Ի վերջո ի՞նչ կատարվեց մեզ հետ․․․
Բոլորի գլխում այս հարցադրումն է․․․ Իրոք, ի՞նչ կատարվեց ի վերջո։ Ինչո՞ւ էր աղետն անսպասելի, ինչո՞ւ են միշտ մեր սպասելիքները տարբերվում իրականությունից․․․ Հարցերը կարելի է շարունակել, բայց բավարարվում եմ այսքանով և ամրագրում հետևյալը․ մեզ հետ սա պատահեց, քանի որ մենք չհասկացանք, թե ինչպես կարողացանք 1994 թվականին հասնել հաջողության, ինչպես հասանք հաղթանակի, և մեզանից չի պակասի անհաջողությունը, եթե չհասկանանք նաև այս իրավիճակը, եթե չհասկանանք մեր պարտությունը։ Հաղթանակը (կամ հաղթանակները) չհասկանալով՝ ինչպե՞ս սրբագրենք պարտությունը (կամ պարտությունները)․․․
Եվ այդ ամենն արդյունք է տևական մի թյուրըմբռնման, երբ մեր պատմությունը բաժանեցինք հերոսների ու դավաճաների, սևի ու սպիտակի, և այդկերպ պարտադրեցինք մեզ մի արհեստական կուրություն․․․
Հայկական կիսատպռատությունը, մտքի փնթիությունն ու կիկոսությունը․․․ Մեզ թվում էր՝ բավական է, որ հռչակել ենք Հայաստանի Հանրապետությունը, բավական էր, որ ազատագրել ենք Արցախը (թեկուզ այնքանով, որքան էր մինչ վերջերս) և արդ ունենք թե՛ անկախությունը, թե՛ ազատությունը, թե՛ ինքնիշխանությունը։ Մինչդեռ և՛ անկախությունը, և՛ ազատությունը, և՛ ինքնիշխանությունը պետք է նաև իրագործվեին, պետք է իրացվեին։ Որովհետև ո՛չ անկախությունը, ո՛չ ազատությունը, ո՛չ էլ ինքնիշխանությունը նպատակներ չեն, ինչպես սովորեցրել ու սովորեցնում են մեզ, այլ հնարավորություններ։ Մենք այդ հնարավորությունների շուրջ է, որ չենք միավորվել, այդ հնարավորություններն է, որ չենք մտածել։ Այստեղից էլ համատարած այն ընկճախտը, որով անմիջապես լցոնվում է նպատակի բացակայությունը։
Ամբողջ աշխարհը (ու մանավանդ մեր հարևանը) տենչում էր փոփոխություն, մինչդեռ մենք ուրախանում էինք status quo-ով։ Մեզ թվում էր, թե բավարար է, որ բազմահազարամյա պատմություն ունենք, մեր թիկունքին են բազմահազարամյա մշակույթն ու գրականությունը, և թվում էր, թե եղածը բավական է, որ այդ ամեը լինի նաև ներկայում։ Մինչդեռ թե՛ պատմությունը, թե՛ մշակույթն ու թե՛ գրականությունը պետք է նաև յուրացվեն, պետք է զգայական փորձառությունից վերաճեն (տրամա)բանական փորձառության։ Մեր կյանքում շեշտադրելով անընդհատականությունը՝ չտեսանք փոփոխությունը, չգնահատեցինք տարբերությունը և մնացինք անընդհատականության, չտարբերակվածության (սինկրետիկության) որոգայթներում․․․ Եվ կրկին ամեն ինչ սկսվում է սկզբից, ամենասկզբից, որը երբեք չի ծավալվում, ամեն ինչ վերածվում է սկզբի՝ ինքնաբավ, ինքնամփոփ և անպատուհան (անգամ անդուռ)։
Միշտ բողոքել ու բողոքում ենք հնարավորությունների բացակայությունից, մինչդեռ հնարավորություններն այլևս տրվածություններ չեն․ հնարավորությունները ստեղծվում են։ Հնարավորություններն այլ հնարավորությունների յուրացման արդյունք են, մինչդեռ կարևորագույնը հենց հնարավորությունների արարումն է։
Այո՛, ամենուր վկա ենք փլուզումների՝ վառվող տներից մինչև արժեբանական փլուզումների։ Բայց այդ ամենը նաև վկայությունն է երբևէ եղած մարդկային ճիգի, ջանքի ու կամքի։ Երբևէ եղած, ասել է թե նաև լինելիք։
Եվ այս առումով չափազանց տեղին է Մարկ Բլոկի հետևյալ դիտարկումը (ի դեպ, նա իր «Պատմության պաշտպանականը» գրել է հենց այսպիսի դառնություն ճաշակելու արդյունքում նաև)․
«Վատ ըմբռնված պատմությունը, եթե զգոն չլինենք, կարող է ի վերջո վարկաբեկել նաև լավ հասկացվածը։ Բայց եթե երբևէ պիտի գանք դրան, ապա միայն մեր իմացական ամենամնայուն ավանդույթներից կտրուկ հեռանալու գնով»։