Ես փոքր երեխա եմ ու ապրում եմ մեր փոքր գյուղում: Գյուղի փոքրությունը իմ փոքրությունն ա: Մեծանամ` գյուղն էլ կմեծանա, ես կլինեմ իմ գյուղի մեծացման երաշխավորը, ես կլինեմ ուրիշ, ես կտարբերվեմ բոլորից, որովհետև ես փոքր երեխա եմ, ու ինձ ամեն ինչ կարելի ա մտածել: Հետո էլ` ինձ ասել են, որ ես մեծ մարդ եմ դառնալու, ինձ կանխագուշակել են մեծ մարդ դառնալ, ու ես էդ խաչը տանելու եմ ինձ հետ ամբողջ կյանքում` միշտ ձգտելով գցել էդ ծանրությունը իմ ուսերից, բայց միշտ ամրացնելով էդ կապերը:
— Պապ, ո՞ւր ես գնում:
— Լոնդոն:
Հայրս երբ տեղ ա գնում, ու ես հարցնում եմ` ուր, ասում ա` Լոնդոն: Ես Լոնդոնը չգիտեմ ինչ ա: Պապ, ես Լոնդոնը չգիտեմ ինչ ա, ու երևի քո պատասխանը ինձ համար հենց էդ չիմացությունն ա: Գուցե` դու էլ չգիտես` ուր ես գնում: Բայց դու երևի գիտես` Լոնդոնը ինչ ա, ես դա չգիտեմ: Լոնդոնը ինձ մոտ ասոցացվում ա անանուխի համով կոնֆետի հետ, որի անունը ռոնդո ա, Լոնդոնը ինձ համար ասոցացվում ա խաղալիքներիցս մեկի հետ, որ կապույտ աստղիկ ա, ավելի ճիշտ էն, ինչ մնացել ա էդ աստղիկից:
Ամենօրյա վազքիս մեջ չեմ նկատում` հայրս ուր ա գնում ու որտեղից գալիս: Հայրս չի աշխատում մեր գյուղում: Ես չգիտեմ անգամ` հայրս ինչ ա աշխատում, բայց ինքը միշտ ուշ ա տուն գալիս, ինքը նման ա նոր տարվա գիշերին, ես իրեն միշտ սպասում ու սպասում եմ, իսկ ինքը գալիս ա էն ժամանակ, երբ քունս վաղուց հաղթել ա ինձ:
— Պապաս Լոնդոն ա գնացել,- ասում եմ հայաթի մյուս երեխեքին:
Երեխեքը դեմքները ծամածռում են, փորձում հասկանալ` ինչ ա Լոնդոնը: Համոն սկսում ա գլուխը քորել տենդագին քորով: Ասում եմ` ինչի ես քորում, ասում ա` պապաս երբ մտածում ա, գլուխը սկսում ա քորել: Համոն կրկնօրինակում ա իրա հորը, ինքը շարժվում ա հոր պես, մտածում ա հոր պես` չհասկանալով, որ հայրը եթե գլուխը քորում ա մտածելուց, ապա գլխում մի բան կա, իսկ մեր` իմ ու Համոյի գլխում ոչ մի բան էլ չկա, մենք ուղղակի կրկնօրինակում ենք ձևը` թքած ունենալով բովանդակության վրա: Մենք չգիտենք` ոնց ա գրվում բովանդակություն բառը, ու մենք չգիտենք դրա իմաստը: Բայց բառը իրենով մեզ դուր ա գալիս:
— Երևի ես էլ գնամ Լոնդոն,- ասում եմ Համոյին` լուրջ դեմք ընդունելով ու հորս կրկնօրինակելու ձգտմամբ, ինքս տալիս եմ իմ դատավճիռը` նմանվելու հորս: Բոլորս նմանվելու ենք մեր հայրերին: Հուսամ` կստացվի լինել հայրիկի պես ու գնալ Լոնդոն: Հա, ես ամեն առավոտ տնից դուրս կգամ, կգնամ Լոնդոն ու հետ կգամ գիշերը, երբ իմ երեխան արդեն քնած կլինի: Հենց հայրիկի պես: Հենց էդպես եմ ուզում: Տեսնես` պապի՞ն էլ ա հայրիկի պես Լոնդոն գնացել-եկել, որ հայրիկն էլ իրեն նմանակեց: Պիտի որ, էլի…
— Մամ, պապան ո՞ւր ա գնում:
— Իրենից հարցրու:
— Պապ, ո՞ւր ես գնում:
— Լոնդոն:
Ինձ մեկ-մեկ թվում ա` հայրս ինձ ձեռ ա առնում: Բայց երեխեքին ձեռ չեն առնում: Ես փոքր երեխա եմ: Եմ ես երեխա փոքր:
Երազումս Լոնդոնն եմ տեսնում` անանուխի մեծ կոնֆետ` աստղիկի տեսքով: Ես արդեն գիտեմ` ուր ա գնացել պապան: Պապայի մասնագիտությունը արդեն ինձ պարզ ա: Պապան հաստատ տիեզերագնաց ա ու միշտ գնում ա տիեզերք` աստղերի մոտ. աստղերից մեկը հենց անանուխի կոնֆետ ա, անունն էլ` Լոնդոն:
-…Չէ՞ պապ:
— Լոնդոն, տղես, Լոնդոն:
— Լոնդոն,- կրկնում եմ հորս ասած բառն ու վազում խաղալու:
Մինչ ես մտածում եմ` ոնց անեմ, որ գնամ Լոնդոն` էդ մեծ տիեզերական աստղի մոտ, որը անանուխի համ ունի, քույրս ու եղբայրս իրար հետ կռվում են, ու եղբայրս սկսում ա լաց լինել: Մաման հարցնում ա` ինչի՞ ես լացում: Ինքն էլ ասում ա, որ չի ուզում ամուսնանալ քրոջս հետ: Ինքը մտածում ա, որ քույրերն ու եղբայրները իրար հետ են ամուսնանում: Ես էլ եմ էդպես մտածում: Մենք փոքր երեխեք ենք, ու մեզ ամեն ինչ կարելի ա մտածել:
Եղբայրս լացում ու փաթաթվում ա Լոնդոն գնացող հորս ոտքին: Չի թողնում` հայրս գնա: Ես վազում ու քացով խփում եմ նրա ոտքին` չնայած ինքը ինձնից շատ բարձրահասակ ա: Ասում եմ` թող հայրիկի ոտքը, ինքը Լոնդոն պիտի գնա, չի կարելի ուշանալ իրեն:
Հայրս ձեռքով շոյում ա իմ ու եղբորս գլուխները ու գնում:
Եղբայրս հետևից ձայն ա տալիս` ո՞ւր ես գնում: Պատասխանը շատ պարզ է. Լոնդոն:
Եղբորս հարցնում եմ` ինչի էր լացում: Ինքը ինձ ասում ա, որ չի ուզում ամուսնանալ մեր քրոջ հետ: Ես էլ եմ սկսում լացել: Մայրս վրա ա հասնում, հարցնում` ինչի եմ լացում: Ես շարունակում եմ զռռալ ու կակազելով ասում եմ.
— Բա որ ի-րանք ի-րար հետ ա-մուս-նա-նան, ե՞-ս ում հետ ե-մ ա-մուս-նա-նա-լու:
Եղբայրս սկսում ա ինձ հետ հավասար լաց լինել: Մենք նստում ենք գետնին ու լացում ենք մեր անբախտության վրա: Ինքը` իր ընտրության բացակայության, ես` ընտրություն չունենալու: Մայրս թողնում ա մեզ իրար հետ, գլուխ չի դնում մեզ հետ, իսկ մենք իրար ձեռք-ձեռքի ենք տալիս, մաքրում իրար արցունքները ու մշտական որոշում կայացնում, որ ինչ էլ լինի, իրար թիկունք կպահենք, ինքը կհոգա, որ ես ամուսնանամ մեկի հետ, իսկ ես կհոգամ, որ ինքը չամուսնանա մեր քրոջ հետ, որովհետև դա արդար չէ:
Մենք գրկում ենք իրար:
Մութը:
Ընկնում է:
Շատ:
Արագ:
Հայրիկը:
Հետ է:
Գալիս:
Լոնդոնից:
— Պապ, էլ մի գնա Լոնդոն, լա՞վ:
— Լավ, տղես, չեմ գնա:
Ես հանգիստ եմ քնում: Գիշերը երազումս էլ Լոնդոն աստղիկը չեմ տեսնում: Առավոտյան ես ու եղբայրս ուրախ ենք: Մենք մեջք ենք իրար: Հայրիկը ուրախ-զվարթ հագնվում ա ու ուզում ա գնալ աշխատանքի: Ես գիտեմ, որ նա նորից ուշ ա գալու տուն: Ես գիտեմ, որ էսօր էլ իրեն չեմ տեսնելու, ես գիտեմ ամեն ինչ: Ես փոքր երեխա եմ ու ապրում եմ մեր փոքր գյուղում, ու ես մեծ մարդ եմ դառնալու: Ինձ համար մեկ ա` ինձ կասեն դրա մասին, թե չէ:
Ես կդառնամ:
Իմ ուզած:
Գրողը:
Իսկ հայրիկը քայլ ա գցում մեր տան շեմքից դուրս: Հետ ա նայում` սպասելով իմ հարցին:
Ես չեմ ուշացնում.
— Ո՞ւր ես գնում, պապ:
— Լոնդոն:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն