— Հա՛, Միշկո ջան, եկել եմ, երեկ գիշերն եմ եկել, էսօր հեսա, ոնց տեսնում ես, արդեն դպրոց եմ մտել: Ի՞նչ ես ասում, չէ հա, էնա աշակերտներս լավ էլ գիտեին, որ նոր մարդ պիտի գա, լավ ընդունեցին: Մենակ թե` մեջները մեկը կար, մի աղջիկ, քո պես սև-սև աչք-ունքով, չիմացա էլ՝ ինչի էր ինձ էդպես չափչփում: Ամբողջ դասին մի բառ չասաց: Հարցնում եմ կովալենտային կապի մասին՝ մրոտ մատներով նստած՝ ժակետի ծայրերն ա մաժմժում ու մեխող հայացքն ինձնից չի իջեցնում: Մտածում եմ, թե էս ժամանակ ի՞նչ մրոտ մատ: Դե ինչ ասեմ, Միշկո, դու էլ բան չես ասում, խոսքներդ մեկ եք արել, մենակ վրես նայեք, սկի բարի գալուստ չես ասում: Հասանք տուն, տանս տեղն իմացար, թե ներս ես գալիս, արի:
Միշկոն պոչը թափ տվեց ու գնաց: Ժանգոտ դարպասի դուռը շրխկոցով բացեցի, մտա ներս: Չորացած հողը, նեխած թփերն ու որդնած հատուկենտ ծառերը միակ փաստարկն էին, որ էս երկու ոտք տարածքում մի ժամանակ ծառ ու ծաղիկ ա աճել: Ես էլ, դե, ասացի, չէ՞, երեկ եմ եկել, դեռ փոշու մեջ եմ ապրում: Փոշին էլ հո փոշի չի, մաքրելդ չի գալիս: Հա ու հեչ էլ չեմ մաքրի, էս տունն իմը չի, ես էլ էս փոշու համար օտար եմ: Ինքը տեր ա ունեցել, մաքրող էլ ա ունեցել, ծիծաղ ա լսել, երեխու լաց էլ ա լսել, ալկաշ Սաքոյի ոռնոցն էլ ա լսել, Սիրունի անեծքներն էլ ա լսել: Բա ես ո՞վ, որ գամ ու մաքրեմ-տանեմ էդ ոռնոցն ու լացը, տեղը ի՞նչ դնեմ, ոչ մի բա՞ն: Այ քեզ բան, չէ, Միշկո ջան: Կոշիկներս կհանեմ ու կպառկեմ փոշոտ բազմոցին, անհոտ ու անհամ չայս կխմեմ, խոնավության հետ խառնված գոզահոտն էլ կշնչեմ: Ոնց բացատրեմ, թե ինչ հոտ եմ զգում: Օրինակ, Միշկո, դու էլ կհիշես, էն որ ցախանոցից փետ էինք կրում-տանում տուն, նստում էինք տաք փեչի մոտ, ոտներս էնքան էինք վրեն դնում, որ բրդից նասկիները մշում էին: Իսկ հարևանի տուն որ մտնում էինք, հինգ երեխուց ամենափոքրը թաց ռետուզով միշտ խաղ էր անում խոնավ պարկետի վրա, էն մյուս չորսն էլ անգույն աչքերով միշտ սառը փեչին էին նայում՝ ձեռքերն իրար քսելով ու «հո» անելով: Հետո արդեն իրար հետ էինք փետ կրում մեր ցախանոցից, ու արդեն մի քանի զույգ ավել ոտք էր դրված լինում փեջի վրա: Բայց մեկ ա, Միշկո, մեկ ա, վերջին երեխեն միշտ նստած էր մնում խոնավ պարկետին ու միշտ նույն հոտի մեջ, ու գիտե՞ս ինչի, որովհետև դու ինչքան էլ ուզենայիր ավելի շատ փետ կրեիր քո ու ուրիշների համար, մեկ ա, էդ ժամանակ բոլորն էդ հոտի մեջ էին, ու մարդ կա` մինչև հիմա էդ հոտից ֆոբիա ունի, բայց ես, տե՛ս, պառկել եմ, ու էս տխուր նոսթալջին ինձ տանում ա շատ հետ:

***
Սաքոն լավ տղա էր: Տուն ուներ, այգի, պտղատու ծառեր: Տանը գրքեր ուներ, հորից թաքուն հերթով թռցնում, տանում-տալիս էր Սիրունին: Ոչ ինքն էր կարդում, ոչ էլ Սիրունը: Բայց գրքերն անուշ սնկահոտ ունեին, միասին թերթում էին, մեջը տերևներ չորացնում, մեկ-մեկ էլ աչքները մի երկու տող էր ընկնում: Մի օր էլ Դեկամերոնից մի երկու տող ընկավ, Սիրունը կարմրեց: Դե հետո էլ ի՞նչ. ամուսնացան, իսկ հետո` պատերազմ: Էդ ժամանակ հղի կնոջը թողեց ու գնաց: Հերոս չէր Սաքոն, պետք էր՝ պիտի գնար: Գիտեր, որ հետ կգա, մեռնողը չէր: Պատերազմի մասին էլ մենակ էդ գիտեր` կամ գալիս են, կամ չէ: Ու ինքն եկավ: Ոնց որ մաշված թուղթ լիներ` վրան հազար գույնի թանաք շաղ տված, ճմռթված, լիքը իրարից անկախ բառ գրված, վատ ձեռագրով ու ջնջումներով թուղթ: Եկավ տուն, անցավ անմշակ հողի միջով, անցավ որդնած ծիրանի ծառի կողքով, անցավ հոր կողքով, անցավ Սիրունի կողքով, անցավ գանգրահեր երեխայի կողքով, անցավ, անցավ, անցավ ու մինչև կյանքի վերջ անցավ բոլորի կողքով, մենակ կանգ առավ օղու շշերի մոտ ու ոռնաց, ոռնաց, ոռնաց: Դե հիմա Սաքոյին ասա ալկաշ, դե փորձի էս տան փոշին մաքրել:

***
Ասա, բալես, կշռե՞մ, մեկը դնեմ հետդ, չես փոշմանի, յուղալի, թարմ, էսօրվա բռնած ա:
Տո չէ հա, մտածում եմ, էսօրվա բռնած ձկից սենց հոտ կգա՞ր, նենց որ մարդու ջանը քոս ընկնի: Նայում եմ գետնին փռված խեղճ ձկներին` փոշու մեջ, փորները թափած, աչքերն արնակալած, սառած հայացքը վրաս դաջած: Ո՞վ ա ումից ավել մեռած: Դե արի անկեղծ պատասխանի, ով ա ումից ավելի մեռած, ո՞րն ա ապացույցը:
Երակներում հոսող արյո՞ւնն ա ապացույցը, թե՞ շարժվելու ունակությունը, թե՞ նեխած մտքերը: Ո՞վ ա ումից ավելի մեռած:
Էս ի՞նչ ա, տաստալոբիկ ա՞:
Հա, բալես, գործից լավ էլ հասկանում ես, տեղացի չես, չէ՞, բայց մեկ ա` գիտես:
«Հա, բալես», երևի մի երեսուն տարեկան լինի: «Բալես», դեմ չեմ, ձյաձ, թող էդպես լինի: Բալեն հասկանում ա տալստալոբիկներից ու տեղացի չի բալեն վաղուց: Բալեն թողել-գնացել ա իր բնից, իբր թե բնում նեղ էր, կյանք չկար, շունչ չկար, իսան չկար: Բայց բալեն գիտի, որն ա տալստալոբիկը: Բալեն տալստալոբիկ ա պահել, բոլոր ձկների միջից հենց տալստալոբիկ ա ընտրել ու պահել: Մենակ թե վերջում գլխին ծանր բան շրխկացրին բալի աչքերի առաջ, հետո բալեն իր պահած ձկան միսն էլ կերավ, հավանեց էլ:
Հիմա բալեն պիտի դպրոց գնա, նեխած մտքերը փոխանցելու կարիք կա, մենակ թե ջոկեն, չվերցնեն:
Էն ժամանակ վերցնում էինք առանց նայելու: Հետսովետական դպրոցները. մենակ գիշատիչներն են ողջ մնում, ջունգլիի օրենք: Մենակ իրար չծեծեն, չմորթեն, թիվ ստանան, ուղիղ նստեն, ծամոն չծամեն, իրար չսիրեն, զուգարաններում իրար չսեղմվեն, էս էր: Թե հետո ինչ եղավ, ով կորավ, ով փող մուրաց, ով ում հետո դանակահարեց, ով ումից ինչ գողացավ, հետոն արդեն պետք չի: Հետոն հետոն ա, դպրոցի պատերը մնում են, հետոն գալիս ա դպրոցի պատերից դուրս, ու դպրոցը հեչ մեղք չունի հետոյի համար: Ինքը ասում էր, որ «Լանդըն իզ դը քեփիթըլ օֆ գրեյթ Բրիթն», թե ով ինչ քացի կերավ կյանքից, դպրոցն ըստեղ հեչ կապ չունի, մեյդան չբերեք: Ինքն ասում էր 451, Տղմուտ գետ, դիսկրիմինանտ, հավասարասրուն եռանկյուն, դուք մեյդան մի բերեք: Թե հետո էդ օրենքներն անգիր արածը դարձավ գող, դավաճան, կաշառակեր՝ ում ինչ պետքն ա, ինչ դպրոց-մպրոց, «Լանդըն իզ դը քեփիթըլ օֆ Գրեյթ Բրիթն»:
Բարևևևև ձեզ,- 30 զույգ սև, տխուր աչքեր: Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև, բարև, բարև: Հերթով բոլորի աչքերին նայելով բարև, բարև: Գուշակեմ, թե ով կդառնա թմրամոլ, ով կդառնա կուսակցական, ով կդառնա թաղի գող, ով կլինի տան սուս-փուս հարս, ով կփախնի երկրից, ով մտքերից կգժվի, ով կդառնա արդարություն գոռացողը, ով կլռեցնի բոլորի ձայները, ով կմաքրի հոգին աստծու հետ, ով մատը տնկած արաղահոտ բերանով անեծքներ կթափի գլուխը երկնքին հառած: Տալիս եմ, տալիս եմ, տարեք, վերցրեք, ձեր աչքերի տխրության միջով անցկացրեք, կուլ տվեք տվածս, մենակ թե մի եղեք անտարբեր, մոռացեք 451 թիվն էլ, հավասարասրուն եռանկյունն էլ, ոտանավորներն էլ: Երեխեք, գնացեք-պառկեք թաց տերևների մեջ, արևի շողքից աչքներդ կկոցեք, սառը թան խմեք, կարտոշկի ժարիտ կերեք, սիրուն կինոներ նայեք, դասից փախեք, գնացեք գրկվեք իրար, ծառեր ջրեք, ծաղկից հոտ քաշեք, երգեք մինչև կոկորդներդ քերծվի, մամաների թշերն անսպասելի համբուրեք, երեխեք… երեխեք:
Մինչ այսօրվա թեմային անցնելը, եկեք տնայինները ստուգենք, բոլո՞րն ունեն:
Գրողի տարած:

***
Էս կողքի տանն էլ Շողերն էր ապրում: Մենակ աղջիկ էր, չդիմացավ խառը ժամանակներին, թողեց գնաց: Քո պես, էլի, դու ուղղակի գյուղից դուրս եկար, թե ինչ կար էդ Երևանում, այ բալա, կտրվեցիր լրիվ:
Տատս էլ չկա, բայց էս տան պատմությունը հո՞ կա: Ինձ էլի են ասել, որ ես էդ տանն ապրող Շողերին եմ նման: Չթից կարմիր շոր էր հագնում Շողերը, ցցուն, կապտականաչ երակներով զարդարված ձեռքեր ուներ ու երկար, սև սաթի պես մազեր: Առավոտ բոլորից շուտ էր զարթնում, գիշերն ամենաուշն էր քնում: Ասում են, որովհետև տան գործն էր իր վրա, եղբոր խնամքը, գիշերն էլ պիտի նստեր թույլ ճրագի առաջ, կարի մեքենայով շալվար ու շապիկ կարեր գյուղացիների համար: Բայց ինքը ոչ էդ կար անելու համար էր գիշերն ուշ քնում, ոչ էլ ճաշ սարքելու համար շուտ վեր կենում: Մենակ էր ուզում մնալ, մենակ չափչփեր գյուղի ամայի ու անկանաչ դաշտերը, կիսամութ փողոցները: Մտածում էր մեծ քաղաքների մասին, սիրուն շենքերի, գրքերի, նոր պատմությունների ու աշխարհը փոխելու մասին: Գիշերն էլ կարի մեքենայի վրա էր դնում հին, խունացած թղթերն ու նկարում, նկարում, նկարում մինչև վերջին գույնը, մինչև վերջին արցունքն ու վերջին հոգոցը:
Հետո Շողերը գնաց իր սիրուն երազի հետևից: Մեծ քաղաքներ էլ տեսավ, ուրիշ պատմություններ էլ իմացավ ու էդ քաղաքներից մեկում էլ մնաց: Չգիտեմ ինչի են ինձ իրեն նմանեցնում: Ոչ չթից կարմիր շոր ունեմ, ոչ էլ գունավոր երազներ: Էս տունը գյուղի ամենալուսավոր տունն ա: Ուզում ես գնաս, տան պատերից հոտ քաշես, պատերի հետ խոսես, ու էդ պատերն ինչ ցնդած հեքիաթ ասես կպատմեն, նենց կպատմեն, որ առանց երդում ուտելու կհավատաս: Դպրոցին կպած ա, նեխած մտքերով դուրս եմ գալիս, լսում եմ տան սիրուն հեքիաթներն ու մաքրված հետ գնում, որ առավոտ էլի գամ:

***
Էս մեկն էլ խելառ Մխոյի տունն ա: Տանիքի կեսը չկա, դարպասն էլ կրնկի վրա բաց, ոչ ծառ կա, ոչ խոտ, վաղուց դատարկ ա էս տունը: Մխոն չի գնացել, Մխոն ուղղակի էլ չկա, ցուրտը, ցրտի մեջ ա մնացել ու չի զարթնել: Մխոյին Միշկոն ա գտել, հոտն ա առել: Սոված շները տեր չեն ճանաչում, գյուղացիք ասում են՝ շանը էհթիբար չկա, թե սոված եղավ, մեռած տիրոջ միսն էլ կուտի: Բայց Միշկոն չկերավ, Միշկոն Մխոյի շունն ա եղել: Հա, չկերավ, երկար ու հուսահատ կաղկանձեց, կապտած մատները լիզեց, շապիկից քարշ տալով հանեց բակ, մինչև որ հարևանները տեսան: Խելառ Մխոյին շները շատ էին սիրում, մենակ իրենք էլ սիրում էին: Ոչ ոք չուներ: Որդիները թողել-գնացել էին, կինն էլ չկար, մենակ Միշկոն էր ու Միշկոյի թայֆից էլի մի քանի շուն: Արդեն 7 տարուց ավելի էր` Մխոյին ոչ ոք գյուղում չէր տեսել, իբր թե գիշերները շների հետ վազում է սարերը, բայց դե ով գիտի, թե խելառ էր Մխոն, որ սարերն էր վազում գիշերով, թե որ տարիներով մի բառ էլ չէր խոսել, թե որ թոռների անունները չէր հիշում, թե որ տան հեռախոսն էր անջատել, որ ոչ մի զանգի չսպասի իզուր ու հեռախոսին ժամերով չնայի: Մի ձմեռ էլ տնից դուրս չեկավ, սարերը չփախավ, փայտ էլ չբերեց… սառեց, պառկեց էնքան, որ սառի: Խելառ էր Մխոն, խելառ, չէ… չէր:

***
Գյուղի եկեղեցու մոտ էլ մի լքված տուն կա, գյուղի էլեկտրիկ Ստյոպայի տունը: Ստյոպան կանաչ, զմրուխտի պես կանաչ աչքերով էր ու դեմքի խոր ակոսների մեջ թաքուն պահած ժպիտ ուներ: Ձեռքերը միշտ թիկունքին գցած, մանրիկ ու ճապուկ քայլերով միշտ ինչ-որ հարևանի տուն էր շտապում: Մի օր մեկի հավաբնի լույսն էր գնում, մի օր էլ էն մյուսի նոր քաշած հոսանքն էր շարքից դուրս գալիս: Եթե նայես Ստյոպայի տանը, մինչև հիմա էլ թվում ա, թե գիշերները թույլ, հազիվ նկատելի լույս կա ներսը:
Էս ա, դատարկ են տները, մաշված, մեկը ավել, մեկը քիչ: Իրենց տերերի շունչը դեռ մեջները պահած: Բայց դատարկ, անկյանք: Ինձ ասել են, որ պատերը խոսել գիտեն, չէ մի չէ, մտածում էի, բա երգել չգիտե՞ն: Եկա ու խոսում եմ, լսում եմ, Շողերի տան պատերի հեքիաթներն եմ լսում, Սաքոյի տան պատերի լացն եմ լսում, Ստյոպայի տան լույսն եմ տեսնում, սովորել եմ լսել, սովորեցրել են: Միշկո, դեռ հա պիտի սովորեմ, անվերջ, էնքան լսեմ, մինչև հետ գամ իմ լքված տունը, տեսնեմ է՛դ տան պատերն ինչ կասեն տիրոջ մասին: Կովալենտային կապը թե ինչով պիտի կարևոր լինի էս պատերի լացից ու ծիծաղից, դե արի բացատրի երեխեքին, որ մեխող հայացքով ու գարնան կեսին մրոտ մատներով երեխան քեզ մի հայացքով չգամի ու մտքում քմծիծաղ չտա:
Երեխեք, հա, ինչ էի ասում: Հավաքվեք, թաց տերևների մեջ պառկելու ենք գնում:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն