Ծերունին ծանր քայլերով շրջում է և թափթփված իրերի մեջ ինչ-որ բան փնտրում: Նա շոյում է խառնված մորուքը ու անհանգիստ հայացքով նայում շուրջը: Ինչ-որ մեկը հուշել է նրան, որ իր պապից մնացած ժառանգությունը գտնվում է սնդուկի մեջ, այնտեղ է թաքնված հավերժության գաղտնիքը: Երկու պատերի արանքից հանում է փոքրիկ բանալին: Բացում է սնդուկը: Կաշեպատ հին կազմով գիրքը դրված է սնդուկի մի անկյունում: Փչում է տարիների կուտակված փոշին, փոշու հատիկները, օդի մեջ սավառնելով, անհետանում են: Գիրքը տպագրվել է Ամստերդամում, փորձում է կարդալ տարեթիվը, բայց թվերը ջնջված են: Թերթում է գիրքը, առաջին էջում գրված է` ազնիվ դարբիններն ամբողջ գիշեր ծանր մուրճով խփում են սալին, զնգոցից լեռները ճաք են տալիս:
Դարբինները ահաբեկում են չար ոգուն, ամրացնում նրա կապանքները:
Էջ 20
Չար ոգին ահուսարսափ է տարածում մոտակա բնակավայրերի վրա: Նա օրորոցի միջից գողանում է քառասունքը չբոլորած արու մանուկների: Սև թևերով օրոր է անում ու բարձրացնում լեռն ի վեր: Նա երաշտ է բերում դաշտերին, վախեցնում է հղի կանանց, կոտրում ջուր կրող աղջիկների կուժը: Նա նման է քամու, սավառնում է, ներս է մտնում ծխնելույզից ու նոր տարվա գիշերով դուրս գալիս ընծա տուփերի միջից: Ահաբեկված երեխաները լայն բացում են բերանները, պապանձվում են, չեն կարողանում օգնության կանչել ծնողներին:
Էջ 35
Լեռնաբնակները գտնում են ելքը: Ծերակույտ են հրավիրում, ամենատարեց ծերունին ընտրում է կնոջը: Կինը ռազմի աստծո կողմից ուղարկված որդի կծնի: Քառասուն դեռափթիթ աղջիկներ կհսկեն կնոջը ինն ամիսների ընթացքում: Նրանք շարք կանգնած պարկապզուկ կնվագեն, բարձր երգերով հեռու կքշեն չար ոգուն: Կինը որդի կծնի և խաղաղություն կհաստատի Եփրատի հովտում:
Էջ 40
Մինչ եղեգնաթռչնիկը կանգնում է ճյուղին, անհոգ դայլայլ արձակում, կինը, քառասուն աղջիկներով շրջապատված, ճչում է պարկապզուկների երգից բարձր: Ռազմի աստծո որոտի ներքո դարբինները թողնում են առօրյա գործերը, օրուգիշեր երկաթ են կոփում, վահան ձուլում կայծակի դրոշմով, եռաթև նետ են պատրաստում, սաղավարտ, դաշույն, թրեր սուր-սուր, որ զինեն նորածին մանկանը:
Էջ 47
Գարնանային այդ օրը տղան շաքարաքլոր ուտելիս է լինում, իսկ պահակազորայինները չեն նկատում՝ ինչպես է չար ոգիների զորագունդն անցնում Եփրատ գետը և օղակում զինվորներին, որպեսզի գողանա ռազմի աստծո որդուն: Չորս օր տևած պատերազմից հետո թշնամին նահանջում է: Զոհվում են հարյուրավոր մարտիկներ, ողջ մնացածներից մեկը լուր է բերում մայրաքաղաք` ատլանտներ են հարձակվում: Զինված են մինչև ատամները: Նրանք ունեն ծանր գուրզ, թունավոր նետեր, ու մարմնի ծանրությունից ոտքերը խրվում են հողի մեջ: Չար ոգին ամենևին էլ վախկոտ ու տգեղ չէ, ինչպես գրված է գրքերում:
Էջ 53
Երկնքում քուլա-քուլա թևածում է այրված գրքերի ծուխը: Մարդիկ ասել էին` գրքերում գրվածը սուտ է, քաջասիրտները մեր ժամանակների համար չեն, չկա նաև աստված: Այրենք գրքերը, եթե ներկա է, թող աստծո աչքերը արցունքոտվեն ծխից: Նա կբարկանա և անձրև կուղարկի:
Թանձր ծխից տղան արագ-արագ թարթեց աչքերը, ծխից փռշտաց, ու պապն ասաց` առողջություն:
Էջ 61
Տղան հեծնում է փայտե ձին, քաշում է սանձը, ձիու փոխարեն խրխինջ արձակում: Օդում ճոճում է թուրը և ասում` պապիկ, մի կողմ քաշվիր, ես անհաղթ տղա եմ, գնում եմ պատերազմ: Պապը պատասխանում է` դե շուտ վերադարձիր, միասին վանիլային պաղպաղակ ուտենք. արդեն սառնարանից հանում եմ: Տղան մի քանի պտույտ է տալիս ու փայտե ձիու սանձը քաշելով՝ տանում է խոհանոց:
Ծերունին թերթում է 67-րդ, 68-րդ, 69-րդ պատռված էջերը, այստեղ փոքրիկ տղայի պատմությունը ընդհատվում է: Տասնամյակների ընթացքում մի քանի էջեր կորստյան են մատնվել: Ստորին մասում ընթեռնելի է մի նախադասություն` տղան կծել է օրորոցում պառկած աղջկա մատը և այլևս չի հանդիպել նրան:
Էջ 73
Վերին անհայտ մի կետից լսվում է կնոջ աղեկտուր ճիչ: Չար ոգին է գողացել անհաղթ տղային ծնած կնոջը՝ ասում են դարբինները, կճուճով մեղր տանենք տղային, որ ուտի, շուտ մեծանա ու բարձրանա լեռն ի վեր: Չար ոգին կնոջը կապել է հյուսիսարևելյան մեծ ժայռաբեկորին: Ամեն ամիս նույն օրը թունավոր նետով նետահարում է կնոջը: Նրա վերքերից արյան առվակներ են առաջացել ու լիճ դարձել, որ դարբիններն անվանում են «Կարմիր ծով»: Կնոջ մարմինը դանդաղ ծերանում է՝ մինչ տղան կմեծանա ու սպեղանի կդնի կնոջ վերքերին:
Էջ 77
Փոքրիկ տղան քնել է մռայլ պապի գրկում: Ծուռտիկ ոտքերով փերիները, կարճ զգեստներ հագած, բարակ մատները սահեցնում են տավիղի լարերի վրայով, գովերգում են մանկան քաջությունը: Տղան ժպտում է քնի մեջ: Փերիները մոտենում են նրան, շրջան են կազմում ու պար բռնում: Մանուկը թափահարում է թաթիկները, մոտենում է ճերմակ ժայռից բխող կաթնաղբյուրին: Փերին կաթով լի երկու ափը մոտեցնում է տղայի շուրթերին, որպեսզի մանուկը հագեցնի ծարավը: Ժայռի գագաթից քամու նման սուրում է չար ոգին: Երախից կրակ է բաց թողնում՝ ստիպելով փերիներին խուճապահար փախչել: Տղան մնում է մենակ, աչքերը փակ լաց է լինում: Արթնանում է քնից, թաթիկներով ճանկռոտում է պապին, համոզվում՝ ապահով գրկում է:
Էջ 82
Ըստ դարբինների թաղում պահպանված արձանագրության՝ ամենաերիտասարդ դարբինը հանձնում է կայծակի դրոշմով վահանը, որ փոքրիկ տղան երազում պաշտպանվի չար ոգու հարձակումներից: Տղան վահանը կրում է իր հետ նույնիսկ հեծանիվ քշելիս: Ոստիկանը նախազգուշական սուլոց է արձակում, տղային զգոնության կոչ անում՝ չանցնել կարմիր լույսի տակով: Արևն այրում է երկիրը: Ճառագայթները «խայթում» են տղայի արեգակ բիբերը: Նա, հեծանիվին նստած, նայում է արևին, կկոցում է աչքերը, վահանն ուղղում է կիզիչ ճառագայթներին, մինչև պապը որոշում է արևային ակնոց նվիրել թոռանը:
Էջ 86
Տղան դեռ դպրոց չի հաճախում, սակայն պապը սովորեցրել է նրան այբուբենը: Նա կանգնում է աթոռին` պատրաստ երգելու առաջին նոտաները: Պապը վերցնում է մատիտը ու չափ տալիս, երգելով միասին գնում են խոհանոց: Պապն ասում է` կեր, թե չէ աղվեսը կգողանա ապուրը: Տղան բարկացած ձեռքը խփում է սեղանին ու պատասխանում` իսկ ես կուտեմ աղվեսին:
Էջ 93
Մռայլ պապը պատմություն է պատմում աղվեսակեր տղային: Երեք ճանապարհ կա. առաջինով եթե գնաս, կբարձրանաս լեռն ի վեր, երկրորդով` կդառնաս դարբին: Երրորդ ճանապարհով կհասնես իմաստության ոսկե դարպասներին:
Վերջին էջ
Սեպտեմբերյան մի առավոտ աղվեսակեր տղան բռնել է պապի ձեռքը, ու միասին գնում են դպրոց: Տղան ապշահար նայում է դպրոցի բարձր ցանկապատերին, ահա մոտենում են հայտնի ոսկե դարպասներին: Տղայի սիրտը լցվում է հպարտությամբ: Նա երգում է՝ այբ, բեն, գիմ, պապը շարունակում է՝ եվ, օ, ֆե: Միասին ծիծաղում են բարձր-բարձր, զրնգուն ծիծաղով: