Մհեր Բեյլերյան

Լույսի արագությամբ արևից երկիր իրենց հասանելիք յոթ րոպեն անցնելուց հետո առավոտյան ճառագայթները նախ բարևում էին Ջիլբերդի կացարանը, հետո նոր մյուսներին: Կացարան ասածը «ժեշտից բուդկա» էր, չորս կողմից շրջապատված շենքերով: Ո՞վ չգիտեր ձաձ Ջիլբերդի բուդկեն:
Ձաձ Ջիլբերդը անորոշ տարիքի` 55-75, քաչալ, կարճահասակ, ջլուտ մարդ էր, մարդ-գաղտնիք, մարդ-ժպիտ, մարդ-վարսավիր, մարդ, որ ամեն օր դիմավորում էր արևի շողերը իր կացարանի առջևի փոքրիկ այգում, իր ցանած ծաղիկների մեջ: Նրա հազը (երևի սիրգարետն էլ վերջը գլուխը կերավ), նրա առավոտվա անուշ քֆուրները՝ ուղղված երկրի ղեկավարից մինչև չբացվող դուռը, նրա պատկառազդու քաչալը, նրա այգին, այդ ամենը քեզ բարի օր էր մաղթում աչքդ բացելուն պես: Ու արևից հետո առաջին բարևը Ջիլբերդինն էր` Բարև Ջիլբերդ ձա… Ջիլբերդ կոֆեն դիր, իջնում եմ… Ջիլբերդ քյաչալդ …եմ` կամաց քրֆի, իջել եմ մկրատդ քամակդ կմտցնեմ…
Ինչ օրեր էին: Ո՞վ չէր հարգում Ջիլբերդին` քուչի կատուներից մինչև հարգողներից հարգված հարգելի տղերքը: Բոլորը հարգում էին քֆուրկան ու բարի վարսավիրին: Ջիլբերդի ձեռքը թեթև էր, ասում էին հաջողություն է բերում: Ջիլբերդի մոտ մազերը կտրող բիձեքը յոթ հարկանի քրֆում էին Ջիլբերդին, եթե մազերը կտրելու հաջորդ օրը մի վատ բան էր պատահած լինում:
— Ջիլբերդ քյալլեդ …եմ,- սկսում էին ծեր ու գեշ հայերը ժպտալով,- էրեգ մազերս կտրիր` թոշակս չբերին, այ պիդառած…
— Այ թոշակդ էլ, նախագահդ էլ, քեզ էլ` վրադիր… դու ինչ ես, որ թոշակդ ինչ ըլնի այ…,- ասում էր Ջիլբերդը՝ սեղմելով գեշ ու ծեր հայի ձեռքը,- արի մի հատ նարդիով քեզ էն բանից անեմ, սիրտդ հովանա…
Ու գնում էին յոթ հարկանի, յոթ վագոնանոց քֆուրները` էլ ա, էլ գ, էլ բ` ոչ նեղանում էին իրարից, ոչ բան: Էն ա, որ հարգում էին ձաձ Ջիլբերդին: Ջիլբերդի քֆուրը իր ծխած էժան սիգարետի պես դառն էր, թունդ էր, լիցքաթափող ու լավատեսական:
— Ո՞նց պիտի ըլնեմ, արա,- սկսում էր Ջիլբերդը, երբ մտնում էին իր կացարանը և հարցնում ոնց ես,- նախագահդ …եմ, երկիրդ …եմ, նախագահիդ ընտանիքը …եմ, կնիկ երեխեն …եմ:
— Ջիլբերդ, մենք էլ …ենք, բայց կամաց քրֆի…
— Տո լսողը ինձնից բեշ բեթար ա քրֆում,- ասում էր Ջիլբերդը ժպտալով,- նստի, նստի տենամ էդ ինչ յոժ ա գլուխդ դառել…
Ու ծխում էր Ջիլբերդը, քրֆում, ծխում ու մկրատով մազերի գենոցիդ էր անում` հո չէր կռտում քյաֆթառը, հերն անիծում էր, բայց համով մարդ էր, համ էլ հազարի փոխարեն հինգ հարյուր էր վերցնում, եթե չունենայիր, ասում էր` ջանդ սաղ, նախագահդ ք… եմ:
Դրական էր մի խոսքով: Լավատես էր ձաձ Ջիլբերդը: Մի օր ասացի` մոտդ որ մազերս կտրում եմ, տրամս բարձրանում ա, ձաձ Ջիլբերդ: Քթի տակ խնդաց, ասաց.
— Ես ցիրկում էլ եմ աշխատել: Ակրոբատ եմ էղել: Ինչ տղա էի: Ինչ ծտերի էի շինում… հիմիկվա էս … երը գիտեն, թե բդերը, որ բացեցին` էդ ա: Այ ես քու կերած կաթը … , էդ հերդ չի տենու՞մ, որ քամակդ բացել ես, թե՞ մերդ էլ քու պես…
Ու գնաց կաշը, լոբով ճաշը: Էդ խեղճ երևակայական աղջկա յոթը պորտը մինչև չհիշեր, մանրամասն չնկարագրեր, թե էդ մինիով աղջկա մորը որտեղ, ոնց, ինչի, քանի հոգով ու քանիցս` չէր հանգստանա, մկրատը տեղը չէր դնի: Բարի ժպտում էր ու քրֆում հա քրֆում, մինչև կողքի տաքսի սերվիսից ձեն չէին տալիս.
— Ջիլբերդ, որ էկել եմ քյալլեդ կ… եմ` կամաց քրֆի. այ բիձա…
— Բիձեն որ էկել ա… ,- արձագանքում էր Ջիլբերդը և տրվում նոր քֆուրների ալեկոծ հորձանուտին: Մենակ հասցրու` հիշի: Բայց ո՞ր մեկը հիշես: Ախր շատ հարուստ էր քֆուրկան քյաֆթառը` դեղին մատները հիշես, մեկ թունոտ, մեկ բարի ժպիտը հիշես, քաչալը հիշես, ծխած բուդկեն հիշես, կեղտոտ սեղանը, հայելու վերևում փակցված Անդրանիկի ու Վազգեն Առաջին կաթողիկոսի նկարները, հին ռադիոն, փոքրիկ ծաղկանոցը` ո՞րը հիշես…
Ծերանում էր, ձեռքերը դողում էին, էլ մոտը մարդ չէր գնում մազ կտրելու, մենակ նարդի խաղալու, քրֆելու, գարեջուր խմելու էին գնում: Ինքն էլ զբաղմունքի համար էր իջնում: Օրը եթե հազար դրամ աշխատեր` մի շիշ արաղը` կար, ընկերներն էլ` անպակաս:
Գեշ, քֆուրկան, ծեր, տեսքից ընկած հայերը հավաքվում էին Ջիլբերդի «բուդկում» կամ նստում նրա այգում, քննարկում-քրֆում երկրի լուրերը, հիշում-քրֆում երկրի նախագահին և նրա ընտանիքը, ափսոսում-քրֆում ջահելությունը, օրհնում-քրֆում ջահելներին…
Վերջում նեղված էր Ջիլբերդը, ասում էր ինչքան գ… կա, գնում «մաշինկա» առնում, մազերը յոժի պես կտրում ա, դառնում ա «շինած յոլկա»:
Մի օր հարցրի.
— Ձաձ Ջիլբերդ, չգիտե՞ս անունդ խի ա Ջիլբերդ…
Ասեց` չդնես:
— Տո չէ, ուր դնենք,- պատասխանեցի չոր` դուրս չէր գալիս, որ շատ ա քրֆում,- դնելով ըլնի, օրը յոթ հարսանիքի սեղան պըտի դնենք` հավաքենք… ո՞վ էդքան հավես ունի…
Խնդաց, ծուխը փչեց Կաթողիկոսի ու Անդրանիկի վրա և երկրի առաջնորդներին հիշելով՝ յոթ հարկանին միացրեց:
Հարգում էին, քրֆում էին` բայց հարգում էին Ջիլբերդին: Կյանքի պես դառն էր, չիբուխի պես կծու: Որ մեռավ, կողքի շենքերից իջան, դագաղի մոտ կանգնեցին, ասեցին` բա հիմա ո՞վ պիտի ծաղիկները ջրի, ո՞վ պիտի առավոտ կանուխ յոթ հարկանի քֆուրը կապի, որ հելնենք` կոֆե խմենք…
— Այ սատկեիր` չսատկեիր Ջիլբերդ,- ասում էին հայաթի անդուր բիձեքը` ծուխը քաշելով…
— Արա, այ քյալլեդ … եմ, էդի անելու բան է՞ր, որ դու արեցիր,- կշտամբում էր բիձեքից մեկը, որ ամենից մոտն էր Ջիլբերդին ու ամենից շատ էր քրֆում նրան:
Ո՞վ չէր ճանաչում Ջիլբերդին` դագաղն էլ էժանով տվին, պսակներ էլ ուղարկեցին: Ո՞վ բարի խոսք չասեց Ջիլբերդի հասցեին, ո՞վ չքրֆեց նրան իր թաղման օրը:
— Բա հիշում ե՞ք, որ Ջիլբերդը Գառնիկին ասեց` մկրատս կկոխեմ քամակդ` գլանդներդ կկտրեմ…
Տո ո՞նց չհիշես, կամ ո՞ր մեկը հիշես: Ջիլբերդին շատ էին սիրում, դեռ երկար հիշում էին, հիշում ու քրֆում… Ջիլբերդին առանց քֆուր հիշես` իմացի օրդ կորած ա: Այ տենց մարդ էր: Ոսկի մարդ էր Ջիլբերդը: Կյանքից հասկացող մարդ էր:
— Էս ձեր կողքի սեփական տան բոյով տղեն ո՞ր գաղութ էր, ձաձ Ջիլբերդ,- մի օր հարցրի, երբ մազերս կտրում էր,- ասում են նոր ա հելել:
— Ինքը դասախոսի տղայա, խելոք, բարձրագույնավարտ, տղա ջան… ինքը ուր` բերդը ուր…
Հարգեցի ձաձ Ջիլբերդին: Յանըմ` դու ո՞վ ես այ լակոտ, էկել ես շնչում ես, ուզում ես բան իմանաս, Ջիլբերդը թսվող տղա չի, Ջիլբերդը քեզ չի ճանաչում, այ լակոտ, որ քեզ դնի պատմի, Ջիլբերդի պես տղեն… ու էլի մի քֆուր, մի խինդ, մի ուրախություն…
Ժամանակը կանգ էր առել Ջիլբերդի բուդկայում, ուրիշ չափարկում էր: Ոչ էն ա` 70-ականներն էին, ոչ էն ա` Ղարաբաղյան շարժման սկիզբը: 1988-ի կողմերը Ջիլբերդի կյանքը կանգ էր առել, համենայն դեպս իր կացարան-խցում, որտեղ Անդրանիկն ու Վազգեն Առաջինն անբաժան էին, որտեղ պատիվ-հարգանք կար, սրբություն ու քֆուր կար, պատմություններ կային, որ էլ ոչ մի տեղ չես լսի: Ջերմություն կար չորության հետ: Չորությունը կյանքից էր, ջերմությունը` սրտից:
Ջիլբերդը ձեռքը գլխիդ էր դնում օրհնանքի պես, քրֆում էր օրհնանքի պես: Բերանից լավ բան չէիր լսի, եթե միայն խոսքը իր թոռնուհու մասին չէր: Թոռնուհին Ջիլբերդի թուլությունն էր: Մկրատը կդներ մի կողմ, ցույց կտար ոնց է փոքրիկ թոռնուհին պարում, ոնց է երգում ու ցույց տալիս իր գլխի «բռոշկեն»:
Կլինի, մի 10-15 տարի կլինի, որ մեռել գնացել է Ջիլբերդը, բայց քֆուրը ականջիս մեջ է, քաչալը` աչքիս առաջ: Ու ախր ճիշտ էր ասում, քանի գնաց համոզվեցի, որ չէր չափազանցնում, որ չի լինի առանց քֆուր, որ գ-ին պիտի ասես գ, բ-ին` բ, որ չբազմանան: Ջիլբերդի քֆուրը իր մկրատի պես կտրում էր, կանգնեցնում էր գ-ության ու բ-ության պոպուլյացիան առանձին վերցված բակում: Ամեն մարդ գիտեր, որ սխալ բան արեց` Ջիլբերդի լեզվից պրծնել չկա: Աղջիկները վախենում էին «վուլգառ» հագնվել, հագնվելիս էլ շրջանցում էին Ջիլբերդի կացարանը: Բայց Ջիլբերդից փախչե՞լ կլինի:
— Ըհը, ես չէ դու,- ասում էր Ջիլբերդը նկատելով արագ քայլող աղջկան,- էսի ու՞մ աղջիկն ա… էն հարբեցող Գուգոյի ու բոզ Ամալի աղջիկը չի՞: Տո Ամալն ի՞նչ ա, որ էսի ինչ ըլնի… դրա հագածը, դրա քամակը, դրա քսվածը… սրան մի օր մեկը ձեռից բռնած տանելու ա հոր հետ ծանոթացնի, հերը չի իմանալու հաց տա, թե՞ շինի… ախր մեր վախտով գողը գող էր, բոզը բոզ էր, մըլիցեն` մըլիցա… գիտեիր ով ինչ արժի, ում պըտի փող տաս, ում` քրֆես, ում` դանգես… սաղ շուռ տվին էս … երը:
Մեկ-մեկ սիրտս խառնում էր Ջիլբերդի քֆուրներից: Մեկ-մեկ շատ էր մանրամասնում, գնում հասնում զոհի մանկությանն ու կերած կաթին, մոր պտուկներին, նախնիների գերեզմաններին, ջխտերի բարուրներին… էսթետիկ ու էքսպրեսիվ, բայց մեկ ա զզվելի էր:
Չգիտեմ կփրկվի՞ Ջիլբերդի հոգին, դրախտ կընկնի՞, թե՞ քֆուրները չափից շատ են ու չափից աններելի, բայց իմ կողմից կհաստատեմ, որ Ջիլբերդը լավ մարդ էր, պատիվ ուներ, հարգանք ուներ, չիբուխ սիգարետ ու սառը արաղ ուներ, ծաղիկներ ուներ, թոռնուհի ուներ, որի համար ուշքը գնում էր, որի համար առավոտ կանուխ արթնանում էր ու դուրս էր գալիս տանից, բացում իր կախարդական կացարանը, սրբում սեղանի փոշին, սրբում ու համբուրում Անդրանիկի ու Վազգեն Առաջինի նկարները, միացնում ռադիոն, ջրում այգին, նստում քարին, վրա-վրա ծխում, ծխում ու հիշում, ծխում ու քրֆում, մինչև մեկը վերևի հարկերից չասեր.
— Արա Ջիլբերդ կամաց, իջել եմ քաչալդ կ… եմ:
— Արա այ …,- պատասխանում էր Ջիլբերդը,- հըլը իջի այ… հիշացնե՞մ արա ով ես…
Տո ո՞րը հիշես, ո՞րը պատմես, ո՞րը հիշացնես: Ի՞նչ եղավ Ջիլբերդը, տենց էլ չիմացանք: Իմացանք, որ թաղել են: Էդ էր ու էդ: Էլ չիմացանք ինչ եղավ հոգու հետ, ուր գնաց, կփրկվի՞, թե չէ: Ձեն-ձուն չկա, սուս ու փուս գնաց Ջիլբերդը, գնաց պառկեց հազար տարվա մեռելների կողքին` իր պես քֆուրկան, գեշ, հայ, դժգոհ: Գուցե նրան մի օր պեղեն-հանեն, իսկ իր տակ ուրիշ շերտեր լինեն, ուրիշ գերեզմաններ, ուրարտական շրջանի վարսավիրներ հայտնաբերվեն, սեպագիր յոթ հարկանի քֆուրներով, թագավորի և նրա ընտանիքի անդամների հասցեին, հարուստների ու տարբեր գ-երի ու բ-երի հասցեին: Ո՞վ իմանա:
— Կյանքը տենց բան ա,- ասում էր Ջիլբերդը,- էսօր ձեռդ ա, վաղը` ոռդ:
Էհ, հողը թեթև լինի, ձաձ Ջիլբերդ: Բուդկեդ տաքսի սերվիսը վերցրեց, հետո չիմացա ինչ եղավ: Բայց անունը տենց էլ մնաց` Ջիլբերդի բուդկա: Ու թող մեկը ասի, որ քեզանից հետո հետք չես թողել: Թող մեկը ասի, թե Ջիլբերդին մոռացել են, Ջիլբերդին չեն հիշում, չեն քրֆում: Ով տենց բան ասի… էլ չասեմ ձաձ Ջիլբերդ, դու ինձանից լավ կասես: Կներես, որ վերջերում մոտդ չէի գալիս, ձեռներդ դողում էին, լավ չէիր կտրում: Բայց ամեն առավոտ բուդկիդ մոտից անցնելուց մի հատ նայում էի` համոզվելու, որ սաղ ես: Որ մի երկու օր չէիր իջնում, անհանգստանում էի, հարցուփորձ անում, իմանում էի, որ հիվանդ ես: Էսօր էլ հեսա հիշեցի քեզ:
Լավ սիրտ ունեիր, չնայած քֆուրկան էիր: Տենց էլ չիմացա հետո ինչ եղավ քեզ: Ներվեցի՞ր, թե՞ չէ: Անդրանիկն ու Վազգեն Առաջինը հաստատ սիրում են քեզ, կբարեխոսեն քեզ համար: Ես էլ կաղոթեմ: Ողորմի քեզ: Եթե դու փրկվես, իմացի, որ էս աշխարհում էլ չփրկվող մարդ չկա:
Էհ, տենց քու համար ապրեցիր, գնացիր: Կուզեի քեզ տեսնել կրկեսում ակրոբատ եղածդ ժամանակ: «Կյանքը կատակ ա»,- ասում էիր` չէի հասկանում: Ոչ ոք քեզ չէր հասկանում, քեզ պես հիվանդ, գեշ ու քֆուրկան խմող բիձեքից բացի: Դեռ ծեր ու բավարար չափով հիվանդ չեմ, որ համաձայնեմ քեզ հետ: Էն ժամանակվա պես կռվում եմ հետդ, ասում եմ` նայած կյանք, նայած ոնց կապրես: Էս կյանքը կարևոր չի, կարևորը` հետո ինչ կլինի: Հետո-ն ամեն ինչ կիմաստավորի, կդարձնի կարևոր ու անանցանելի: Գուցե էդ հետո-ի հավերժությունն էր ձգում դեպի քո կացարանը բոլոր հոգնածներին, հիասթափվածներին, մենակներին, բոլոր նրանց, ում սիրտը կոտրված է, ում պետք է խաղաղ հանգրվան, որտեղ ամեն բան իր տեղում է` մկրատից մինչև խարխուլ ռադիոն և Վազգեն Կաթողիկոսն ու Անդրանիկը: Դու բոլորին լսել գիտեիր, սփոփել գիտեիր, հարգել ու պատվել գիտեիր: Մի օր աղբ հավաքող մի տարեց մարդու կանչեցիր քեզ մոտ, արաղ հյուրասիրեցիր, հաց տվիր, հարցրեցիր առողջությունից, ընտանիքից: Երբ գնաց, ասացիր ինձ.
— Էս մարդը ժամանակին հանրապետության բառբի չեմպիոն ա էղել: Հետո աղջիկը դուրս արեց տանից, դարձավ հարբեցող: Ոսկի մարդ ա… ոսկի…
Ծխեցիր ու լռեցիր, գուցե քո դարդերը հիշեցիր, բայց ես էդ օրվանից անտարբեր չեմ անցնել ոչ մի աղբ հավաքողի կողքով… Ինչ նուրբ էիր զգում մարդկանց ցավը, ինչ նուրբ էիր օգնում ու բուժում: Որքան նրբություն ու սեր կար քո կոպտության հետևում, որքան ցավ կար քո խարխուլ, դառը ծխի քուլաներով մշուշված կացարանում: Որքան արցունք կար քո աչքերում, որ ոչ ոք չտեսավ: Մեզ ցույց տվիր միայն քո ժպիտը` ծածկելով ցավդ քֆուրի ու ծխի հետևում:
Տենց էլ չիմացանք հետո ինչ եղավ քեզ: Երանի թե ներվես: Եթե դու ներվես, ուրեմն մենք էլ հույս ունենք, ուրեմն աշխարհում ամեն մարդ ներման ու դրախտի հույս ունի: Քեզ բարի քֆուրով են հիշում թաղեցիներդ: Գոնե մեկը կա՞, որ աղոթի քեզ համար: Իմացիր, որ կա: Հաստատ մեկը կա, ձաձ Ջիլբերդ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն