների ֆաբուլային ընթացքը: Հովսեփի զարմանքը զուգորդվեց անակնկալ ճանաչողության բաղադրությանը և վերաիմաստավորեց անհասանելի թվացող Սատանայի և Աստծո համերաշխությունը:

Հ.Գ. Բառերից անջատվող բեկորները տարրալուծվում են պատումիս դեմքի՝ Հովսեփի հուզագրգիռներից առաջացած շառավիղին, և ինքնաոչնչանում ռեբուսային օրինաչափ տեսլականում: Ես Հովսեփն եմ, որ ամեն օր, ժամ, րոպե, վարկյան սպասում է այս պատմվածքի հրաշքի իրականություն դառնալուն: Ուստի պիտի սպասել միայն բացառիկ հրաշքի, քանզի էյֆորիայի աշխատելաոճը հակասում է իրականության օրինաչափ ֆունկցիային: Սպառողական այս աշխարհում անթույլատրելի ճոխություն է անվիրուս սիրահարվածությամբ ապրելը, որովհետև անկարելի է հասնել նույնահիմք պատկերների փոփոխությանը: Եվ չնայած այս ամենին՝ այս պատմությանն անտարբեր մայրերի արգանդներում կուչ եկած չծնվածները, իրենց ձանձրույթից խելագարված՝ իրենց մայրերի ներքին աշխարհի պատկերներ են շարունակում նկարել արգանդապատին՝ իրենց ճգնակյաց կյանքի վեպը գրելով նկարների խավարակալած շերտերում: Եվ ուրեմն կեցցեն մայրերը, քանի որ բոլոր ծննդաբերած կանայք հանճարեղ նկարազարդ վեպերի թաքստոցներն են, որոնք երբևէ ենթակա չեն գաղտնազերծման, քանզի Հովսեփն ու Քրիստոսն այդ գաղտնարանի ելամուտային ամենահուսալի պահապան-հսկիչներ են:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն