***
Մի օր կալեկոծվես,
ափերիցդ դուրս կգաս
Կասես` Ծովն եմ հիշաչար,
Ինչ-որ մի տեղ,
ինչ-որ մի ափում
փաթեթավորված են
արցունքներդ:
Իմ թախծախեղդ Ծով,
Երբ գիշերահավասարին
ափերիդ փրփուրը
կծածկի մարմինս,
Կվիժի դառնաջուր,
Նորից օր կիջնի մեր միջև
սառն ու արցունքաբեր:

***
Ամառը խմորվեց մորս
հացի թասում,
Ճարճատուն կրակում
վառվում էին
հիվանդանոցից բերված օրերս…
Թեյի բաժակում
մելանխոլիան խառնելով
մորս թխած անպանիր
հացն եմ ուտում,
Դրսում թաց անձրևը մաքրում է
հոգուս աշնանացավը:

***
Հիմա կտուրին տեսնես
ի՞նչ ես անում,
Աստղերն ես հաշվում
երիցուկների նման սիրում ես,
չես սիրում:

***
Մեր հանդիպած վայրում
մանուկները խաղում են էլի,
մենք էլ հանդիպեցինք,
սեր խաղացինք,
խոսեցինք,
ցրվեցինք` դու ձեր տուն, ես` մեր:

***
Երկինքը հոտոտող
շան բերանից
արևածագն էր կախվել,
Գետերով հոսում էր գիշերը:

***
Արևը մակույկի վրա
օրորվում էր,
հիշելով գարնան
համբույրը:

***
Քեզ մոռանալն այնքան հեշտ է,
Այնքան թեթև…
աշունը ոտքերը սրբում,
Ներս է գալիս
Վերջին տերևի մահը տեսնելով
արցունքաբեր են դառնում աչքերս
քո աչքերով…
Երբ գաս հիշեցրու ծիծաղդ,
Հիշեցրու այն օրը,
երբ ես Աստծո հետ էի…

***
Գիշերը հագավ իր սև զգեստը,
երկրի ճաղատությունը չէր երևում:
Փչելով հույսի մոմը
բոլորը ծալեցին իրենց
երազանքները:

***
Երեք տուն այն կողմ
ապրում է վազող երջանկությունը`
արյունոտ հասկերում,
Երկնքի բիբերում
սառցակալաց աստղերը
մեկիկ-մեկիկ վայր են ընկնում
նրա ափին:
Երեք տուն այն կողմ
կույս կարոտները
բուրում էին ծաղկաբույլ օրերում,
Հրաժեշտներին երամները
տարան,
Մնաց միայն ցնորքը գետի
բերանից կախված:

***
Քամու ճանապարհին
գույնզգույն մազերը փռելով
կնամոլներն են նկարել
նոյեմբեր ամիսը սարերին:
Տերևները շղարշն են թափանցիկ ,
Մեկիկ-մեկիկ ընկնելով մերկանում է
Բնության մարմինը պեծ:
Շուտով դեկտեմբեր կտավում
Գիշերը իր երգը կգրի…

***
Օ՜ Մարիա
Ռիլկեի և Մարգարետ Ասլանյանի
բանաստեղծությունները
լցրել եմ պարկի մեջ`
հատ-հատ, բառ առ բառ:
Նրանք քեզ են ուղղված:
Մարիա, գիտե՞ս կարմիր
հոկտեմբերին քանի՜ Աստված է
Քո գույներով ներկվել:

***
Մի քանի տարի էր
ընկերոջս չէի տեսել:
Ձեռքերս պարզեցի
դեպի վեր,
գրկախառնվեցինք՝
ես ու ինքը:

***
Սովորիր
ինձ պես թռչել երազներում,
քամու ալիքներում,
բայց…
չվերադառնաս այդ ալիքներով
երազներս երկնքից ցած կընկնեն:

***
Քաղաքը իր մարմնից ինձ
դուրս շպրտեց,
ասաց.
— Գնա, ուր կուզես,
Գնա հասակ առ, ծիլ տուր,
Այստեղ ոչ ոք քեզ չի ջրի:

***
Մտքերով մնալու տեղ չունեմ.
թռչուն — ընկերուհիս
վաղու՜ց թռչել է տաք երկիր:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն