ԳԵՎՈՐԻԿՆԵՐ տեսական հարցեր

/ենթավերնագիր/

1.
տիպաբանորեն
ինչպե՞ս են սահմանվում գևորիկները
կառուցվածքային
ի՞նչ առանձնահատկություններով են ծաղկում
պոեզիայի հետ
առնչություններ ունե՞ն
անհեթեթ
և անպաճույճ գրերից
ինչո՞վ են տարբերվում
աղերսվո՞ւմ են սրբազան տեքստերին
նարեկի պես կարո՞ղ են
բալասան լինել
հմայական խոսքի
ո՞ր ոլորտներում են ծփում
կունենա՞ն հայրենների տխուր զվարթությունը
որպես տապանագրեր մխիթարակա՞ն են
աղոթքների պես կենսական կլինե՞ն
խուտուտ կտա՞ն
սիրած կնոջ էրոգեն գոտիները
կհնչե՞ն մեռնողի ականջներում
կպաշտպանե՞ն հայրենիքը
նրա սահմանները կընդլայնե՞ն

հանկարծաստեղծվո՞ւմ են
թե անքուն գիշերների պտուղ են
բնազդի՞ արգասիքներ են
թե բանականության
ածանցյա՞լ են
թե նախնական

2.
գևորիկը
մենաշնորհայի՞ն վայելք է

3.
ինչպե՞ս
և ո՞ւմ կողմից ծնվեց
գևորիկի մտահաղացումը

4.
ո՞ւմ համար է
գրվում գևորիկը

անհեթեթ և անպաճույճ
/ենթավերնագիր/

5.
գևորիկներ գրելու
մտահաղացումը
կատակով առաջարկել է
ընկերս

6.
հնարավոր է
որ նախկին գրածներս
նույնպես գևորիկներ են

7.
եթե նախկինում գրածներս
նույնպես գևորիկներ են
միևնույնն է
պատկերացում չունեմ
թե ինչ է գևորիկը

8.
եթե գրեմ
հազարից ավել գևորիկ
գուցեև կռահեմ
թե ինչ է գևորիկը

9.
գևորիկներ գրելը
գրողական պարապուրդից
դուրս հրվելու
որոշակի միջոց է
իհարկե ոչ միակը
հուսադրողը
կամ արդյունավետը

10.
գևորիկներով անհնար է
վայելել
գրողական փառքի
համապարփակ պերճանքը
և փայլը

11.
ապագայում
գևորիկներով զբաղվողները
կկոչվեն գևորիկաբաններ
իսկ գրական դպրոցի
ավանդույթները շարունակողները
գևորիկապաշտներ

12.
տեսնես
որքա՞ն շատ են լինելու
նրանք
որ քարկոծելու են
իմ խեղճուկրակ գևորիկները

պոեզիա /ենթավերնագիր/

13.
այսուհետ
գևորիկը
պոեզիայի հիմքերի հիմքն է
տարրագույն մասնիկը
ալֆա-ն և օմեգա-ն
14.
այսուհետ
աշխարհում գրվող
ցանկացած բանաստեղծություն
գևորիկ է

15.
այսուհետ
պոեզիայի տարեգրությունը
կտրոհվի երկու մասի
գևորիկից առաջ – գա
և
գևորիկից հետո – գհ

16.
գևորիկը
զսպաշապիկ կլինի
գրամոլի համար
և աստվածային պատուհաս
գրչակի համար

զի նրանք
չեն ճանաչի գևորիկը

17.
միայն գևորիկով է
ընդարձակվում
և կատարվում
պոեզիան

խորհուրդներ ապագա
բանաստեղծին /ենթավերնագիր/

18.
կան բանաստեղծներ
որ շատ են գրում
և կան որ գրում են քիչ

շատագիրները
մի քանի բանաստեղծության
նույնիսկ մի քանի գրքերի մեջ
նույն ձևով
նույն բանը անընդհատ ասում են
քչագիրները ոչ

արդյունքում
նրանք նույն քանակի
բանաստեղծություններ են գրում

եթե կարող ես
գրիր
քիչ

19.
կարևորը
կարդալն է
ոչ թե գրելը

վայելքն է
ոչ թե գրելը

եթե կարող ես
երբեմն մի գրիր

20.
եղիր հետաքրքիր
և ոչ թե իմաստուն
ինքդ քեզ հակասիր

21.
գնահատիր
պայածառացումդ

եթե կարող ես
փոխանցիր

22.
ճշմարիտը
ձյունն է անձրևը
ծաղկած սալորենին
մեղուները

եթե կարող ես
փոխանցիր
23.
ընկերացիր զատիկին
թռչունին և արևին
փոխանցիր
եթե եղբայրն ես նրանց

24.
վերջիվերջո
տողերիդ պսակը
աստվածն է լինելու

եթե կարող ես
աննկատ փոխանցիր

25.
ամեն օր
քայլիր

քայլիր
ցրտին սառնամանիքին
ծնկաչափ հասնող
ձյան միջով քայլիր

երբ անձև է քայլիր
երբ կայծակների պսակը
գլխիդ է
քայլիր

տապին շոգին քայլիր

26.
հետևիր
կազմվածքիդ
խնամիր մարմինդ

փոր
և բոխախ չգցես

հիշիր

հույզերն էլ են
ճարպակալվում

27.
մի ծխիր շատ
խմիչքը մի չարաշահիր
թմրանյութեր մի օգտագործիր

հիշիր

տողերը խամրում են
ինչպես սեռական գրգիռները

28.
եթե
գրքերդ չվաճառվեն
չխեղճանաս
հոնորար խոստանան
և չտան
չբարկանաս
թաքուն
գրածներդ հրապարակեն
չտրտնջաս
չհավանեն
չտպագրեն
չվշտանաս
հանդիպումների
ընթերցումների չհրավիրեն
չնեղսրտես
մրցանակներ չշնորհեն
չտխրես

եթե գրածներդ
մի բան արժեն
չմտահոգվես
ընթերցող կունենաս

առավել ևս
չմտահոգվես
եթե գրածներդ
բանի պետք չեն
մեկ է
գլխի չես ընկնի

29.
տպագրիր
մեկ շնչով
կարդացվող
պուճուր գրքեր

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն