Հասարակության կողմից պաշտոնական եւ հրապարակային լեզվագործածությունը ենթակա է պետական վերահսկողության, որն իրականացվում է պետության կարգավորիչ տեսչություններով։ Հետեւաբար, լեզվական հարաբերությունների կարգավորումը, լեզվական մտածողության ինքնապաշտպանությունը պետության մենաշնորհն է եւ իրականացվում է օրենքի հիման վրա` պետական ծրագրով: Այսօր ԼԵԶՎԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ նոր ժամանակի մշակույթ է դառնում, որովհետեւ Երկրի տարբեր անկյուններում մտահոգ են իրենց լեզվի ճակատագրով. այսպես՝ 71-ամյա ակտիվիստ Հոջի Տակահաշին դատի է տվել Ճապոնիայի հանրային հեռուստատեսությանը, քանի որ այն անհարկի չարաշահում է անգլերեն բառերի գործածումը՝ հրաժարվելով ճապոներեն համարժեքներից: Որպես վնասի փոխհատուցում՝ Տակահաշին պահանջում է 1.4 միլիոն յեն (14.300 ԱՄՆ դոլար): Ֆրանսիայում եւ Կանադայի ֆրանսախոս մասում նույնպես անհանգստացած են իրենց մայրենիի մեջ անգլերեն բառերի ներխուժում-կիրառումից: Թուրքիայի կրթության նախարարը հայտարարել է, թե «թյուրքախոս պետությունները հաջողությամբ են իրացնում միացյալ թյուրքական լեզու ստեղծելու ծրագիրը»։ Ինչպիսին լեզվի հանդեպ վերաբերմունքն է, այդպիսին էլ պետության ընդհանուր մշակութային քաղաքականությունն է: Հիմա Հայաստանում պետական մտահոգությունը, պետական հոգատարությունը բացակայում են, ավելին՝ արհեստականորեն իջեցվում է մտածողության մակարդակը, դիտման հարթություն է գոյանում, որովհետեւ օտարաբանությունը, օտարասիրությունը, քո երկրում քո լեզվի փոխարեն օտար լեզվի կիրառումը բուռ-բուռ դեմքիդ է լցնում մանր փոշին ու ավազը, ինչը հայրենիքդ աչքերիցդ հանելու առաքելություն ունի: Երբեք չեմ լքի հայրենիքս եւ ոչ մի տեղ չեմ կարող ապրել ոչ թե թունդ հայրենասիրությունից դրդված, այլ լեզվական անընկալելիությունից ելնելով, որովհետեւ հասկացվածության կցկտուրությունը մղում է «ես»-ի կցկտուրության, որտեղ անընդհատ ստիպված պիտի լինես լեզվիդ տակ քեզ քուջուջ անելու, որովհետեւ այն մեկը քո մայրենին չէ, որովհետեւ ամենասիրուն բառերն ասելիս ենթագիտակցությանդ մեջ դրանք թրթռալու են մայրենիով, հետո էլ ջանքեր ես պահանջելու ամեն գնով պահպանել քո լեզուն: Իմ ասածը բարեպաշտության հետ ոչ մի կապ չունի, եւ չեմ էլ ուզում, որ մայրենին նմանվի անկենդան արձանի: «Օդենն իսկապես ասաց, որ ժամանակը (առհասարակ ժամանակը եւ ոչ թե կոնկրետ) աստվածացնում է լեզուն, եւ մտքերի ընթացքը, որոնց համար այդ պնդումը խթան հանդիսացավ, շարունակվում է իմ մեջ առայսօր: Քանի որ «աստվածացումն» ավելի փոքրի վերաբերմունքն է մեծի նկատմամբ: Եթե ժամանակն աստվածացնում է լեզուն, նշանակում է` լեզուն ավելի մեծ է ու հին, քան ժամանակը, որն իր հերթին ավելի հին ու մեծ է տարածությունից»,-գրում է Բրոդսկին: Ես զգում եմ, թե Արտաշեսի, Տիգրան Մեծի կայսրության համեմատությամբ ո՛ր տարածքում եմ, որտեղ եմ գտնվում այն ընդարձակի եւ մայր երկրի համեմատ եւ ի՜նչ հաճելիորեն եմ զգում ներդաշնությունը. լեզվի շնորհիվ, որովհետեւ այնտեղ են հայրենիքիս ԱՊՐԱԾ բոլոր ժամանակները: Հայերը հեշտությամբ են մերվում աշխարհին, բայց գուցե ամենակարեւորը սեփական երկրի մեջ մերվելն է եւ դրանով ուժեղ լինե՞լը: Այդուհանդերձ, համատարած օտարատառ պատկերները մարդատյացության, ինձ չհարգելու, ավելին՝ ատելու դրսեւորումներ են, որովհետեւ, ի վերջո, ես պարտավոր չեմ իմ տանը հաստոտ բառարաններով ման գալու, գրողը տանի, որովհետեւ դա նաեւ պետական լեզվով տեղեկություն ստանալու իմ սահմանադրական իրավունքի խախտումն է: Բառարաններով պարտվող մայրաքաղաք, հետո՝ քաղաքներ, հետո՝ գյուղեր, որոնց դատարկ դպրոցներն ու մանկապարտեզները «միջազգայնանալու» մարմաջով են տարված: Ու չկան առարկություններ, լռություն է, որը ոչ այնքան համաձայնության նշան է, որքան անտարբերության տեսակ։ Հետո զգում ես, որ փողոցներում խոսքի, բառի արվեստի զգացողությունն է ոտնատակ լինում, որովհետեւ հայրենիքում հավքերն այլեւս հայերեն չեն երգում, բառերը հայերեն չեն պայթում, գարունն էլ չի գալիս հայերեն, միայն զոհերն են ննջում հայերեն, ու քարերն են լռում հայերեն: