ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Ինձանից մի փշուր մնաց այն ճամփեքին,
Որտեղով քայլեցի երազանքներ գրկած,
Ու խավարը պատեց իմ լուսե թռիչքին,
Եվ մարմինս ցավից արնակալած տնքաց:
Գժված քամին տարավ փունջը երազներիս,
Կեղտ ու փոշով պատեց ճամփեքը ամայի,
Ու կարոտներ թողեց մերկացած հուշերիս
Վառվող լապտերներին, որ պիտի բերեի:
Ծառերի ճյուղերը թախիծով մերկացած,
Արցունքներ են թափում ցավից ճաքած հողին,
Հուսահատ ճչում է կարոտներով անցած,
Մայրամուտում մեռնող հեռվում թողած ուղին:
Իմ անցած օրերի փոշոտված ճամփեքին,
Ծաղիկներ են աճել ոտնահետքիս չափով,
Իսկ օդում թափառող ծերացած մեղեդին,
Հոգուս է փաթաթվել բզկտված կարոտով:
ԱՆՀԱՍՑԵ ՆԵՐԿԱ
Վարդերով հյուսված գեղեցիկ ներկան,
Ժպտում է քնքուշ, այնքա՜ն գեղեցիկ,
Որ դար է թվում ամեն մի վայրկյան,
Ու կյանքն է վառվում հրով թափանցիկ:
Ոսկե թելերով հյուսված ճամփան է
Անցյալից բերել ներկան օրհնված,
Մեր խենթ օրերի լույս երազանքն է,
Պարում մեր հոգում՝ համբույրներով թաց:
Անցյալն ու ներկան ընկեր են դարձել,
Եվ տանում են մեզ անհայտ հեռուներ,
Բայց ճանապարհից ետ ենք մնացել,
Ուր մոխրանում են երազները մեր:
Կարոտով հյուսված հույսերն են վառվում,
Եվ անձրևում է անհասցե ներկան,
Շրջվենք մի պահ ու նայենք հեռուն,
Գուցե անցյալո՞ւմ մնաց ապագան:
ՀԱԴԵՍ
Ինձ բաժին ընկած կրծոտած հացը,
Հյուրասիրում եմ ձեզ, բարի մարդիկ,
Առանց թաս հնչած հոգուս կենացը,
Ձեզ եմ նվիրում, որպես երախտիք:
Հարգանքով, սիրով, ձեր դուռն եմ թակել,
Եվ ձեզ եմ բերել տիեզերքը իմ,
Ձեր նոր աշխարհն եմ հավատով եկել՝
Մաշված շորերով, լաթերով իմ հին:
Սակայն ձեզ պետք չէ հացս կրծոտված,
Կենացն ի սրտե, բայց առանց թասի,
Դուք ճոխ սեղանի շուրջը հավաքված,
Այս կյանքն եք լափում՝ բույրով Հադեսի:
ԱՐԾԱԹԵ ԿԻՐՔ
Տուր ինձ գիշերը ամպերից կախված,
Գիշերվա անուշ հրաշքները տուր,
Այցելիր հոգուս երգին հորինված,
Թակիր իմ հոգու դուռը, առանց դուռ:
Նվիրիր թևեր արծաթե շողով,
Պարուրիր հոգուս քարանձավը մութ,
Ինձ երջանկացրու աչքերիդ խաղով,
Որպեսզի չապրեմ տանջող մայրամուտ:
Քո շնչով հոգուս արծաթե կիրքն ես,
Լուսե մատուռն ես իմ երազների,
Իմ չհագեցող հոգու աղոթքն ես,
Ամենավառը բոլոր գույների: