Առաջին ու վերջին անգամ է:  Սև կետեր, սև-սև գերխիտ նյութեր, բախում, տրաք, մոլորակի սկիզբ, գորշ նյութ: Աշխարհի վերջը հորս թիկունքում զբոսնում է. հայրս ծնողներ չունի, մեջքն անպաշտպան է մահից: Վաղուց, շատ վաղուց պապս, նախապապս, նախատատս մրսել են մեջքին փչող սառնությունից:

Բոլոր ջանքերդ գործի կդնես ձուլվելու իրականությանը, կենսունակ դառնալու, քեզ մարդ զգալու: Ուտիճներին, որդերին, գետնի տակի կենդանիներին հրեմ ետ. դժգոհ հեռանում են ու իմ թիկունքում սպասում: Ճանապարհը կգտնեմ, շնորհակալություն: Ես չգիտեմ իմաստը: Սպասման թանձրություն կա: Մահացած կնոջ աչքերը կխոսեն քեզ հետ:

Մեռած աչքերն ասում են. նրանք հերթով կլքեն` հավաքած համերն ու հոտերը, ձայներն ու հնչյունները, հիշողությունն ու տխրությունը, անլաց, խելոք, հաշտ.  կենցաղի մեջ կորած-մոլորած մայր, շվար-անփող հայր, անոտ-անգլուխ-մեռած տիկնիկներով քույր ու եղբայրներ: Նրբիկ մարդիկ լքելու են անպայման` թողած ինձ կենցաղը, փողը, տիկնիկը: Նրբիկ մարդիկ փոքրիկ ճնճղուկներ են: Երբ հերթով, դանդաղ թռչում են, երամի հեռանալ չես տեսնում:
Ես էլ չեմ ամաչում, չեմ թաքցնում կարոտը, էլ չեմ վախենում, չեմ ընդվզում, որովհետև չեմ կարողանում, որովհետև ՄԵՆԱԿ եմ: Իմաստը չեմ  հասկանում:
Ճնճղուկի հոգին փակ, անտակ տարածք է:

Մեռած աչքերը հարցնում են` ինչի՞ համար ճամփորդեցիր: Այդ երկար օրով, երկար երեկոյով ու ցերեկով կարողացար ճամփորդել առանց ինձ: Իմ զբոսանքներում ձեռքերդ ուսերիս, մեջքիս շուրջ է պտտվում: Համբուրեմ ձեռքդ, ծիծաղենք` թե ոնց որ քահանայի համբուրես, բայց արյունդ եմ համբուրում, որովհետև էդ որդ-երակներիցդ արյունն ավելի մոտ է: Մի խոսքով` համբուրեմ ձեռքդ, անհայտ ճամփա եմ գնում:

Ինձ մնում է ճանապարհ ընկնել: Մեկ է` հնարավոր է ծովը հաճույք է ստանում ափերը ժայռերին խփելով: Ժայռային տարածությունն այդտեղ բացվում է նեղ կտրվածքով, ընդունում ծովին, գուրգուրում, սիրում, բաց թողնում. հնարավոր է` ոչ. գեղարվեստական ֆիզիկա:
Ծովի հպարտությունն եմ պատկերացնում, երբ դարը մեկ մի ճանապարհորդ երկար ափին կանգնել, երկար նայել է լուսաբաց-մայրամուտին, երկար հիացել, գնացել, մյուսն է եկել: Ծովի ձանձրույթն եմ պատկերացնում, իմ հրճվալից հեռանալը:

Իմաստը:
Ամեն դարը մեկ եկողներս Բրեյգելի կույրերն ենք իրար ետևից ընկած: Միշտ էլ այդպես եղավ: Ճամփորդի իմ աչքով:

Մեռած աչքերը տեսնում են կտրված գլուխ` կողքի վրա ընկած, բաց գանգատուփից կախված փայտե աստիճան: Եվ բարձրանում են հիսուսները, ծնողները,  երեխաները, սիրածները, մոլորվածները, նկարիչները, բոլոր ճնճղուկները: Ահ, սլանում եմ աստիճանն ի վեր:

Անիմաստ բառերի մնացորդներ հավաքեցի` հեշտացնելու հրաժեշտի խոսքը:
Ինձ համար աշխարհի վերջն իմ մահն է:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն