Քեզ հետ ինչ-որ բան այն չէ՞,
Թուլացած պտուտակներդ,
որ խանգարում են ուղեղիդ գործառույթին,
Ինչո՞ւ ես միշտ այդքան հոգնած։
Քո կյանքը անհետաքրքիր է ու չնչին,
միայն փռվում ես բազմոցին
ձգված վերջույթներով,
ինչպես ալարկոտությունը՝ դանդաղ շարժման մեջ։
Որտե՞ղ է քո հաջողելու ձգտումը, Մայա՛։
Այն քո խոտի ծխի հե՞տ է դուրս եկել պատուհանով։
Ես պիտի ստիպե՞մ քեզ պատասխանատու լինել,
մինչև ինքդ սովորես։
Ես եփում եմ ու մաքրում և կանգ չեմ առնում
մինչև ոտքերս չարնահոսեն։
Բայց ես լավ եմ։
Ես կատարյալ եմ։
Կատարյա՛լ եղիր, Մայա՛։
Եղի՛ր կատարյալ՝ ինձ նման։

Հերիք է կրես այդ սարսափելի պատռված տաբատները
և այդ շրթներկը, ինչպես պոռնիկը՝
կրկնակի իմպլանտներով։
Դու միայն մի հնարավորություն ունես։
Քեզ մի՛ պահիր ինը կյանք ունեցող կատվի նման։
Հերիք է ժամանակ վատնես երգերի, պատմությունների
ու արտասանական հիմարությունների վրա.
աշխարհում, որտեղ դիպլոմներն ու դոկտորականները
պոեզիայի կարքիը չունեն։
Եվ հերիք է եղունգներդ կրծես։
Զարմանալի չէ, որ երբեք տղամարդկանց չես գրավել։
Ինչո՞ւ ես դա անում, քեզ հա՞մն է դուր գալիս,
նրանք քա՞ղցր են։
Դու չես կարող քաղցրավենիք ուտել, Մայա՛։
Դու փչացնում ես ատամներդ, ինչպես կյանքդ։
Իմ ատամները կատարյալ են և մաքուր:
Նրանք իմ կատարյալ անուշահոտ գլխի վերևում
շողում են ոսկե լուսապսակի պես։
Ես շաքարի կարիք չունեմ, Մայա։
Ես շաքարից բարձր եմ:

Ինչո՞ւ ես ներքևում, Մայա։
Ինչո՞ւ ես ներքևում, երբ վերևում պիտի լինեիր,
վերևում՝ խոստումնալից կարիերա ունեցող
մարդկանց հետ,
որոնք լսում են, երբ տեղեկատվությունը մտնում է մի ականջը
ու դուրս չի գալիս մյուսից։
Դու երբեք վերևում չես լինի, Մայա։
Դու քեզ այնպես ես պահում,
կարծես լսելը հանցագործություն է
կամ լսած կլինեիր, երբ 666-րդ անգամ
ասում էի քեզ՝ ՀԵՐԻՔ Է ԵՂՈՒՆԳՆԵՐԴ ԿՐԾԵՍ։
Հերիք է անիծված աղբի կտորի նման կրծես եղունգներդ։
Դու չես կարող աղբ լինել, Մայա։
Դու պետք է կատարյալ լինես։
Կատարյա՛լ եղիր, ինչպես ես։

Ես ամեն օր առավոտյան հինգին եմ արթնանում։
Ամեն օրս նույն կերպ եմ սկսում՝ վախով, որ կպայթեմ,
երբ ոսկորներս սկսում են քայքայվել
քո աղբը հավաքելուց։
Ինչո՞ւ է սենյակդ այդքան թափթփված:
Հագուստը պետք է գցել զամբյուղը, Մայա,
ոչ թե թափել անկողնու վրա քո
բարոյականության պակասի պես,
Կամ թողնել գետնին, որ ավելի շատ փոշի հավաքի,
քան իմ չարդարացված սպասելիքները։
Դու համառությամբ արհամարհում ես իմ կանոնները
դեռահասական ապստամբության փորձով։
Բայց դու չես կարող ապստամբ լինել, Մայա։
Դու բավական հետաքրքիր չես։
Դու պետք է ենթարկվես և ասես՝ «այո» և «լավ»,
դու պիտի անես դա՝ քո միջինից ցածր դեմքով ժպտալով։
Դու պիտի ավելի շատ ջանաս, Մայա։
Ավելի լայն, Մայա։
Ինչո՞ւ դու չգիտես ինչպես ժպտալ, Մայա։

Դու հիասթափեցնում ես ինձ, Մայա։
Դու երբեք չես գնահատում իմ աշխատանքը։
Դու չես ուտում ճաշը, որը ես միշտ եփում եմ քեզ համար,
երբ պարբերաբար հիշեցնում եմ իմ կյանքի մասին,
որից հրաժարվել եմ քեզ համար։
Այդ ճաշը չի վճարել ինքն իր համար։
Ինձ չի հետաքրքրում՝ իդեալական է այն, թե՞ ոչ,
հերիք է ինձ քո զգացողությունները բացատրես։
Դու պիտի ուտես այն։
Ամբո՛ղջը կեր։
Կեր այն ողջամիտ ժամի մի բաժակ կաթով։
Քեզ կաթ է պետք, Մայա։
Քեզ կալցիում է պետք, ինչպես աճի կատալիզատորներ։
Դու երբեք բարձրահասակ չես լինի։
Ինձ նման բարձրահասակ եղիր։
Ես խմում եմ իմ կաթը, Մայա։
Խմի՛ր քո գրողի տարած կաթը։
Բարձրահասակ եղիր։
Կատարյալ եղիր։
Եղիր կատարյալ ինձ նման։

Դու պիտի ավելի ուշադիր լինես, Մայա։
Հերիք է երազես, Մայա։
Հերիք է այնպես նայես առաստաղին,
կարծես քո փրկող ուժը թաքնված է գիպսի մեջ։
Դու պիտի կարգավորես կյանքդ։
Քո կյանքն աղետ է՝
ճիշտ սենյակիդ նման։
Ատամներիդ նման։
Ապագայիդ նման,
որը կավարտվի շուտով, եթե գրիչդ ցած չդնես։
Դու պետք է դադարես գրելը, Մայա։
Քո կյանքը գիրք չէ։
Մի նայիր ինձ այդպես, Մայա։
Ես ուղղակի փորձում եմ օգնել քեզ։
Ես ուղղակի փորձում եմ սիրել քեզ։
Ես ուղղակի փորձում եմ սիրել քեզ։
Դու պիտի թույլ տաս՝ սիրեմ քեզ,
որպեսզի դու կատարյալ լինես։
Եղի՛ր կատարյալ ինձ նման։

Թարգմանությունը՝ Էվելինա Դամիանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն