1903 թ. սկզբին Ռ. Մ. Ռիլկեն նամակ է ստանում ավստրա-հունգարական բանակի քսանամյա լեյտենանտ Ֆրանց Քափուսից: Նամակին կից ուղարկվել էին և երիտասարդ լեյտենանտի բանաստեղծությունները: Ռ. Մ. Ռիլկեի վրա, սակայն, ոչ այնքան բանաստեղծությունները տպավորություն գործեցին, որքան նամակի անկեղծությունն ու անմիջականությունը, որում երիտասարդը «իր սիրտն էր բացում» մեկ ուրիշին` նույնպես երիտասարդ, բայց արդեն հանրահայտ բանաստեղծին:
Ռ. Մ. Ռիլկեն պատասխանում է: Նրանց միջև ծայր է առնում նամակագրական մի կապ, որը, թեկուզ ընդհատումներով, տևում է մինչև 1908 թ. դեկտեմբեր ամիսը: Ռիլկեի մահից հետո Քափուսը դրանք հրատարակում է «Նամակներ երիտասարդ բանաստեղծին» վերնագրով (1929): Նամակներն արդիական են անգամ մեր օրերում, մասնավորապես նրանցում արծարծված թեմաները (պոեզիայի, պոետական ստեղծագործության բնույթի, իրոնիայի, մենության, սիրո և այլնի մասին):
Թարգմանությունը գերմաներենից
և ծանոթագրությունները`
Մարիամ Կարապետյանի և Թոնդրակի
ԱՌԱՋԱԲԱՆ
1902 թվականի ուշ աշնանն էր. ես նստած էի Վիենական Նոյշտադթում (Wiener Neustadt) գտնվող զինվորական ակադեմիայի այգում` հին շագանակենիների տակ, և գիրք էի կարդում: Այնպես էի խորասուզվել ընթերցանության մեջ, որ հազիվ նկատեցի` ինչպես մեր պրոֆեսորներից միակ ոչ զինվորականը` ակադեմիայի կրթված և բարյացակամ պաստոր (pfarrer) Հորաչեքը միացավ ինձ: Նա ձեռքիցս վերցրեց հատորը, նայեց կազմը և տարուբերեց գլուխը: «Ռայներ Մարիա Ռիլկեի բանաստեղծություննե՞րը», — հարցրեց նա մտախոհ: Այնուհետև թերթերն այսուայնկողմ շուռ տվեց, աչքի անցկացրեց մի երկու բանաստեղծություն, մտախոհ նայեց հեռուն և վերջապես տմբտմբացրեց գլուխը. «Ուրեմն սան Ռընե Ռիլկեից բանաստեղծ է դուրս եկել»:
Եվ ես իմացա նիհար, գունատ տղայի մասին, որին ծնողները ավելի քան 15 տարի առաջ հանձնել էին Սուրբ Փյոլթենի զինվորական ռեալական տարրական դպրոց (MilitՊr-Unterrealschule in Sankt PՓlten), որպեսզի նա ավելի ուշ սպա դառնա: Այդ ժամանակ Հորաչեքն այդտեղ աշխատել էր իբրև հաստատության քահանա (Anstaltsgeistlicher) և դեռ լավ էր հիշում նախկին սանին: Նկարագրեց նրան իբրև հանդարտ, լուրջ, շնորհալի պատանու, ով հաճույքով մեկուսանում էր, համբերությամբ կրում էր գիշերօթիկ կյանքի լուծը և չորս տարի անց այլոց հետ պետք է փոխադրվեր զինվորական բարձրագույն դպրոց, որը գտնվում էր Մեհռլիխ-Վայսքիռխենում (MՊhrisch-Weiշkirchen): Բայց այնտեղ, իհարկե, պարզվում է, որ նրա մարմնակազմվածքը բավարար դիմակայուն չէ, որի պատճառով ծնողները նրան վերցնում են հաստատությունից և վերստին Պրահայում ուսանելու տանում: Թե հետո ինչպես է դասավորվել նրա կյանքը, Հորաչեքը չգիտեր:
Այս ամենից հետո հարկավ հասկանալի է, որ ես հենց նույն պահին որոշեցի իմ բանաստեղծական փորձերն ուղարկել Ռայներ Մարիա Ռիլկեին և նրա կարծիքը խնդրել: Դեռևս չլինելով քսան տարեկան և հազիվ մի մասնագիտության շեմին, որը ես իմ հակումներին միանգամայն հակառակ գտա, հույս ունեի ինչպես ընդհանրապես որևէ մեկի, այնպես էլ «Ինձ` տոնի առթիվ» գրքի հեղինակ-բանաստեղծի ըմբռնմանն արժանանալ: Եվ բացի այն, որ ես իրոք ցանկացել էի դա, իմ բանաստեղծություններին ուղեկցող նամակ էլ հղացա, որում այնպես անվերապահ բացվեցի, ինչպես նախկինում և երբեք որևէ երկրորդ անձի առջև:
Շատ շաբաթներ անցան, մինչև պատասխանը եկավ: Կապույտ կնիքով գրությունը կրում էր Փարիզի փոստային դրոշմը, որ ծանր տարուբերվում էր ձեռքում և ցուցադրում էր ծրարի վրա նույն պարզ, գեղեցիկ և հաստատուն գծերը (ZՖge), որոնց մեջ էր զետեղված տեքստը` առաջին տողից մինջև վերջինը: Այդպես սկսվեց իմ կանոնավոր նամակագրությունը Ռայներ Մարիա Ռիլկեի հետ, որը տևեց մինչև 1908 թվականը և հետո աստիճանաբար դադարեց, որովհետև կյանքն ինձ նետեց այնպիսի բնագավառներ, որոնցից էլ հենց բանաստեղծի ջերմ, նուրբ և սրտաշարժ հոգածությունը ցանկացել էր պահպանել ինձ:
Սակայն դա կարևոր չէ: Կարևոր են միայն ստորև ներկայացվող տասը նամակները, կարևոր` կյանքի ճանաչողության (Erkenntnis) համար, որում ապրել և ստեղծագործել է Ռայներ Մարիա Ռիլկեն, և կարևոր նաև այսօրվա և վաղվա հասունացողների (Wachsende) ու կայացողների (Werdende) համար: Եվ որտեղ մեծն ու եզակին է խոսում, փոքրերը պետք է լռեն:
Բեռլին, հունիս, 1929
Ֆրանց Քսավեր Քափուս[Նամակ I]
Ֆրանց Քսավեր Քափուսին
Փարիզ [1], 17 փետրվարի, 1903
Հարգարժան Պարոն,
Ձեր նամակն ստացա բոլորովին վերջերս: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Ձեր մեծ և հաճելի վստահության համար: Հազիվ թե ավելին կարողանամ: Ես չեմ կարող քննարկել Ձեր բանաստեղծությունների բնույթը (Art)[2]. ինձ խորթ է ամենայն քննադատական դիտավորություն: Ուրիշ ոչնչով չի կարելի արվեստի գործն այնքան աննշան շոշափել, որքան քննադատական խոսքերով. դրանք միշտ հանգեցնում են առավել կամ պակաս հաջող թյուրիմացության[3]: Ոչ բոլոր իրերն (Dinge) են այնպես ըմբռնելի (faշbar) և արտահայտելի, ինչպես մեծ մասամբ փորձում են համոզել մեզ: Իրադարձությունների (Ereignisse) մեծ մասն անարտահայտելի է. դրանք կատարվում են մի վայրում (Raume), ուր ոչ մի բառ երբեք մուտք չի գործել: Եվ ավելի անարտահայտելի են արվեստի գործերը` խորհրդավոր գոյություններ (Existenzen), որոնց կյանքը տևում է մեր [կյանքի]` անցողիկի կողքին:
Այս համառոտ դիտարկումից հետո կարող եմ Ձեզ միայն ասել, որ Ձեր բանաստեղծություններն ինքնուրույն ոճ չունեն, թեպետ հաջող են անհատականության խաղաղ և սքող նշանները: Առավել հստակ ես դա զգում եմ վերջին` «Իմ հոգին» բանաստեղծության մեջ: Այստեղ ինչ-որ անձնական բան ձգտում է բառի և ձևի: Եվ «Լեոպարդին» գեղեցիկ բանաստեղծության մեջ հասունանում է ինչ-որ ազգակցություն այդ Մեծի, Միայնակի հետ: Այդուամենայնիվ, այդ բանաստեղծությունները դեռևս իրենք իրենց ոչինչ են. ոչ մի ինքնուրույն բան, անգամ վերջինը և Լեոպարդինը[4]: Ձեր սիրալիր նամակը, որ ուղեկցում է դրանց, չի սխալվում ինձ որոշ թերություններ բացատրելիս, որոնք ես Ձեր բանաստեղծություններն ընթերցելիս զգացի, և սակայն որոնք դեռ չէի կարող անվանապես թվել:
Դուք հարցնում եք, թե արդյո՞ք լավն են Ձեր բանաստեղծությունները: Դուք ինձ եք հարցնում: Դուք այդ հարցը նախկինում նաև ուրիշներին եք տվել: Դուք համեմատում եք դրանք այլ բանաստեղծությունների հետ, և անհանգստանում եք, երբ որոշ խմբագրություններ մերժում են Ձեր փորձերը: Այսու (քանի որ թույլ եք տվել ինձ խորհուրդ տալ Ձեզ[5])` ես Ձեզ խնդրում եմ թողնել այդ ամենը: Դուք փնտրում եք արտաքինը, այնինչ նախ և առաջ հենց դա չպետք է անեք: Ոչ ոք չի կարող Ձեզ խորհուրդ տալ և օգնել, ոչ ոք: Միայն մեկ միջոց կա. խորացե՛ք Ձեր մեջ: Հետազոտե՛ք պատճառը, որը Ձեզ գրելու է կոչում, ստուգե՛ք` արդյոք՞ այն Ձեր սրտի ամենախորքերում է արմատներ գցել, խոստովանե՛ք ինքներդ Ձեզ, թե արդյո՞ք կմեռնեիք, եթե Ձեզ արգելված լիներ գրելը: Եվ ամենից առաջ սա. հարցրե՛ք ինքներդ Ձեզ Ձեր գիշերվա ամենալուռ ժամին. «Պե՞տք է գրեմ»: Ձեր մեջ պեղե՛ք խորքային պատասխան: Եվ եթե այն դրական հնչի, եթե Դուք իրավազոր եք մի ուժեղ և պարզ «ես պետք է»-ով հանդիպել այդ լուրջ հարցին, ապա կառուցե՛ք Ձեր կյանքն ըստ այդ անհրաժեշտության: Ձեր կյանքը` անգամ իր ամենաանտարբեր և ամենաչնչին ժամին, պետք է այդ մղումի (Drange)[6] խորհրդանիշն ու վկայությունը դառնա: Այդժամ դուք մոտենում եք բնությանը[7]: Այդժամ փորձե՛ք, իբրև առաջին մարդ, ասել` ինչ եք և՛ տեսնում, և՛ ապրում, և՛ սիրում, և՛ կորցնում:
Մի՛ գրեք սիրային բանաստեղծություններ: Խուսափե՛ք նախ և առաջ այն ձևերից, որոնք [հանրա]ծանոթ և սովորական են. դրանք ամենաբարդն են, քանի որ մեծ ու հասուն ուժ է պահանջվում այն բանի համար, որ սեփականդ թողնես այնտեղ, ուր լավ և մասամբ փայլուն ավանդույթների բազմությունն է հաստատված:
Այսու` փրկե՛ք ինքներդ Ձեզ այն ընդհանրական թեմաներից, որոնք Ձեզ է առաջարկում Ձեր առտնին կյանքը (Alltag). պատկերե՛ք Ձեր տխրություններն ու ցանկությունները, անցողիկ մտքերն ու հավատն առ ինչ-որ գեղեցկություն. այդ ամենը պատկերե՛ք մի մտերիմ, խաղաղ, հլու շիտակությամբ, և կիրառե՛ք, Ձեզ արտահայտելու համար, Ձեր շրջապատի իրերը (Dinge)[8], Ձեր երազների պատկերներն ու հիշողության առարկաները (GegenstՊnde): Եթե Ձեր առտնին կյանքը (Alltag) Ձեզ աղքատ է թվում, մի՛ մեղադրեք նրան, մեղադրե՛ք ինքներդ Ձեզ. ասացե՛ք ինքներդ Ձեզ, որ դուք բավարար չափով բանաստեղծ չեք, որ կարողանաք արթնացնել նրա հարստությունները[9], քանի որ ստեղծագործողի համար չկան աղքատություն և աղքատներ, չկա անտարբեր վայր (Ort): Եվ եթե անգամ բանտում լինեք, որի պատերը թույլ չեն տա Ձեր մտքերին աշխարհից շշուկ իսկ մոտենա, [մի՞թե] այլևս չեք ունենա Ձեր մանկությունը[10]` այդ ընտիր, արքայական հարստությունը, հիշողությունների այդ գանձարանը: Շո՛ւռ տվեք առ այն Ձեր ուշադրությունը: Փորձե՛ք վեր հանել այդ հեռու անցյալում սուզված զգայացնցումները (Sensationen). Ձեր անհատականությունը կամրանա, Ձեր մենությունը կընդլայնվի և կդառնա մի լուսացող տուն[11], որի կողքով կանցնի այլոց աղմուկը: Եվ եթե ինքներդ դեպի Ձեզ այդ շրջումից, սեփական աշխարհում այդ խորասուզումից բանաստեղծությունները կգան, այլևս չեք մտածի հարցնել մեկին` արդյո՞ք լավ բանաստեղծություններ են դրանք: Նաև չեք փորձի հետաքրքրել ամսագրերին այդ աշխատանքներով, քանի որ կլինեք Ձեր սիրած բնական տիրույթում (Besitz), կտեսնեք Ձեր կյանքի մի կտորն ու մի ձայնը:
Արվեստի գործը լավն է, եթե ծնվել է անհրաժեշտությունից: Իր ծագման այս ձևի մեջ է նրա դատավճիռը. ուրիշ ոչինչ գոյություն չունի: Այդու, հարգարժան պարոն, Ձեզ համար այլ խորհուրդ չգիտեմ, քան այս մեկը` խորամուխ լինել ինքներդ Ձեր մեջ և ստուգել այն խորքերը, որոնցում սկզբնավորվում է Ձեր կյանքը. դրա ակունքում կգտնեք այն հարցի պատասխանը, թե արդյոք պետք է ստեղծագործեք:
Ընդունե՛ք այն այնպես, ինչպես հնչում է` առանց մեկնաբանելու (deuten)[12]: Գուցե կպարզվի, որ դուք կոչված[13] եք արվեստագետ լինելու: Այդժամ Ձեզ վրա կվերցնեք այդ ճակատագիրը և կկրեք այն` նրա ծանրությունն ու մեծությունը` երբեք չհարցնելով վարձատրության մասին, որը կարող է դրսից գալ, քանի որ ստեղծագործողը պետք ինքն իր համար մի աշխարհ լինի և ամեն ինչ գտնի իր մեջ և բնության մեջ, որին միահյուսվել է:
Սակայն հնարավոր է, որ Դուք նաև Ձեր և Ձեր միայնության մեջ այդ սուզումից հետո հրաժարվեք բանաստեղծ դառնալուց (բավական է, ինչպես ասել եմ, զգալը, որ կարելի է ապրել առանց գրելու, որպեսզի ընդհանրապես այդ անելու իրավունք չունենաս): Սակայն նաև այդժամ այդ ինքնասևեռումը (Einkehr), որի մասին ես Ձեզ խնդրում եմ, զուր չի լինի: Ձեր կյանքն, ամեն դեպքում, այդ պահից ի վեր կգտնի իր սեփական ճանապարհները, և թող դրանք լինեն բարի, հարուստ և հեռագնա. և Ձեզ ավելին եմ մաղթում, քան կարող եմ ասել:
Էլ ի՞նչ կարող եմ Ձեզ ասել: Ինձ թվում է` ամեն ինչ ասված է ըստ կարգի: Եվ վերջապես, կցանկայանի Ձեզ այժմ մի բան ևս խորհուրդ տալ` Ձեր զարգացման ընթացքում հասունանալ խաղաղ և լրջորեն: Դուք դրան չեք կարող ավելի շատ խանգարել, քան եթե դեպի դուրս նայեք և դրսից սպասեք պատասխանին այն հարցերի, որոնց միայն Ձեր ներքին ապրումն իր ամենահանդարտ ժամին հավանաբար կարող է պատասխանել:
Ես ուրախ էի Ձեր գրության մեջ պրն. պրոֆեսոր Հորաչեքի[14] անունը գտնելու համար. այդ պատվարժան գիտնականի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ և տարիներ ի վեր ձգվող երախտագիտություն: նդրում եմ, նրան հայտնեք իմ այս զգացումի մասին: Շատ սիրալիր է նրա կողմից, որ դեռ մտածում է իմ մասին. ես գիտեմ գնահատել դա:
Բանաստեղծությունները, որոնք Դուք ինձ բարեկամաբար վստահել եք, անհապաղ վերադարձնում եմ Ձեզ: Եվ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեր վստահության մեծության և սրտալիության համար, որին ես այս անկեղծ, լավագույնս տրված պատասխանով փորձեցի ավելի արժանի լինել, քան ես` օտարս, իրականում կամ:
Ամենայն նվիրումով ու համակրանքով` Ռայներ Մարիա Ռիլկե:
[Նամակ II]
Վիարեջո[15],
Պիզայի մերձակայքում
(Իտալիա), Ապրիլի 5-ին,
1903 թ.
Դուք պետք է ինձ ներեք, սիրելի և հարգարժան պարոն, որ փետրվարի 24-ի Ձեր նամակը միայն ասօր եմ երախտագիտությամբ հիշում: Այս ամբողջ ընթացքում վատառողջ էի, ոչ այն է հիվանդ, բայց ինչ-որ հարբուխանման թուլությունից ճնշված, որն ինձ անընդունակ էր դարձրել որևէ բանի: Եվ վերջապես, երբ վիճակս ոչ մի կերպ չէր բարելավվում, մեկնեցի հարավային ծովափ, որի կազդուրիչ ազդեցությունն արդեն մեկ անգամ[16] ինձ օգնել էր: Սակայն դեռ չեմ առողջացել, դժվարանում եմ գրել, ուստի այս մի քանի տողը պետք է շատին համարժեք ընդունեք:
Հարկավ, Դուք պետք է իմանաք, որ Ձեր յուրաքանչյուր նամակով կուրախացնեք ինձ և միայն համբերատար [պետք է] լինեք այն պատասխանի հանդեպ, որը Ձեզ հավանաբար հաճախ ձեռնունայն կթողնի, քանի որ, ըստ էության, հատկապես ամենախոր և ամենակարևոր իրերի մեջ մենք անանուն միայնակ (allein)[17] ենք: Եվ որպեսզի որևէ մեկը մեկ ուրիշին խորհուրդ տալ կամ օգնել կարողանա, պետք է շատ բան կատարվի, պետք է շատ բան ստացվի, իրերի մի ողջ բազմություն պետք է համընկնի, որ երբևէ հաջողվի դա:
Ես ուզում եմ այսօր Ձեզ ևս երկու իրերի մասին ասել. [նախ]` իրոնիայի[18]: Թույլ չտաք, որ այն Ձեզ տիրի, հատկապես ստեղծագործազուրկ պահերին: Ստեղծագործելու պահերին փորձե՛ք այն ծառայեցնել իբրև կյանքի ըմբռնման ևս մի գործիք: Մաքուր կիրառելիս այն ևս մաքուր է, և պետք չէ ամաչել նրանից: Եթե նրա հետ մտերիմ եք Ձեզ զգում, վախեցե՛ք աճող մտերմությունից: Այդժամ նվիրե՛ք Ձեզ մեծ և լուրջ առարկաներին, որոնց առաջ նա փոքր և անօգնական է դառնում: Փնտրե՛ք իրերի խորքերը. այնտեղ իրոնիան գլուխ չի բարձրացնում: Եվ երբ Դուք այդպես կհասնեք մեծի եզրին, նույն պահին ստուգեք, թե ըմբռնման այդ տեսակը համապատասխանում է արդյոք Ձեր լինելիության (Wesen) որևէ անհրաժեշտությանը: Որովհետև լուրջ իրերի ազդեցության ներքո այն կա՛մ կպոկվի Ձեզանից (եթե ինչ-որ պատահական բան է), կա՛մ կուժեղանա (եթե իրոք ի ծնե Ձեզ է պատկանում)` վերածվելով մի լուրջ գործիքի, և տեղ կգտնի այն միջոցների շարքում, որոնցով Դուք պետք է Ձեր արվեստը կերտեք:
Եվ երկրորդ բանը, որ կուզեի Ձեզ այսօր պատմել, հետևյալն է.
Իմ բոլոր գրքերից միայն քչերն են ինձ անհրաժեշտ, իսկ [դրանցից] երկուսը նույնիսկ իմ այն իրերի թվում են, [որոնք միշտ ինձ հետ են] որտեղ էլ լինեմ: Նրանք այստեղ էլ իմ շուրջ են` Սուրբ Գիրքը և դանիացի մեծ բանաստեղծ Յենս Փեթեր Յակոբսենի[19] գրքերը: Մտածում եմ` արդյոք՞ Դուք ծանոթ եք նրա գործերին: Դրանք կարող եք հեշտությամբ ձեռք բերել, քանի որ դրանց մի մասը շատ լավ թարգմանությամբ լույս է տեսել [Ֆիլիպ] Ռեկլամի[20] «Ունիվերսալ գրադարան» [մատենաշարով]: Ձեռք բերեք Յ. Փ. Յակոբսենի «Վեց նովել» փոքրածավալ հատորն ու «Նիլս Լյունե» (Niels Lyhne) վեպը, և սկսեք առաջին հատորի առաջին նովելից, որի վերնագիրն է «Մոգենս (Mogens)»: Ձեր առջև մի աշխարհ կբացվի, [այդ] աշխարհի երջանկությունը, հարստությունը, անըմբռնելի մեծությունը: Միառժամանակ ապրե՛ք այդ գրքերում, սովորե՛ք նրանցից այն, ինչ Ձեզ սովորելու արժանի կթվա, բայց նախ և առաջ սիրե՛ք դրանք: Այդ սերը ձեզ բազմիցս կպարգևատրի, և, ինչպիսին էլ լինի Ձեր կյանքը, այն կանցնի, ես համոզված եմ, Ձեր լինելիության հյուսվածքի (Gewebe)[21] միջով` իբրև Ձեր հիշողությունների, հիասթափությունների և ուրախությունների ամենակարևոր թելերից մեկը:
Եվ եթե ես պետք է ասեմ, թե ումից եմ որևէ բան իմացել ստեղծագործելու էության, նրա խորության ու հավերժության մասին, ապա միայն երկու անուն կարող եմ տալ. Յակոբսենի` մեծ, մեծ բանաստեղծի, և Օգյուստ Ռոդենի` քանդակագործի, որ այսօր ապրող արվեստագետների մեջ իր նմանը չունի:
Եվ հաջողություննե՛ր Ձեր ճանապարհներին:
Ձեր` Ռայներ Մարիա Ռիլկե:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
* Թարգմանությունը և ծանոթագրությունները կազմելիս օգտվել ենք Ռ. Մ. Ռիլկեի համանուն երկի ֆրանսերեն` RAINER MARIA RILKE, Lettres Ո un jeune poՌte. Proses. PoՌmes franջais, Traduction nouvelle, prռface et notes de Claude Mouchard et Hans Hartje, Paris: Librairie gռnռrale franջaise, 1989, URL:// http://www.sky-art.com/rilke/prose/letters/letters_1_ru.htm; (23.07.2011), ինչպես նաև անգլերեն` Letters To A Young Poet by Rainer Maria Rilke, URL://http://www.carrothers.com/rilke_main.htm; (21.07.2011) թարգմանություններից:
[1]. 1902 թվականին Ռ. Մ. Ռիլկեն մեկնում է Փարիզ` քանդակագործ Օգյուստ Ռոդենի մասին մենագրություն գրելու նպատակով, իրականում, սակայն, փայփայելով այլ մի հույս. «Ես Ձեզ մոտ եկա ոչ միայն հետազոտություն իրականացնելու համար, [այլև] որպեսզի Ձեզ հարցնեմ` ինչպե՞ս է պետք ապրել» (Ռոդենին, 11 Սեպտեմբեր, 1902):
[2]. «Սեփական բնույթն», ըստ Ռիլկեի, կազմավորում է բարձրագույն նպատակը. դա այն է, ինչ բխում է «ներսից», դա «ինտիմն» է` ի հակադրություն «արտաքինի»: Ավելի ուշ Ռ. Մ. Ռիլկեն երիտասարդների նկատմամբ մեղմ հարգանքով է արտահայտվում. «Այն, ինչ գրում են 21 տարեկանում, ճիչ է. հարցնո՞ւմ ենք ինքներս մեզ, երբ ճչում ենք, երբ պետք էր ճչալ այլ կերպ» (N.N.-ին, 26.12.1912):
[3]. «Հավանաբար փառքը երբեք էլ չի եղել ոչ այլ ինչ, քան բոլոր թյուրիմացությունների բարձրագույն դրսևորումը» — Արվեստի ստեղծագործություններ — 1903 (“Und vielleicht war der Ruhm niemals etwas anderes als der Inbegriff aller MissverstՊndnisse” – R. M. Rilke Kunstwerke, 1903: Տե՛ս URL:// http://www.lyrikwelt.de/gedichte/rilkeg4.htm (19.08.2011)):
[4]. Ջակոմո Լեոպարդի (Giacomo Leopardi, 1798-1837) – իտալացի ռոմանտիկ բանաստեղծ, բարոյախոս-մտածող: Հեղինակ է մի քանի տասնյակ բանաստեղծությունների: Նշանավոր են նրա բանաստեղծությունների «Երգեր» (Canti -1824), «Բարոյական օպերետներ» (Operette Morali-1827) և վիթխարի « ոհագրություններ» (Zibaldone di pensieri – հրատարակված հետմահու` 1900) գրքերը: Բարձր գնահատականի է արժանացել Արթուր Շոպենհաուերի կողմից: Ռ. Մ. Ռիլկեն 1912 թվականին թարգմանել է Լ. Ջակոմոյի «Անսահմանություն» (L’infՏnito) բանաստեղծությունը:
[5]. Մյունխենում երիտասարդ բանաստեղծ Ռ. Մ. Ռիլկեն խորհուրդ էր խնդրել Շտեֆան Գեորգեից (Stefan George) և Յակոբ Վասերմանից (Jakob Wassermann): « որհրդատու» նա լինում է ոչ միայն Քափուսի (Kappus), այլև Ռուդոլֆ Բոդլենդերի (Rudolf BodlՊnder) և Հանս Ուլբրիխտի (Hanns Ulbricht) համար:
[6]. Հետագայում Զ. Ֆրոյդը «Գրգիռներն ու գրգիռների ճակատագիրը» (Triebe und Triebschicksale, 1915) աշխատությունում) խոսելու է «գրգիռների» «խթանիչների» մասին:
[7]. 11/9/1902-ին Ռ. Մ. Ռիլկեն Օ. Ռոդենին գրում է. «Ես փորձում էի իմ կյանքը մերձեցնել ինքնին բնությանը»:
[8]. Ռ. Մ. Ռիլկեն միմյանցից տարանջատում է «իր» (Ding) և «առարկա» (Gegenstand) հասկացությունները: 1922 թվականի մարտի 22-ի նամակում նա Ռ. Բոդլենդերին գրում է. «Իրի վերածումը արվեստի կախված է նրա առավել բարձր թրթիռից` սովորական իրերին գերազանցող» (Թրգմ.` ֆրանսերենից): Իսկ «1910-1922 թթ. բանաստեղծություններ» ժողովածուի բանաստեղծություններից մեկում.
«Յուրաքանչյուր առարկայի շուրջ,
որը ես որսացի, շող կար քո շողերից,
սակայն հանկարծ նրանից և իմ ձեռքից
նոր իր եղավ` երկչոտ, գրեթե հասարակ
իր, որ ունենալ է նշանակում»
(«Um jeden Gegenstand
nach dem ich griff, war Schein von deinem Scheine,
doch plՓtzlich ward aus ihm und meiner Hand
ein neues Ding, das bange, fast gemeine
Ding, das besitzen heiշt» (Weihnachten 1914).)
[9]. Պոեզիայի տիեզերքի «հարստությունը» հասանելի է միայն նրան, ով տեսնում է «թշվառության» մեջ: — Տե՛ս Գիրք թշվառության և մահվան` Ժամագրքի վերջին բաժինը, գրված 1903 թվականին, Վիարեջոյում (Viareggio):
[10]. «Թույլ մի՛ տուր քեզ, որ անցած
մանկությունը` այդ անանուն
հավատարմությունը երկնայինների,
առնես ճակատագրից.
անգամ կալանվածի մասին,
ով մռայլ մեռնում է զնդանում,
մանկությունը թաքուն հոգացել է
մինչ վախճանը» — Վերջին բանաստեղծություններ և ֆրագմենտներ:
(“ Lass dir, daշ Kindheit war, diese namenlose
Treue der Himmlischen, nicht widerrufen vom Schicksal,
selbst den Gefangenen noch, der finster im Kerker verdirbt,
hat sie heimlich versorgt bis ans Ende”). — Letzte Gedichte und Fragmentarisches.
[11]. Այս նամակներում հաճախ են կիրառվում «տարածություն», «տեղանք», «հեռվություն», «կայան» եզրույթներն ու փոխաբերությունները, որոնք Ռ. Մ. Ռիլկեի գեղագիտական համակարգում կարևոր դերակատարում ունեն:
[12]. Զ. Ֆրոյդի «Երազատեսություն» գիրքը հրատարակվել էր 1900 թվականին:
[13]. «Կոչված» (berufen) բառը իր մեջ պահպանում է կրոնական ծագման ինչ-ինչ շերտեր, ինչպես դա ցույց է տալիս Մ. Վեբերն իր «Բողոքականության էթիկան և կապիտալիզմի ծագումը» գրքում (Առաջին հրատարակությունը` 1904/1905 թթ.):
[14]. Պրոֆ. Հորաչեքը (Horո?ek) ծագմամբ չեխ էր: Զբաղվում էր ուսուցչությամբ և Ռ. Մ. Ռիլկեի պատանեկան տարիների մտերիմներից էր: Նա աստվածաբանություն էր դասավանդում Մորավիայի Սուրբ Փյոլթեն (Sankt PՓlten-1785 թվականից Եպիսկոպոսության կենտրոնն էր) քաղաքում, որտեղ, այսպես կոչված «Զինվորական ռեալական գիշերօթիկ դպրոցում», ապրում և (մեծ տհաճությամբ) սովորում էր պատանի Ռ. Մ. Ռիլկեն. 1885 թ. այստեղ նրան սովորելու էին ուղարկել ծնողները, ովքեր երազում էին նրան տեսնել իբրև ավստրա-հունգարական կայսերական զորաբանակի փայլուն սպաի: Ավելի ուշ Հորաչեքը դասավանդում է Վիենայի Ռազմական ակադեմիայում, ուր և 1902 թվականին ծանոթանում է ակադեմիայի պատանի ուսանողի և բանաստեղծի` Ֆ. Քս. Քափուսի հետ: Հենց Հորաչեքի հետ զրույցից հետո է, որ Ֆ. Քս. Քափուսը որոշում իր բանաստեղծություններն ուղարկել Ռ. Մ. Ռիլկեին և նրա հետ նամակագրություն հաստատել: Այստեղ ակնհայտ է այն խորին հարգանքն ու մտերմիկ տոնը, որով Ռ. Մ. Ռիլկեն հիշատակում է իր պատանեկան տարիների ուսուցչի անունը:
[15]. իստ նյարդայնանալով Փարիզից (որը նա իր նամակում գնահատում է իբրև «օտար և թշնամական») և հիվանդանալով` Ռ. Մ. Ռիլկեն միայնակ մեկնում է Իտալիա և մեկ ամիս կանգ է առնում իտալական Վիարեջո քաղաքում (Լիգուրիական ծովափ): Այստեղ նա գրում է իր «Ժամագիրք» բանաստեղծությունների երրորդ` «Գիրք թշվառության և մահվան» բաժինը:
[16]. 1898 թ. ամռանը Ռ. Մ. Ռիլկեն, թողնելով Ֆլորենցիան, մեկնում է Վիարեջո, որտեղ և կազմում է իր «Ֆլորենտական օրագիրը»` հասցեագրված Լու Անդրեաս-Սալոմեին: (Վիարեջոյում վերապրված այս տեսարանը Ռ. Մ. Ռիլկեին ներշնչում է Սպիտակ արքայադուստր ստեղծագործությունը):
[17]. Բառերը չեն բավարարում «մենություն» ասելու համար: Տե՛ս Հոֆմենստալի (1874-1929) «Լորդ Շանդոյի Նամակը Ֆրենսիս Բեկոնին» ստեղծագործության մեջ. «Քանի որ դա ինչ-որ բոլորովին չանվանված (Unbenanntes) ու նաև, հավանաբար, հազիվ անվանելի (Benennbares) բան է» -URL://http://gutenberg.spiegel.de/buch/997/1 (24.08.2011):
[18]. Սյորան Կիերկեգորի (SՔren Kierkegaard, 1813-1855) առաջին գիրքը վերնագրված է «Իրոնիայի հղացքը» (1841) (Ռ. Մ. Ռիլկեն այդ ընթացքում կարդացել էր նրա «Գայթակղիչի օրագիրը» (Journal d’un sռducteur)): Իրոնիան Ջ. Լեոպարդիի պոեզիայի հնարքներից մեկն է (տե՛ս 5-րդ ծանոթագրությունը). այս սյուժեի վերաբերյալ տեսնել նաև Ջուզեպպե Ունգարետտիի «Անմեղություն և հիշողություն» (Innocence et Mռmoire) գրքի «Երգի դասեր» (La Leջon des Canti) բաժնում:
[19]. Յենս Փեթեր Յակոբսեն (Jens Peter Jacobsen,1847-1885), դանիացի գրող, բուսաբան: Նախապես մեծ տուրք էր տալիս նատուրալիզմին, հետազոտում էր բնական գիտությունները, թարգմանում Դարվինի ստեղծագործությունը: Նա հանրահայտ է դառնում «Մոգենս» (1872) նովելով: Առավել ակնառու ստեղծագործություններից են «Մարիա Գուբեն» (1876) և «Նիլս Լյունեն» (1880), որոնցում խորությամբ վեր են հանված անարդար հասարակական կառույցի պայմաններում անհատականության ողբերգությունը: Սրանք համաեվրոպական ճանաչման են արժանանում (հատկապես հանրահայտ էին Գերմանիայում և մինչհեղափոխական Ռուսաստանում): Տպագիր մամուլում իբրև բանաստեղծ հանդես եկող Յ. Յակոբսենի արձակի լիրիկական բնույթը, ինչպես նաև նրա` պաշտոնական քիրստոնեության կեղծ բարեպաշտության քննադատությունը պետք է որ, անառարկելիորեն, խիստ տպավորեին Ռ. Մ. Ռիլկեին, ում համար դեռ երկար ժամանակ Յ. Յակոբսենը ամենասիրելի արձակագիրն էր: Ռ. Մ. Ռիլկեի «Մալթե Լաուրիդս Բրիգեի գրառումները» (Die Aufzeichnungen des Malte Laurids Brigge) և Թոմաս Մանի «Տոնիո Կրյոգերը» (Tonio KrՓger) ընդհանրություններ ունեն Յ. Փ. Յակոբսենի «Նիլս Լյունե» (1880) ստեղծագործության հետ: 1907 թվականին վիենացի հրատարակիչ Հուգո Հելլերը (Hugo Heller) սկսում է բազմաթիվ գործիչների երկերի հետազոտությունը` «Գրքեր ճշմարիտ կյանքի համար» (Die BՖcher zum wirklichen Leben): Հարցաքննվող հեղինակները (որոնցից էին Փեթեր Ալթենբերգը (Peter Altenberg), Հերման Հեսսեն (Hermann Hesse), Ռիկարդա Հուչը (Ricarda Huch), Արթուր Շնիցլերը (Arthur Schnitzler) և Շտեֆան Ցվայգը (Stefan Zweig)), պետք է նշեին այն գրքերը, որոնք, ըստ նրանց, «անհրաժեշտ» էին և կարևոր իրենց կյանքում:
[20]. Անտոն Ֆիլիպ Ռեկլամ (Anton Philipp Reclam, 1807—1896) – գերմանացի հրատարակիչ: 1828 թվականին նա Լայպցիգում հիմնում է «Գրական թանգարան» գրադարան-ընթերցարանը, որին միացնում է նաև հրատարակչությունը (հրատարակչությունը 1802 թ. հայրը` Կարլ Հենրիխ Ռեկլամն էր հիմնել): Ավելի ուշ` 1863 թ., նա հիմնում է «Ունիվերսալ գրադարան» (Universalbibliothek) մատենաշարը, որի շրջանակներում սկսում է հրատարակել «բոլոր ժամանակների դասականներին` լավագույն թարգմանությամբ», ընդ որում, դրանք նաև համեմատաբար էժան էին: Այսու` նրան հաջողվում է համաշխարհային գրականությունը տարածել և հասանելի դարձնել շատերի համար (միայն 1867-1899 թթ. ընթացքում լույս է տեսել 4 հազար գիրք): Այս մատենաշարով էլ լույս էին տեսել Յ. Յակոբսենի` Ռ. Մ. Ռիլկեի հիշատակած ստեղծագործությունները:
[21]. «Հյուսվածքը» (Geweb) հաճախ Ռ. Մ. Ռիլկեի մոտ հանդես է գալիս իբրև կյանքի և դրա շարունակականության փոխաբերություն: Այսպես.«Մի՛ հավատա դու, որ վճիռն այս` լինել, -/ի կատար է ածված հանուն զրկանքների:/Մտի՛ր հյուսվածքի մեջ, որպես արծաթյա թել» (Սոնետներ Օրփեոսին – II մաս, XXI, Ռ. Մ. Ռիլկե, Բանաստեղծություններ, Գերմ. թրգմ.` Հ. Մովսես, Ե., Սովետ. գրող, 1982, էջ 157): Ռ. Մ. Ռիլկեն, խոսելով «Դուինյան էլեգիաների» ավարտման մասին, Լու Անդրեա-Սալոմեին գրում է. «Այն ամենն, ինչն իմ ներսում թել էր, հյուսվածք, ճարճատում էր» (11/2/1922): Նույն օրը գրած մեկ այլ նամակում` ուղղված իշխանուհի Մարի ֆոն Թուրն և Թաքսիս-Հոհենլոհեին, գրում է. «Դա մի անասելի մրրիկ էր, փոթորիկ հոգում (ինչպես ԱՅՆ ժամանակ Դուինոյում), ամեն ինչ, որ թել (Faser) ու հյուսվածք է իմ մեջ, ճարճատում էր» — տե՛ս URL://rilke.de (25.08.2011) և Letters Of Rainer Maria Rilke, V. II, 1910-1926; Translated by Jane Bannard Greene and M. D. Herter Norton, W. W. Norton & Company, INC, New York, 1948, pp. 290-292: