Ձմեռը նոր էր սկսվել, շուտով Նոր տարի էր, չորս ընկեր նստած` տոնում էին իրենցից մեկի հաջողությունը, որն առաջին անգամ մրցանակ էր ստացել` կինոռեժիսուրայում ունեցած հաջողության համար: Նրա ֆիլմը առաջին մրցանակի էր արժանացել իտալական մրցույթում: Հայկի հաջողությունը տոնում էին Սարգսի տանը, որն արդեն երկու տարի էր, ինչ ապրելու էր տեղափոխվել Դիլիջան և աշխատում էր ԱՅԲ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ: Դրսում ձյունն ամեն ինչ ծածկել էր սպիտակ սավանով: Տղաները խարույկը վառել էին ու վայելում էին կրակի բույրը:
Գեորգին նոր էր վերադարձել Ռուսաստանից, այնտեղ նոր աշխատանք էր գտել, բայց երազում էր Հայաստան վերադառնալու մասին: Մտքերը խառն էին, չէր մասնակցում զրույցներին, ավելի շատ ընկղմված էր սեփական մտքերի մեջ: Արթուրը` ընկերներից ամենաուրախը և, կարելի է ասել, «թաթալաբազը», նոր բիզնես էր բացել և անընդհատ Սարգսին ծաղրում էր, թե` ինչ դպրոց, ինչ բան, արի իրար հետ շաուրմա վաճառենք, միլիոններ աշխատենք: Սարգիսը չէր ուզում ընկերոջը նեղացնել, բայց դե իր պատկերացումներն այլ էին կյանքի ու փող աշխատելու հետ կապված: Բոլորն ուրախ էին իրենց ընկերոջ հաջողությամբ, խմում էին Գեորգիի բերած գինին և ժամանակ առ ժամանակ բարձր ծիծաղում:
Հայկը բաժակը տարավ շուրթերին, խմեց ամբողջն, ու հանկարծ դեմքի ժպիտը կորավ, դեմքն այլայլվեց կարծես թույն էր խմել, նայեց ընկերներին, ասաց` նա ինձ թույնեց, և աչքերը վեր հառած` ետ ընկավ: Գեորգին և Սարգիսը վախեցած նետվեցին ընկերոջ վրա, սկսեցին թափահարել նրան: Արթուրն ասաց.
— Հո դուք դմբո չեք, չեք տեսնո՞ւմ, ինչպես միշտ ձեզ խաբեց:
Հայկի հռհռոցը լսվեց, հետո Գեորգիի ձեռքի հարվածը Հայկի գլխին ու ավելի բարձր ծիծաղ ընկերների կատարմամբ:
— Տղերք, գիտեք իրականում կատակ եք անում, բայց… — բողոքեց Հայկը:
— Կատակ ենք անո՞ւմ, թե՞ դու ես մեզ ձեռ առնում,- հարցրեց Արթուրը ծիծաղով:
— Չէ, չէ, Արթուր, լսեք ուրեմն, հետս մի բան կատարվեց, որ չեմ կարողանում մինչև հիմա հավատալ: Հասկանում եմ, որ կատակիցս հետո ինձ չեք ուզում լսել, մտածում եք` էլի շարունակում եմ կատակել, բայց Իտալիայում հետս այնպիսի զարմանալի բան տեղի ունեցավ, որ ինձ շտապ օգնությունով տարան հիվանդանոց, հիշում ե՞ք, որ զանգեցի հիվանդանոցից:
— Այո, հիշում եմ, լավ վախեցած ձայն ունեիր, ինձ թվաց` դեպորտ են արել,- հիշեց Սարգիսը:
— Ահա, ուրեմն, Հռոմում, մրցանակաբաշխությունից հետո գնում եմ դեպի իմ հյուրանոց, կուզեի ասել` հետս էլ մի գեղեցկուհի, բայց ոչ, մենակ եմ քայլում, ճանապարհին ուզում էի տաքսի վերցնել, բայց ուժ չունեի, շատ հոգնած էի, չէի ուզում մի ժամ բացատրել, թե ուր ենք գնալու…
— Այո, իտալերեն դժվար կլիներ քո կիսառուսերենով բացատրելը, ռեժիսոր ջան, բացի հայերենից միայն ռուսերեն друг բառը գիտես, այն էլ ես եմ սովորեցրել:
— Սարգիս ջան, ես առանց լեզու իմանալու Իտալիա եմ գնացել, որ մյուսները հինգ լեզու գիտեն` ի՞նչ օգուտ, լավ, դա կարևոր չէ, ես նկատի ունեմ` շատ հոգնած էի ու որոշեցի քայլել, ու ոչ թե ֆիզիկապես էի հոգնել, այլ մարդկանցից ու ամեն ինչից: Գիտես, հաջողության հասնելն էլ մի բան չէ, ամեն ինչի իմաստը կորում է, ու կողքդ էլ էդ պահին մեկը չկա ուրախացող, ոնց որ անիմաստ լինի…
— Ասում էի` ինձ հետդ տար, Հայկ ջան:
— Սարգիս, ինքը նկատի ունի ընկերուհի, երկրորդ կես, քեզ մի քիչ ծանր պահիր:
— Հաա, մեղավոր եմ, լավ:
— Այդպես, մտքերի մեջ գնում եմ ու մեկ էլ…
— Ու մեկ էլ,- Արթուրը մեջ մտավ,- մի աղջի՞կ:
— Այո, ինչպես յուրաքանչյուր ծամծմված սցենարում, որոնք գրում է իմ սիրելի սցենարիստ Կարեն Կիրակոսյանը` մի աղջիկ, շենքի երկրորդ հարկից կանչում է, բայց պետք է նշեմ, որ Կարենի մոտ այդպես սիրուն չէր ստացվի գրել` շենքի երկրորդ հարկից, ինքը կգրեր մի գեղեցիկ, սլացիկ կազմվածքով իտալուհի, ետ-ետ քայլելով, ընկավ գիրկս… Չէ, այս մեկն ուրեմն երկրորդ հարկից կանչում է` Հաաաայկ, այ Հայկ: Ես մտածում եմ, սա երևի գիտի ֆիլմիս մասին ու կանչում է հայերեն, երևի մտել, մի երկու բառ է սովորել, բայց չէ` Հայկ, արի վերև, մենք քեզ ենք սպասում: Էդ էլ տարօրինակ չթվաց, ասում եմ` երևի հայ է, ինձ ճանաչել է, կատակ է անում, բայց ոչ: Շենքի առաջին հարկի դռները բացվեցին, մի քանի երիտասարդ, բաժակները ձեռքներին, իտալերեն ինչ-որ բաներ ասելով, եկան դեպի ինձ: Սկզբում ետ-ետ գնացի, իբր` ինչ եք ուզում ինձնից, սրանք ինձ քաշեցին դեպի դռները, չգիտեմ էլ ոնց անեմ, արդեն ուզում էի կռիվ անել, բայց վերևի աղջիկը եկավ, ձեռքին շամպայնի երկու բաժակ, մեջը վարդագույն շամպայն, տվեց ինձ, նայեցի աչքերին, ու չգիտեմ հետս ինչ կատարվեց: Արթուր, դու գիտես, որ ես այդպես հեշտ չեմ գայթակղվում, ինչ-որ տարօրինակ բան կար մեջը, աչքերի մեջ ինչ-որ ոսկե փայլ կար, ժպիտը շատ տարօրինակ էր: Զգացի, որ վտանգավոր է հետները գնալ, կյանքումս այդքան չէի վախեցել, բայց գնացի: Գնացի ու ի՞նչ, ամենասովորական երիտասարդական հավաքույթ, ես ինձ ծեր էի զգում, արդեն քառասուն տարեկան եմ, վերջիվերջո: Նայեցի, այն սիրուն աչքերով աղջիկը գնում է դեպի պատուհանը, ետ նայեց` ինձ կանչելով: Գնացի դեպի նա: Պատուհանի մոտ շատ ջերմ էր, այնտեղից լավ տեսարան էր բացվում դեպի Հռոմի կենտրոնական փողոցներից մեկը` Corso Vittorio E manuele II-ը, որտեղով ես քայլում էի մինչ այդ:
Մոտ մեկ ժամ խմելուց և տարբեր հումորներ լսելուց հետո ուզում էի գնալ իմ հյուրանոց:
— Իսկ այդ աղջիկը հայ է՞ր,- հարցրեց Արթուրը:
— Ոչ, հայ չէր, պարզապես հայերեն մի քանի արտահայտություն գիտեր, իտալուհի էր, բայց իտալերեն էլ չգիտեր, միայն անգլերեն էր խոսում, բայց ինչ-որ ակցենտով:
Արդեն որոշեցի, որ պիտի դուրս գամ, Լուիզան, այդպես էր իտալուհու անունը, ասաց. «Շուտով տորթ են բերելու, հրաշք համ ունի, ես ու ընկերս ենք թխել»: Հատուկ նշեց` ընկերս, որ ոչ հասկանամ ընկեր ունի, ոչ էլ իմանամ լրիվ ազատ է: Մի քիչ սպասեցի: Սպասեցի, բայց Լուիզան, զգացի, ինչ-որ խառնվել է իրար: Հարցնում եմ` ինչ է պատահել, ասում է` գիտես, ավելի լավ է դու տորթին մի սպասիր, դու ինձ հիշեցնում ես Միհրանին: Մի տեսակ հայացքը փոխվել էր, ինձ էր նայում, բայց աչքերի փայլն ուրիշ էր, մի տեսակ հարազատի նման էր ինձ նայում, մի քիչ ավելի մոտ եկավ ինձ: Հարցնում եմ` ի՞նչ Միհրան: Ինքը` ես մի ընկեր ունեի, հայ էր ու ապրում էր Արևմտյան Հայաստանում, 1837 թվականին: Ես այնպես ծիծաղեցի, որ սենյակում գտնվողները շրջվեցին մեր կողմ: Լուիզան դեղին մազերը քաշեց ականջի ետևը, այտերը սպիտակ-սպիտակ էին, հանկարծ նկատեցի, որ մյուս հյուրընկալներն էլ` բոլորն էլ մի տեսակ սպիտակ մաշկ ունեն: Մտքերի մեջ էին ընկել, հայացքս դանդաղ շրջեցի Լուիզայի կողմ, նա հանկարծ այնպես քաշեց ձեռքս, որ ուսս ցավեց: Տղաներից մեկը նկատեց այդ պահը, բայց Լուիզան չտեսավ: Նա ինձ իջեցրեց աստիճաններով, իսկապես իջեցրեց, որովհետև քաշում էր, մի քանի աստիճան երևի թռնելով իջնում էինք: Զգացի, որ շատ ուժեղ է… Ճիշտն ասած վախեցել էի, սիրտս այնպես էր զարկում, ինձ թվաց հիմա կկանգնի, աչքերիս դիմաց ամեն ինչ սևանում էր, միայն Լուիզայի մազերն էին քամուց ալիքվում: Փողոցով վազեցինք դեպի կամուրջներից մեկը, կամրջով իջանք ներքև, և վերջապես Լուիզան հանգստացավ:
— Միհրան, փախիր այստեղից, նրանք հիմա այնտեղ սպանել են բոլորին:
Չպատասխանեցի, չասացի, որ ես Միհրանը չեմ, շատ հաճելի էր այդ պահին լինել Միհրանը, բայց այն տղաներից երկուսը երկնքից ճախրելով իջան Լուիզայի մոտ և բռնեցին նրան տարբեր կողմերից: Երրորդը ձեռքերով շղթայեց ինձ և թռցրեց օդ: Այդ պահին գիտակցությունս կորցրի: Լուիզայի վախեցած դեմքն աչքերիս առաջ էր: Արթնացա շտապ օգնության մեքենայում:
— Ուզում ես ասել, որ դու հավատո՞ւմ ես այդ տարօրինակ արարածների գոյությանը:
— Ես ոչինչ չեմ ուզում ասել կամ հավատալ ու չհավատալ, ես ուղղակի ուզում եմ նորից տեսնել այդ աղջկան:
Ընկերները ոչինչ չասացին, զգացին, որ իրենց ընկերը սիրահարված է:
Մի քանի ժամ հետո բոլորը քնած էին բացի Հայկից, նա նայում էր պատուհանից դուրս. լուսնի լույսն ընկնում էր մեքենայի վրա և լուսավորում բակը: Լռություն էր, միայն բվի ձայնն էր լսվում: Մթության մեջ Հայկը հանկարծ լսեց մի հաճելի ձայն.
— Միհրաա՞ն…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն