Նոր տարվա առավոտ էր, ձյունն այնքան առատ էր թափվում երկնքից, որ երեք մետր հեռավորության վրա ոչինչ չէր երևում: Տոնածառի լույսերն ամբողջ գիշեր վառված մնացին Դավիթենց տանը: Առավոտյան Դավիթը նետվեց դեպի տոնածառն ու տեսավ նվերները: Սկսեց արագ-արագ բացել դրանք, երբ մոտեցան քույրերը՝ Նարեն ու Լուսինեն:
Նարեի նվերը մի կլոր, կարմիր իր էր, որի վրա գրված էր. «Եթե հաղթես, ես կկատարեմ քո երազածը»:
Դավիթի ընկերը՝ Հայկը, լսելով երազանք կատարող գնդի մասին, շտապեց Դավիթենց տուն՝ ո՞վ չի ուզի երազանք կատարող գունդ տեսնել:
Չորսով հավաքվեցին տոնածառի մոտ, Նարեն գունդը դրեց կենտրոնում ու առաջարկեց շախմատ խաղալ, որի վերջում չորսից մեկի երազանքը կկատարվեր:
— Դե ասեք, ով ինչ երազանք ունի,- հարցրեց նա:
— Ես կուզենայի, որ ժամանակը ետ գնար ու նորից Նոր տարի լիներ,- ասաց Հայկը:
— Իսկ ես կուզենայի մատս ճտտացնել ու դառնալ անտեսանելի,- առաստաղին նայելով՝ երազկոտ ասաց Դավիթը:
Նարեն ուզում էր ասել, որ չի ուզում երբևէ ծերանալ, բայց վերջին պահին միտքը փոխեց.
— Ես ուզում եմ ազատ լինել՝ ոչ ոք ինձ չասի ինչ անեմ, ու ես էլ ոչ մեկի առաջ պատասխանատու չլինեմ, ինչ ուզեմ անեմ,- վերջին բառերը գրեթե գոռալով արտասանեց նա:
— Ես միայն մի բան եմ ուզում՝ կարողանամ թռչել,- փայփլող աչքերով, բայց մի քիչ վախեցած ասած Լուսինեն:
Նրանք սկսեցին հերթով շախմատ խաղալ այն մտքով, որ գրոսմայստերի երազանքը կկատարվի: Սկզբում Դավիթը հաղթեց Նարեին, հետո Լուսինեն հաղթեց Դավիթին: Վերջում, երբ Հայկի ու Լուսինեի միջև էր պայքարն ընթանում, երկարատև մրցամարտի ավարտին Հայկը հանդիսավոր հայտարարեց.
— Շախ և մատ, Լուսինե:
Հանկարծ կարմիր կլոր գունդն ուժեղ լույս արձակեց, ընկերները միաժամանակ նայեցին կարմիր լույսին և… չորսի երազանքն էլ կատարվեց:
Հայկը թարթեց աչքերը, երեկոն փոխվեց վաղ առավոտի: Նորից դեկտեմբերի 31-ն էր, լսվում էր հեռուստացույցի բարձր ձայնը՝ առավոտյան հաղորդումն էր, որն ուղիղ եթեր էր լինում ու հաստատ կրկնություն չէր: Հասկացավ, որ նորից դեկտեմբերի 31-ն է, բայց անկողինն իրենը չէր: Նայեց շուրջը՝ արթնացել էր անծանոթ սենյակում, կողքին հնամաշ հեռուստացույց էր, ինքն էլ պառկած էր չոր ու անհարթ բազմոցի վրա: Սենյակում ցուրտ էր, բնակարանում, որն ընդամենը մեկ սենյակ ուներ, սեղանի շուրջը վազվզում էին երկու փոքր երեխաներ, իսկ նրանց մայրը սեղանին ուտելիք էր դնում: Հայկը հասկացավ, որ սա իր տունը չէ: Նա իրենց հարևան շենքի ամենաաղքատ ընտանիքի տանն էր՝ իրենց դասարանի Կարենի, ու ինքը Կարենի մարմնի մեջ էր, այսինքն ինքը հետևում էր նրա շարժումներին ու արարքներին, բայց դրանք չէր կարող կառավարել: Կարենը շատ խելոք էր ու ինքնամփոփ, դասարանում ոչ ոք նրա հետ չէր շփվում: Կարենը գնաց հայելու մոտ, նայեց իր հոգնած դեմքին, առանց լվացվելու հագնվեց ու գնաց աշխատանքի: Նա մոտակայքի խանութում էր աշխատում, պահեստից ապրանքներ էր բարձրացնում վերև կամ իջեցնում ներքև: Խանութը մինչև երեկոյան տասը բաց էր: Հայկն օրվա կեսից արդեն ուզում էր վերադառնալ, բայց դեռ վեց ժամ կար հունվարի մեկին:
Երբ Լուսինեն բացեց աչքերը, հասկացավ, որ երկնքում է ու իրենց շենքի կտուրին է նայում օդից կախված: Լուսինեն վախ չէր զգում, միայն ուրախություն զգաց, որ իր երազանքը կատարվել է: Նա նայեց շուրջը, շենքերին, մարդկանց, ընթացող մեքենաներին, նրանք այնքան փոքր ու աննշան էին այդ պահին: Աննշան ու անիմաստ թվաց մի պահ ամեն ինչ: Գեղեցիկ էին հեռվում երևացող լեռները, ամպերն ու երկնքի կապույտը:
Մի պահ նորից նայեց իրենց կտուրին ու կռվի բարձր ձայներ լսեց՝ երկու աղջիկ էին գոռգոռում:
Մոտեցավ պատուհանին և տեսավ իր քրոջը՝ Նարեին, ու ինքն իրեն՝ Լուսինեին. մի պահ զարմացավ, հետո հասկացավ, որ տեսնում է դեկտեմբերի 31-ի առավոտվա վեճը քրոջ հետ: Նրանք վիճում էին, թե ով է հագնելու դեղին բլուզը, որը Լուսինեն նվեր էր ստացել իր ծնունդին: Նարեն խնդրել էր քրոջը՝ Նոր տարուն իրեն թույլ տալ հագնել այն, իսկ Լուսինեն մոռացել էր կամ փոշմանել: Երբ կողքից տեսավ իրեն գոռգոռալիս, ականջները կարմրեցին ու ամոթից քրտնեց.
— Ինչ ամոթ է,- շշնջաց:
Նարեն արագ վազում էր, չէր էլ հասկանում՝ ուր: Այնքան արագ էր վազում ու թռնում, որ չէր էլ նկատել՝ ծառից ծառ է թռչկոտում ու վազում ճյուղերի վրայով: Նարեն սկյուռիկ էր դարձել, անտառում էր:
Սկյուռիկն արագ վազեց ու մտավ ծառի փչակը: Այստեղ անհարմարավետ էր, բայց ընկույզի ու հատապտուղների հոտը հաճելի էր: Արագ բացեց մի ընկույզ ու կրծեց: Նորից վազեց փչակի մոտ ու սկսեց նայել աջ ու ձախ: Օրը գնում էր դեպի ավարտը և շատ ցուրտ էր: Մթնում էր, բուի ձայն լսվեց, թռչունների թևաբախյունի ձայնը Նարեի վախը հասցրեց գագաթնակետին:
Դավիթը մատը ճտտացրեց, բայց մատը դիպչելով մյուս մատին՝ սահեց սայլակի անիվի վրայով:
Դավիթը նստած էր սայլակի վրա ու փողոցով քշում էր: Կողքին մի ահռելի շենք էր՝ մեծ ապակեպատ պատուհաններով, որտեղ ինքն էր արտացոլվում:
Դավիթի կողքով մարդիկ էին գնում — գալիս: Նա տեսավ իր արտացոլանքը, պտտվող անիվները, վրան նստած տղային, որն արագ հաջորդվում էր մի պատուհանից մյուսի մեջ: Լույսն ընկնում էր աչքերին, բայց անիվների շարժին հետևելու ցանկությունն ավելի մեծ էր: Հասավ մուտքի աստիճաններին հասկացավ, որ շենքը, ու ուզում է մտնել, թեքահարթակ չունի, ու իրեն օգնություն է պետք: Երեք աստիճան էր ընդամենը, բայց ինչքան փորձում էր բարձրանալ՝ չէր ստացվում, փորձեց օգնություն խնդրել: Դավիթը կյանքում առաջին անգամ իրեն անտեսանելի զգաց:
Երեկոյան, երբ Կարենը հոգնած տուն էր վերադառնում, նրան մի տղամարդ և կին մոտեցան, որ նոր էին տեղափոխվել իրենց շենք: Նրանք Կարենի ձեռքը տվեցին մի ծրար ու ժպտացին: Կարենը մտածեց, որ փող է, ու ողորմության տեղ դնելով՝ փորձեց ետ տալ, բայց կինը խնդրեց, որ վերցնի և ասաց, որ դա փող չէ:
Կարենը արագ բարձրացավ տուն և մորը կանչելով՝ սկսեց բացել նամակը: Նամակի մեջ հրավեր էր, այնտեղ գրված էր, որ սպորտային տվյալներ ունեցող երեխաներին հրավիրում են կրկես, որտեղ թափուր տեղ կա ակրոբատների խմբում: Դա ուղղակի հիանալի էր, մայրը երբ կարդաց, գրկեց տղային ու երջանկության արցունքները հոսեցին այտերով:
Նոր տարին համեստ նշելուց հետո, գիշերը Կարենը փակեց աչքերը ու իր մարմնամարզիկ հոր մասին հիշողություններով ընկղմվեց երազների հրաշալի աշխարհ:
Մի քանի օր հետո Դավիթն ու Հայկը քայլում էին փողոցով, երբ Դավիթը հանկարծ գոռաց.
— Սպասիր, Հայկ, արի՛, արագ:
Նա վազեց ու բռնեց կողքի շենքի աստիճանները բարձրանալու ապարդյուն փորձեր անող անվասայլակի հետնամասը և ասաց.
— Օգնիր, Հայկ, օգնենք՝ այս երեք աստիճանը բարձրացնենք տղային, նա չի կարողանում բարձրանալ: