title=

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Դուռս զանգեցին երեքի կողմերը: Երեկ զանգել ասել էին վաղը կեսօրին տանը եղեք, գալու ենք գազի հաշվիչը փոխենք, այնպես որ՝ կարելի է ասել գրեթե չէին ուշացել:
— Գազի հաշվիչի համար ենք եկել,- սկսեց բալզակյան տարիքի տիկինը, որի անունը, ինչպես հետո պարզվեց, Ստելլա էր:
— Գիտեմ,- ընդհատեցի կոշտ,- ուշացաք:
— Հա, բնակիչներից մեկի մոտ մի քիչ…
— Ինչ ա պետք,- արձագանքեցի մռայլ: Տանը փող չկար, գազի գինը բարձրացրել են, հիմա էլ ինչ-որ հաշվիչ, ինչ-որ նեղություն:
— Մի հատ աստիճան տվեք, հեսա վարպետը կիջնի, որ փոխի:
— Տաբուրետկա… ոտներն էլ խաղում են,- քրթմնջացի անտրամադիր:
— Շատ լավ, հիմա կանչեմ, իններորդ հարկում է:
— Շատ ե՞մ սպասելու… տեղ պիտի գնամ… առանց էդ էլ ձեր պատճառով…
— Չէ, հենց հիմա լիֆտով կիջեցնեմ…
Ստելլան անհետացավ լիֆտի դռների հետևում, իսկ ես աթոռակը տեղադրեցի գազի հաշվիչի տակ, խոհածելով տիկնոջ վերջին արտահայտության վրա` հիմա կիջեցնեմ: Մտածում էի՝ ով էլ լինի էդ վարպետը, մի երկու քաղցր բան ասելու եմ էս թալանչի երկրի մասին էլ, իրենց մասին էլ, որ էս երկրի թալանին մասնակցում են: Մի խոսքով՝ ընդդիմադիր էի տրամադրված: Տանը փող չկար:
Նախքան լիֆտի դռները կբացվեին զգացի էժան արաղի հոտը: Ստելլան թևն ընկած լիֆտից հանեց հայ ժողովրդի կեղեքիչին` 40-45 տարեկան բարձրահասակ մի տղամարդու, որը ինձ տեսնելով կարճ ասաց.
— Վալեռ, Ստելլա:
— Օգնեք էլի,- խնդրեց Ստելլան, և ես մյուս կողմից բռնեցի Վալեռի թևից:
Միակ միտքը, որ այդ պահին այցելեց` հնարավոր չի: Մտածեցի՝ հնարավոր չի, ուղղակի բացառվում է, որ ծալվող ոտքերով էս Վալեռը դողացող ոտքերով աթոռի վրա կարողանա որևէ գործողություն կատարել: Ի զարմանս ինձ, Վալեռը մեկ րոպեում քանդեց հին հաշվիչը, տեղադրեց նորը: Այդ ընթացքում պարբերաբար ինձ աչքով էր տալիս, իսկ ես նրան հուսադրող գլխով էի անում` կա, տանը կա: Ստելլան ինչ-որ թղթեր էր դեմ տալիս փոշոտ շքամուտքում, որ ստորագրեմ: Հետո գրիչ խնդրեց: Երբ գրիչով դռնից դուրս էի գալիս, Վալեռը ելավ դեմս:
— Պիտի ստուգենք օդ թողում ա գազդ, թե չէ,- բարձր ասաց, որ Ստելլան լսի և ինձ աչքով արեց:
— Սաղ ըլնենք,- ասացի, երբ մտանք խոհանոց,- կոնյակի սպիրտ ա:
— Վայ ես քու ցավը տանեմ,- կիսաձայն ասաց հուզված Վալեռն ու քաշեց գլուխը:
— Էրեկ աչքիս կարգին քցել ես: Կներես, ուրիշ բան չունեմ,- ասացի պարզելով նրան հացի չորացած կտորը:
— Վայ ես մեռնեմ քո սրտին: Արա էս պադեզդում մենակ դու մարդ դուրս էկար,- արձագանքեց Վալեռը,- հա էրեկ մի հատ թագավոր անձնավորության հետ, էս ձեր մայլեքից, կարգին խմինք: Չեմ ուզում անունը տամ…
— Դե մի բան ասա,- առաջարկեցի՝ լցնելով երկրորդ բաժակը: Կոնյակն առել էի ամիսներ առաջ, երբ մեր տանը հյուրընկալեցինք մի ամերիկյան պրոֆեսորի, հայավարի ճոխ սեղան գցեցինք: Շշի կեսը մնացել էր: Նախքան Վալեռի հայտնվելը իմ կյանքում, մոռացել էի այդ շշի մասին: Գիտեի, որ Վալեռը կյանքիցս անհետանալու է նույնքան անակնկալ, որքան հայտնվել է և որ նրան հինգ րոպե հետո մոռացած եմ լինելու, բայց ուրախ էի, որ մի կարգին մարդու հետ զրույցի եմ բռնվել, թեկուզ և կեղեքիչ:
— Արա բա էս երկիրը երկիր ա,- տրտնջում էր Վալեռը,- արա բա խի պըտի քու պես տղեն գազի փող տա… արա թալանին արա էս ազգին…
— Սրտիցս ես խոսում Վալեռ… սաղ ըլնենք…
Երբ դուրս եկանք շքամուտք, Ստելլան կասկածամտորեն նայեց մեզ:
— Էդ քանի՞ անգամ ստուգեցիք,- հարցրեց ինձ:
— Երեք,- վստահ պատասխանեցի:
— Լավ Վալեռ տղա, ես քո հետ հետո կխոսեմ,- ֆշշացրեց Ստելլան:
— Ստել ջան, սենց ազիզ տղու համար բա մի հատ չստուգեի՞նք: Բա որ օդ թողեր…
— Պլոմբը դիր, գնում ենք… երեք հատ պիտի փոխենք էսօր,- մռայլ ասաց Ստելլան: Նրա ձայնի մեջ անհուսության ելևէջներ կային:
— Մինչև մի անգամ էլ չստուգենք, չեմ թողնելու գնաք,- վճռական ասացի Վալեռին,- աչքիս օդ էր թողնում:
Ստելլան թունոտ նայեց վրաս, բայց ոչինչ չասաց:
— Արա բայց դու էս ինչ թագավոր տղա ես,-ասաց Վալեռը խոհանոցում, հերթական բաժակը կոնծելով:
— Դու կարգին աշխատող տղա ես,- ասացի,-բայց էդ Ստելլայի պես գազի տեսուչներին չեմ սիրում: Հեսա իրա ինադու քեզ էնքան խմացնեմ` չկարանա տանի:
— Վայ ես մեռնեմ էն քո թագավոր սրտին: Արա դու էս ի՞նչ տղա ես:
— Բարով տեսանք:
Շշի տակ դեռ մնացել էր: Շիշը դրեցի Վալեռի կեղտոտ պայուսակի մեջ, որը նա հեռատեսորեն հետն էր վերցրել տուն մտնելիս: Գրկախառնվեցինք, թփթփացրինք իրար թիկունքի, հազար տարվա բարեկամի պես, որոնք առանց բառերի իրար հասկանում են: Ստելլան արդեն բարձրացել էր իններորդ հարկ:
— Նայի Ստելլան քեզ էն բանից չանի,- ասացի, երբ սպասում էինք լիֆտին:
— Աշխարհում տենց կանյակ չկա, տենց սպիրտ չկա, որ խմեմ` Ստելլային ուզենամ,- ասաց դեմքը կնճռոտելով:
— Դրա համար եմ ասում, զգույշ էղի:
— Չէ իրան ասել եմ, մի անգամ էլ ինձ ձեռ քցես, էս ռազվադնոյ կլուչը իջնում ա գլխիդ:
— Էհ…Էս կողմերը լինես էրևա,-ասացի երբ արդեն լիֆտում էր:
— Լյուբոյ հարցով հարազատ: Ես ձեր ոչ ու բարով տեսուչն եմ: Տեսուչդ… եմ:
Հայհոյանքը արդեն լսեցի փակ դռների հետևից: Լիֆտը տարավ Վալեռին դեպի նորանոր սխրանքներ, նորանոր ստուգումներ և դեպի շատ ու շատ լավ մարդիկ, ովքեր այսօր դեռ հաստատ պիտի առանձնանան Վալեռի հետ խոհանոցում ինչ-ինչ բաներ ստուգելու նպատակով: Տուն մտա մի տեսակ թեթևացած, սփոփված էն մտքից, որ էս կեղեքիչների դեմ մենակ չենք, իրար պահում, օգնում ենք, իրար ձեռք ենք բռնում, սփոփում ենք…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն