Ինչու արեգակ, մայիսյան օրվա մեջ
Դու իմ ծաղկանց ծաղիկ
դու ինձ չես գոհացնում
Ես ի՞նչ գիտեմ առավել վեհ
Ֆ . Հ

Արևը 15 աստիճան բարձր էր հորիզոնից: Մենք կարող էինք:
Ճառագայթների երկարության մեջ, որոնք ընկնում էին աչքերի մեջ-տարրալուծվում որպես մեկ սպիտակ, քանզի այնտեղ բոլոր գույները կային: Երկարության մեջ օրվա լույսի ժամանակը թրթռում էր գնացքի փակ վագոնում: Ցուրտ եղանակ էր, ցեխաջրի կաթիլի հոտը՝ դեպի ձյուն դարձող տերևից: Կլորվող բառաձևումներ, դրանք չդրդված հաղորդումներ էին: Գնացքի ընթացքին դող ընկած մարմնով, ընթացքի թպրտոցին համաչափ հայացք. Է՜ հեռու մի տեղ և ոչ մի տեղ: Ճկվում էր ներա մարմինը երաժշտության պայմանականության մեջ, և դաշինքը, որը կնքվում էր առանց կասկածի պարուհու և բեմի միջև, սփոփում էր ներան անսահմանությունից:
Շատրվանի գույնը: Երազում էի դեմքով քսվել ամենամոտ բանին: Փոքրիկ ուրախանում էի: Մազերս թափվում էին մատներիս միջով, պոկվում ընկնում էին՝ չտիրապետված, ես վախենում էի դրանց գնալու շատությունից: Աչքերս, և հիշում էի ներան, գնացել պառկել էր խնձորի ծառի տակ դրված թախտին, շունն էլ եկել նստել էր կողքին, հետո ծավալվել վրան՝ տիրոջ: Ինքն էր, սիրահարվել էր, ամաչում էր, որ մազերը թափվել էին, դրա համար էլ շատ էր խոսում դրանից: Շներին շատ սիրող աղջիներից, որոնք սարսափելի ցեղային: Ախ:
Պատկերները գնում էին և աչքի ցանցաթաղանթի որևէ բազմակետում պահպանվում պռատ, որին անդարձ մի օր կարթնացներ որևէ պատահական հիշողություն ու կամբողջացներ: Ես կազմեցի գիրքը, որն հիմա դժվարությամբ եմ կարդում, որ առաջին անգամվա պես էլ երբեք չի: Բայց միշտ կկանչես և միշտ կգա: Որ հրաշքը կծնկի առաջդ ու դու կամաչես, որ չես պապանձվում, այլ անունակ լինել ուժի մեջ ճանաչողության՝ դու հեռանում ես բառելով:
Պատուհանի ապակու մեջ տեսել էի լուսինն ու սպասում էի մինչ բարձրանալով կանհետանար: Սարերի օր էր: Առաստաղին թափ էին գալիս քամուց էր-տերևները: Ծառերի, որոնք խանձվում էին եղած կրակից: Հիմա էլ բոց էր: Ու հիշում եմ քեզ և ձեզ եմ հիշում: Գիշերը՝ պաշտպանված՝ սենյակում՝ անծանոթների պաշտպանվածությամբ:
Հիշում եմ, որ գլուխը իջեցնելով սկսեց պլոկել բաց ոտքի բութ մատի մաշկը և, այն ամենը ինչ կարող էի անել-դա էի տեսնում: Եվ հետո խոտի այդ տեսակը, որ ագահորեն տարավ բերանը ու ափով սեղմեց և ծամեց դեմքը փակ, և խոտի կաթի հետքերը ձեռքին սևացան արագ, և չոր հետքը չէր մաքրվում: Ես պառկած էի քարի վրա փորով, ու հանկարծ այդտեղով պատահաբար անցնող նե հուշեց հարցեր տալ քարին, բայց ես չկարողացա մտապահել այդ հարցերը հաղորդվելու համար, զի կրծքիս վրա նոր խալ էր բուսնել ու ամբողջ մարմնովս քոր էր անցնում տեղից տեղ, և կողոսկրերիս արանքում մի ուրիշ տեղ մի ուրիշ բան էր ճնշում բութ ցավից, և մեկ ուրիշ փուշ ծակել էր բաց ուսս, և ես սեղմվել էի քարին՝ թիթեռի վերջին օրվա պես՝ ձեռքերս բաց: Այդպես էր: Հանգույցի քանդման կարճատև գիտակցման մեջ ողջ հիշողությունը մի պահ բացվեց և անհետացավ՝ չլինելով երբեք:
Եվ հիշում եմ քեզ և շատ անգամներ եմ հիշել: Եվ պարզ առավոտը, ես արթնացա, իսկ դու դա փաթաթեցիր վզիդ, և գրել էիր այդ մասին և հետո կարդացել և ծիծաղել էիր ինքդ քո: Մենք շատ էինք վստահ, մենք վստահ էինք, որ գիտենք և էլ չէինք խոսում: Ես ամենալավը գիտեի, գինուց կում-կում հարբեցող երեկոներին, որքան շատ է մթագնել, օհ նե…
Դա ինչի հոտ էր, և սեղանին այդ նարնջագույն նարինջը գույնն իրենից առաջ ընկած աչքերիս մեջ էր պահվում և իմ բառերը: Ես միակն էի՝ դրանց արևի մեջ թաքնված: Եվ ես նորից բաց եմ թողնում բառը, վախով, որ տարածությունը, որն ունի ինքը մինչ ինձ, նույնը չի մնում այլևս, և անկշռությունը, որը ձեռք է բերում մեկ ուրիշ ՄԱՍԻ հպումից և ծանրանում անհնար և հետ դառնում ինձ: Եվ Հիշում եմ որ.
— Ձեր միջի ամենասիրունը ես եմ,- ասաց:
— Ես քեզ իմ կինոյում չէի նկարի,- պատասխանեցի:
Քայլեցինք, մտանք պահակների համար նախատեսված փակ սենյակ, մութ էր, Է-ն լույսը վառեց, Ցինան իջեցրեց շորը, տեսանք:
— Շատ ցավե՞ց, հարցրի:
— Ես էլ եմ ուզում,- ասաց Է-ն:
Հետո այդ փողոցն էր: Պարում էինք: Պատին փարիզյան կաֆեի լուսանկար կար, որտեղ տղամարդը սիրում էր այդ կնոջը հավանաբար: Երեքս էլ գիտեինք, որ ամաչելու ենք վաղը: Մի քանի օր իրար պատմելու էինք, երկուսով խոսելու էինք մեզնից մեկի մասին: Ցուրտ էր: Շենքի 13-րդ հարկից ես գոռում էի՝ Ցինա, էդ խանութը անցիր, արի ձախով աջ թեքվիր.
— Կհասնե՞մ,- հարցնում էր Ցինան, ու անշարժ մնում խաչմերուկում կանգնած:
Զուգարանից եկան ասացին, որ վատ է, երկուսով գնացինք: Դեմքը լվաց, խնդրեց պայուսակը, տվեցինք: Բարի պատին իր նկարն էր կպցրած: Դուրս եկավ պարելով սեղանների արանքներում պարելով ոլոր: Փ. փողոցի դռան դիմաց նստեց, բացեց Մ.-ի գիրքը, որ միշտ մոտն էր ու բարձր կարդաց: Պատահական էջ էր, անցնողները անցան և նայեցին, այդպես էր: Ցինան գլուխը առավ ձեռքերի մեջ:
Ներա թարթիչների ստվերը, արծաթե մատանին, ներա նիհարելու հուսահատ ձգտումը, պրոֆիլը՝ վիզն ամբողջովին ընդգծող, ներա թափառող երկար մազերը և օտարությունը մեր միջև:
— Ինչի ես միշտ ընդհանուր զուգարանից օգտվում,- կիսահարցրեց Է-ն:
— Լուսավորությունը լավն է,- ասաց, ծիծաղեցինք:
Հետո: Հետո ինչ եղավ: Հետո կարևոր էր: Ծաղիկն առ արև ձգտում էր փարթամ, և մենք մենակ էինք, զի նույն արևին տարբեր էինք աճում: Եվ հանկարծ այն, ինչ հայտնի էր, հայտնի էր նախապես, բայց լուռ էր ներսում: Հանկարծ այդ ապահովության ցանկությունից մեր սիրտը ճմլվում էր, չէինք ուզում կանխվել մարմնի տկարությունից, և տեր մնալու ուժը, որն երբեք հնարավոր չեղավ իրար սովորեցնել, հանկարծ կանգնեց իրավունք չունենալու կողքին, և մենք ջահել էինք, և Ցինան ծնոտը կոլայով բաժակի վրա էր հենել: Եվ տեսա ներան լացելիս, և ասացի ներան, որ Ֆաուստը տխուր էր Մարգարիտայի համար, և նե հասկացավ:
Է-ն մեր սիրած «կաթնային ճանապարհ» շոկոլադն էր տոպրակից հանում՝ լուռ նայելով ինձ՝ մտածելով իմ մասին, որ ես չեմ կարողանում ճշմարիտ խոսել թատրոնի մասին, որովհետև ինքս պիեսներ եմ գրում:

Բայց աներիզ օվկիանոսուհու միտքը Ցինային՝ մառախուղը կուլ տալու պես դժվար էր, պաղ օդ էր գալիս ներա մազերի արանքից, որ շարժել էր քամին և մնացել հիշողությանս մեջ:

Վագոնի ապակին գոլորշիացավ դրսի ու ներսի տարբերությունից, ամենուր անտեսանելի ալիքներ են, փշաքաղ եղիր դե, ասացի ինքս ինձ, ասացի, որ նախկինում երբեք չէի մտածել, որ ընտրություն գոյություն ունի, մինչև որ Ցինային չխնդրեցի մեզ հետ հավաքել, որ չցրվի, մինչև որ Ցինան դեմքը դարձրեց, ես էլ խնդրեցի՝ Ցինա, Ցինա, արթուն մնա, ասացի, հետո էլի ժամանակն էր, մինչև որ եկավ, որ փակ է, և որ ես չեմ բացի, որ նե ի ծնե պետք էր, որ իմ բառած ոչ մի փշրանք նե չի կրում Նույն Պես, և որ ես գնում եմ: Ցինա, Ցինա, ինչ բաց անուն ունես:

Սարերի օրեր:
Գետնի խոնավությունից մարմինս ծաղկեց: Հայտնության տոն էր: Սովորույթի ուժը կանխում էր հսկել մանուկին, ով պետք է որ երբեք չմեծանար: Որ մեր խնդիրը անվերջ իրերի կողքին չկանգնելն է՝ ակնկալելով մոտիկություններ և ստեղծելով դրանք բնազդներով, որոնք հենց այդ իրերն են սերմանել մեր մեջ և հեռացրել են մեզ և իրենք մնացել մեր կողքին:
Ձմեռվա մասին խոսելիս նե սայթաքեց կիսալույս բառը, որի միջով անցնող ձյունն էր վերհիշել, և ես հուզվեցի ներա անհիմն գեղեցկությունից, որն ինձ այդպես տարավ:
Այդպես էր: Իմ բոլոր կրքերը դիմագծերի թովչանքն էին ողջ, որին ես սիրահարվում էի դատարկ:
Ծառի կեղևի անհարթությունը տպվել էր ներա այտին, որով սեղմվել ու հենված սպասում էր ինձ. և հասա և կանգնեցի ներա կողքին, և դու իմ սիրտը գիտես- դրա համար ավելորդ չեմ ասում ասացի, և Ցինան ձեռքը կարմիր այտի վրայով տարավ, և հոգատարությունդ մի կողմ դիր ասաց,- քանզի այդպես չէ:
Ցինան մեծ բլուզի մեջ անիրական դարձած, ակնակապիճներից դուրս պայթող այդ ինչ գույն բիբերով, չորացած գուղձի պես ճաքճքված շուրթերով, որի անկյունագծերը խորը թաղված էին բերանի մեջ, ընդարձակ ճակատի լուսախանձ աղվամազով- փայլում էր ծառի կողքին, որի փշոտ տերևները տրորեց մատներով և հոտ առավ- աչքերից հոգին թափեց:
Ես վազում եմ, վազում եմ, ես ամաչում եմ հիմա: Զարդի կոճակը բացվեց ու ընկավ իմ վրայից:

ԼԻճ
Հիմա ես հույս չունեմ: Հետո առաջինը ձյունը եկավ, և դա գեղեցիկ էր: Վերև նայել չկարողացա. աչքերիս մեջ էր հալչում: Հետո ձյան արցունքներ, հետո բաներ, որոնք կրկնվում էին, իսկ ես չեմ սիրում խոսել իմացածի մասին նորիցուհի:
Մենք նստած էինք թափանցիկ ցելոֆանով փակված սրճարանում: Դիմացի տանիքից համաչափ ռիթմով կաթում էր ջուրը, և նե նյարդային ոտքերն էր դողացնում, և ես նայում էի և նե կուրծք չուներ: Հենց այդպես թողեցի ամենը, անորոշում: Եվ ցայգալույսի անդրանիկ շողը ուրվագծվում է տագնապի մեջ և բերում և մատուցվում որպես կրում: Այն դարձել է բոլոր.
կամքը հեռու է այդ վախերից, և վախերը դեմքեր են: Ես կարիք ունեմ նրանց վստահության առ իմ հնարավոր ներկայություն, որ ամեն ինչ այսպես չգիտեմ եկել է, և դու չէ, այլ ամենը դավաճանում է ամենը, որ մենակ մնա:
Այդպես իրիկուն եկար, և ես քեզ եմ վազել, որ պաշտպանես ինձ՝ խամրելով ուրվագծումն ամենայնի, ուր ես անհաս սպասում եմ բավական լիանալն ու ցնդել: Իմացումի կշիռը չէր մեզ ծանրացնում, այլ սարսափը հավատքի-մենք ամեն ինչ կարող ենք չլինել: Թույլ:
Դրանք սովորական աչքեր էին: Դա խոր միջանցք էր մութ, և Լիլիթն ինձ դավաճանեց: Ես թատերային թեքեցի գլուխս, ապա դառնալով նրա դեմքին, ներեցի նրան երբևէ: Ես սպասում էի զանգի, հետո Ցինայի նամակը եկավ, հավանաբար ուշացած, որովհետև և հույս ունեմ, որ ամենակարծր երկաթը իր ձեռքերի միջից հալչում ու թափվում է հիմա, որ ինքն հարցնի՝ ինչպես: Սիրել ստեղծողին, ոչ թե ստեղծագործությանը:

«Նամակ իրիկվան»
Ց. Մ. Ց.

«Ես կորցրել եմ բոլոր բառերի միանշանակությունը և այլևս չեմ կարողանում խոսել: Եվ ողբն այն է, որ իհարկե խոսում եմ, հանց միայնակ ծառ դաշտի մեջ, որի մասին չեմ կարող գրել, զի կազատեմ նրան շնորհյալ մենությունից, կզրկեմ: Բարև: Բարի լույս: Բարի երեկո: Բարի օր: Ես երևի պտտվող շուրջպարի մեջ եմ մտնում, որ կորչի ցանկացած առաջնահերթություն, որ մասի և ամբողջի արանքով քամի չանցնի և մակերսներ չզգամ: Բայց, գիտես ինքդ, շուրջպարի մեջ մենք իրար դեմք ենք տեսնում, կլորվում ենք այնտեղ, ուր աշխարհն ինքն իրեն հանեց: Չենք հանդիպում, չենք կարող օգնել իրար, իրար. դու էլ այն տանը չես ապրում, ուր ապրում էիր, իհարկե այդ տանն ես ապրում (նկատիր, որ սա միակ տողն է, որն արժանահավատ է նամակ գրելու քեզ):
Շատ հաճախ ես զգում եմ, որ իմ ողջը միտված է առանց բառաձևումի, անժամանակ հաստատված խաղաղության, որը բերել եմ ես և անխախտ կրում եմ: Այն կարծես նախաիրադարձական ժամանակի ամբողջությունն է, որն ինձ այստեղ չպետք է տրված լիներ:
Մինչ իրերն անկախ մեզնից իրենց տեսիլքներն ունեն, մենք չենք կարող կրել օվկիանոսը օվկիանոսից դուրս, որովհետև եթե կա ինչ-որ բան, ուրեմն կգտնենք, մնացածը սա չէ: Բայց ոչ մի բառ հայելի չի դառնում, մոտենալով ճանապարհն ենք կորցնում մեկ անգամի: Մեզանից յուրաքանչյուրին օվկիանոսից մի կաթիլ է հասնում՝ բացելով ողջ օվիկանոսը մեր առաջ: Ապրում ենք խոնավ ափի հիշողությամբ և ամենուր նրան ենք փնտրում:
Բարև: Բարի լույս: Բարի երեկո: Բարի օր: Ես ուզում էի խոսել և չգիտեի այդ մասին և հիմա էլ չգիտեմ: Դու իմ անսահմանության փեշերը տրորեցիր, հիշեցի, որ մարդ եմ, հիմա եկել եմ, որովհետև սարսափելի վախենում եմ, որ էլ երբեք չեմ կարողանա տեսնել, այն, ինչ արդեն տեսել եմ: Չգիտեմ՝ քանիսին ենք:
Մենք չենք կարող կանգնել ժամանակի մեջ, և երբ բանաստեղծությունը լքում է, բառերը անպաշտպան ու մերկ են նախադասությամբ, ուրիշ կշիռ են առնում՝ հեռու հորինվածքից, մոտ հիշողությանը: Ճակատման կամքը թույլ է մեր մեջ և մեր դիմաց բանաստեղծության ողբն է: Ինչ անհեթեթություն: Խոսքերն անարմատ են, թեև այդպիսին լինել չէի կարող (Ցինան այստեղ վերջակետ չէր դրել, հավանաբար սխալմամբ):
Չկա Բան, որը ոչ մեկինը չէ, անհավասար են բաշխված ծաղիկների թերթիկները սակայն: Կարծում ես հնարավոր է՞ նկարել կուսական անտառ: Միայն թե մի կարդա այնպես, կարծես այս ամենը գիտես, գիտեմ՝ գիտես, բայց ինչ: Նույն գետը չես մտնի: Մենք ողբում ենք անարժեք հասարակությունը նույն հասարակության ուսին: Եվ սա ամենևին էլ անելք քարանձավ չէ, որտեղ մեռնում ենք հուսահատությունից, այլ քարանձավի մեջ մենք տուն ենք շինում և մողեսներ ենք ուտում: Կերպափոխվում ենք հաշտ. մենք չենք կրում քարանձավը որպես քարանձավ, տունը որպես տուն, հացն իբրև հաց: Եվ ամեն ինչ այսպես դատապարտված է հավերժ շրջումի և չկա մահ: Ամեն ինչ այսպես դատապարտված է հավերժ փոխակերպումի, միգուցե, որ ես երգեմ, և միթե այլ բան եմ անում:
Իմ սկզբի մեջ իմ վերջն է: (ընթացք)
Իմ սկզբի մեջ իմ վերջն է: (հանգում)
Վերջ չկա, այլ հավելում: (վերջ)
…………………..սկիզբ………………………
Թ. Է.

Դու հիշում ես, դարի գլխին իմ տունն է, և քամին դիմագծերս ավելի է տաշել: Երեկ մեջքով սեղմված քարին ինձ հրաշք թվում էր, թե քարն իմ միջով էր բուսնել և մի պահ արևն էր ցույց տալիս:
Ես ամեն օր լեռան նույն երազն ունեմ:
Ուժս, կքված ծառերի պտուղների ուժասպա հողս, հարություն է առնում ձմռան մեջ և գարնանը ծաղկումը հոտ ունի հիշողության: Պտուղը ծառի եզրն է: Կորցնելով մի վայրում՝ գտնելով ամենուրեք, քամու մեջ չբովանդակվող էություն եմ:
Բարև: Բարի լույս: Բարի երեկո: Բարի օր: Բարի գիշեր: Համբուրում եմ ամենը, որոնք չենք տեսնում միասին»:

Քայլել այստեղ, մենակուհի, տարածության մեջ իմ ստեղծումը չի հանգուցվում քար, այլ պարանվում և խեղդում է ինձ և ծնվում իմ մեջ: Ձևեր, ան ընդհատ փոխակերպման մեջ չկրել ոչ մի նշույլ ճակատագիր ություն-ուհի տարաձայնության:
Կլինեն օրեր, սարի ճանապարհն ինքն իրեն կգա և կմատուցվի, և երկրի հեքիաթը, թե բաժանման պահին ինքը քո սերմը երկնքից պահեց, քեզ կձգի լինել այս հիշողությունը աշխարհի մասին, որն քեզ այդքան սիրեց: Որտեղ էիր դու, քո անուն էինք տալիս, որտեղ որ դու էիր, և ուրախ էինք, քանզի դու կայիր, և մենք չէինք դադարում:

Դրանք սովորական աչքեր էին: Հետո Լիլիթը: Ես տեսա նրան, և ոտքերը տեսա և ճերմակ գինին՝ կենացներին կուլ գնացող, այդպես էր: Քամին տանիքները հետևիցս բերեց: Հանկարծ վաղը չեկավ: Եվ ես մնացի, շատ էի մնացել:
Երեւանյան
Հույս: Թաց շատրվանի կողքով ես իջնում եմ ներքև: Լույս: Ջրափոսի արձագանքը ընկնում է աչքերիս մեջ: Փակում անորոշում: Ես վազում եմ, վազում եմ: Ես ամաչում եմ հիմա: Կարոտի անպտղությունը տիեզերքում սերմ տվեց, ես քաղող չեղա:
Մի հազիվ ճեղք, լուսավորս, թափանցումդ պռատ: Անդրադարձնում եմ քեզ, ինքը չէ: Է: Հարազատ:
Տարածվում եմ, առավոտյան անլուսամոտ սենյակով մեկ ես հազար տարվա տագնապով արթնացա:
Անհավասար: Մի թող: Աղոթում եմ: Հոսքի բերած առաջին մասնիկը: Նույնը չէ: Որտեղ հանգույցներն են կրկնօրինակվում: Սարը:
Սարը ամպի ստվերն էր տանում: Լեռանը դեմքով եմ հպված: Կուրծքս խոտերի մեջ առա: Մարմինս հարթություն էր հիմա: Սյունը աչքերիս չափ էր գնում: Դաշտի ծաղկումն անցա: Կովի սպիտակ դեմքը տարա: Միտքս մեջ եմ պահում: Խոտը չէր պսպղում լուսնին: Ցուլը կոտոշների մեջ առավ, փշրվեց ծովի մեջ, ցոլաց: Արևի տեր: Լուսին: Մամուռը քարի ներսն էր հանում՝ պատմելով լռության մասին քուն:
Արդար չէ չարությունը: Մասը ամբողջի մեջ:
Տիեզերքի լույս: Արևի հատիկ, օդի բեկոր, գոլորշի և համ: Ջրերի լեզվից կավազանայի, քանզի քար եմ: Ախ: Աննյութ շերտերի բազմություն: Ո՞ր ծառի տակ դու նստեցիր, ասա:

Սար Խանձված թևերով թռչունի հոգոցից արթնացա:
Այնտեղ, որտեղ վարդի թառամումից սոխակը լռեց,և լուսնի սիրտը լցվեց, և լացը թափվելով ցող դարձավ թփին: Այդպես առավոտը եկավ եղյամի հասունացման հետ: Ու մինչ պատանին հեռացավ սպասող ՄՈՐ (մայր (ա) մուտ) ՄՈՏ, կակուղ թռչունը դուրս թռավ ծովից, իր հսկա թևերով՝ գալուն պես՝ այրող արևը նորից փակելու համար:
Գարուն, ամառ, աշուն, փոշի: Քաղաքային գիտակցություն և սովորություններ, որոնք սիրով կփոխակերպեինք, եթե ժամանակը գար: Պատահական հանդիպումը Է-ի հետ վերցրեց ու դրեց սառնասրտությունը: Հիմնականում աչքերիս առաջ մշուշ է: Նրա ձեռքին խաղաքարտեր կային, որ բաժանում էր իր և սեղանի հանդիպակաց կողմում նստած իսպանուհու, Է-ն ինձ ուղղեց՝ իտալուհու միջև: Ես հավատացրի, որ շատ եմ ուզում միանալ, թեև ինձ ոչ ոք չէր հարցրել, և արագ ավելացրի, որ ցավոք շտապում եմ: Հետո մշուշվեց ամեն ինչ վերջնականապես: Շատ աղոտ Է-ի ձեռքերը շարժվեցին, իբրև հրաժեշտ: Մուգ կարմիր զգեստն եմ հիշում, որ գրկել էր փոքր ուսերն ու փոքր մեջքը: Կարծեմ նաև ասաց, որ իրեն դուր չէր գալիս այդտեղ:
Ես չեմ կարող մեկնել, չեմ կարող ինչ-որ բան բացատրել, ոչ էլ կարող եմ ձեռնարկմամբ իմացարկել Ցինայի օրեցօր քանդվող պատկերը: Բոլորը կարծում են, թե թողնում են իրենց հորը՝ իրենց մորը գտնելու համար:

Ամառ էր: Մրջյուններըը էլի թթու էին, և տարօինակ էր նրանց ուտելը այսքանից հետո:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն