***
Նա մերկ էր ինչպես ձի
սև ու սպիտակ
անցնում էր կտուրներով
լիզելով ելակի կոն պաղպաղակ
հագին կարճ շորտ
ազդրերի մսից համբույրների
ու ծամոնի բույր էր գալիս
նա վարդագույն էր ու
սպիտակ
կաթի փրփուր պես
պղպջակներով ու մազերով
դեմքին ակնոց էր ու
քիթ` փոքր ու
աստղափայլ
ես կարող էի նրան
նայել երկար ու
անտեղի
բայց նա քայլում էր կտուրներով
իսկ ես չբարձրացրի գլուխս
որ երկար նայեմ
որ չտեսությունս չերևա
միայն
մի պահ
հասցրի տեսնեմ
որ
նա մերկ էր
ինչպես իսկական
շաքարե
ձի

***
ինչ կատարյալ ենք մենք իրար խեղում
հիանալ կարելի է
ու արդեն առաջին անգամը չէ
բայց համը մեկ է նույնն է
ու հիմա, երբ գնացել ես
կարծես մեռած կատու լինի
փորիս մեջ
ու ինչքան էլ պոչից քաշում եմ
կոկորդովս
դուրս չի գալիս
ճանկերը երևի ընկել են
սիրտթոքովս կամ էլ
երիկամներովս կամ էլ
ով գիտի ինչով ու
ճանկռում են ճանկռում են
ես չգիտեմ կուլ տամ կատվին
ի վերջո, թե չէ
որովհետև վստահ չեմ, թե
կմարսեմ նրան
թե էլի քաշեմ, քաշեմ պոչից
կոկորդովս
ու սրտաթոքախառը դուրս
թափեմ հերն էլ
անիծած
ամեն դեպքում միգուցե թողնեմ ինչպես
կա
ու ինձ դարձնեմ
մի մեռած կատվի գերեզման

***
հալից ընկած կին էր
տոմսավաճառը
դասագրքի պես ձեռքից ձեռք
անցած ծնոտով
փոշեկոլոլ աչքերով
մատներով վերցրեց
200 դրամս
բերանով ասաց` խնդրեմ
ու մեկնեց մի կտոր ճղված տոմս
ու թեպետ չխաբեցի նրան
թե իբր նկարիչ եմ
որ մուտքս ցուցահանդես
անվճար լինի
ու շփոթված վճարեցի
տոմսի արժեքը
միևնույն է ամբողջ
ցուցահանդեսի ընթացքում
գլխիցս չէր փախչում
միտքը` իսկ եթե
խաբեի, տեսնես
կջոկեր

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն