Հարաբերության տեսակներ ու ձևեր կան, որ այդպես էլ իրար չեն հանդուրժում, թեպետ ամենից շատ հենց դրանց պարագայում է հարաբերում ասվածը կայանում: Գրողն այդպես էլ չի հանդուրժում կյանքը, իրականությունը, անընդհատ ձգտում է յուրովի տեսնել այն, ձևափոխել է ուզում, ու երևի այդ պատճառով է կյանքը չի սիրում գրողին:
Գրաքննադատն այդպես էլ չի հանդուրժում գրողին, նա կարծես թե ի սկզբանե տեսել է կատարյալը, ու երևի ճիշտ է հայտնի ասույթը՝ յուրաքանչյուր քննադատ չկայացած գրող է՝ բայց ոչ հեգնական, այլ կատարյալը տեսածի իմաստով, ու նա՝ քննադատը անընդհատ ձգտում է ուղղորդել գրականությունը դեպի այն վայրերն, ուր ինքը եղել է, ու երևի այդ պատճառով է, որ գրողը չի սիրում գրաքննադատին:
Ու այդպես՝ գրողը չի ներում քննադատին իրեն մեկնաբանելու համար, ճիշտ այնպես՝ ինչպես կյանքը չի ներում գրողին իր մեկնաբանությունը: Ու այդպես՝ նրանք միշտ իրար չհանդուրժելով ու չսիրելով մշտապես հարաբերվում են, առանց իրար ուղղակի գոյություն չունեն, ինչպես չարն ու բարին, երկինքն ու երկիրը, դժոխքն ու դրախտը…
Ու այս հարաբերումի մեջ ամենից հետաքրքիրն այն է, որ ժամանակի հոլովույթում մոռացվում է կյանքը՝ հիշվելով միայն ըստ գրականության պատկերվածի, ու ժամանակի հոլովույթում մոռացվում է գրաքննադատը՝ հիշվելով միայն այս կամ այն գրողի ու ստեղծագործության առիթով…
Հայ իրականության մեջ գրողի ու քննադատի հանդիպադրման գեղագիտական-ստեղծաբանական-մշակութաբանական պարագրկումներով ըստ պատշաճի վերլուծումներ բացառիկ քիչ կան, ու այդ բացառիկ քիչությունն էլ բերել է հատկապես գրաքննադատի դերի ու արարքի ընկալումի, վերաբերմունքի, գնահատումի թյուր ու զավեշտալի ընկալումների: Խորհրդային տարիներին «ռեժիմ» կոչվածը ինչ-որ կերպ ապահովում էր նորմալ հարաբերումի պատրանք: Բայց հատկապես անկախության շրջանում գրող-քննադատ հարաբերումի մակարդակը վերածվեց շուկայականի, ու Հրանտ Մաթևոսյանի՝ 1990-ականների սկզբին արտահայտած տագնապը գնալով ահագնանում է՝ «Երեկվա պետականության պայմաններում առաջացած պրոֆեսիոնալ գրաքննադատության իշխող բարձունքն ենք կորցնում, համակարգը ցրիվ է գալիս, «շկոլա» ենք կորցնում, գիտական մակարդակ, մտքի ռեժիմ: Ուժեղները գրականություն ստեղծում են և իրենց ճանապարհն էլ կբացեն ու հրապարակ կգան: Ափսոս գրաքննադատությունը: Գրաքննադատությունը պետք է վարձատրվի, պետք է պետականորեն խրախուսվի»:
Հստակ արժեհամակարգի բացակայությունը արժեզրկեց քննադատի խոսքը, հայաստանյան գրական տարածության մեջ գրաքննադատությունը, ինչքան էլ իրեն դրսևորեց, ինչքան էլ իր գործն արեց, այնուամենայնիվ, չընկալվեց այն առաքելությամբ, որ իրենն էր, ու գրաքննադատն էլ չընկալվեց այն ճիգ ու ջանքով, որ իրենն էր, այլ մնաց որպես կարծիք հայտնող, գովեստ հնչեցնող կամ պարսավանք թափող մեկը, որն այդ կերպ իր բարեկամներին, ընկերներին, թայֆակիցներին, թշնամիներին, չուզողներին է ի ցույց դնում: Ու գրողը լավ քննադատ հորջորջեց նրան, ով իր մասին գրում էր, ու վատ քննադատ հորջորջեց նրան, ով իր մասին չէր գրում, ավելին՝ ով իր թշնամու մասին էր գրում…
Անձնական հարաբերությունների պարզման, անառողջ մթնոլորտի, հավակնոտ միջակությունների առաջամարտիկության դժվար պայմաններում Գրիգոր Հակոբյանի ու Սեյրան Գրիգորյանի պես տաղանդավոր մարդիկ հեռացան գրաքննադատությունից՝ քանի՞սը չտեսան նրանց հեռանալը, քանի՞սը լսեցին նրանց լռությունը, քանի՞սը ափսոսացին…
Ու հակառակ բոլորի մռայլ կանխատեսումների՝ երիտասարդ ու տաղանդավոր գրաքննադատներ ասպարեզ եկան, հավատավորի ջանքով, գրականության սիրով. քանի՞սը ուրախացան, քանի՞սը քաջալերեցին, ընդհակառակը՝ իբր չնկատեցին, իբր արհամարհեցին, դեռ շուտ է ասացին…
Ու երկու դեպքում էլ իրենց մասին նրանց խոսքի թաքուն ու ջերմեռանդ սպասումով…
Ու տնաբույծ և ձեռնասուն «գրաքննադատներ» ասպարեզ եկան, որ է՜լ ավելի արժեզրկեցին քննադատի խոսքը, մղեցին Լևոն Խեչոյանին «Գրաքննադատի կարծիքն ավելի շատ հեռու է ինձնից, քան մոտիկ, ավելի շատ նա իր ուղեղում թափառող մտքերի հետևից է գնում, քան` իմ մտահղացման» արդեն, ցավոք, թևավոր դարձող միտքն հնչեցնել: Ու միջակ գրողին, ավաղ, ձեռնտու է այս ամենաթող վիճակը, արժեզրկված խոսքի պայմաններում յուրաքանչյուրի խոսքն է արժեքավոր…
Պաշտոն ու ազդեցություն ունեցող որոշ գրողներ երբեմն նաև ազնիվներին գայթակղեցին, փող ունեցողները մրցանակների անվան տակ քննադատներին կաշառեցին, ու, ավաղ, ավաղ, ավաղ, իրենց ու մյուսների գրականությունը դրանով չափանշեցին, հավատացին ու հավատացրին, ավաղ…
Ափսոս գրաքննադատությունը…
Ու գրողը քննադատի հետ բանավիճելը անիմաստ համարեց, նրան արհամարհեց, գրածն արհամարհեց, ու ավելի զարհուրելի է այն, որ այդ արհամարհանքը չտեսնելով՝ գրաքննադատներն են իրար արհամարհել սկսել, իրենց գովերգած գրողների՝ իրենց հասցեին ուղղված գովեստներից ոգևորված…
…ու եթե 19-րդ դարում Վիկտոր Հյուգոն տագնապելով տագնապում էր, թե տպագրության գյուտը կսպանի ճարտարապետությունը, այդպիսի տագնապ այսօր իմ մեջ է ու օրեցօր ավելի է ահագնանում, ու թեև Հրանտին պիտի կրկնեմ՝ «Ափսոս գրաքննադատությունը», բայց նրա պես այդ ափսոսությունը չպիտի կապեմ համակարգի փլուզման հետ, չպիտի ավաղեմ, որ «գրաքննադատությունը պիտի վարձատրվի, պետականորեն պետք է խրախուսվի», պիտի ցավով ասեմ, որ դա էլ չի փրկի, որովհետև ավելի մեծ վտանգ եմ տեսնում, գրաքննադատության՝ իր բուն իմաստով, անպետքությունն եմ այսօր զգում…
… որովհետև Ֆեյսբուքն ու մյուս սոցիալական տարածությունները, «քոմենթելու» սանձարձակությունը կսպանի գրաքննադատությունը, եթե արդեն իսկ չի սպանել:
Քննադատի մեծ դիալոգն այդպես էլ չի կայանում, ու այսուհետ երևի չի էլ կայանա: Որովհետև ի՞նչ էր գրողի ուզածը. էն գովեստի խոսքը, որ հնչեցնում ես իր մասին բանավոր, անպայման գրավոր հնչեցնես, որ նախ՝ ասածիցդ ետ չկանգնես հանկարծ, և ապա՝ որ այդ մասին աշխարհն իմանա: Ֆեյսբուքում ու այլուր քոմենթները եկել են փոխարինելու այդ ամենին: Գրավոր, փաստացի խոսք է՝ աշխարհն է տեսնում:
Ու, ավաղ, նույն Ֆեյսբուքում գրաքննադատի ու «պադյեզդցի» տղայի, աղջկա, հարևանի քոմենթ ու լայք կոչվածը գրողի համար արդեն նույնն են ու նույնարժեք են, կարևորը քանակն է, ու քանակը պարծենալու առիթ է…
Ու, ցավոք, շատ քչերի մեջ այն գիտակցությունը կա, որ դա ընդամենը մրցակցությունը, որտեղ ոչ միայն գրաքննադատն է անտեսված, այլև իրենց իսկ գրածը…
Ու ես, այնուամենայնիվ, մի փոքրիկ լավատեսությամբ ուզում եմ հուսալ, որ այդ շատ քչերի գիտակցությունը վաղվա մեր ընդհանուր գրական դաշտի գիտակցությունն է լինելու, ու ճահճից դուրս գալու ջանքն ու ճիգը պայմանավորողը…
Մյուսները թող շարունակեն մրցակցել, գրողը տանի…
Բայց, այնուամենայնիվ, ափսոս գրաքննադատությունը…
Տպագրվել է Գրեթերթ, 2012, թիվ 4