Ինձ ասել էին, որ այնտեղ աստիճաններ կան ու բարձրանալու դեպքում կգտնեմ նրան:
Երբ վարորդին  խնդրեցի սպասել աստիճանների մոտ, նա  առանց երկար մտածելու արգելակեց: Ես աստիճաններ չգտա. կորել էին, անհետացել կամ ի սկզբանե չէին եղել:
Ես քիչ ժամանակ ունեի, ու ամբողջ օրն ապարդյուն անցկացնելը զգալի կորուստ էր ինձ համար: Որևէ կերպ պիտի նշանավորեի օրս, որ չմոռանայի: Վերջապես, երբ  հայրս, որպես կանոն, հարցներ, թե ի՞նչ եմ արել այդ օրը, կարողանայի պատշաճ պատասխան տալ: Մոտակայքում կտրած ծառ կար: Ես չափեցի բնի տրամագիծը: Ես հորս կպատասխանեի, որ այսօր սովորեցի չկտրել ծառերը, ու  մի կտրած ծառ տեսա  հիսուն սանտիմետր տրամագծով:
Առաջին փորձի ձախողումից հետո որոշեցի հետևել մեկ այլ խորհրդի. նրան հարկավոր է փնտրել մութ վայրերում, արագ լույս վառել, որ հանկարծակիի գա ու չհասցնի նախօրոք հեռանալ:
Մթնել էր: Ես վառեցի լույսը: Այստեղ միայն տարբեր տեսակի ու գույնի կոմպոտներ, փոշիով քողարկված տարրաներ ու համապատասխան կափարիչներ էին: Նա չկար: Չէր եկել. ոչ մի ոտնահետք կամ նշան չկար: Նա նույնիսկ կոմպոտներից չէր համտեսել:
Պատուհանից դուրս նայեցի: Սառը քամին հարվածեց դեմքիս: Երկինքն անամպ էր, կենտրոնում` լիալուսինը:
Անհաջողակ լինելու զգացումը համակել էր ինձ: Ամենայն բծախնդրությամբ հիշեցի աստիճանները, կտրած ծառը, բնի տրամագիծը, հիսունի  զրոն, տարրայի կափարիչը:
Մտովի  բնի շրջագիծը, զրոն և կափարիչը կիսեցի  երկու մասի. կիսալուսին ստացվեց: Շուրջս  ամեն ինչ` առարկաները, մարդիկ, իրար նման են: Դրա համար էլ փնտրում եմ նրան: Ո՛չ, սխալ կլինի կարծել, որ կարոտել եմ: Այսինքն  ես չէի կարող կարոտել,որովհետև  երբեք չեմ տեսել նրան: Համոզված եմ, այսպես թե այնպես, մի օր դեմառդեմ հանդիպելու եմ: Պարզապես վերջերս հարցերի լուծման ժամանակ երիտասարդական շտապողականություն եմ ցուցաբերում:
Այս ամենից հետո հուսահատության ու թախծի համակումը կարծում եմ բնական է:  Օրերով տանից դուրս չէի գալիս, չնայած շտապում էի,ու  չգիտեի որտեղ փնտրել:
Ինձ նույնիսկ առաջարկեցին  փնտրել  գմբեթի տակ: Ես արագ, առանց երկար մտածելու,  որոշեցի գնալ` թաքցնելով շտապողականությունից արթնացած թախիծը, հուսահատությունը և հավատի բացակայությունը:
Չորս ողորկ սյուները կամարներ էին կրում, դրանց վրա հենվող գմբեթն ու ճաճանչավոր խաչը: Հետո երկինքն էր, իսկ ավելի վերև` Ամենակարողը:
Հարկավոր էր բարձրանալ ու Աստծուց անձամբ հարցնել,  կամ կանգնել գմբեթի վրա` ու  փնտրել նրան հեռու հորիզոնում:
Ամբողջ մարմնով` որովայնով, ձեռնափերով, ոտքերով, գրկեցի սյունը: Անհնար ոչինչ չկար, կարելի էր նմանվել պարան մագլցող մարզիկին: Ընկա ցած, որովհետև ես մարզիկ չեմ: Անկարողության  զգացումը նորից համակեց ինձ: Որոշեցի լինել ամբարտավան և հայտարարել իմ անհավատության մասին: Երբ չես հավատում, շարունակում ես փնտրել…
Փողոցով քայլեցի, շտապեցի, բայց ոչնչից չուշացա: Եղանակը սկսեց ցրտել, կարծես անձրևելու էր: Ավտոբուսի կանգառում կողքիս կանգնած տիկինը անսպասելի ասաց.
-Գնա բախտագուշակի մոտ:
Առաջին հայացքից նկատեցի նրա սև գլխարկը, հետո, որ շտապում է, այնուհետև նրա խոհարարական գիրքը:
Կինը փորձեց բացատրել: Երբեմն հայտնվում էր անելանելի իրավիճակներում, դիմում էր գուշակների օգնությանը ու խորհուրդ էր տալիս բոլորին:
Կինը մի քանի նորություններ ասաց խոհարարության մասին:
Սոխը օգտակար է առողջությանը:
Սխտորը անհրաժեշտ է օրգանիզմին:
Կաղամբ: Այստեղ երկար խոսեց: Ասաց` ընթրիքի համար դոլմա է պատրաստելու: Հարցրեց` ինչ դոլմա եմ սիրում:
-Նախընտրում եմ ածուխն ու երջանկությունը փաթաթել կաղամբով, ու մոտ քառասուն րոպե դնել կրակին:
-Հետո՞:
-Ստացվում է եփված ու ածխացած երջանկություն:
-Իսկ հորթի մի՞սը:
-Այո: Երջանկությունը նոր մորթած հորթի մսի համ կունենա:
Մենք հրաժեշտ տվեցինք միմյանց, ու ես բարձրացա ավտոբուս:
Պատուհանից դուրս էի նայում ու մտածում: Համենայնդեպս կարելի էր փորձել: Դա գերադասելի էր անորոշությունից ու ոչինչ չանելուց: Կարծում էի` կհայտնվեի կիսամութ սենյակում ու ծաղրածուի նման շպարված  գուշակը կխնդրի մեկնել ձեռնափս` գուշակությանն օժանդակելու համար:
Երբ ներս մտա, իմ դիմաց կանգնեց սափրած գլխով աղջիկ` վանդակավոր գնդակը ձեռքին: Նա մոտավորապես իմ կոնքերից էր կամ մի փոքր ավելի: Աղջիկն ինձ ծանոթ թվաց: Նրան որևէ տեղ տեսել էի` ինչ-որ հին լուսանկարում: Հագել էր տափակ կոշիկներ, բամբակյա կիսագուլպաներ, հաջորդաբար կիսաշրջազգեստ, բլուզ, իսկ աչքերը… Նրա գնդակ աչքերում զվարթ արտահայտություն կար:
Ես առհասարակ լավ չեմ խոսում, հատկապես երբ հանկարծակիի եմ գալիս: Ընդամենը մի քանի կցկտուր բառեր կարողացա ասել, որից նա ոչինչ չհասկացավ: Անկեղծ ասած` ես  նույնպես: Ուժերի գերլարումով հայտնեցի այցիս նպատակը: Կարծես մի փոքր տխրեցրի նրան, որովհետև ասաց.
-Իսկ ես կարծում էի, եկել ես ինձ տեսնելու:
Նա կանգնել էր իմ դիմաց ու գնդակը, հանդարտ խփելով գետնին, բռնում էր: Այս գործողությունը կրկնվեց մի քանի անգամ: Նրա պահվածքի մեջ հաստատակամություն կար:
-Հիշո՞ւմ ես, երբ դու ծնվեցիր, ոչ ոք չհավատաց:
Ինձ միշտ հաճելի է հիշել ծննդյանս օրը: Նույնիսկ ուզում էի, որ պատմի ապրիլի մեկի, հորս երկմտության և ուշացման, վերջապես հիվանդանոց գալու, հետո տոնախմբության ու արդեն անցած-գնացած անեկդոտների ու կատակների մասին:
Աղջիկն աշխույժ  հայացքով հետևում էր գնդակի  թռիչքին, որ հանկարծ չվրիպի: Գնդակը նույնպես ծանոթ թվաց:
Առաջին անգամ, երբ հղի կին տեսա, վախվորած հայացքով նայեցի ընկերներիս: Նրանք հանգստացրին ինձ, ասելով, որ կինը  գնդակ է կուլ տվել: Այդ պատասխանն ինձ լրիվ բավարարեց: Դրանից եզրակացրի, որ նմանատիպ գնդակից ծնվել եմ և ես:
Աղջիկն ինձ առաջարկեց գնալ խաղալու:
Մերժեցի: Ես դեռ չէի մոռացել, թե ինչու եմ եկել:
Նա քաշեց  ձեռքս:
— Ես փնտրում եմ նրան,- ասացի,- պետք է օգնես գտնել:
-Մի՛ անհանգստացիր, նա կգա:
-Ե՞րբ:
-Կասեմ` եթե խաղաս ինձ հետ:
Խաղահրապարակը բացօթյա էր: Նա միանգամից բաց թողեց ձեռքս ու սկսեց այս ու այն  կողմ վազվզել: Ես ինձ լքված զգացի: Այստեղ ոչ մեկին չէի ճանաչում: Եկել էի գտնելու, բայց աղջիկը հուսահատեցնում էր: Ակնհայտ է, որ գուշակների հետ դժվար է, երեխաների հետ` առավել ևս:
Առաջին  անգամ մտածեցի հեռանալու մասին:
Խաղահրապարակում ծառեր ու շատրվաններ կային, օդը մաքուր էր, աղմուկ չկար. կարելի էր փոքր-ինչ մնալ, թեկուզ ամբողջ թոքերով թթվածին շնչելու համար:
-Ինձնից երկու տարի հետո, սեպտեմբերի մեկին առաջին անգամ դու գնացիր դպրոց,-ասաց նա:
-Հիշում եմ: Սպիտակ վերնաշապիկը համադրել էի մուգ մանուշակագույն կիսաշրջազգեստի հետ: Գեղեցիկ էր ստացվել:
-Սպիտակ կոշիկները մոռացար:
-Այո՛, բայց վաղուց էր: Ինձ դպրոցում սովորեցրին օղակ պտտել: Դասընկերներիս մեծ մասը բակում էր սովորել: Ես չգիտեի, որովհետև հազվադեպ էի խաղում բակում:
Խաղահրապարակում փորձեցի օղակ  պտտել: Ստացվեց: Դեռ չէի մոռացել: Աղջիկը հետևեց իմ օրինակին:  Նա դեռ  չձևավորված կոնքերն անկանոն  շարժեց, բայց երկար չկարողացավ պահել որովայնի հատվածում: Բացի այդ ես ծնկներով էլ էի  օղակ պտտեցնում: Մի բան, որ աղջկան լրիվ անհավանական թվաց: Մի քանի անգամ կրկնեցի, որ դպրոցում կսովորի. նրա թափառող ուշադրությունը հեռուներում էր, ինձ չլսեց:
-Հիշո՞ւմ ես, քո դասընկերները որոշել էին ծեծել քեզ:
Գլխով դրական նշան արեցի:
-Որովհետև դու ամենասպիտակն էիր: Իսկ նրանք սևամորթ չէին:
-Բայց թուխ մաշկ ունեին,-ասացի:
Ես ամենայն մանրամասնությամբ կարող էի թվել դեպքերի հաջորդականությունը:
Առաջին դասամիջոցից հետո ինձ հայտնեցին համընդհանուր որոշման մասին: Մինչև վեցերրորդ դասաժամը ապրեցի միայն սպասելով: Ֆիզկուլտուրայից հետո աղջիկների հանդերձարանում նախատեսվում էր իրագործել: Բայց ոչ մեկը չհամարձակվեց հարվածել ինձ: Չնայած վախենալու պատճառ չկար. ես ամենացածրահասակն էի, նիհարը և ընդամենը սպիտակ մաշկ ունեի:
Ես երկրորոդ անգամ մտածեցի  խաղահրապարակից հեռանալու մասին:
Նրան կարող էի գրկել, ու միասին դուրս կգնայինք: Ես կշարունակեի փնտրել նրան: Կդիմեի իսկական գուշակների. նրանք չէին հիշեցնի անցյալը:
Աղջիկը որոշել էր ինձ ցույց տալ ամբողջ խաղահրապարակը: Ընթացքում խնդրեց ճոճել իրեն, սղարանից իջնելիս` բռնել: Պատմում էր, որ պահեստներ, ու ապաստարաններ ունի: Նարին ու կիտրոն է պահում` թթո՜ւ, թթո՜ւ: Խոստացավ հյուրասիրել, բայց չասաց երբ: Շատրվաններից ամենամեծի մոտ նա կտրուկ կանգ առավ: Իրականում շատրվանը այդքան էլ մեծ չէր: Հենց մանուկների համար էր նախատեսված: Վայրկենապես հանեց շապիկն ասելով.
-Ես լողալ եմ ուզում:
Թույլ ճչացի:
Ամռանը գնացել էինք լճափ: Որոշեցի լողալ: Ալիքներից ամենախոշորը մի հարվածով առավ ինձ իր գիրկը: Եթե հայրս չլիներ, հնարավոր է խեղդվեի: Հետագայում մոլբերտի առջև կանգնած հայրս նկարեց լիճը ու մայր մտնող արևը: Երբ նայեցի նկարին, ամուր բռնեցի հորս ձեռքը, որ չխեղդվեմ:
-Մի անհանգստացի՛ր,- ասաց աղջիկը,- մինչև լճափ գնալը չորս տարի ժամանակ ունեմ: Ես դեռ չեմ վախենում ջրից:
Իսկապես վախենալու կարիք չկար: Ջուրը հազիվ իմ ծնկներից էր: Նույնիսկ ցանկության դեպքում չէի խեղդվի: Մենք ջուր ցողեցինք միմյանց վրա` հիշելով որ մկրտված չենք: Հետո աղջիկը խնդրեց օճառել գլուխը: Ասաց`ուզում է մաքրվել: Օճառը քսեցի նոր աճած մազերի հակառակ ուղղությամբ: Փրփուրով լի ջրի շիթերը ցայտում էին այս ու այն կողմ: Մենք ուրախ էինք ու ծիծաղում էինք: Այժմ աղջիկն ինձ ավելի հարազատ էր, քան նախկինում:
Ես նրան ասացի.
-Լողանալուց հետո լա՛վ սրբվիր, որ չհիվանդանաս:
Ես նրան ասացի.
-(Քանի որ գիտեի ծիրան շատ է սիրում): Ծիրանը խակ չուտես, փորիկը կցավի:
Աղջիկը մոտեցավ ինձ ու գլուխը հպեց որովայնիս: Ձեռքերով փաթաթվեց ինձ: Նրա` փշերի պես աճած մազերը ծակեցին վերնազգեստս ու հասան մաշկիս:
Ես հոգ տարա նրա մասին:
Ես աղջկան որովայնով սիրեցի:
Նա հարցրեց.
-Հիշո՞ւմ ես,-ու շարունակեց:
Ասացի.
-Հիշում եմ:
-Հիշո՞ւմ ես,-ու պատմեց:
Ես հերթականությամբ հիշում էի բոլոր դեպքերը` ամենաուշագրավ մանրանասներով: Արդեն հոգնել էի փորփրել այն, ինչ գնացել էր ու միգուցե չէր կարող վերադառնալ: Արդեն անէացել էի միջավայրից, որովհետև ծերուկին ներս մտնելիս չէի նկատել: Նա հանկարծակի հայտվեց: Շատ պատահական` չկար, հետո կար: Մի քիչ հոգած էր երևում: Աղջկա գլուխը հպանցիկ շոյեց ու կհեռանար, եթե աղջիկը չխնդրեր կոճկել իր կոշիկները: Կոճկելուց հետո ծերուկը նույն գորովալից հայացքով նայեց ինձ, հետո` կոշիկներիս:
-Հիշեցի՞ր:
-Հիշեցրիր,-ասացի աղջկան:
Ամեն առավոտ Նշան պապիկը տանից դուրս էր գալիս ու միայն երեկոյան վերադառնում: Աննկատ անցնում էր մեր պատուհանի մոտով, երբ արդեն քնած էի լինում: Ես վաղ էի արթնանում, որ հասցնեի տեսնել նրան ու խնդրում էի կոճկել կոշիկներս:
Երբեմն հարբած էր տուն վերադառնում: Ժամերով անօգնական ընկնում էր ծառի տակ: Սկզբում երեխաները ծաղրում էին,նա հայհոյում էր: Հետո սկսեցին քարերով խփել. վերջապես իրենցից թույլին էին գտել:
Մի անգամ ինձ քաշելով բերեցին նրա մոտ: Ասացին որ եթե իրենց հետ եմ, ուրեմն պիտի քարով խփեմ:
Ես դեռ փոքրուց սիրում եմ Նշան պապիկին:
Հիշեցի ու բարկացած նայեցի աղջկան: Ես փնտրում էի նրան: Աղջիկը պետք է օգներ ինձ:
-Ես չեմ գուշակելու քո  ապագան:
Աղջիկը կարդաց մտքերս:
-Գիտե՞ս ինչ կանեմ: Ես կանցնեմ ծիածանի տակով ու տղա կդառնամ:
Նայեցի երկնքին: Վերևում իսկապես ծիածան կար: Վայրկենապես վախը համակեց ինձ: Ես կարող էի կորցնել  աղջկան, ու գուշակին:Նա վազեց դեպի ծիածանը, ես` ընկա ետևից: Աղջիկը ցատկեց քարի վրայով, մի քանի շրջան պտտվեց սղարանի շուրջը, ու նրան բռնեցի: Մտածեցի` վերջ: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Աղջիկն ավելի ճարպիկ դուրս եկավ, քան կարծում էի: Նա դուրս պրծավ ձեռքերիցս ու վազեց ծիածանի կողմը: Չհասցրեց. ծիածանը թաքնվել էր ամպերի ետևում:
Այսպիսով` ես համոզված եմ,որ ուզում եմ ազատվել հիշողություններից: Վախենում եմ դատարկության զգացումից ու մենությունից: Աղջիկը նույնպես ցանկացավ լքել ինձ:
-Աչքերդ փակի՛ր,-ասաց նա` ներում հայցող աչքերը հառելով վրաս: -Ես սկսում եմ գուշակել ապագադ:
Համոզված եմ ուշադրություն գրավելու համար արեց, կամ պարզապես ուզում էր մեղքը քավել: Հոգնածությունից աչքերս փակեցի: Մի տեսակ ուզում էի քնել:
-22,-ասաց աղջիկը,- դու ժպտալով դուրս ես գալիս երկհարկանի շենքից թղթապանակը ձեռքիդ:
26:
Հաճախում ես բժշկի: Բողոքում ես ականջացավից: Բժիշկը հավաստիացնում է, որ ականջի հետ ամեն ինչ կարգին է: Հարկավոր է հիվանդության օջախը գտնել: Հիմա ինքդ շարունակի՛ր հաշվել:
-28: 29: 30…
-Ո՛չ: Մի՛ շտապիր, ավելի դանդաղ հաշվիր:
Ամբողջ թոքերով շնչելով` ասացի.
-33:
-Քեզ պատգարակի օգնությամբ իջեցնում են ցած: Սպիտակ մեքենան աղմուկ հանելով` ճանապարհ է պահանջում բոլոր մեքենաներից ու հետիոտներից:
-35:
Ես այլևս չէի լսում: Ես փնտրում էի նրան: Ոչինչ չի կարող ինձ խանգարել: Ես իրավունք ունեմ նրան գտնելու: Այստեղ ծառի բունը նման է օղակի, օղակը` արևի, արևը` տարրայի կափարիչի, իսկ կափարիչը` զրոյի: Եթե կիսենք բունը, օղակը, արևը, կափարիչն ու զրոն, կստացվի ծիածան, ծիածան կամ կամար:
Կիտրոնը նման է նարնջի, նարինջը նման է գնդակի: Եթե կիսենք, էլի կիսենք, կստացվի կիսալուսին: Նույնն է` ինչ կամար կամ ծիածան:
36:
Աղջիկը տխուր ձայնով ասաց.
-Բժիշկները պայքարել են քեզ համար, ի սկզբանե չեն հանձնվել: Այժմ հուսահատ են ու բացասաբար տարուբերում են գլուխները:
Ես սայթաքում եմ: Կարծես կանգնած լինեմ արագ գլորվող գնդակի վրա` նման կրկեսի ծաղրածուի կամ խեղկատակի: Հողը փախչում է ոտքերիս տակից: Ոտնաթաթերով զգում եմ հենարանիս ողորկությունը, ու չկա ոչ մի ճեղք կամ ելուստ բռնվելու համար: Ես այդպես էլ չսովորեցի կառչել:
37:
Բացեցի աչքերս: Աղջիկը չկար: Ես տեսա նրան: Ամբողջ մարմնով սարսռացի: Նա կատարյալ էր:
Ու խոնարհվեցի շատ դանդաղ, խորը ու կոր:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն