Ես հիշում եմ ոսպի հատիկները ջոկող ձեռքիդ շարժումը միայն, ձայն, ոսպի հատիկները ջոկող շարժում, ձայն, ես կուզեի նայել դեմքիդ՝ տեսնելու սերն ու մահը, բայց վախեցա, որ ո՛չ մեկը կլինի, ո՛չ՝ մյուսը, անտարբեր մատներիդ պես, ձայն, ինձ չնկատող մատներիդ պես, ձայն, ինձնից ձանձրացած ու հոգնած, ձայն, այս քաղաքի պես, ձայն, որ քո ձեռքերն է, ձայն, քաղաքը քո ձեռքերն է…
-…
-…
-…
-…
-…
Անցնում ես Դոլմամայի, հետո՝ հին, սպիտակ դռան դիմացով ու կամարով մտնում բակ, աջի վրա է, ինչպես և ասել էին, աջի վրա է, չէին ստել, աջի վրա է… Կողպեքով փակված դռան վրա գրություն կա.
ԹԵ ՓԱԿ Է
ԻՄ ԴՈւՌԸ
Ու ՎԱՌ Է
ԻՄ ԼՈւՅՍԸ
ՈւՐԵՄՆ
ԷԼ ՈՉ ՈՔ
ՊԵՏՔ ՉԷ
ԻՆՁ
Նայում ես, դռան մոտ՝ պատշգամբի տակ, որ առաստաղ է ներքևում կանգնածի համար, աթոռ ու մոլբերտ է գլխիվայր ամրացված, նայում ես, կտավ էլ կա, նայում ես, բայց չես մտապահում, աթոռն ու մոլբերտը հիշում ես, նկարը՝ չէ, երկար նայելու դեպքում թվում է՝ դու ես գլխիվայր, ոչ թե իրերը, երկար նայելու դեպքում գլուխդ պտտվում է, ուզում ես քնել, քնելու միտքը քեզ դուր է գալիս, վստահ ես՝ երկար, շատ երկար ժամանակ է չես քնել… Կինը լվացք է փռում, քիչ հեռվում՝ անշուք տան դիմաց, կինը լվացք է փռում, ուրիշ ոչ ոք չկա, լվացք է փռում, հաստ, մերկ թևերը սահում են խոնավ օդի մեջ, հաստ, ջլուտ թևերը.
-Կներեք, մի բան հարցնեմ, էստեղ հիմա ապրող կա՞:- Ցույց տալով դուռը՝ ասում ես:
-Ջահել տղա ես, ափսոս չե՞ս:- Զայրանում է:
-Ուղղակի հետաքրքիր էր:- Ստում ես:
-Չեմ հասկանում՝ ձեզ ինչ ա եղել, ամեն օր մեկը գալիս ա, նայում ես՝ սիրուն հագնված, տեսքը տեղը, բայց աչքերում կյանք չկա:
-Ուզում էի ճշտել:- Ստում ես:
-…
-…
-…
-…
Կինը լվացք է փռում ու քեզ չի նկատում, թևերի շարժումները զայրանում են վրադ, լվացք է փռում ու թիկունքում կառուցվող շենքը ավելի է մեծանում, իսկ իր տունը խեղճանում է, ավելի է խեղճանում.
-…
-…
-…
-…
Վերադառնալով դռան մոտ՝ նորից կարդում ես գրությունը, հետո փայտե կանաչ սանդուղքով անշտապ բարձրանում երկրորդ հարկ, պատին գրված է.
ՄԻ ՏԱՐԱ
ԻՆՉ ՈւԶՈՒՄ ԵՍ ԱՐԱ
ՈւԶՈՒՄ ԵՍ
ՄՆԱ
ՈւԶՈՒՄ ԵՍ
ԳՆԱ
Ինչպես ասել էին, երկրորդ գրությունն է, չէին ստել, մնաց վերջինը, մնում է վերջինը… Նայում ես, նայում ես կոտրված ապակիով լուսամուտից, փորձում ես աննկատ մնալ, կինը լվացք է փռում, չես ուզում, որ քեզ տեսնի, լվացք է փռում, նույնն ես անում, դու միշտ նույնն ես արել, միշտ նայել ես հեռվից, միշտ նայողի դերում ես եղել… Սենյակները հաջորդում են միմյանց, շատ չեն, բայց շատ են թվում, ահա այն, պատի վրա մեծ-մեծ տառերով գրված է.
ԴՈւ
ԻՆՔԴ
ՊԻՏԻ ՈՐՈՇԵՍ
ԹԵ
ԵՐԲ ԳՆԱԼ
ԵՎ
ՈՐՏԵՂ ԴԱՌՆԱԼ
ՄԱՌԱԽՈՒՂ
Դուրս ես գալիս, կինը դեռ լվացք է փռում.
-Կներեք, մի բան հարցնեմ, տանը ապրող կա՞:- Ցույց տալով դուռը՝ ասում ես:
-Ջահել տղա ես, ափսոս չե՞ս:- Զայրանում է:
-…
-…
-…
Բառ առ բառ կրկնում է այն ինչ արդեն ասել է, կինը քեզ չի ճանաչում, հիմա ոչ ոք քեզ չի ճանաչում, ինչպես և ասել էին, հիմա դու այլևս ոչ մի պարտավորություն չունես, չէին ստել, հիմա դու չկաս քաղաքում, հիմա հանգիստ սրտով կարող ես անել այն, ինչի համար այսքան երկար պատրաստվել ես, միտք, որ սիրած մեղեդու պես անվերջ պտտվում է գլխումդ ու դուրս չի գալիս… Ոչ ոք արցունք չի թափելու… Ոչ ոք չի հիշելու… Բեռը թոթափված է… Քեզ մնում է անել նախավերջին քայլը, իսկ վերջինը կանի ձգողությունը երկրի…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն