«Խնայողություն, Համո, հորս մեռելահացի կերակուրները մորս հարսնասեղանին սառը մատուցվեցին»1: Կուլ չէ՞ր գնում: Չէ, հա, լավ էլ սոված էի, թե ուտեի, ստամոքսահյութս վայրկյանում կքայքայեր եղածը: Բայց չկերա: Պիտի նավակում պահեի: Հա, խնայողություն անել միշտ է պետք:
Արևամուտին գնալու էի: Պետք էր վերջին պատրաստությունները տեսնել:
Ի՞նչն էր մնացել: Հա՛, հիշեցի: Ցանկություններն հավաքելը վերջին պահին էի թողել: Այդպես լինում է, չէ՞, որ դժվար բաներն ամեն կերպ հետաձգում ենք: Պրոկրաստինացիա՞: Չեմ կարող ասել: Կարող է պատահի, որ ուղղակի ալարկոտությունս էր պատճառը: Ըհը, հիմա էլ խոսելով եմ ընկել: Նորից խլում եմ գնալուս վայրկյանից մի քանի րոպե:
Դարակները երկար քրքրեցի, մինչև մի ճամպրուկ գտա: Հենց ինքն էր: Երբ սկսեցի հավաքելու ընթացքը, այն ավելի երկար տևեց, քան պատկերացնում էի:
Աշխարհը վատն է, մեր հագով չէ, չէ՞, Համո՛: Մարդկությունը խոզերի բոլուկ է: Խեղճ խոզեր, չգիտեն, թե ինչ անհանդուրժողականություն ենք ցուցաբերում իրենց նկատմամբ, թե չէ հիմա բողոքի ակցիա կկազմակերպեին:
Չէ՛, Համո՛, աշխարհը մեզ համար վատը չէ, հակառակը՝ չափից ավելի լավն է: Բոլորս ուզում ենք այն մեզանով անել: Ոչ մեկիս էլ չի հաջողվում: Բոլորս էլ դժգոհ ենք:
Հա՛, Համո, իմ Ցանկություններն է՛լ ավելի շատ էին, քան… ինչե՞րը: Կարողություննե՞րս: Հմտություննե՞րս: Տրվածնե՞րը: Ստացածնե՞րս: Չգիտեմ: Փոքր ժամանակ միայն Ցանկություններն էին ամեն օր ավելանում: Ես խնամքով դասավորում էի դրանք իմ փոքրիկ դարակներում, մինչև ծնողներս համապատասխան Կատարումներ կնվիրեին: Ինչքան մեծանում էի, այնքան Ցանկություններս առանց Կատարումների էին մնում: Հետո մոտս նոր երևույթներ առաջացան՝ Սպասումներս: Դրանց համար էլ գտնում էի ամենամեծ դարակները, որ տեղավորվեին. շատ էին մեծ, հազիվ պարփակել էր լինում:
Հիմա, Համո՛, ոչ մի Սպասում չունեմ, պատկերացնո՞ւմ ես: Ոչ մի: Բոլորը հանեցի ու մեր շենքի հսկա աղբամանը շպրտեցի: Գուցե ինչ-որ մեկին պետք գան: Կգա, գլուխը կմտցնի աղբամանից ներս, կփորփրի ու, կարող է պատահի, ուրախանա՝ գտնելով իմ Սպասումները: Գուցե հետը տանի՞: Չգիտեմ: Ինձ որ պետք չեն:
Բայց Ցանկություններս հարազատ են: Երևի որ մանկական հուշեր են արթնացնում: Կամ հիմա էլ արդիական են, ուղղակի ես ինձ արգելել եմ գիտակցել նրանց կարևորությունն իմ մարմին կոչվող հագուստի կամ հոգի կոչվող փառասերի համար:
Էլի խոսելով ընկա, իսկ ինձ մնացել է մի քանի րոպե: Շուտով արևամուտ կլինի, ես պիտի հասցնեմ մինչ այդ գետն անցնել ու հասնել ծովին:
Ի՜նչ անփույթն եմ: Մոռացել էի, որ նկուղի արխիվում էլ Ցանկություններ ունեմ: Դրանք ինտիմներս են: Բոլորից թաքուն էի պահում: Մեկ-մեկ ինքս էլ մոռանում էի դրանց գոյության մասին: Կամ ինքս էլ ինձնից ուզում էի թաքցնել:
Ճամպրուկս ամբողջը չէր կարող տանել, բայց Քինդլիս ծառայությունից էլ օգտվել չէի ուզում, ստիպված սկսեցի ընտրություն կատարել պետքական ու անպետք Ցանկություններիս մեջ: Դա երկար տևեց: Ու քանի որ քեզ այնքան էլ չի հետաքրքրի, Համո՛, այդ մասին վազ կանցնեմ:
***
Երբ հասա նավակին, արևն արդեն կիսով չափ մայր էր մտել: Երևի զարմանալի չէր, որ նավակում Քարոնը կանգնած չէր, բայց քանի որ վերջին օրերին ինձ շատ էի համեմատել Ստիքսն անցնողների հետ, մոտս չսպասված հիասթափության նոպա եղավ: Այ քեզ բան, իսկ ես կարծում էի՝ Սպասումներս բոլորն էլ շպրտել էի:
Նավակը ճոճվում էր ջրերի վրա՝ ամեն րոպե ինձ մեկ սանտիմետր ավելի մոտեցնելով ջրվեժիս: Իմ տունն էր դառնալու աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժը: Բայց ես չէի շտապում: Գիտեի՝ մի օր հասնելու եմ:
***
Ջրերի մանրիկ կոհակները զրույցի էին բռնվել իրար հետ: Ունկ էի դրել նրանց չարաճճի խոսքուզրույցին, երբ քիչ հեռվից ջրերի ճողփյունի ձայն լսվեց: Օ՜, աստվածներ, ինձ էր մոտենում մի կպրագույն նավակ: Երբ նավակն ավելի մոտեցավ, երևաց նաև ուղևորը. անհասկանալի տարիքով, քրջոտ, կեղտոտ շորերով մեկն էր:
Եղել է, չէ՞, որ ծանոթ մեկին հանդիպելիս փորձես չտեսնողի դեմք ընդունել ու առաջ գնալ: Կպրոտին (եսիմ, չգիտեմ ինչու՝ անծանոթին այդպես անվանեցի) առաջ երբևէ չէի տեսել: Բայց չէի էլ ուզում տեսնելու տալ:
Փորձերս անհաջող անցան: Կպրոտը նավակը քաշեց իմ կողմ ու հիացած հայացքով ողջույնների հեղեղ սկսեց թափել: Սկզբում չէի հասկանում. կարծեմ հին լեզուներով էր խոսում, բայց երբ ես իմ լեզվով զարմանքս հայտնեցի, նա ճակատը վերև քաշեց, խոնարհվեց ու սկսեց խոսել իմ լեզվով:
Անունը Սպանդար էր: Պարզվեց, որ նա ժամանակին մի լեռնակտորի վրա է ապրել:
«Ես այնտեղ աստված էի,- հպարտությամբ նշեց Սպանդարը,- երբ մարդիկ դեռ գիտեին, թե ինչ է երկյուղածությունը, երբ կար հարգանք անսովորի ու ուժի նկատմամբ, հազարավոր մարդիկ ինձ երկրպագում էին»:
Կպրոտի խոսքերն ինձ հավատ չէին ներշնչում, բայց քանի որ զգում էի՝ ուշադրության պակաս ունի, որոշեցի անհամաձայնությունս չբարձրաձայնել:
«Ինչպե՞ս աստված դարձար»,- հարցրի ես:
«Մարդիկ ինձ բռնացրին նկուղումս՝ տասնյակ կիսամեռ մարդկանց հոշոտելիս: Կարկամեցին, հետ-հետ գնացին, աղմուկ-աղաղակ բարձրացրին, հետո ծնկի իջան իմ առաջ ու սկսեցին երկրպագել: Ես հասկացա, որ նրանք աստվածացնում էին իմ մեջ եղած անբանականը»:
«Հետո՞»,- ուղղակի տոն տալու համար հարցրի ես:
«Հետո նկուղս դարձրին իրենց մեհյաններից մեկը ու զոհեր մատուցեցին ինձ»:
«Դու ինչի՞ աստվածն էիր՝ սարսափի՞, մեռելների՞»:
«Այո, նաև ստորգետնյա ամեն ինչի: Չե՞ս հավատում: Խոսի՛ր, առարկություններդ ասա: Չէէէ, մի լռիր»:
Ես սկսեցի նրան վստահեցնել, որ ամեն ինչ ավելի քան համոզիչ էր, ու ես մտածում էի հենց այդ ուղղությամբ:
Այդպես, Համո՛, աշխարհից անդին խնդիրների ձեռքն էի ընկել:
Ես ստիպված եղա Սպանդարին խոստանալ իմ նոր տարածքում մի հոր փորել կամ նկուղ սարքել, որ եթե այնտեղ բնակչություն հայտնաբերենք կամ երբևէ առաջանա, ինքը դառնա այնտեղի ներհատակյա տարածության աստվածը:
Կպրոտը գոհ մնաց:
***
Հիմա, Համո՛, ընկե՛րս, դու իմացար իմ այստեղ գալու պատմությունը: Ասում են՝ մահից հետո մահ չկա: Ես չեմ հավատում: Արդեն շպրտել եմ ճամպրուկիս բոլոր Ցանկությունները, բացի մեկից: Համո՛, ընկե՛րս, խոստացիր, որ կկատարես վերջին զառանցանքս: Ինչո՞ւ ես ժպտում: Խղճո՞ւմ ես: Մի՛ խղճա, վատ եմ զգում: Խնդրում եմ, մտիր գլուխս, փորփրիր ուղեղս, գտիր մտածելու կենտրոնն ու անջատիր այն: Անջատի՛ր, խնդրում եմ: Ես մտածելուց հոգնել եմ արդեն2:
———————-
1. Վ. Շեքսպիր, «Համլետ», ««Խնայողություն, Հորացիո, մեռելահացի կերակուրները սառը մատուցվեցին»:
2. Պետրարկա, «Ես մտածելուց հոգնել եմ արդեն, ինչպես չեմ հոգնում ես մտածելուց»:
ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
NON PUTO