Բոնսայ. գաճաճ ծառեր աճեցնելու արվեստը
Մատղաշ կաղնու արմատներն ու շիվերը էտելով՝
իբր թե իմ գլխով անցածն եմ պատմում,
ասում եմ, որ չարժե հուսահատվել ու չորանալ շտապ,
որ ինքն անպայման կհասնի իր նախանշված ուղուն ու լիությանը —
այս մի պուտ սկուտեղում անգամ, այս մի բուռ քարահողի մեջ,
նա կապրի ամբողջական ու երջանիկ, վայելելով իր միակությունը,
երբ մոռանա, որ անտառածին հսկա է, ստեղծված ճանկելու
չկամ ժայռերի սակավ հյութը հանց դարերի իմաստություն,
ծնված՝ տեսնվելու բոլորակ հեռուներից և երևելին լինելու,
շանթարգելը՝ հորիզոնից հորիզոն լցվող տարածության:
Ասում եմ, հանդարտվիր, դու քեզ չես կարող կորցնել,
քո ինքնությունն ու դու ահա այստեղ եք և դու կաղնի ես,
մոռացիր գերազանցելու և հաղթելու այդ ճիգը,
որ ստիպում է քեզ հսկայանալ: Աճելու համար
դու ինքդ լինելուց զատ ուրիշ ոչ մի ջանք հարկավոր չէ…
բայց մտքումս մի տեսակ կարկամում եմ, ախր,
կարող էի նոր վեպիս շնորհանդեսին լինել Փարիզներում մի տե,
մինչդեռ ինչ-որ անկապ բոնսայ եմ աճեցնում…
սփրթնած արթնանում եմ մղձավանջից՝ ու հրճվում,
որ էդտեսակ բաներին լրջորեն հավատալու չափ
դեռ չի կտտցրել:
Դեղձի հրաշագործ ազդեցությունն
օրգանիզմի վրա
զարգացման ռազամավարություններով ոգևոր,
ահագնացող սղաճի մտահոգությամբ բեռնված,
19:30-ի խցանումներում թրոմբված ավտոների մայուններով լեցուն,
աշնանային նոր տեսականու մեծ զեղչերով զբաղ
այս գլուխը,
որ տուն եմ տանում…
օրումեջ անգարից մերձիմահ,
ճաղատացման գենետիկ հակումներով այս գլուխը,
որ տուն եմ տանում հոկտեմբերի սառնատտիպ երեկոյի միջով —
այս գլուխը…
նեանդերթալցու այտոսկրերով, հոմոսափիենսի ակնաբիբերով,
մարդ-հմուտի ծնոտով ու մարդ-աշխատողի պնդաճակատությամբ,
միջին բարդության բաց կծվածքով այս գլուխը,
որ աներազ քնով անց տուն եմ տանում 33 ավտոբուսի վերջին շարքում…
նրբերշիկների ու նրբասալիկների նախատոնական ակցիաների միջով,
մարդակենտրոն նախազգուշացումների, հիշեցումների, կոչերի ու հրահանգերի միջով
բաղրամյան — մաշտոց — ամիրյան — տիգրան մեծ — արցախի փողոցներով
անշեղորեն տունն ի վար գլորվող կրեածիվ այս գլուխը…
հասկացողի բոլոր անցողիկ փաստաթղթերով, բայց դեռ տհաս,
ավելի հաճախ կորած քան գտնված, միջին վիճակագրական այս գլուխը,
որ արդեն երեք միլիոն տարի է ամեն օր տուն եմ տանում
ու հա չեմ կարողանում տեղ հասցնել
կես ճամփին
հանկարծ…
հրեշտակ տեսածի պես դողդոջում է այն մտքից,
որ միգուցե հեռավոր սարալանջի ցրտատար մշուշներում կորած —
աշնան կաթնուկ ու թանձր մշուշներում կորած,
ուշահաս դեղձենու դեղնող սաղարթներում կորած
արևախանձ մի դեղձ կա,
շիկնաթույր ու արևահամ մի դեղձ կա —
փշփշոտ մաշկի տակ՝ մեղրանուշ,
բերքահավաքների սրատես աչքից վրիպած մի հյութեղ դեղձ կա,
ում համար ոչ մի, ոչ մի երգ չի գրվել այս աշխարհում: