Անկախության առաջին տարիներին, երբ ընդհանուր գրական դաշտում մի տեսակ քաոսայնություն էր տիրում, թերևս ամենաանպաստ վիճակում քննադատությունն էր: Մի կողմից՝ գրականությունն ինքն էր տարուբերումների, ինչ-ինչ ճշգրտումների, գաղափարական ու գեղագիտական դիրքավորումների մեջ, մյուս կողմից՝ քննադատությունը, փորձելով որսալ այդ ամենի հանգրվանն ու զարգացումների ուղղությունը, ինքն էլ իր հերթին վերադիրքավորումների կարիք ուներ: Նախկինում ձևավորված մոտեցումները, որոնցով վերլուծվում էին գրական երկերը, թարմացումների կարիք ունեին, բայց գրական ընթացքը զարգանում էր հաճախ այնպիսի անկանխատեսելի վայրիվերումներով, որ դժվար էր շատ արագ ինչ-ինչ հստակ կողմնորոշումներ ամրագրել:
Խնդիրն առավել բարդ էր արձակի պարագծում: Ու ստացվեց այնպես, որ անկախության հատկապես առաջին տարիներին ստեղծված հայ արձակի գնահատումը յուրօրինակ փորձաքար էր քննադատության համար: Լույս տեսած տարաբնույթ հոդվածները, գրախոսությունները, իրենց արժանիքներով հանդերձ, երևանեցին մեր քննադատության հատկապես տեսական զինանոցի աղքատությունը, անտեղյակությունն ու անգիտությունը համաշխարհային գրականագիտական մտքի նվաճումներին, ինչը թույլ չէր տալիս դուրս գալ պարտադրված կաղապարներից և գրականությունն ու գրական ընթացքը դիտարկել նոր չափանիշներով: Գիտակցելով հանդերձ, որ «Քննադատությունը չի կարող ապավինել գեղագիտական հավիտենական կատեգորիաներին, որովհետև այդ կատեգորիաները վերաիմաստավորվում են ժամանակի իդեալներին համապատասխան, և քննադատությունը ևս ենթակա է «բարոյական ջերմաստիճանի» տատանումներին»1, այնուամենայնիվ, քննադատները շարունակում էին ստեղծվող գրականությանը կամ չանդրադառնալ, կամ անդրադառնալ տեսական հին ու արդեն ժամանակավրեպ կաղապարներով՝ հաճախ սեփական թերացումների պատճառները որոնելով գրականության ներսում: Եվ եթե Ժենյա Քալանթարյանը կարևորում էր «գրականության ընդհանուր մակերևույթից բարձրացող լիարժեք երկերի» երևան գալը, որի դեպքում միայն քննադատությունը կկարողանար «լուրջ ու արժեքավոր խոսք ասել»2, ապա Զավեն Ավետիսյանը առաջնահերթ էր համարում «գաղափարական մարտավարության ուղեցույց հանդիսացող համընդհանուր իդեալի ճշտումը». «Այսօր ունե՞նք այդ իդեալը գեղարվեստական ազդու պատկերի մեջ դնող գրականություն, որ ոգի, ճաշակ ու գաղափար է տալիս բազմահազար ընթերցողների: Առայժմ չունենք, բնականաբար չունենք և համարժեք քննադատություն»3:
Ինչպես ընթացային հետագա զարգացումները ցույց տվեցին, գրականությունը բնավ հակված չէր ստեղծելու նշված իդեալը, իսկ ահա ընդհանուր մակերևույթից բարձրացող երկեր հրապարակի վրա կային նույնիսկ դրանց չլինելու մասին կարծիքներ հայտնվելուց առաջ և ստեղծվեցին նաև հետո: Պարզապես դրանք չէին համապատասխանում քննադատության՝ ավանդական բարձրարժեք գրականության չափանիշներին, և դրանց արժեքը քննադատները հետո էին գիտակցելու: Մեր գրականության նորօրյա դրսևորումներում ոչ ավանդական գրական բազմաթիվ մեթոդների, ուղղությունների, հոսանքների գերակշռությունը շփոթեցրին քննադատներին, երևանեցին նրանց իմացությունների սահմանափակությունը, և քննադատության գերխնդիրը դարձավ գրականության տեսական առաջընթացին հասնելը: Սակայն բաց տարածություններն այստեղ այնքան շատ էին, որ դրա շուտափույթ իրականացումը պարզապես անհնար էր: Արդյունքում՝ տեսական-մեթոդաբանական հապճեպ ու մակերեսային յուրացումներ և նույն մակարդակի գործադրումներ գրականության գնահատումներում: Այս իրավիճակում սպասելի էր, որ ընթացիկ գրականության մեջ երևան եկած սեռաբանական, ախտաբանական շերտերը քննադատությունը կբացատրի ոչ թե գեղագիտության, այլ՝ բարոյականության չափանիշներով:
Մյուս կողմից՝ այն փաստը, որ նույնիսկ այս պայմաններում անկախության առաջին տարիների հայ արձակի դիմագիծը բնորոշող գրքերը՝ Աղասի Այվազյանի «Երկրի վրայի զբաղմունքը» (1993), Գուրգեն Խանջյանի «Շարժասանդուղք» (1994), «Հիվանդանոց» (1995), Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995) և այլն, այնուամենայնիվ, գնահատվեցին ու վերլուծվեցին ոչ ավանդական կաղապարներով4, գալիս է ի ցույց դնելու, որ արձակում էլ, ներքին զարգացումների տեսանկյունից, իսկապես ինչ-որ բան այն չէր: Այլ խոսքով՝ 1990-ականների սկիզբը գրական ընթացքի, մասնավորապես՝ արձակի զարգացումների պարագծում, կարելի է որակել որպես կողմնորոշումների շրջան: Սա, տարիների հեռվից, բերում է փոքր-ինչ պարադոքսալ եզրահանգման: Մի կողմից՝ կարելի է ասել, որ գրաքննադատությունը, այնուամենայնիվ, թերացավ, և գրականության ընդերքի, գեղագիտական նոր դրսևորումների, ժանրային զարգացումների և բազմաթիվ այլ առումներով արդի հայ գրականությունը մնաց չընթերցված կամ լրիվ չընթերցված: Բայց և մյուս կողմից էլ՝ պետք չէ զանց առնել այն իրողությունը, որ թեկուզև խարխափումներով, տեսական ցածր մակարդակի գերակայությամբ, հաճախ հնացած չափանիշների գործադրմամբ, այնուամենայնիվ, գրաքննադատությունն իր առաջնահերթ գործառնությունը՝ լավագույն արձակագիրների ու նրանց ստեղծած արժեքավոր գործերի առանձնացումը, կատարեց, և գրական-ստեղծաբանական դաշտում գրեթե ոչ մի էական ստեղծանում անուշադրության չմատնվեց:
Հետագայում քննադատության ջանքերը, եթե նկատի առնենք արտահայտման հաջողված, ոչ մակերեսային դրսևորումները, միտված էին գրականության փիլիսոփայական ակունքների բացահայտման, մշակութաբանական, համեմատական քննության խնդիրներին, առկա են տեսական թարմ դրույթների գործադրման հաջող օրինակներ:
Մասնավորապես՝ նման մոտեցումներով են հատկանշվում Սուրեն Աբրահամյանի հրապարակումները: Օրինակ՝ 2002 թ. նրա հրապարակած գրական-քննադատական դիմանկարների շարքը` «Գուրգեն Խանջյան. վիպական փիլիսոփայություն-լինելիության անդրանցում»5, «Վահան Թամարյան. ժառանգակրության և լինելիության շրջանագծում»6, «Ռաֆայել Նահապետյան. ժամանակի միասնության և լինելության պարագծում»7, միասնության մեջ ընկալվում է որպես մենագրական հետազոտություն, որտեղ ընդհանրացնելով նշված հեղինակների ստեղծագործական փորձը, քննադատը նաև անուղղակի կերպով փորձում է առանձնացնել և ցուցանել դարավերջի հայ արձակի գեղագիտության առանձնահատկությունները: Ճիշտ է, Աբրահամյանի հրապարակումները հաճախ ցանկալի զարգացումներ չեն ունենում ընդհանուր քննադատության պարագծում, երկխոսության չեն մղում նրա քննադատական ձեռագրին բնորոշ ասելիքի որոշ «մթամածության» ու խրթինության պատճառով, այնուամենայնիվ, նշված դիմանկարային եռագրությունը, ինչպես նաև արդի հայ արձակին նվիրված մի շարք հոդվածներ8, գալիս էին լրացնելու մեր քննադատության շատ բացեր, հատկապես ընթերցման ընդերքի առումով:
Մշակութաբանական խորքերի բացահայտման տեսանկյունից ուշագրավ են Վաչե Եփրեմյանի հրապարակումները, որոնք, ի վերջո, ամբողջացվեցին նրա «20-րդ դարի հայ գրականություն. մշակութաբանական ենթատեքստեր» (Երևան, 2007), ապա նաև՝ «Բնագիր և մեկնություն» (Երևան, 2013) մենագրություններում:
Քննադատությունը արդյունավետ խոսակցություն ծավալվեց գրական հերոսի նորօրյա ըմռնումների շուրջ: Մի կողմ թողնելով տարբեր խնդիրների համապատկերում այդ հասկացության հերթապահ արծարծումները, համակարգված մոտեցումների տեսանկյունից առանձնացնեմ Ժենյա Քալանթարյանի «Մտորումներ գրական հերոսի մասին» հոդվածը9 և Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանի «Հայ արձակը 2001 թվականի գրական մամուլում» տարեկան տեսության «Գրական հերոսի վարքագիծը» բաժինը10: Թերևս խոսակցության և ընդհանրացումներ անելու առիթ տվեց Դավիթ Գասպարյանի՝ «գրական հերոս» ըմռնման հնացածության վերաբերյալ տեսակետը. «Այդ քնարական հերոս արտահայտությունն արդեն իսկ շատ է հնացել և ժամանակն է, որ այն (կամ նրան) արդեն թողնենք անցած դարի տեսական ձեռնարկների ու գրապատմական հատորների մեջ»11: Իրավացիորեն վիճարկելով այս տեսակետը՝ Ժենյա Քալանթարյանը կարևորում է «գրական հերոս» հասկացության ըմռնման նոր ելակետը՝ ցուցանելով, որ հնացած է ոչ թե հասկացությունը, այլ հասկացության ըմբռնումը: Սակայն, գրական հերոսի իր ըմբռնումները Քալանթարյանը բխեցնում է «ժամանակակից գրականությունը (հետևաբար՝ նաև գրական հերոսը-Ա.Ն.) բխում է կյանքից» ելակետային դրույթից, ինչը հանգեցնում է մեթոդաբանական տարտղնումների, և, ըստ էության, բացառում, որ ժամանակակից գրական հերոսի կերպը նաև տիրապետող բազմաթիվ մշակութաբանական-փիլիսոփայական ուղղությունների ազդեցության դաշտի ընդլայնման և դրանց յուրացման, ինչպես նաև ժանրային փոփոխությունների, թեմատիկ-գաղափարական ոչ ավանդական հարցադրումների արդյունք է, թեպետ, շեշտելով, որ «Գրական հերոսի որակական փոփոխությունը հենց իրական կյանքի այդ ընթացքի հետևանք է», քննադատն ավելացնում է, որ «Դա հետևանք է նաև եվրոպական գրականության ազդեցության, մասնավորապես՝ էքզիստենցիալիզմի»: Ակնհայտ է, որ Քալանթարյանն ավանդականորեն կարևորում է ռեալիզմի չափաբաժինը գրականության (հետևաբար՝ նաև գրական հերոսին ըմբռնման) մեթոդաբանական հիմքում: Եվ թեպետ սա չի խանգարել քննադատին հիմնական գծերով ներկայացնելու դարավերջ-դարամուտի գրական հերոսին, ընդգծելու էական տարբերակիչ հատկանիշները նախորդ շրջանի գրական հերոսից, սակայն նյութին մոտենալու մեթոդաբանական դրվածքը խոչընդոտել է իր իսկ առաջադրած «ընդհանրական անհատ-կերպարի» ցուցանմանը, և բերել առաջադրույթը հետդրույթով, եթե չասեմ՝ ժխտմանը, ապա գոնե կասկածելուն. «Ճշմարիտն այն է, որ գրական հերոսի խնդիրը չի կարելի քննել գրականության ընթացքի վերլուծությունից կտրված, որովհետև այն սերտորեն կապված է գեղարվեստական մեթոդի (մեթոդների), կառուցվածքի և ընդհանրապես ողջ պոետիկայի հետ: Վերջապես, տարբեր սերունդների և ուղղությունների տեր գրողների համատեղ ջանքերով ստեղծվող տարասեռ և տարարժեք գրականության մեջ գրեթե անհնար է գտնել շատ թե քիչ կայուն ու միասնական հերոս և տալ նրա բնութագիրը»:
Իմ կարծիքով, քննադատությունը երևույթները (նաև՝ գրական հերոսի վարքագիծը) նախ պետք է դիտարկի զուտ ստեղծաբանական փակ համակարգում, այդ տարածքում ճշտի օրինաչափությունները և ապա միայն անցնի իրականության հետ համապատասխանության, այդ երևույթների վրա կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ունեցած ազդեցությունների պատճառահետևանքային կապերի քննությանը: Նման փորձ կատարում է Ալվարդ Բեքմեզյան-Սեմիրջյանը՝ գրական հերոսի կերպափոխության հիմքում դնելով գեղարվեստական մեթոդի խնդիրը: Գիտակցելով արդի հայ գրականության մեթոդի եթե ոչ սպառիչ, գոնե նույնիսկ մոտավոր սահմանման անհնարինությունը, Բեքմեզյան-Սեմիրջյանն այդ հարցում առաջնորդվում է գերիշխող միտումների ճշտման ելակետով:
Գրական հերոսի տիպաբանության մեջ բավականին ու էութային փոփոխություններ տեղի ունեցած 2000-ականների վերջերին ստեղծվող արձակում: Մասնավորապես՝ անընդհատական ներփակությունից, անդեմությունից գրական հերոսն աստիճանաբար սկսեց ազատագրվել, և այլն: Սակայն քննադատությունն այդ առումով դեռ համակարգային գնահատականներ չի տալիս ու օրինաչափություններ չի մատնանշում:
2001 թ. Զավեն Ավետիսյանի «Արդի հայ արձակի համապատկերը»12, 2002-ին Ժենյա Քալանթարյանի «Արդի հայ գրականության զարգացման միտումները»13 հոդվածներով, ինչպես նաև Գրիգոր Հակոբյանի՝ 2001-ին ԱՄՆ-ում կարդացած «Արդի հայ արձակի համապատկերը» (1990-2000 թթ. ակնարկ ուրվագիր)14 ուսումնասիրությամբ կարելի է ասել՝ հիմք դրվեց արձակի, այսպես ասած՝ ընդհանրացնող վերլուծություններին: Սա անհրաժեշտ ու օրախնդիր էր այն առումով, որ գրական ընթացքի պարագծում ամբողջանում էր այսպես կոչված՝ դարավերջյան արձակն իբրև շրջափուլային իրողություն: Զավեն Ավետիսյանի հոդվածում, սակայն, գրականագետը կատարելով ուշագրավ ընդհանրացումներ, այնուամենայնիվ, արդի հայ արձակը քննում էր առանձին հեղինակների ոճական ու ասելիքային նախասիրությունների պարագծում: Ժենյա Քալանթարյանին, իր հերթին, հոդվածի նյութի առատությունն ու ընդգրկումների լայնությունը խոչընդոտել էին ընթացային խմորումներն ու զարգացման միտումները սպառիչ ներկայացնելու համար: Այնուամենայնիվ, Քալանթարյանը հստակ ներկայացնում է դարավերջի հայ գրականության հիմանական օրինաչափությունները, գրական հերոսի վարքագիծը, գրականության մեջ տեղի ունեցող փոփոխությունների հասարակական-քաղաքական, սոցիալական, գրական-մշակութաբանական հիմքերը: Թերևս հոդվածի չափազանց լայն ընդգրկումը քննադատին թույլ չէր տվել առավել հստակ կողմնորոշվելու, որի հետևանքով հոդվածում առկա են ակամա համահարթեցման փորձեր, իրարամերժ ձևակերպումներ, մեթոդաբանական տարտղնումներ, և այլն: Պատահական չէ, որ 2006-ին լույս տեսած «Ուրվագծեր արդի հայ գրականության» մենագրության մեջ, որն, ի դեպ, առաջին մենագրական անդրադարձն էր անկախության շրջանի հայ գրականությանը, նշված թերություններն արդեն նվազագույնի են հասնում:
Գրիգոր Հակոբյանի ուսումնասիրությունն առավել համակողմանի էր, և ներառում էր արդի արձակի գրեթե բոլոր հատկականությունները՝ սկսած ժամանակագրական ընդգրկման հարցերից մինչև ժանրահղացքային, մշակութաբանական, քննադատական հակազդեցությունների խնդիրներ ու վեպի ժանրի տեսություն:
Սերգեյ Սարինյանի ծավալուն անդրադարձը15 քննադատության սևեռումը արդի հայ արձակին ավելի առարկայական են դարձնում, մյուս կողմից էլ՝ ապահովում մշտական ուշադրության գործոնը:
Ժենյա Քալանթարյանի, ինչպես նաև Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանի ուսումնասիրությունների ու հոդվածների շրջանակում համակարգային ձևով քննարկվեցին նաև միֆակիրառության բնույթին վերաբերող հարցերը արդի հայ արձակում16: Դրանից առաջ Քրիստինե Հովհաննիսյանը հանդես էր եկել «Տան բացակայության փոխաբերությունը ժամանակակից արձակում» հոդվածով17, որտեղ վերլուծելով բուն խնդրադրությունը, գրականագետն անդրադառնում է նաև միֆի, արքետիպի խնդիրներին:
Ժանրային տեղաշարժերն ու փոխակերպումները նույնպես մշտապես քննադատության վերլուծումների կիզակետում են եղել:
Առաջին համակարգային վերլուծությունը թերևս Ալվարդ Բեքմեզյան-Սեմիրջյանինն է18: Ճիշտ է, նրա անդրադարձն ավելի շատ սահմանափակվում էր պատմվածքի ժանրային տիրույթում, այնուամենայնիվ, մատնանշված բազմաթիվ օրինաչափություններ հատկական էին նաև այդ շրջանի արձակ մյուս ժանրերի համար:
Վեպի ժանրին վերաբերող հարցերը ի սկզբանե քննադատության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին, քանզի վեպն ընկալվում էր որպես «պետականության ժանր»19 և անկախ պետականության պայմաններում սպասելի էին ժանրի առանձնահատուկ զարգացում և փոփոխություններ: Տասնյակ գրախոսություններում ու հոդվածներում20, թե՛ ընդհանուր տեսությունների, թե՛ գրողների անհատական ոճի ու ստեղծաբանական ընթացքի սահմաններում, առանձնացվել են ներքին ժանրաձևեր, պոետիկական համակարգեր, թեմատիկ-բովանդակային, գաղափարական մարտավարություններին վերաբերող հարցադրումներ, որոնց մանրամասն քննարկումն այլ հարթության հարց է:
Արդի հայ գրականության, մասնավորապես՝ արձակի, այսպես ասեմ՝ օպերատիվ գնահատման տեսանկյունից բոլորովին նոր ձևաչափ էր Արմեն Ավանեսյանի, Վահրամ Դանիելյանի, Հայկ Համբարձումյանի և տողերիս հեղինակի նախաձեռնած «Գրականություն» գրաքննադատական նախագիծը, որ իրականացվեց 4 անգամ21: Նախագծի շրջանակում առանձնացվում էին տարվա ընթացքում, քննադատների կարծիքով, 5 լավագույն պատմվածքները, բանաստեղծական շարքերը և 3 լավագույն վեպերն ու պիեսները, և վերլուծվում, արժևորվում ըստ հարկի: Բնականաբար, քանի որ առանձնացումները ժանրային էին, քննադատներն հընթացս արժևորում-գնահատում էին նաև տվյալ ժանրի զարգացման տարբեր միտումներ:
Այս և այլ բազմաթիվ հրապարակումների, հարցադրումների ամբողջությունը, թեկուզև մոտավորապես ի մի բերելով, կարող ենք ասել, որ արդի հայ արձակը իր լավագույն մասով արժևորվել է քննադատության կողմից և պարբերաբար հնչող դժգոհությունները հատկապես գրողների կողմից՝ այնքան էլ հիմնավոր չեն: Մանավանդ որ՝ գիտական ընթերցումները շարունակվում են ըստ ամենայնի, և ավագ ու երիտասարդ սերնդի գրաքննադատները՝ Սերգեյ Սարինյանը, Ժենյա Քալանթարյանը, Վազգեն Գաբրիելյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը, Վահրամ Դանիելյանը, Հայկ Համբարձումյանը, Արմեն Ավանեսյանը, Սաթենիկ Ավետիսյանը և շատուշատ ուրիշներ, պարբերաբար ներկայացնում են ուշագրավ վերլուծություններ ու հոդվածներ:
Մնում է, որ իսկապես կայանա քննադատության սկսած այսպես ասած՝ դիալոգը, և բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ դրվեն ճիշտ հենքի վրա:
——————
1. Տե՛ս Ժենյա Քալանթարյան, Հայացք ներսից, «Գրական թերթ», 1996, թիվ 5:
2.Նույն տեղում:
3. Զավեն Ավետիսյան, Գրական պրոցեսի աջն ու ահյակը, «Գրական թերթ», 1996, թիվ 30:
4. Տե՛ս Սեյրան Գրիգորյանի «Ոճիրի իմաստասիրական մանրամասները» («Գրական թերթ», 1994, թիվ 4), «Ո՞ւր է թագավորը…» («Նորք», 1996, թիվ 1, էջ 143-152), Գրիգոր Հակոբյանի «Անտիուտոպիայից մինչև ոչնչապատմում» («Գրական թերթ», 1995, թիվ 9), Ազատ Եղիազարյանի «Շարժասանդուղքը տանում է դեպի դատարկություն» («Գարուն», 1995, թիվ 9, էջ 51), Զավեն Ավետիսյանի «Հայոց պատմության ուղղահայացում» («Գրական թերթ», 1999, թիվ 3) և այլ հոդվածներ:
5. «Նոր-Դար», 2002, թիվ 2-3:
6. Նույն տեղում:
7. «Գարուն», 2002, թիվ 11:
8. Տե՛ս Սուրեն Աբրահամյան, Տեքստ և բնագիր, Երևան, 2010, հատկապես՝ «Դարավերջի հայ արձակը» բաժինը:
9. «Գրական թերթ», 2002, թիվ 5:
10. «Նորք», 2002, թիվ 3:
11. Դավիթ Գասպարյան, Արագություն, զուգորդություն և հայտնություն, «Գրական թերթ», 2002, թիվ 1:
12. Տե՛ս «Գրական թերթ», 2001, թիվ 9-10:
13. Տե՛ս «Գրական թերթ», 2002, թիվ 40:
14. Հոդվածը տպագրվեց 2005-ին, Գրիգոր Հակոբյանի մահից հետո: Տե՛ս «Գարուն», 2005, թիվ 5, էջ 29-37:
15. Տե՛ս Սերգեյ Սարինյան, «Ժամանակը և գրականության ընթացը», «Գրականագիտական հանդես», Բ, 2004:
16. Տե՛ս Ժենյա Քալանթարյան, Միֆի գեղագիտական դերը արդի հայ գրականության մեջ, «Նորք», 2004, թիվ 2, Ալվարդ Բեքմեզյան, Միֆակիրառության բնույթը արդի հայ արձակում, Երևան, 2007:
17. Տե՛ս «Գրականագիտական հանդես», Ա, 2004:
18. Տե՛ս Տե՛ս Ալվարդ Բեքմեզյան, Հայ արձակը 2001 թվականի գրական մամուլում (ժանրը, հերոսը), «Նորք», 2002, թիվ 3:
19. Տե՛ս «Ճամփաբաժանի գրականությո՞ւն», «Գրական թերթ», 1997, թիվ 9:
20. Տե՛ս Գրիգոր Հակոբյան, «Արդի հայ արձակի համապատկերը» (1990-2000 թվականներ. ակնարկ ուրվագիր), «Գարուն», 2005, թիվ 5, Վահրամ Դանիելյան, Չստացվող վեպի ձեռագրերը, «Գրականագիտական հանդես», Ա-Բ, 2009-2009, Վեպը երազ է, որի համար ամաչում ես Լև Տոլստոյից, «Գրեթերթ», 2009, թիվ 3, Սուրեն Աբրահամյան, Հերմենևտիկական շրջանակ կամ սեմանտիկական ապակառուցում, «Գրականագիտական հանդես», Ա-Բ, 2008-2009, Ժենյա Քալանթարյան, Մի քանի դիտարկումներ արդի հայ վեպի ներժանրային զարգացումների մասին, «Գրական թերթ», 2008, թիվ 5, 6, Հայկ Համբարձումյան, Հայ վեպի մեկ տարին, «Գարուն», 2006, թիվ 1-2 և այլն:
21. Տե՛ս «Գրականություն – 2005», «Գարուն», 2006, թիվ 1-2, «Գրականություն – 2006», «Գարուն», 2007, թիվ 1-2, «Գրականություն – 2007», «Գրեթերթ», 2008, 11 մարտի, թիվ 1 (տե՛ս «Հավելվածը»), «Գրականություն – 2008», «Գրեթերթ», 2009, թիվ 1 (տե՛ս «Հավելվածը»):