Գիշերային մթության մեջ վեր խոյացած հնգանկյուն աշտարակների գագաթին ծածանվում են խոցված վարազի պատկերով դրոշակները: Մռայլ միջնաբերդում, շրջապատված լրտեսների լուրերով, գուշակների մարգարեություններով, պատմագիրների ստերով, նստած է արքան: Նա, երկար պարեգոտ հագած, ապառաժ աստիճաններով բարձրացավ վեր, նստեց արծաթազօծ գահին, արնակալած աչքերով փնտրեց երիտասարդ կնոջը, ով չէր կարողանում նրան որդի պարգևել:

Արքան ձանձրույթի նախանշաններ է արձակում, թեև ոտքերի մոտ թռչկոտում են իր երկու աղջիկները, քաշքշում են ծաղրածուի հագուստից, որպեսզի կրկնի գնդիկներով հնարքը: Ծաղրածուն գնդակի վրայից ցուցադրական ընկնում է ցած` ժպիտ կորզելու արքայի շուրթերից, սակայն միապետի կնճռապատ դեմքը մռայլվում է, ներս են բերում շղթայակիր դատապարտյալներին, որպեսզի նա վճռի` ինչ պատիժ սահմանել պալատական խնձորները գողացող տղամարդկանց համար: Երկու մեղսագործները բերանքսիվայր ընկնում են արքայի ոտքերի առջև, որպեսզի խնայի իրենց: Դահիճը նշում է հանցագործության դրդապատճառները` նրանք հանցանքը կատարել են կարիքից դրդված, որովհետև սովյալ երեխաներն ամեն օր շշնջում էին` «հայրի՛կ, խնձոր ենք ուզում ուտել», իսկ նրանց կանայք պահանջում էին` ասելով` «Բոլոր երեխաները կյանքում գեթ մեկ անգամ պետք է արքայական խնձորներ ճաշակեն»: Մեղսագործները պարսպի մեջ անցք են բացել և զարտուղի ճանապարհով մտել այգի:

— Այդ ճեղքով կարող են լրտեսներ մտնել ամրոց,- գոռաց պալատականներից մեկը,- պետք է խստագույն պատիժ սահմանել նրանց համար:

— Քո որոշումը, արքա,- շշնջաց ծաղրածուն` տեսնելով ինչպես է մռայլ միապետը գլուխն առել ձեռքերի մեջ և մոլագարի նման մի կողմից մյուսը քայլում: Բարկացած արքան մի կողմ հրեց միմոսին, ահեղադղորդ ձայնով նախատինքներ թափեց հավաքվածների վրա: Վճիռն արտասանելուց առաջ նա հայացքն ուղղեց կամարաձև պատուհանին և փակեց աչքերը` նա է, նա եկավ, ասաց արքան:

 Սյունասրահը ողողվեց լույսով: Լույսը մոտենում էր արքայական գահին: Ահաբեկված պալատական կանայք սև քողով ծածկեցին դեմքը, որպեսզի ճառագող լույսը չկուրացնի իրենց: Տղամարդիկ շրջապատեցին արքային` մերկ նիզակներն ուղղելով լույսի ուղղությամբ: «Լուսավոր մարդը»,- շշնջաց շիկահեր արքայադուստրը և թաքնվեց գահավորակի ետևում:

Լուսավորյալ տղամարդը դիմեց արքային` ես եկել եմ ու գիտեմ` այլևս չեմ կարող իմ կամքով հեռանալ, ուրեմն` լսի՛ր ինձ ու գթա՛ մարդկանց կամ թույլ տուր ինձ կրել գողացված խնձորների պատիժը:

Մոլեգնած արքան գավազանն այնքան ուժգին խփեց գետնին, որ թվաց քարից կայծեր դուրս թռան: Միապետը հրամայեց փոսը նետել լուսավորյալ տղամարդուն, որպեսզի այլևս ոչ ոք չհանդգնի փորձ անել ազդել արքայական որոշումների վրա: Տասներեք տարի նրան բանտարկեց զնդանում առանց հաց ու ջրի, հանցագործներին ուղարկեց տաժանակիր աշխատանքի և արգելեց ցմահ խնձոր ուտել, ինչպես նաև գայթակղությունից զերծ մնալու համար չքայլել խնձորի այգիների մոտով:

— Մեծահոգի է արքան,- արցունքոտված աչքերով գոչեց ծաղրածուն: Պալատականները մի քանի անգամ բարձրաձայն կրկնեցին միմոսի խոսքերը:

Հոգնած ծաղրածուն վերադարձավ տուն, գրկեց իր գաճաճ կնոջը ու միասին ընկան եղրևանու ծաղիկներով զարդարված ամուսնական մահճի վրա: Միմոսը, սովորույթի համաձայն, փորձեց ծիծաղեցնել կողակցին, սակայն գաճաճ կինը միայն ծամածռեց դեմքը, չհաջողվեց ժպիտ պարգևել ամուսնուն, նա արդեն տեղյակ էր միապետի ծանր դատավճռի մասին: Բարկացած կինը փոքրիկ բռունցքները խփում էր ամուսնու կրծքին և հարցնում, թե ինչպես է նա կարողանում ծառայել նման թագավորի, սակայն ծաղրածուն պատասխանում է` արքան մեկն է, վճիռը` անքննելի:

Ամեն շաբաթ ծաղրածուն ալրաղացից մի պարկ ալյուր էր գցում ուսը և հազիվհազ բերում տուն, որպեսզի կինն իրենց համար լավաշ թխի, տանը կրկին տարածվի թոնրում թխվող հացի բույրը: Կինը իր կարճլիկ հասակով կռանում էր թոնրի մեջ` ստուգելու եփել է, թե ոչ: Թվում էր` ահա կընկնի փոսը, սակայն նրա ջլապինդ ու ոսկրոտ ձեռքերը դուրս էին հանում նոր թխած լավաշը: Ծաղրածուն կրկեսից վերադառնալիս թարմ լավաշն ու տաք ապուրը գտնում էր սենյակի մի անկյունում: Նա նոր ներկայացման էր պատրաստվում, որտեղ կարևոր դերակատարում ուներ վարազների հետ խաղը, որը, անշուշտ, ծիծաղ կպարգևեր արքային և պալատականներին:

 Ձյան առաջին գալստյան հետ հրապարակը լցվել էր հոծ բազմությամբ` ունկնդրելու արքայի խոսքը: Նրա խոսքից էր կախված հաջորդ տարվա հարկերի ու տուրքերի բարձրացումը, զորակոչման ու սերմնացանի օրը: Երկնքում պարող փաթիլները ծածկում էին երկիրը ճերմակով, վեցաթև փաթիլը նստեց երեխաներից մեկի թարթիչին: Նա տրորեց աչքերը, և փաթիլը հալվեց ձեռքերի ջերմությունից: Երեխաները ձնեմարդ էին պատրաստում, սակայն դեռ չէին որոշել, թե որ մարագից են գողանալու քիթ-գազարը:

Առատ ձյուն էր տեղում: Արքայի ոտքերը խրվել էին ձյան մեջ, և նա ծանր քայլերով մոտենում էր փայտե բեմահարթակին: Բարձրանալով վեր` մի ձեռքով նշան արեց, որ բոլորը լռեն, սակայն հավաքվածներից մեկը գոռաց` մենք չենք ուզում քեզ լսել, հեռացի՛ր, արքա: Հավաքվածների մի մասը, հետևելով վրդովված տղամարդու օրինակին, ձնագնդիկներով սկսեց խփել արքային, ու արքայի քիթն արնահոսեց: Բարկացած միապետը պալատական կախարդին հրամայեց հաշվեհարդար տեսնել. կախարդը բարձրացրեց գավազանը, անհասկանալի բառեր ասաց, ու խռովարարները վարազ դարձան: Մեծ իրարանցում սկսվեց, վարազները ոտնատակ էին տալիս արքայական զորագնդի զինվորներին, իսկ ամենախիզախն, առաջ անցնելով բոլորից, հարձակվեց արքայի վրա: Թիվ մեկ տղամարդու մահը կանխագուշակած զորականները ետ քաշվեցին, և միայն փոքրամարմին ծաղրածուն հանեց դաշույնը և հարձակվեց վարազի վրա: Պայքարը երկար չտևեց, քաջասիրտ ծաղրածուն պատռեց վարազի կուրծքը, բայց ինքն էլ ընկավ «մարտի դաշտում»:

Արքան ամոթահար էր. նա դարձավ ծաղրածուի ձեռքով փրկված արքա, որպեսզի ոչ ոք չնկատի, թե ով է իր փրկիչը, թիկնոցը գցեց ծաղրածուի անկենդան մարմնի վրա: Արքան հրամայեց մատյաններում գրել, որ իր կյանքը փրկել է հեռավոր երկրից ժամանած մի զորական ու համեստաբար խնդրել է հիշել միայն իր անվան առաջին տառը` Ծ: Ծաղրածուի մարմինը տարան կրկես և հայտարարեցին, որ կրկեսի վարազը փորձի ժամանակ անպատեհ պահի հարվածել է ծաղրածուին: Լուրը հասավ գաճաճ կնոջը, նա, ոտաբոբոբիկ, ձյան վրայով վազեց կրկես, գտավ ամուսնու մարմինը` արքայական թիկնոցով ծածկված: Մի կողմ նետեց արքայական թիկնոցը, ծնկի իջավ և ողբաց սիրելի ամուսնու մահը: Մահացած ծաղրածուն պալատական հանդերձանքով էր: Հավաքվածները համոզված էին, որ ոչ մի սխալմունք չի կարող լինել, քանի որ մատենագիրներն արդեն գրել են ճշմարտությունը, սակայն գաճաճ կինը տանը գտել էր իրեղեն ապացույցը` ծաղրածուի` գետում լվացած ու չհագած հագուստը, որն իր ամուսինը կրում էր կրկեսային փորձերի ժամանակ:

Երկրում լուր տարածվեց` արքան հիվանդացել է խոզուկ հիվանդությամբ ու նոր ծաղրածու է փնտրում: Ոչ մի հեքիմ չի կարողանում բուժել նրան, գուցե նոր ծաղրածուի պարգևած ժպիտը բժշկի արքային: Թագավորական ծաղրածուի հավակնորդներին արքան չէր հրամայում պտտեցնել կամ հնարքներ անել գնդակով: Նա միայն մի հարց էր տալիս` ի՞նչ կանեիր դու, եթե վարազը հարձակվեր քեզ վրա: Միմոսի բոլոր թեկնածուները գրեթե նույն պատասխանն էին տալիս` կփախչեի, արքա:

Ծանր հիվանդությամբ տառապող արքայի դեմքն օր օրի խեղվում էր: Նա քաշվեց իր քնարանը և այլևս ոչ մեկին չէր ցանկանում տեսնել, բացի իր քրոջից և հեքիմներից: Երկրի տերը հրամայեց չհիշել լուսավորյալ տղամարդուն, ծաղրածուին ու գաճաճ կնոջը, հակառակ դեպքում կբանտարկեր Մոռացության բերդում:

Սակայն նույնիսկ արքաներն ի զորու չեն փոխել պատմության ընթացքը, քանի դեռ ապրում են հերոսները:

Ամուսնու մահից հետո գաճաճ կինը թարմ թխած լավաշի կտորներ էր բերում լուսավորյալ տղամարդուն: Նա այնքան փոքրամարմին էր, որ թաքնվում էր ստվերում, անցնում էր անձրևի կաթիլների արանքով ու աննկատ սողոսկում փոսը` ասեղնագործ գոգնոցի գրպանից հանելով լավաշի կտորները: Տղամարդը ազդրակապով էր, կիսաքուն ընկել էր գետնին, ու կինը ժամանակ ուներ զննելու նրա մարմինը` համոզվելու` իր առջև երկրի ամենագեղեցիկ ու լուսավորյալ տղամարդն է: Նրա մարմինը ծածկված էր մտրակի հասցրած վերքերով, սակայն լույսը ճառագում էր նախկին ուժգնությամբ: Տղամարդը բացեց աչքերը ու թույլ ժպտաց` գիշերը երազ էր տեսել, որ իր արքան ծանր հիվանդ է ու կանչում է իրեն` բժշկելու հիվանդությունը: Երբ դուրս գա փոսից, դպրոցներ, հացատներ, հիվանդանոցներ կկառուցի, տաճարական գիտելիքը կփոխանցի մյուսներին, սովյալները խնձոր կունենան, տկարները կապաքինվեն: Կինը լսում էր լուսավորյալ տղամարդուն և զմայլվում նրանով, ուզում էր հարցնել` իրեն գեղեցիկ համարո՞ւմ է ինչպես ծաղրածուն, սակայն վերապրում էր գաճաճ լինելու տխրությունը: Փորձում էր համոզել տղամարդուն իր հետ փախչել Սառցե իշխանների մոտ, հավաքել խռովարարներին և արշավել արքայական դղյակի վրա, սակայն լուսավորյալ տղամարդը հրաժարվում էր. նա սպասում էր իր արքայի հրամանին, նրա պարտքն էր մնալ երկրում, թեկուզ երկրի փոսում:

Կինը վաճառեց հանգուցյալ ծաղրածուի հագուստներն ու կրկեսային պարագաները, որպեսզի կարողանա իրագործել իր վաղեմի ցանկությունը: Նա մի փոքրիկ կառք գնեց, կառապան վարձեց, որ մոտենան միջնաբերդի պարսպի մուտքին և պահապան նետաձիգներին հայտնեն Սառցե երկրից ժամանած ազնվատոհմիկ տիկնոջ այցելության մասին, որը ցանկանում է տեսակցել արքային:

 Նրա առջև դուռը դանդաղորեն էր բացվում, և միայն մեկ տարի հինգ ամիս տասնութ օր հետո հայտնվեց պալատական պարտեզում և հերթ կանգնեց արքային տեսնել ցանկացող պալատականների խմբի վերջում: Սև քողով կինը կրկնեց տարածված լուրը` արքան հիվանդ է, անկողնուց հազիվհազ է վեր կենում, չի ցանկանում տեսնել որևէ մեկին, բացի իր քրոջից և հեքիմներից:

Անհաշիվ կիրակիներ գաճաճ կինը արշալույսին բարձր գոչում էր «արքա՜», և արքան անկողնում վեր էր թռչում: Նետաձիգները վերևից տեղատարափ անձրևի նման նետեր էին արձակում միապետին անհանգստացնող կնոջ ուղղությամբ, ու նա թաքնվում էր եղևնիների սաղարթում` անհետանալով տեսադաշտից: Արդեն ձմեռ էր, և կինը սկսել էր հազալ, նա համոզում էր պարտիզպանին հակառակ դռնով մտնել պալատ ու ճշտել` արքան ո՞ղջ է, թե՞ ոչ: Երկար ժամանակ անցավ, ու եկավ պատասխանը` արքան ողջ է, անկողնում պառկած: Նա չի ցանկանում պատմության մեջ մնալ որպես մարմնով այլանդակ, հոգով վախկոտ, մտքով ընչաքաղց արքա: Նա պատրաստ է ընդունել գաճաճ կնոջը և լսել նրա խնդրանքը: Տարիներ անցան, մինչ կինն իր փոքրիկ ոտքերով բարձրացավ պալատական աստիճաններով և հոգնատանջ կանգնեց արքայի առջև, ամբողջ մարմնով ձգվեց վեր և պահանջեց մահացած ամուսնու արյան գինը` ազատ արձակել լուսավորյալ տղամարդուն: Արքայի մարմնով դող անցավ, բարկությունից կորցրեց իրեն: Հրամայեց դահճին շքամուտքից դուրս նետել նրան: Դահիճը մի ձեռքով գրկեց գաճաճ կնոջը, ու նա չէր հասցրել ճիչ արձակել, աստիճաններով գլորվեց ցած` գլուխը խփելով քարին: Կնոջ շուրջը խռնված պալատականները լսում էին նրա ծանր ու մարող շնչառությունը, զարմանում էին, թե ինչպես է նրան հաջողվել տեսակցել արքային, մի՞թե բոլոր պալատականներին նույն ճակատագիրն է սպասվում:

Գաճաճ կնոջ մահից հետո երաշտ սկսվեց երկրում, պալատական այգին չորացավ: Երկիրը վերածվեց անապատի, պարբերաբար հրդեհներ բռնկվեցին: Վարազները մեղսակիրների բացած անցքով մտնում էին պալատական պարտեզ ու սնվում ծառերի արմատներով: Հուսահատ արքան երկրպագում էր երկնքին, որ անձրև տեղա, քանի որ երկրի հողը տառապում էր ջրի պակասից:

 Մի անգամ արքայի քույրը վիրապի մոտով անցնելիս, նկատում է անմար լույսը և հայտնում արքային, որ լուսավորյալ տղամարդը ողջ է, նախկինի նման նրա մարմինը լույս է ճառագում, և խնդրում է ազատ արձակել նրան: Արքան ականջալուր է լինում քրոջը, ազատում է տղամարդուն կապանքներից, ու լուսավորյալ տղամարդը բժշկում է միապետին ծանր հիվանդությունից:

Տարիներ անց, գաճաճ կնոջ մահվան տասներորդ տարելիցի օրը, աղաղակներ են լսվում: Պալատականները գլխակորույս վազում են հրապարակ: Ծերացած արքան ձեռնափայտի օգնությամբ ամրոցի աստիճաններով հևիհև իջնում է ցած, դանդաղ քայլերով շարժվում դեպի հրապարակ: Երկնքից ձյան փաթիլների նման խնձորներ են ընկնում ցած, հարվածի ուժից փշրվում գետնին: Ծեր առաջնորդը ծնկի է գալիս հրապարակում, ձեռքերը բարձրացնում է վեր ու շնորհակալության խոսքեր ասում, որ երկինքը օրհնում է իր երկիրը: Յուրաքանչյուրը վերցնում է խնձորի իր բաժինը. խնձորն այնքան թթու էր, որ արցունք է քամում արքայի աչքերից:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն