Ցավին, հայտնիին, Ֆեյսբուքում այս կամ այն մեկի գրածին, հազար անգամ հնչածին քիչ բան կարող եմ ավելացնել, եթե առհասարակ կարող եմ։ Շատ քիչ գիտեմ, որ կարողանամ գրել։ Առանց իրավական-քաղաքական գնահատականի որևէ այլ գնահատական չի կարող մեզ համար պիտանի չափով հիմնավոր լինել։ Քաղաքացիականության պատրանքի առաջ ես տեղեկությունների մեծ պակաս ունեմ, և ինչ էլ գրեմ, դատապարտված է գեղագրություն լինելու, որ ավելի ճշմարտացի և պիտանի չէ, քան, օրինակ, ազգայնականության սին պաթոսը։ Ուրեմն՝ նախ հասկանալու անհաժեշտությունն է՝ առանց ընդհանրացնող պիտակների։ Այնինչ չգիտեմ, չունեմ և չեմ կարող անել ոչ մի ճակատային բան, որ մետաֆորի ձեռնածող ճակատայնությունը կոտրի…
Բացի այդ, ես-ի միջոցով պատերազմի մասին խոսելը (անկախ այն բանից՝ կին է խոսողը, թե տղամարդ) միշտ մի մեղավոր կողմ ունի. ինչ ասում ես, քո դեմքը հետը մեղավոր-մեղավոր մեջտեղ է գալիս՝ պատերազմի ֆոնին սելֆիի նման… Հիշում ես Սվետլանա Ալեքսիևիչի վեպի վերնագիրը՝ «Պատերազմը կնոջ դեմք չունի»…
Գրելը բարդացնող մի հանգամանք ևս. ես սիրով Կաֆկայի նման կասեի, որ պիտանի լինելու իմ բոլոր հնարավորությունները կապված են բացառապես գրականության հետ։ Եվ այդուամենայնիվ, համաձայնեցի ինչ-որ բան գրել՝ նախապես ապավինելով իմ մեջ կուտակվածին և նրան, որ միշտ էլ կարողանում եմ ինչ-որ բան գրել։ Բացի այդ, առնվազն այսքանն անվանելու և Ֆեյսբուքից դուրս շրջանակելու առիթ եղավ։
Գուցե մենք հայկական պետության վերջին սերունդները լինենք։ Սրան ինձ նմանների դեպքում գումարվում է հայերեն գրողի ողբերգությունը… Բոլոր պիտիները, որ այս օրերին մեզ համար ձևակերպեցինք, իրականացնելու դեպքում շատ ցավոտ ու բարդ են, և ես անգամ իմ մասով վստահ չեմ, որ իբրև քաղաքացի՝ մինչև վերջ կարող եմ քաջ լինել։ Իմ գործելու ոլորտում ես դյուրինության չեմ ձգտում, այնտեղ, որտեղ վստահ եմ, երբեք առավել հաջողության հասնելու համար իմ իսկ դրած սահմանը չեմ զիջում։ Բայց այս համոզվածություններիս մեծագույն մասը բառերի, ձևերի, դրանց հարաբերությունների՝ գուցե միայն ինձ տեսանելի իսկականությանն է վերաբերում։ Այս բծախնդիր հետևողականությունը ես ի վիճակի չեմ բանեցնելու իմ ոչ գրական կյանքում, հիմնականում որովհետև ուրիշ ոչ մի տեղ այդքան վստահ չեմ լինում և այդքան վստահորեն չեմ երկմտում, որքան գրականության մեջ։ Ես հաճելի թեթևություն կզգայի, եթե հնարավոր լիներ երկրիս ղեկը վստահելու մեկին, ում նույնքան բծախնդիր կհամարեի իր գործում։ Բայց եթե այդպիսի մարդիկ կան էլ, նրանց հասունացնող ու երևան բերող հաստատություններ չեն երևում։ Ու ցավոք, հազիվ թե մոտ ապագայում երևան… Առաջին հանրապետության վարչապետ Քաջազնունին ասում էր՝ այնպես չէ, որ մենք չէինք հասկանում, բայց կարծես մինչև վերջ չէինք հասկանում։ Ցավոք ազգային մտակեցվածք հիշեցնող այս միտքն այսօր մեզ՝ Ֆեյսբուքում ապրողներիս համար ավելի քան բնորոշ է։
Եղանակի տեսություն կարդալու պես հեշտ դատողություններ ենք անում Ֆեյսբուքում, կանաչ «պծիչկաներով» շարում ենք, իրարից փոխաբերություններ ենք տանում… Արդեն էսթետիկա է մտնում մեր ցավի մեջ, անձնական հավակնություններ… Տեքստիս սկզբում փոխաբերության խաբկանքի մասին գրեցի։ Ավելորդ է ասել, թե ինչ ավերումներ է գործում ստահոդ ու կեղտոտ լրահոսը, որն ամեն վայրկյան ոչնչացնում է առնվազն հասկանալու համար անհրաժեշտ լեզուն, թույլ չի տալիս, որ դրա կարիքն իսկ գիտակցվի։ Որտեղի՞ց և ինչպե՞ս խոսել, որ կրավորական չհնչի։ Լրատվամիջոցներն արդեն բացառել են միջին լեզվի անկրավորականության հնարավորությունը. դրանց լեզուն մշտապես նույն որակի հակաճառություն է ստեղծում կամ էլ «պաշտոնական լրահոս»… Միջին անկրավորական լեզու. ահա կարևոր հարցերից մեկը։ Որպես գրող՝ ես իմ դերը տեսնում եմ լեզվի հետևողական զարգացման մեջ, որպես դասախոս՝ լրագրության միջոցով հասարակական հաստատությունների կայացմանը նպաստել սովորեցնելու։