Արվեստանոցի լուսամուտից ներս ընկած փոշու գլանաձև զանգվածը մատնում էր սրահի անհյուրընկալության և անսովոր դատարկության մասին, ուր սարդերն անգամ անիմաստ էին համարում իրենց ոստայնը հյուսել: Երկաթե դուռը հավանաբար ժամանակին անձնուրաց ծառայել էր իր նպատակին, բայց այժմ, ծռմռված ու պոկված, տեղահան եղած ու պատին ծեփված, անիմաստ իր ծանր գոյությունն էր պահում` ամրացված փշալարի հանգույցով: Հսկայական թթենին գրկել էր արվեստանոցի պատերը, շոյում էր, ապա` ապտակում, հետո` սփոփում, ինչ-որ բան շշնջում` ասես փորձելով միայնությունը փարատել…
Երկար ժամանակ էր, ինչ կանգնած սպասում էի նրան: Գիտեի, որ կգար, խոստացել էր: Նա նկարիչ էր: Արվեստանոցը հեռվից հինավուրց մատուռի էր նմանվում. նույնիսկ ինձ թվաց, թե զգում եմ վառվող մոմի հոտը: Ես այդքան հետաքրքիր ու զարմանալի պատեր չէի տեսել` մամռակալած, բայց բնապատկերների գողտրիկ տեսարաններով հարուստ, ասես կանաչավուն մամուռը, հետևելով նկարչի օրինակին, իր գործն արվեստի էր վերածել:
— Բարի օր:
Հանկարծակիի եկա, երբ տեսա նրա սևեռուն հայացքը: Չէի նկատել, թե ինչպես էր մոտեցել:
— Բարև ձեզ: Եկել եմ նկարս տանելու: Չէի ուզում ձեզ խանգարել, հավանաբար շատ զբաղված եք…
Չպատասխանեց: Ավելորդ էր կրկին ինչ-որ բան ասելը: Նկարչի բեղն ու մորուքն այնքան մեծ տեղ էին գրավում դեմքի վրա, որ բերանը միայն խոսելիս էր երևում, իսկ նա շատ խոսել չէր սիրում:
Արվեստանոցում անսովոր ջերմություն կար, սենյակը լուսավոր էր` չնայած տիրող քաոսային վիճակին: Լարվածությունս չքացավ:
— Այստեղ է,- նկարիչն անփութորեն բարձրացրեց պահարանի տակ ընկած կիսախոնավ փալասը, որի տակ թաքնված էին նկարներն ու քանդակները: Ափսոսանքով ու տխրությամբ նայեցի ժամանակին մուսայի շնչով ստեղծված կտավներին ու իրերին, որոնց մեծ մասն արդեն քայքայվել ու փչացել էին:
Տարիներ առաջ էր, երբ նկարչի արվեստանոցում էի հյուրընկալվել: Հիացմունքով նայում էի, թե ինչպես էր ձեռքի վարժ շարժումով կտավի վրա բնապատկեր արարում, երբ հանկարծակի դադարեց աշխատել ու նստեց ծխելու: Շուրջս առանձնապես հետաքրքիր իրեր չկային. աղքատիկ արվեստանոց էր` սովորական սեղան, աթոռ, պահարաններ, թարս կողմ շրջած, ցաքուցրիվ դրված ավարտված ու անավարտ նկարներ, կոլաժներ, վրձիններ, յուղաներկեր ու ներկապնակներ, շրջանակներ ու էլի ինչ-որ իրեր, որոնք ասես զբոսնում էին սենյակով մեկ: Միակ իրը, որն ամրացված էր պատին ու իր հաստատուն տեղն ուներ, փայտե խաչն էր: Վերջինիս կենսագրությունը, հավանաբար, այնքան էլ հարուստ չէր եղել. ծնվել էր վաղուց, այն հին ու բարի ժամանակներում, երբ նկարիչն իրեն փորձել էր նաև քանդակագործության մեջ: Որքանով էր լավ ստացվել, այլ հարց էր, պարզապես հասարակ խաչ էր` բոլոր խաչերի նման ստեղծված մեկ հատուկ առաքելությամբ: Առաստաղի կենտրոնական խոռոչից դուրս պրծած լամպն այնքան աղոտ էր լույս արձակում, որ սկսեցի մտահոգվել, թե ինչպես կարելի էր գիշերային ժամերին այստեղ աշխատել…
Այնքան արագ կատարվեց, որ չհասցրեցի ոչինչ ասել կամ անել: Նկարիչն ամուր բռնել էր ձեռքերս ու տարօրինակ կերպով զննում էր, ասես բժշկի մոտ էի գտնվում: Նույնիսկ լրջորեն սկսեցի ախտորոշման սպասել:
— Կարգապահություն սիրող, կամեցող ու ստեղծող ձեռքեր ունես, ես կասեի` նկարչի ձեռքեր, ապա մի բան նկարիր այստեղ, տեսնեմ:
— Ի՞նչ, ես երբեք չեմ նկարել,- տարակուսանքս անհանգստության վերածվեց,- անգամ վախենում եմ փորձել…
Նրա քմծիծաղը նյարդայնացրեց ինձ, զգում էի, որ բարկությունից կարմրել էի, բայց չգիտեի ինչ անել:
— Նայիր,- նա հերթով շրջեց նկարներն ու բացեց պահարանը:
Ես երբեք նման բան չէի տեսել: Տասնյակ նկարներ, որտեղ միայն ձեռքեր էին պատկերված: Համոզված էի, որ բնանկարներ եմ տեսնելու, սովորական դիմանկարներ, նատյուրմորտ կամ գեղանկարի ժանրին պատկանող այլ պատկերներ, բայց ձեռքե՞ր: Սա ի՞նչ էր, արվեստի ինչ-որ նոր տեսակ, թե՞ ձեռքերի հավաքածու: Նկարիչը միշտ քիչ էր խոսում, բայց առաջին անգամ լսեցի նրա ձայնն անսովոր երկար ու ազդեցիկ.
— Շատերը մարդու հոգու հայելին աչքերն են համարում, որը պատմում է վերջինիս բարության, խիզախության, նվիրվածության կամ մարդկային այլ արժանիքների մասին: Աչքերից կարող ես հասկանալ, թե նրա տերը խելացի է, կամ` ոչ, հայացքից զգալ մարդու հոգեվիճակը, իսկ ձեռքերը կարող են ասել ավելին: Աչքերը երբեմն կարող են խաբել, բայց ձեռքերը` երբեք: Աչքերը խաղում են, ձեռքերն` անկեղծանում: Նայիր, սրանք մարդասպանի ձեռքեր են` կործանող ու պղծող, իսկ այս ձեռքերը վկայում են տիրոջ ազնվության ու մեծ սրտի մասին, սրանք էլ վախկոտ, անբան ու հարբեցող մարդունն են պատկանում:
— Իսկ ձե՞րը, արվեստագետի՞ ձեռքեր են:
Տխրեց, չպատասխանեց: Ես առաջին անգամ էի նկարում, այն էլ նկարչի կարգավիճակով: Ծիծաղելի պատկեր ստացվեց` անհամաչափ ու մեկը մյուսից տարբեր ձեռքեր, մեկին ստիպված ձեռնոց «հագցրեցի»:
— Կարո՞ղ եմ նկարս վերցնել:
— Ոչ,- պատասխանը հստակ էր ու անքննարկելի:
— Ես մի օր կգամ ու կտանեմ: Խոստացեք, որ կտաք:
Գլխի դրական շարժումն ինձ համար բավարար էր: Տարիներ հետո եկա ու հասկացա, թե նկարչի ձեռքերն ինչպիսինն են` ծույլ, հանձնվող, թուլակամ, թեև օժտված էին արվեստ ստեղծելու տաղանդով: Իմ նկարը պահել էր ու տվեց, ինչպես խոստացել էր: Այդ ընթացքում իմ ձեռքերով այնքան աշխատանքներ էի կատարել` զարդեր էի պատրաստել, հագուստ կարել, ծաղիկներ մշակել, պատմվածքներ գրել, բայց չէի նկարել:
Ես նկարիչ չդարձա, բայց սովորեցի մարդկանց ճանաչել ձեռքերի միջոցով: Սովորեցի նաև վստահել ձեռքերիս: Արդեն մարդկանց աչքերին չէի էլ նայում. նրանք կարող էին ինձ խաբել, իսկ ձեռքերը` ոչ: Երբ նայում էի կոշտացած ու կնճռոտ մատներին, որոնք հեռու էին գեղեցիկ համարվելուց, տեսնում էի մարդու ապրած կյանքը, և նրա ձեռքերն ինձ այնքան բան էին պատմում: Հետագայում շատ նկարիչների հանդիպեցի, բայց այդպես էլ չմոռացա քչախոս, ալարկոտ, բայց զարմանալի ու հետաքրքիր, հարուստ երևակայություն ու բացառիկ տաղանդ ունեցող այն մարդուն, ով ձեռքերի միջոցով տեսնում էր ավելին…