Հրապարակի վրա արձակագիր Արթուր Միկոյանի ինքնավկայությունն է՝ «Լուռ հոգիներ»՝ գիրքը, կից՝ արձակի առաջնակարգ վարպետներից մեկի՝ Գուրգեն Խանջյանի կանխորոշիչ առաջնորդող հոդվածը, որի արհեստավարժ ձայնի ազնվությանն ուղղակի չես կարող չվստահել ի սկզբանե:
Այսպիսով, ընթերցողի գրասեղանին Ա. Միկոյանի «Լուռ հոգիներ» (Երևան, «Վան Արյան», 2014 թ.) գիրքը: Տեղին է հիշել, որ գեղարվեստական գիտակցության շերտերը միանգամից՝ օդից չեն ձևավորվում, իսկ տվյալ դեպքում՝ ժողովածուի հեղինակը մշակութային, բանաստեղծական ընտանիքի մի շյուղն է: Բանավեճ չի հարուցում և այն, որ նրա ստեղծած գեղարվեստի էությունը ոչ թե նրա անձնավորության գաղտնիքի մեջ է, այլ գեղարվեստականության նոր ընկալումների և մտածողության առաջընթաց շարժման:
«Լուռ հոգիների» երկունքը պայմանավորված է երիտասարդ հեղինակի ապրած լուռ ցավերով: Նրա կորիզը կյանքի ռացիոնալիստական ճշմարտության որոնումն ու արտապատկերումը չէ, այլ երևակայության ու մտքի տենդավոր խաղը, երևակայության հիպերբոլիկ ֆանտազիան, որով օժտված, ներծծված են նրա մանրապատումների գեղարվեստական ձևը, ներքին ու արտաքին ներդաշնակությունը: Գրքում փորձ է արվում հայտնաբերել կեցության և մարդկային հոգու կապը: Երկրային դեպքերը ստանում են ոչ երկրային դեպքերի տեսք, ապացուցում, որ մարդն իր հոգուց երբեք չի կարող դուրս գալ, բայց երբ հոգով ապրելու շրջանակը նեղ է թվում, հոգին միշտ ձգտում է դեպի վեր՝ բյուրեղյա ոլորտներ:
Ա. Միկոյանի պատմվածքների «Լուռ հոգիներ» ժողովածուի կառուցվածքը հեղինակի կենսափորձի պես համեստ է: Գեղարվեստական բնագրի հուզարտահայտչապաշտական, զգայապաշտական ընդգծված որակները ձեռնոց են նետում սեփականատիրության, նյութապաշտումի կարծր օրենքներին, պատրանքներում խաբված հասարակությանը, նրա որդեգրած իշխանատենչությանը, ժամանակավոր արժեքներին, որոնք պաշտվում են այլոց կողմից հաճախ այնպիսի՜ հիվանդագին եռանդով: Այստեղից էլ՝ իրականության նկարագրերում՝ հեղինակային ձևակերպումների բանաձևային բնույթը. «Հույս, սպասում, ձգտում հասկացություններն ինձ համար դարձել էին զավեշտական ու խեղկատակային բառեր, որոնց ուզում էի խժռել ատամներիս տակ», «…արդեն քանիցս համոզվել էի, որ շրջապատում չկար նույնիսկ գեթ մի մարդ, որին կկարոտեմ կամ հանուն նրա կմնամ այստեղ՝ այս աստվածային կատարելության հասնող, երկրաչափորեն ճշտված երկրագնդի վրա, որը սակայն ինձ համար գարշելի էր ու անտանելի» («Լակտացիա»): Մյուս կողմից, պատճառաբանված է գրքույկի գեղարվեստական ամբողջությունը՝ որպես «ես»-ի ստեղծած հոգեիմացական միություն՝ ինքնաբավ, ինքնեղ դաշտի վրա, որի հիմքը հակառեալիստական ուղղվածություն կրող պատկերահամակարգն է, և որը գեղարվեստական նպատակաուղղվածությամբ խստորոշ կերպով անհատապաշտական է, իհարկե, անհրաժեշտ որոշ բացառություններով («Հագուստդ փոխելու ժամանակն է», «Աղքատների խրախճանքը»): Դեպրեսիայի դարաշրջանի հոգեբանական համախտանիշի կենսազգացումները բերելով՝ Ա. Միկոյանի մի շարք պատումներ ծավալվում են գերբնականի, ֆանտաստիկի, անհատի իմպրեսիոնիստական արձագանքների, արձակ բանաստեղծության քնարականության, անկումային-մոգական տրամադրությունների շերտերի, վերջապես լիովին եսապաշտական ժառանգության յուրացման գծով: Այդպես է, որովհետև «Լուռ հոգիները» Ա. Միկոյանի «ես-ի թատերաբեմն է», մինչ այժմ մեզ համար նրա լուռ հոգու բացահայտման վայրը: Վեր է որևէ կասկածից, որ էլեգիակա՜ն, ազնի՜վ գրական անհատի հայտնությու՜նն է սա: Առհասարակ, դժվար չէ նկատել, որ պատումի եսամետ, եսակենտրոն կողմնորոշումն ամրապնդվում է հատորի բոլոր ստեղծագործություններում, որոնք ներթափանցված են մեկը մյուսով: Ահավասիկ. «Կյանքս դանդաղ սահում է բոլոր նյարդալարերիս վրայով և կարծես թե ոչ մի վատ բան էլ չի կատարվում: Երևակայությունը երբեմն փրկում է ձանձրույթի ճիրաններից և վերջերս դարձել է իմ միակ փրկօղակը» («Երազների քրոնիկոն»), «Անհուսությունս ինձ մղեց երազկոտության ոլորտ» («Ձախ աչքի առեղծվածը»), «Սակայն երազներս դարձել են նույնքան տաղտկալի, որքան մեր իրականությունը», «Երկնքում ամեն մի շարժում և փոփոխություն կարծես ցուցակագրված լինեն երկրում իշխողների պատվերով, որպեսզի հերթական անգամ ինձ հիասթափեցնեն» («Անմարդաբնակ տափաստան»), «Մի կիսախավար գիշեր, երբ պառկած նայում էի՝ չգիտեմ էլ թե ուր, հանկարծ ահազանգ եկավ: Այդպես էլ գիտեի՝ դա ներաշխարհիցս էր կամ ավելի ճիշտ՝ հոգուցս» («Ավելորդ բեռ»), «Հոգիս հեռանում է ինձնից այնտեղ, ուր մղձավանջային խավարն է տիրում» («Անհաղթահարելի ցավ») և այլն: Այսպիսի գրական գիտակցության վտանգն այն է, որ մշտապես դրանով ղեկավարվելով, կարելի է կորցնել իրականության մեջ գոյատևելու ցանկությունը, բավարարվել միայն երազանքի միստիկ սկեպտիցիզմով: Այդ բաղադրիչի արդյունքում ներքին-հոգեբանական՝ կերտումներն ստեղծում են հոգու «առարկայական», իրական, կենդանի դիմագիծը: Կարդալով դրանք՝ հեղինակի մասին կարող ես ասել. «Ես այս հոգու՜ն եմ ճանաչում»՝ «Ես այս մարդուն ճանաչում եմ»-ի փոխարեն, զի այս գրքում մարմնական կաղապարն իմաստ և արժեք չունի, խանգարում է, որ հոգին ամենայն ինչով բացահայտվի: Թաքնված ներաշխարհի առկայությունը շեշտելով, նաև շրջանառության մեջ դնելով՝ հեղինակային հնարանքն է ի հայտ բերվում՝ այդ դիրքից իրականությունը մերժելու, էովին նրանից վերանալու, «փախչելու» համար, որովհետև վերևում «նիրվանան է»՝ միրաժների գայթակղիչ, աստեղային աշխարհը: Հակառակ դեպքում, ըստ հեղինակի ընկալման, նրա հոգին մարմնանում է, աղտոտվում, կուսական կերպից քիմիական՝ արագընթաց բաղադրությամբ փոխակերպվում անընդունելի նյութի: Հոգին անհետանում է, ուստի պետք է գրել՝ վկայելու համար գոյությունը, չէ՞ որ արդեն վաղուց ասված է. «Կգա ոգու սով»: «Գործողությունը»՝ որպես այդպիսին, անընդհականությունն է անտես նյութի շարժման, հոգե՜-դրությունների, հոգե՜-վիճակների, հոգե՜-լարումների, որ «Լուռ հոգիներ»-ի կոմպոզիացիայի մեխն է, որից ստացվում է արձակ բանաստեղծության և գծագրական-նկարագրական արձակի յուրօրինակ սինթեզ: Դժվար է իսկապես կանխազգալ, թե ստեղծագործական հասունացման վերջնարդյունքում ի՞նչն է հաղթանակ տանելու՝ պատմվածքի ժանրային կառուցվածքի հանդեպ հեղինակի նախասիրությու՞նը թե՞ արձակ բանաստեղծական ձևի հոգեզգացական լայն իմպուլսացիան, որն անբաժանելի է նրա գեղարվեստական մտածողությունից: Այսպիսով, Ես-ի՝ օրենսդրի խոսքը, որպես կանոն, սյուժեի հոգեբանական իրականությունն է: Ահա ներքին դիմապատկերի գրական կերտումներից մեկը, որով պատմվածքի փոխակերպված ժանրն ընդարձակում է «ժամանակ-տարածություն» լոկալ դաշտը, փորձում տալ հոգու տիեզերական իմաստության մեկնաբանությունը, համադրում է ծննդագործության «միջադեպը» հեղինակ- գրական նախատիպ-կերպար հանգույցների հետ: Եվ որ ավելի կարևոր է, այդ ես-ը միշտ ականջալուր է ժամանակակցի՝ դրամատիզմով, թախիծով հագեցած ներքին ձայնին՝ լուռ մենախոսությանը: «Ես ինձ կյանքում ավելորդ բեռ էի զգում դեռևս մանկուց: Չէ, ավելի ճիշտ՝ այն ժամանակվանից, երբ առաջին անգամ բացեցի աչքերս և սարսափահար ճչացի: Հենց այդ ճչալուց սկսած, երբ շնչուղիներիս հասավ թթվածնի հաստ շերտը, որն ինձ ավելի գրգռեց, ես հասկացա, որ այս մոլորակի օդը խիստ վնասակար է ինձ նմանի համար: Ճչացի այնքան ժամանակ, երբ հասկացա, որ արդեն ճանաչում եմ իմ շրջապատի մարդկանց, նրանք էլ ինձ ճանաչում, և ավելորդ ու անպատվաբեր համարեցի արտաքուստ սենտիմենտալ թվացող լացը: լացելու այդ պարտականությունը ես փոխանցեցի իմ իմ ներաշխարհին» («Ավելորդ բեռ»): «Լուռ հոգիներ» խորագրով արտաքուստ պարզ գրքույկի գեղարվեստական համակարգի բաղադրիչների մեջ ուշագրավ շերտ են ստեղծում պատկերավոր-խորիմաստ, թևավոր արտահայտությունները, որոնք ամրապնդում են արձակ խոհական պատումի էլեգիական տրամադրությունը, գեղագիտությունը
Այս ամենն իր տեղին, բայց Ա. Միկոյանի ժողովածուի գեղարվեստական խոսքի ձգող ուժը, ներազդելու կարողությունը խոհափիլիսոփայական ինքնատիպ մեկնաբանությունն է՝ կապված անսահման մեծ իրականությանը: Ըստ «Լուռ հոգիներ» համանուն պատմվածքի գաղափարի՝ կյանքի համակարգը յուրատիպ հոգեիմացական նյութփոխանակություն է, որի ընթացքում առաջանում է ինչ-որ բան, որը տիեզերքի համար ամենաանհրաժեշտն է: Այդ ինչ-որ բանը հոգու ջերմությունն է: Նրա հոգիները դիցաբանական էություններ են՝ դիցանույշներ, գեղեցկուհիներ, օդային կամ ստորգետնյա թագավորության անույշներ, աստվածուհիներ, կախարդուհիներ, որոնք անհունորեն հմայուն անուններով են օժտված՝ Հեկա՜տե, Նամաա՜հ… Ազատություն տանք մեր երևակայությանը և տեսնենք, թե արդյոք ի՞նչ է նշանակում «հոգիներ» գեղագիտական եզրույթը՝ ըստ «Լուռ հոգիներ» պատմվածքի գեղարվեստական պատկերացումների: Այսպիսով, քարերից, հողից ու բույսերից սկսած մինչև հրեշտակապետերը և ամեն բան. որ գոյություն ունի տիեզերքի մեջ, գոյություն ունի նաև մարդու հոգու մեջ: Գրեթե այսպես է մտածում արձակագիրը: Տիեզերքի և հոգիների միջև եղած հարաբերությունը իդեալական հարաբերությունն է: Եթե մարդն էլ կարողանա իր ֆիզիկական և հոգեկան էությունները համաձայնեցնել տիեզերական թրթռացումների հետ, կարող է հասնել երկնային կարողություններին՝ փոխանակության մեջ մտնելով նրանց հետ: Հաղորդակցություն է սա հոգիների հետ. խոսում ենք և լսում են նրանք մեզ, կարող ենք շփվել գերիրական ուժերին: Այդ ժամանակ արդեն հոգիները կբացեն հավիտենական գոյության ճշմարությունները, կխոսեն բոլոր լուռ հոգիները Միածնի՝ մարդու հետ, որովհետև անմահությունը Երկրի վրա է: Երբ երկրի վրա շատ անարդարություններ են տեղի ունենում, երբ խիղճը սկսում է մահանալ մարդկանց մեջ, հոգիները լռում են: Այդ ժամանակ ածխարհում քաոս է տիրում և մեկը պետք է խոսեցնի «լուռ հոգիներին»՝ փրկելու համար մարդկությանը: Ռոմանտիկական երազն է՝ գրական իրականություն դարձած: Եվ ուրեմն մարդը կարող է գերազանցել ինքն իրեն, հպվել մարդկային էության ամենից զգայուն, նուրբ լարերին և թրթռացնել դրանք՝ իմանալով, որ կգտնվեն ուժեր, էություններ, աշխարհներ, որոնք կպատասխանեն նրան. «Լսում եմ աղերսագին ձայներ՝ օգնության ճիչեր, որոնք երբեք չեն դադարում՝ հուսալով, որ ես նրանց կլսեմ և կօգնեմ: Այդ ձայները գալիս են բալասանաբույրի ուղղությամբ, որի մեջ ես ամբողջովին թաթախված եմ: Աղերսաձայները և բալասանաբույրը ամրաձուլված են իմ մարմնի և հոգու հետ: Ես հիմա էլ լսում եմ այդ ձայները՝ «Գեբրիո՜ն, :օգնի՜ր, խոսեցրու լուռ հոգիներին»» («Լուռ հոգիներ»): Էականը պատմողի, խորհողի, երազողի անհատական հոգեբարոյական առանձնահատկությունների ներառումն է, որն անմիջական պատասխանատուն է պատմվածքի ժանրի ներկա փոխակերպման մեջ: Ահա ինչու, խոսելով «Լուռ հոգիներ» գրքի ստեղծագործությունների ծավալի մասին, միշտ պետք է նկատի ունենալ, որ փոքր պատմողական ձևի ըմբռնումը ցույց է տալիս Ա. Միկոյանի պատմվածքի արտաքին հատկանիշը, ոչ ավելին: Ըստ բովանդակության՝ խոհազգացական մանրակերտումների համադրությունից կազմված շղթա է, որն ստեղծում է առանձին –առանձին մտապատկերների հարակցությամբ զոդված «սյուժեներ», ծավալվում բացառապես հոգեբանական բնույթի «դիպաշարերով»: Արձակի այսպիսի տարատեսակը կոնֆլիկտ և հանգուցալուծում չի պահանջում, մանավանդ այն պատճառով, որովհետև չունի: Եվ էական չէ, թե քանի՜ էջից է կազմված այս կամ մյուս պատումի շարադրանքը, քանզի գրեթե անհնար է վերապատմել որևէ հիմնական հանգուցալուծվող իրադարձություն: Վերարտադրության հիմնական օրինաչափությունը հոգևոր աշխարհի ելևէջների ապահովումն է՝ զգացողությունների, հուշերի, վերապրումների, երազների ոլորտների հյուսումը, որոնց միացման շնորհիվ տեղի է ունենում պատմվածքի և արձակ բանաստեղծության յուրօրինակ «ամուսնությունը»: Եթե դասական պատմվածքն ու նովելը գործող անձ, հիմնական իրադարձություն են պահանջում, իսկ «պատմվածքը նովելի ռուսական անվանումն է» (Տոմաշևսկի), ապա Ա. Միկոյանի ստեղծագործությունների զգալի մասը հիշեցնում են կարճ պատմվածքների ոչ-լրիվ ձևեր, որտեղ շեշտը դրվում է ոչ թե գործողության զարգացման, այլ տրամադրության, մթնոլորտի, խոկման, մարդկային պարզ, մաքրամաքուր ապրումների վերակերտման սկզբունքների գործառության վրա, երբ պատումը ձև է ստանում հոգեբանական պլանի խորացման արդյունքում: Կարելի է ասել, որ դա ներկայացնում է պատմվածքի կառուցվածքի առանձին տիպ՝ ժանրային ձևի նոր բովանդակությամբ: Գեղարվեստական կենդանի ընթացքը սկսվում է խոհաքնարական անհատի հոգում, այն դեպքում, երբ ավանդական-դասական պատմվածքը, հակառակը, առաջին հերթին, հանդես է գալիս՝ որպես զուտ դեպք: Ինչպես տեսնում ենք, դա էլ, տվյալ դեպքում պարտադիր չէ, և տեղը զիջում է կոնկրետ դեպքից հեռացած վիճակին՝ Ես-ի տպավորության վերարտադրությանը, այս կամ այն երևույթի՝ հոգու վրա թողած ազդեցությանն ու վերապրումին, պատմողի ֆանտաստիկ-միստիկ երևակայությանը, խոհերի տպավորապաշտ հերթագայությանը: Իբրև գեղարվեստական ժանրային տեսակ՝ Ա. Միկոյանի պատմվածքը (նովելը) ստեղծում է պատումի ինքնատիպ որակ, որը բնորոշում է ժանրի տեղաշարժը առ ինտելեկտուալ արձակ բանաստեղծություն: Հատկապես այն պատճառով, որ պատկերման կենտրոնը ոչ այնքան փաստերն ու իրողություններն են, դեպքերն ու գործողությունները, մեկից ավելի կերպարներն ու կապերը, որքան այդ ամենի արտացոլումը մարդկային գիտակցության մեջ՝ որպես վերին բանականության առաքումը նրան, որպես ժանրի՝ շատ արագ ավարտուն կերպարանք ստանալու հատկությունը(պատումի համառոտ լինելը բխում է անմիջապես ժանրից): Հավաստի են Ա. Միկոյանի պատմվածքները, ապա մեր հույսերի ու հուսահատության, ցավի ու անկատարության, սիրո և սարսափների հետ: Այսպիսին է նրա նորակերտ փոքրածավալ արձակը, որը լրիվ հակառակ է առօրյա կենսակերպի էմպիրիկ տրամաբանությանը: Արձակագիրը գործում է երկփեղկված կառույցով. դրանցից մեկը՝ իրականության պատկերի վերակերտումն է, ինչպիսին որ կա և հայտնի է՝ որպես կարելիության հեգնանքը, մյուսը՝ արագ հոգեբանական հակադարձումն է դրան, ներազգային կյանքի կարգավորման կառուցվածքային դետերմինացիային ուղղված ներքին գարշանքը: Այստեղից կարելի է գալ ընդհանրացնող եզրահանգման, որ ինչպես նախորդող դարերում, այժմ էլ պատմվածքի ժանրը պահպանում է իրականության վճռորոշ կողմերը հրատապ արտահայտելու հազվագյուտ ընդունակությունը: Հենց այդ հատկությամբ Ա. Միկոյանի արձակը միասնական է գրական ավագ սերնդի գեղարվեստական փորձի և, առհասարակ, ժանրի կենսունակ ավանդույթների հետ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն