Հայերն Արցախում ապրել են հազարամյակներով։ Մենք ժառանգել ենք այդ հողը մեր պապերից, ազատագրել ենք թուրքերից, բայց պարտվեցինք ինքներս մեզ՝ հետ տալով դրանք։
Մենք պարտվեցինք լյումպեն մարդուն, ով ցանկանում էր ապացուցել, որ ինքը բացառիկ առաքելության կրող է։ Բայց նա դավաճան չէ. թերևս արկածախնդիր է, ապիկար կառավարիչ, եսասեր մի մարդ, որին սնուցում են փառքի տենդագին որոնումները։ Նա պարզապես բաղձում էր ամենահայրենասեր, ամենահաղթական ղեկավարը լինել, ում կհիշեին դարերով։ Հենց փառքին հասնելու, հաղթանակի դափնիներին տիրելու մղումներն էլ մեզ հասցրին այստեղ։
Մեր հասարակության մեջ ամեն ինչ անձերի շուրջ է հյուսվում, ամեն ինչ, չկա պետական շահի գաղափար, չկան դրա շուրջ համախմբված մարդիկ։ Մեզանում անգամ պետական շահը հստակ ձևավորված չէ, չկա տարբերակում հանրային շահի ու պետական շահի։ Ազգային շահի և ժողովրդի շահի։ Չկա անգամ տարբերակում պետության և իշխանության։ Այսօր էլ անգամ՝ այս ապտակից հետո, ցավոք սրտի, հայերի համար Փաշինյան֊-Քոչարյան անձնական դրաման շատ ավելի սկզբունքային հարց է, քան՝ Ղարաբաղյան հակամարտությունը։ Խելացի, կիրթ, գրագետ, վերլուծական ուղեղով մարդիկ սոցցանցերում գրում են՝ «եթե համաձայնվեր, Շուշին պահեր, բայց թողներ ադրբեջանցի փախստականները վերադառնային, մարդիկ չէի՞ն ասելու դավաճան, եթե ավելի շուտ դադարեցներ պատերազմը, չէի՞ն ասելու դավաճան»… այսինքն՝ դավաճան չկոչվելը ավելի կարևոր է, ամեն գնով դրանից խուսափելն ավելի կարևոր է, քան մեր պետական շահը մարդկանց մի մեծ խմբի համար։ Ու կապ չունի, որ 28 տարի շարունակ «ոչ մի թիզիկան» գաղափարախոսություն է եղել, որ ինչպես փաստում էր Փաշինյանը՝ երկիրը չէր հարստացրել տարիների ընթացքում, որ այն միջոցները, որ պիտի ուղղվեին բանակին, մսխվել էին, փաստացի 2.5 տարում նա հետ չբերեց այդ ֆետիշացված թալանը և ոչ թե այդ տարիներին, այլ այսօր է, որ մենք մնացել ենք մի թիզ հողի հույսին։
Հայաստանը կնքել է նվաստացուցիչ կապիտուլացիոն համաձայնագիր, որի պատճառով հանձնվող գյուղերի հայ բնակիչներին տրված էր անընդունելի քիչ օրերի քանակ՝ լքելու իրենց տունը, կորցրել ենք նաև բուն Արցախի տարածքի սահմանագծին գտնվող հայկական պատմամշակութային արժեքներ և կարևոր ճանապարհներ։Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասը, այդ թվում՝ բուն Արցախի մի մասը, որը երբեք բանակցությունների թեմա չէր եղել։
Մենք ազգովի մի յուրօրինակ տաղանդ ունենք՝ համախմբվել ատելության շուրջ, մեր այդ ունակությունը մի անգամ արդեն աշխատել է «հանուն» մեզ։ 2018-ին ոչինչ այնպես չմիավորեց մեզ, ինչպես ատելությունը։ Ատելությունը որպես կառավարման գործիք որքան արդյունավետ է, այնքան էլ վտանագավոր է, գեներացված ատելությունը չի պարպվում, չի անէանում։ Ադրբեջանցիներին էլ, ի դեպ, կառավարում են՝ որպես գործիք օգտագործելով ատելությունը, ուղղակի մենք էլ, նրանք էլ մեզ ենք ատում։ Փաստորեն մենք պարտվեցինք, որովհետև սեր չկա։ Դեռ 100 տարի առաջ Կոմիտասը հասկացել էր գոյատևելու հանճարը՝ «Սիրեցեք, շատ սիրեցեք իրար, որպեսզի կարողանաք ապրել»։
Թերևս, մենք սկզբում պիտի վերգտնենք մեր հիշողությունն ու ինքնապահպանման բնազդը, հետո միայն կբացվի հույսը՝ վերակենդանացնելու այն, ինչ մնացել է Արցախից…