«Գրեթերթ»-ի հյուրն է «ԻՆՔՆԱԳԻՐ» գրական ամսագրի խմբագիր Վիոլետ Գրիգորյանը` ըմբոստ, շոկահարույց, սկանդալային պոետը: Ոմանք նրան ազատության խորհրդանիշ են պատկերացնում, ոմանք շրթունքին օղ կախած «գրական անդաստանում ավերածություններ անող ապազգային թուղթ մրոտող»: Գրականության մասին ավանդական պատկերացում ունեցողները չեն կարողանում հանդուրժել նրա գրականությունը: Նույնիսկ մի խումբ գրողներ 2001թվականին ՀՀ Նախագահին նամակով դիմել էին, որպեսզի  կանխի եւ արգելի նրա «տականքային գրականությունը»: Նույն ժամանակ Հրանտ Մաթեւոսյանը նրան անվանեց մեր ժամանակների Չարենց:

— Վիոլետ, ինտերնետի, հեռուստատեսության, լրագրերի, ռադիոյի, ցուցահանդեսների, շոուների ամբողջատիրական արշավանքի այս ժամանակներում ի՞նչ տեղ է մնում գրականությանը: Դու ո՞նց ես տեսնում գրականության տեղը, դերը, ձևը այսօր: Թեև ձևը կարող ես չասել, երևի քեզ համար ձևը քո ստեղծած գիրն է:
 
— Նախ՝ ես սիրում եմ ոչ միայն իմինի, այլ շատ տարբեր ձեւերի գրականություն: Հետո՝ ինձ որ թողնեն, օրը 24 ժամ հեռուստացույց կնայեմ, բայց շատերին գիտեմ, ում համար հեռուստացույցը ավելորդ կամ անպետք կահույք է, ու դա չի նշանակում, որ նրանք պոտենցիալ կամ լավագույն ընթերցողներն են: Իսկ ինտերնետը գրականության մեծագույն շտեմարանն է՝ մանավանդ մեր գրախանութների պայմաններում:
Այսօրվա գրականության դերն ու տեղը շատ ավելի է համապատասխանում արվեստ լինելու իր ժամանակակից բնույթին, քան այն ժամանակներում, երբ նրանից ակնկալվում էր կրոնա-հոգեւոր, ազգային, դասակարգային տոտալ ճշմարտություններ բարբառել, փրկել, դաստիարակել, կրթել, ուղղորդել, համախմբել, այսինքն՝ այլ ինստիտուտների ու դիսցիպլինների գործառույթներն ունենալ, ուրիշի գործն անել՝ եկեղեցու, պետության, մշակույթի կամ կրթության նախարարության, կուսակցության, մանկավարժության, հոգեբանության, հասարակագիտության… Չնայած մեզանում այս ակնկալիքները դեռ գերիշխող են:
Հարցիդ մեջ եղած մտավախությունը նրանից է, որ մեզանում սովետական ընթերցողի միֆի վերանալուց հետո գրողները մի քիչ մոլորվել են՝ փոխանակ ուրախանան, որ ազատվում են գլավլիտի երաշխավորած ու վերեւից խրախուսված գրականության հետ անհավասար մրցակցությունից, որ պետության ֆավորիտ գրողների համար արտոնյալ պայմաններ էր ստեղծում: Այդ գրական մոնոպոլիաների տեղակ այսօր ազատ մրցակցական դաշտ կա ինտերնետի ու շոուների հետ, եւ կոմպլեքսավորվելու, այդ մրցակցությունից վախենալու փոխարեն, գրականությունը փնտրում է նոր միջոցներ ու ձեւեր:
Ես Նյու Յորքի ու Փարիզի մետրոներում տեսել եմ գնացքների լուսամուտներին փակցված բանաստեղծություններ, որ ուղեւորները կարդում էին: Փարիզում գնացի մի սրճարան, ուր հավաքվում են սլամիստներ ու բանաստեղծություններ կարդում (սլամը ռեփից ճյուղավորված ու անջատված բանաստեղծություն է), հետո իմացա, որ նման սրճարաններ էլի կան Փարիզում, որ պոեզիայի հատուկ երեկոներ ունեն: Նույնիսկ ավելի որակյալ ինտերնետի ու հեռուստատեսության նրանց պայմաններում, գրականությունը չի կորցրել իր սիրահարներին: Աշխարհում այսօր հրատարակվում են բազմաթիվ գրական հանդեսներ, կազմակերպվում են գրական միջոցառումներ ու փառատոներ, գրական մրցանակաբաշխություններ, գրական հիմնադրամներ… Ուրեմն, գրականությունը պահանջարկ ունի:
Տեքստի՝ պատկերի հետ մրցելու պրոբլեմը, որ բոլորովին նոր չի հատկապես կինոյի գյուտից հետո, ստիպում է գտնել այնպիսի լուծումներ, որ միայն ինքը՝ ժամանակակից գրականությունը կարող է առաջարկել: Արվեստի տեսակները փոխազդում են իրար վրա, միմյանց հնարանքներից օգտվում ու դրանից շահում: Կինոն հաճախ լավ սցենարի ու դիալոգի շնորհիվ է լավը դառնում, տեքստը օգտագործում է մոնտաժի ու կոլաժի նրբությունները: Խոսքս կինեմատոգրաֆիկ մոնտաժի մասին է, թե չէ՝ մոնտաժի օրինակներ դեռ հեքիաթներում կային, երբ, օրինակ, ասում է՝ «սրան էստեղ թողնենք, խաբարը տանք թագավորի փոքր տղուց»:
Հեռուստատեսությանը քյառթու նաղլերի փոխարեն կարելի է ժամանակակից, հետաքրքիր, երբեմն պրովոկացիոն կամ ինտրիգալի գրական շոու առաջարկել, որ կմեծացնի գրականության հանդեպ հետաքրքրությունը: Իսկ ինտերնետն էլ գրական նոր լուծումների դուռ է բացում, օրինակ՝ հիպերտեքստեր ստեղծելու, մի տեքստի միջից մուտք գործելու մեկ ուրիշ տեքստ: Կորտասարի «Դասարանախաղում» հենց հիպերտեքստն է օգտագործված, բայց այն ժամանակ կոմպյուտեր չկար, որ քլիք անեիր ու հայտնվեիր հեղինակի հղած գլխում, պիտի էջերը շրջելով գլուխը գտնեիր: Հայաստանում անուն հանեց Պավիչը, բայց՝ որպես թղթի վրա տպված վեպերի հեղինակ, մինչդեռ նա աշխարհում հայտնի է հենց համակարգչային հիպերտեքստերով: Էլ չեմ ասում ինտերակտիվ վեպի մասին, երբ հեռավորության վրա մի քանի հեղինակի հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով համատեղ գործ գրել: Տեխնիկայից ու տեխնոլոգիաներից վախեցողներն ու ընդդիմադիրները ընկնելու են դրանց թրթուրների տակ. ինտերնետը նոր հնարավորությունների գործիք է, ոչ թե աստծո արարչագործությունը խաթարող բոբո:

— Խոսենք քո գրականության մասին. ժամանակին գրական եղանակ փոխող պոետը այսօր ազատության ի՞նչ չափանիշներ ունի:

— Գրական եղանակից անցել եմ բնական եղանակներին, ուզում եմ ձմեռը փոխեմ, դարձնեմ գարուն-2 կամ ավելի հայեցի՝ գարուն Բ.:
Ինձ համար այսօր կարեւոր է ինքս իմ ու իմ գրածի գերին չդառնալ: Ազատ լինել գրողական այն ամբիցիաներից, որ առաջանում են արդեն արածովդ գոհանալու, ստեղծածիդ վրա սեւեռվելու վիճակից: Մեր փոքր երկրում հեշտ է որոշ հեղինակություն, փառք ու իմիջ ձեռք բերել, դժվար է ձեռք բերելուց հետո դրանցից հրաժարվել: Ուզում եմ ազատ լինել այդ հեղինակության ու իմիջի պարտադրանքից, որ ստիպում են համապատասխանել իրենց եւ շարունակել արտադրել այն, որ ակնկալվում է քո անունից, որպես որոշակի բրենդից: Դա նշանակում է նստել գրական կապիտալի վրա ու ապրել դրա տոկոսներով: Այդպես դառնում ես ոչ միայն ինքդ քո, այլեւ հասարակության գերին, քեզանից կերտած նրա պատկերացման գերին: Ազատությունն ինձ համար ինքնաճանաչման շարունակական պրոցես է, եւ ոչ թե ի վերջո կարծրատիպի վերածվող պատկերացման՝ թեկուզեւ լավ կամ ձեռնտու պատկերացման պատանդ դառնալը:
Այ դրանից ազատվելը դժվար է, որովհետեւ պիտի ինքդ քո դեմ, քո մի մասի, մի ձեւի դեմ դուրս գաս, քո այն ձեւի, որը թեպետ շատերին զայրացնում է, բայց ոմանց էլ դուր է գալիս, ու դժվար է չուզենալ դուր գալ կամ զայրացնել, որովհետեւ երկու վերաբերմունքն էլ քեզ պահում են ուշադրության կենտրոնում: Այսօրվա աշխարհի զանգվածները ֆան-կլուբների անդամներն են, երկրպագուների բանակները, որ հավաքվում են ոչ միայն աստղերի համերգային մեծ ստադիոններում, այլեւ ինտերնետային գրական համայնքներում: Մեր մասշտաբները անհամեմատ փոքր են, բայց երկրպագության սկզբունքը հաճախ նույնն է: Համակիրների, բալելշիկների շրջանակը ձգտում է գրողին դրոշի վերածել, իսկ դրոշի գործը շարունակ ծածանվելն է: Այդպես կարող է անգամ ազատության դրոշը մարմնավորել անազատություն, կախվածություն մի կողմից՝ ձողափայտից ու այն բռնողի կամքից, մյուս կողմից՝ բարենպաստ քամուց: Հետո, բոլոր տեսակի դրոշները կարող ես այրել ու ոտի տակ տալ, դժվարը այն դրոշը ոտնահարելն է, որի վրա քո անունն է գրված: Դժվար է հրաժարվել այն բանից, ինչին շուրջդ շատերը դեռ ձգտում են հասնել: Բայց եթե գրականությունը սիրում ես ավելի, քան քո անունը, միշտ պատրաստ կլինես սկսել զրոյից: Ազատությունն ինձ համար այսօր այդ զրոն է:

— Հնարավոր է, որ ժամանակակից պոեզիան լուրջ խնդիրներ ունենա կամ արդեն ունի, քան արձակը: «Ինքնագրի» քո վերջին պատմվածքը գուցե փախուստ է պոեզիայից:

-Եթե մեկն ասի, որ պոեզիա չի կարդում, կասեմ՝ իթզ յոր փրաբլեմ: Ու ինձ չի հետաքրքրում պոեզիա ընթերցողների քանակը. եթե դրանով կողմնորոշվեի, էն գլխից պիտի չմտնեի էս գործի մեջ: Մեր պատկերացումը պոեզիայի երբեմնի ժողովրդականության ու այսօր դրա կորստի մասին գալիս է ստադիոնային ասմունքի սովետական պրակտիկայից, երբ Եվտուշենկոն ու Վոզնեսենսկին տառացիորեն լեփ-լեցուն ստադիոններում բանաստեղծություններ էին կարդում: Հայաստանում էլ նույնն էր, բանաստեղծներն ու նրանց կցված անձնական ասմունքողները շրջում էին գործարաններում, ֆաբրիկաներում, կոլխոզներում, մշակույթի պալատներում ու մեծ-մեծ դահլիճներում, որպեսզի բանվորներին ու գյուղացիներին հաղորդակից դարձնեն պոեզիայի բարձր հոգեւոր արժեքներին: Դա աշխատավոր մասսաներին հոգեւոր սնունդ մատուցելու կուսակցական մենյու էր, պրոֆիլակտիկա «ոգու սովի» դեմ, որպեսզի էդ սովի պատճառով մասսաները, իրենց լավ ու վատը չիմացող բալիկների պես, բերանները չխոթեն ինչ պատահի ու մանավանդ ինչ-որ բուրժուական «թունավոր» ուտելիք: Մյուս կողմից էլ՝ կա պոեզիայի մի այլ պատկերացում, որ այն փոքր ընտրախավի համար է միայն, ու աստվածայինին հաղորդակից լինելը վերապահված չի մասսաներին: Երկու դեպքում էլ պոետը վերեւում է, ընթերցողների տիրակալ, ինչը գոհացնում ու բացառիկության զգացում է պարգեւում շատ բանաստեղծների: Ես ինքս նախընտրում եմ ստադիոններում ֆուտբոլ ու համերգ տեսնել, կարծում եմ՝ պոեզիան մի քիչ քիփիլիկ, ինտիմոտ միջավայր է սիրում, բայց բանաստեղծությունը ոչ ընտրյալների բարձրաքիմք ու քմահաճ տուսովկայի դելիկատես եմ համարում, ոչ էլ ստադիոնային զանգվածին առաջարկվող չարազ, ադիբուդի կամ ֆասթ ֆուդ:
Ճիշտ է, որ այսօր աշխարհում ավելի մեծ տարածում ունի 120-150 էջանոց վեպը, բայց դա պոեզիայի հաշվին չի: Շինծու պրոբլեմ է, թե իբր առաջ պոեզիա էին շատ կարդում, հիմա՝ արձակ, ոնց որ ասեն՝ առաջ ֆրակ էին հագնում, հիմա՝ բոթաս… Էդպես կարող են ասել նրանք, որ կարծում են, թե պոեզիան այնպիսի բան է, որ փետուրով է գրվում ու մոմի լույս տակ կարդացվում, իսկ հիմիկվա էլեկտրական լամպի ներքո էլ ինչ պոեզիա: Ինձ բացարձակ անհասկանալի է պոեզիայի գլխին մազ փետողների ողբը, իսկ եթե դա անում են բանաստեղծները, ուրեմն իրենց անձնական գրական պրոբլեմն են պոեզիայի վզին փաթաթում: Սովետում պոեզիան պետպլանով էր տպվում, եւ ընթերցողն այլընտրանք չուներ, գրական շուկա չկար, որ նախընտրած գիրքն առներ, ու պոետների գրքերը մեծ տպաքանակ էին ունենում: Հիմա նման պետպլան չկա, ու Սովետ ապրած պոետին թվում է, թե ընթերցողը քչացել է: Բայց անհեթեթ կլիներ պնդել, թե սովետական քաղաքացին շատ էր սիրում «Բժշկական» երշիկ, իսկ անկախ Հայաստանի քաղաքացին՝ ոչ, քանի որ Սովետում ուղղակի էդ մի տեսակի երշիկը կար խանութներում: Հիմա ոնց որ ուտողը, այնպես էլ ընթերցողը ավելի լայն ընտրություն ունի, հարյուրավոր տեսակների երշիկների ու գրքերի միջից է ընտրություն անում, եւ այս ընտրությունը արդեն իրական պահանջարկի մասին է խոսում:
Ինչ վերաբերում է իմ պատմվածք գրելուն, ես չափածո պիես էլ եմ գրել, հոդվածներ ու էսսեներ էլ եմ գրել (այս վերջին տարին՝ «Պանորամա» թերթի համար), հեռուստատեսային հաղորդումների սցենարներ էլ եմ գրել ու նույնիսկ՝ գովազդ: Ես առհասարակ գրելս պատմվածքից եմ սկսել, բայց պոեզիայի անցնելս արձակի պրոբլեմներով չեմ բացատրել: Ասածդ պատմվածքիս մեջ պոեզիայի «քնարական հերոսիս» արձակ գործուղելը էդ պատմվածքի «հեղինակի» որոշումն է, իսկ այդ «հեղինակին» չպետք է նույնացնել ինձ հետ, նա գործի կերպարներից մեկն է (նույնիսկ նկարում քթիս խալը հատուկ մուգ ընդգծել եմ): Եթե ես պոեզիայից փախուստ փնտրեի, խոհարար կդառնայի կամ վարսավիր, գործեր, որ շատ սիրում ու լավ էլ անում եմ:

— Այսօր պետությունը որևէ ձևով չի նպաստում գրքի շուկայի ձևավորմանը: Հայաստանում չկա այնպիսի մի հրատարակչություն, որ գրողի ձեռագրերը  հրատարակի, կազմակերպի վաճառքն ու տարածումը:  Նույնիսկ հակառակը, մշակույթի նախարարն ասում է, թե իրենք ինչ իմանան՝ որ գիրքն է արժանի պետպատվերով տպվելու, որը` ոչ, այս պատճառով պետք է կրճատել պետպատվերով տպվող գրքերի քանակը: Գուցե պետությունը վախենո՞ւմ է մտածողից:

— Խի էդ ի՞նչ մտածող է հայտնվել, որ պետությունն էլ վախենա: Այսօր, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվում է Շպռօտի տեսահոլովակը ազատության մասին, ու նույնիսկ շոուբիզնեսն է երգով ու պլակատներով կոչ անում՝ «ազատ եղիր, մի վախենա», ազատության ու իրավունքների մասին տարրական դասագրքային ճշմարտություններ կրկնելը ինձ որպես մտածում չի հետաքրքրում, դա անելու համար գլխին զոռ տալ պետք չի, պատրաստի դրած է: Մտածողի գործը հայտնի քրեստոմատիկ ճշմարտություններ հոլովելը չի, թե չէ կստացվի, որ հետամնաց երկրների մտածողները պիտի իծաշարուկ հերթով անցնեն էն բոլոր ճանապարհներով ու արահետներով, որ արդեն մտածել ու բացել են իրենցից առաջ մտածողները զարգացած երկրներում: Այդպես երբեք չի գա էն պահը, որ մեր մտածողը երկխոսության մեջ մտնի ժամանակակից մտքի հետ, նա միշտ կմնա երրորդ աշխարհի իր պրոբլեմներով առաջին աշխարհի առաջ դարդլամիշ լինող: Էլ չեմ ասում այն մտավորականների մասին, որ իրենք են պետությունից գրաքննություն պահանջում:
Չեմ ասում, թե մեզանում ինտելեկտուալներ չկան, բայց չի ձեւավորվում պետությունից, կուսակցություններից ու շուկայից անկախ ազդեցիկ միջավայր՝ մտքի խիզախության, ինտելեկտուալ պրովոկացիայի ու նույնիսկ ագրեսիայի համար: Մտածողի խնդիրը ոչ պետությանը սիրաշահելն է, ոչ էլ վախեցնելը, այլ մտավոր ինքնավարություն ստեղծելը: Դրա շնորհիվ հնարավոր կլինի միայն որեւէ գրքի, ու ոչ միայն գրքի մասին հեղինակավոր տեսակետ ձեւավորելը: Իսկ որ մշակույթի նախարարը, պետությունը սկսեն որոշել, թե որ գիրքն է լավը կամ վատը, լիքը լավեր կքաշվեն: Ես պատկերացնում եմ պետպատվերը որպես համաշխարհային դասական գրականությունը (նկատի ունեմ ամեն տեսակ գրականություն) թարգմանելու համակարգային ծրագիր՝ առանց լավ ու վատը ջոկջկելու փորձի, քանի որ մեր դեպքում դա միշտ հանգեցնում է ինչ-որ նախասիրություններով առաջնորդվելու կամայականության: Լավագույն սկզբունքը կլինի ընտրել այն գրքերը, որ շուկայական չեն կարող լինել, բայց թարգմանվելով՝ հայերենը հարստացնելու են, տարբեր բնագավառների լեզուներ են ստեղծելու, հայերենը դարձնելու են ժամանակակից գիտական, տեսական ու գեղարվեստական մտածողության ունակ լեզու: Կուզեի, որ պետպատվերի մի մաս էլ հատկացվեր զուտ փորձարարությանը արվեստում եւ գրականության մեջ, բայց առայժմ մեզանում հանձնաժողովները առաջնորդվում են ախպերությամբ: Գրքի շուկա էլ չկա, քանի որ գիրք վաճառելու շահագրգռություն ունեցողներ չկան, որ պայքարեն, ասենք,  20 տոկոս ավելացած արժեքի հարկի դեմ: Մինչդեռ մեզանից շատ ավելի հարուստ երկրներում, ուր մարդիկ վճարունակ են, օրինակ՝ արեւելյան Եվրոպայում, գիրքն ազատված է այդ հարկից ու անհամեմատ էժան է: Ես չեմ լսել, որ գրքի ճակատագրով մտահոգ մեր մտավորականները, որոնց մեջ քիչ չեն պատգամավորներն ու պաշտոնյաները, նման հարց բարձրացնեն: Գրողների Միության նախագահն էլ, որ պատգամավորության թեկնածու էր, իր հիմնարկի բուն արտադրանքի՝ գրքի մասին քաղաքական ծրագիր չառաջարկեց:

— Հավատո՞ւմ ես… Հիսուսին, ուրիշ մեկին, Աստծուն, Սատանային, գերբնական ինչ-որ ուժի կամ ուժերի:

— Ես մեծացել եմ կրոնական-աթեիստական բանավեճերի մեջ: Մեր գերդաստանում եղել են եւ կրոնախեւներ, եւ մոլի անաստվածներ: Հորս քեռիները տերտերներ են եղել, ու նրանցից մեկը խելագարվել է այդ հողի վրա, ձեռքերը կապել են, լեզվով է ավետարանը թերթել: Նրա քույրն էլ տեսիլներ էր ունենում ու քյասար կապի մեջ մտնում Հիսուսի հետ, իսկ հայրս աթեիստ էր ու որ շատ էր իր մոլեռանդ մոր՝ տատիս հոգու հետ խաղում, տատս խռովում-գնում էր բալկոն ու ողբում՝ Նեռը հենց ինձնի՞ց պիտի ծնվեր: Հերս չէր թողնում, որ ինձ ու ախպորս մկրտեն, ու Հայաստան գալուց տատս խաբխբելով, թե իբր դեսպանատնից կնունքի թուղթ են ուզում, համոզեց: Ես արդեն 13 տարեկան էի, ու տերտերը մի բոլ նախատեց, որ էդքան ժամանակ անմեռոն եմ ապրել, նման հապաղումը երեւի չտեսնված բան էր պարսկահայերի մեջ: Հերս, հատկապես կյանքի վերջին տարիներին (մի քանի ամիս առաջ մահացավ), միայն մի հետաքրքրություն ուներ՝ բանավեճ Աստվածաշնչի, եկեղեցու, հավատացյալների հետ: Աստվածաշունչը անգիր գիտեր, էնքան էդ մանրատառ գիրքը խոշորացույցով կարդաց, որ կուրացավ, բայց նույնիսկ կույր վիճակում իր անգիր ցիտատներով նեղն էր գցում մեր տուն հաճախ այցելող հավատացյալներին: Ի դեպ, ի տարբերություն մեր հարեւանների, նման այցելուներին մենք դիմավորում էինք գրկաբաց, ես ու ախպերս նայում էինք իրար, ժպտում ու զգուշորեն մեր տրամադրությունը շոշափող հերթական այցելուին ներս հրավիրում, որպեսզի կույր հորս համար զբաղմունք ապահովենք իր սիրած խաղալիքով: Ախպորս ասում էի՝ ճանճերին գայթակղում, գցում ենք սարդի ոստայնը: Հերս կրոնական թեմաներով իր գրադարանն էր հավաքել ու հատուկ նշումների տետրեր ուներ, եւ այդ պահարանը բանալիով փակում էր: Երբ կուրացավ, ես էի նրա համար կարդում Աստվածաշունչը, մեր եկեղեցին ու հոգեւորականներին քննադատող պատմիչներին, աթեիստական գրքեր, նրա ասած նշումներն էի անում: Հետո տարբեր գույների թղթապանակներ առա, ու նա արդեն ամեն տուն մտնողի խնդրում էր նայել կապույտ կամ կարմիր թղթապանակի մեջ ու գտնել, օրինակ, Ղուկաս, ԻԳ, 5-ի մասին իր նշումները: Էս ծայրահեղ հակասությունների մեջ, նաեւ որոշ գրականության ազդեցությամբ, իմ հայացքներն էլ էին հակասական, բայց տարիների ընթացքում մտածողությունս հեռացավ կրոնից: Ու արդեն վաղուց ես ոչ մի աստծու կամ գերբնական բանի չեմ հավատում(Վիոլետը բռունցք արեց և երեք անգամ թխկացրեց սեղանին` թու, թու, թու-Ն.Վ), բայց գիտությունն էլ չեմ աստվածացնում, ուղղակի աչքիս առաջ գիտությունն ամեն օր մի որեւէ անհասկանալի կամ գերբնական բանի բացատրությունը գտնում է:

— Մեր երիտասարդների մասին ի՞նչ կասես: Հավանո՞ւմ ես նրանց գրականությունը, նորը, լավը տեսնո՞ւմ ես, թե՞ մնացել են հայրերի ստեղծածների շրջանակներում: Օրինակ, ինտերնետային Ֆորումում մի երիտասարդ «բանաստեծուհի» գրել էր, թե Սիլվա Կապուտիկյանից էս կողմ լավ պոեզիա չի գրվել, և երդվում էր, որ նրա ավանդն անգերազանցելի է, էլ չհասկացա՝ այդ դեպքում ինքն ինչու՞ է գիրք տպում, բանաստեղծություններ գրում:

— Ես չեմ ընկալում տարիքի, գրական փորձի, վաստակի, մրցանակների ու նման բաների «բարձունքից» երիտասարդների մասին խոսելու տոնը, դրանք կոլեգաներին խորհուրդներ ու գնահատականներ բաշխելու լիազորագիր չեն: Շատ հնարավոր է որեւէ երիտասարդի առաջին գիրքը ավելի լավը լինի, քան վաստակաշատների բազում հատորներ, ու հաճախ այդպես էլ լինում է: Ես կարող եմ որպես ընթերցող տպավորություններ ասել, ասենք, կարդամ գիրքը, հավանեմ, ու վերջում հետաքրքրություն առաջանա հեղինակի նկատմամբ, նայեմ` ինչ տարիքի է: Երիտասարդ գրողները, իհարկե, բազմազան են, եւ ընդհանրացումներ չես կարող անել, բայց հատկապես գրական-բանասիրական միջավայրում գերիշխում են կրոնա-ազգայնական, պահպանողական միտումները: Ու էդտեղ ջահել ու ահել չեն տարբերվում: Գրականությունը ընկալվում է իբրեւ «ազգային ոգու» մոտոռ ու ակումլյատոր, «հոգեւոր արժեքների» ֆաբրիկա, եւ գրական զինանոցով պաշտպանական «զոնթիկ» է գծում «հայրենիքի» շուրջ, որ հանկարծ դրսից չվնասեն էն փիս գրողները: Մեր դասական գրողներից ոչ մեկը նույնիսկ 19-րդ դարում այդպես չի վարվել: Սա Սովետի հետեւանքն է, կոմունիստականի փոխարեն՝ կրոնա-ազգայնական: Իսկ Աբովյանը երբ նկարագրում էր, թե ինչպես են հայ երիտասարդները եվրոպացի վիպասանների գրքերը բարձի տակ պահում, չէր ասում՝ դրանք քըխ են, մոլորեցնում են մեր ջահելներին, այլ ուզում էր այնպիսի վեպ գրել, որ նույնպես ու նույնքան հետաքրքիր լինի նրանց համար:
Ինչ վերաբերում է «անգերազանցելի» բնորոշմանը, գրականության մեջ անհասկանալի է, ասենք, Տերյանը անգերազանցելի է, իսկ Չարենցը՝ նույնպես, ու բառը արժեզրկվում է: Գրականության մասին եթե նույնիսկ ասես՝ սա թույլ է, նա՝ ուժեղ, մեկ է, ուժեղը թույլի անգերազանցելին չէ, դրանք ուղղակի տարբեր են: Բայց եթե մի աղջիկ Կապուտիկյանի մասին «անգերազանցելի» չասեր, տարօրինակ ու տխուր կլիներ, դուրս կգար՝ Կապուտիկյանի հռչակը, որի համար տարիների ջանք է թափվել, ազդեցությունը կորցրել է: Երիտասարդ ժամանակ շատերն են գրական կուռքեր ունենում, մեկի համար Չարենցն է «անգերազանցելի», մյուսի համար՝ Կապուտիկյանը: Ընդ որում՝ Չարենցի ժողովրդականության համար էլ են իշխանությունները ջանք թափել՝ Սովետում նրանից հեղափոխության երգիչ կերտելով, հիմա՝ ազգային: Ուղղակի եթե այդ անունները մահակի պես խփեն ժամանակակից գրողների գլխին, ուրեմն գրականությունը չէ, որ սիրում են, այլ՝ մահակը:

— Շուրջներս երիտասարդներ կան, որոնք իրենց մտածելակերպով հազար տաբուների գերի են՝ ի հակադրություն ժամանակի հնարավորության: Խոսքս երիտասարդ գրողների, նրանց հավակնությունների, մեծամտության, կեղծ-ազատության քողի տակ թաքնված անազատությունների ու բարդույթների գերի դարձածների մասին է: Ի՞նչ ես մտածում, նրանք կլինե՞ն գրականությանը հենարան:

— Երբ ես գրում եմ, չեմ մտածում, որ գրականությանը հենարան եմ դառնում, ու նույնկերպ ուրիշ գրողներին որպես գրականության պոտենցիալ հենարաններ չեմ նայում: Երիտասարդների ագրեսիան, հավակնությունները, մեծամտությունը բնական եմ համարում, դրանք տարեցների դեպքում կարող են հիվանդագին լինել: Իսկ բարդույթներ չունեն միայն բույսերն ու կենդանիները, այ ֆլորայի ու ֆաունայի ազատությունը անբարդույթ է: Ուղղակի խնդիրն այն է, թե գրողի ազատության պատկերացումը որքանով է ազատագրում մարդուն ու գրականությանը: Եթե նա իրեն ընկալում է իբրեւ հետամնաց հասարակությունն ազատագրող միսիոներ, ամբոխի դեմ մարտնչող դրոշակակիր, ուրեմն մնացել է 19-րդ դարի ռոմանտիկ: Նրա համար այլեւս ինքը հարցի տակ չէ, խնդիրը ուրիշների մեջ է տեսնում: Անձամբ ինձ համար հաճախ ես ինքս եմ հարցի տակ: Այսինքն, ինչպես հիշածդ պատմվածքում, ես ոչ թե հասարակությունն եմ ազատագրում «ոստիկանից», այլ փորձում եմ ինքս իմ մեջ «ոստիկան» բացահայտել: «Դրսի» ոստիկանի դեմ պայքարում են լիքը հասարակական կազմակերպություններ եւ իրենց պայքարով հենց ոստիկան դառնում, մեղադրում մարդկանց, որ իրենց պես չեն պայքարում:

— Թմրադեղ օգտագործե՞լ ես… Ե՞վ…

— Ինչպիսի՜ շրջադարձ… Այո, պատահել է, երբ ներսիս «ոստիկանը» քնած է եղել, ուռել եմ, բայց ջահելությանս տարիներին օղին էր մեր խթանիչը: Առավոտից իրիկուն լակում էինք, որ  հաջորդ օրն սկսենք պախմելյայով ու էդպես շարունակ: Կարծես կախարդական օղակ լիներ, որից դուրս գալ չէր ստացվում: Հետո որ Ամերիկայից վերադարձա, երկու տարվա ընթացքում արդեն խմելը թարգել էի: Ու չնայած վերադառնալուց հետո այստեղ էլի ալկաշություն արեցի, բայց դա քիչ տեւեց, որովհետեւ կյանքն արդեն փոխվել էր, աշխատանք ու աշխատանքային խնդիրներ ունեի: Փաստորեն, էն տարիների մեր խմելը էնքան էլ բոհեմական չէր: Սովետը փլվել էր, երկրաշարժ ու պատերազմ, ցուրտ ու խավար, ահավոր ցուրտ ու ահավոր խավար… Ես ինստիտուտը նոր ավարտել էի, իսկ իշխանությունը մասնագիտական կարիերայի հնարավորությունների փոխարեն միայն յուրային մտավորականների բազան էր ստեղծում: Հիմա հասկանում եմ, որ այդ տարիների իմ անգործությունը հենց որպես յուրայինի աշխատանք ու արտոնություն ստանալուց ամաչելով էր պայմանավորված: Իմ բաժակակից ընկերներից ոմանք իներցիայով շարունակեցին ալկաշությունը ու նոր ժամանակների մեջ չմտան: Ես կարծես մտա, բայց՝ ուշացումով ու լավագույն տարիներիս կորստով:
Վերջերս ստեղծագործական պարապմունքներ էի անցկացնում «Ուտոպիանա» կազմակերպության հրավերով, ու առիթ եղավ էդ տարիների գրածներիս անդրադառնալու՝ ողջը դեպրեսիա, մահվան ու ինքնասպանության տրամադրություններ: Օրինակ, «Քաղաքը» գործս ամբողջովին քաղաքական դեպրեսիա է, եւ ոչ միայն «եռագլուխ, վեցձեռնանի քաղաքապետի» մետաֆորով, որ ճակատագրի թելը կծկելով՝ մեզ դատապարտում էր «սիրելի ու կյանքում անմոռանալի պրեզիդենտին» ու նրա «ընտրություններին», հենց այն ժամանակ «մեյդան ընկած» «կակուղ տղաների» ու «թեկնածուների», իշխանության բստրած «դեկորատիվ կուսակցությունների» ու «քաղաքական մանկապարտեզների» կամայականությանը, այլեւ այդ իրականությունից 16-րդ հարկ «փախած» ու սոցիումից օտարված միայնակ ճաղատի կերպարով:
Ու հիմա, երբ տեսնում եմ, որ հարբեցող պոետ լինելը իմ ու իմպեսների ճակատագիրը չէր, պոետական նախընտրած կարգավիճակ չէր, այլ երկրի քաղաքական վիճակի հետեւանք, երբ տեսնում եմ, որ այդ տարիներից հետո հնարավորություն ունեցա սեփական ուժերով, առանց իշխանության յուրայինը լինելու, այլ հակառակը, շարունակ քննադատելով հանդերձ՝ վատից-լավից աշխատանքային հնարավորություններ ունենալ, հեռուստատեսային հաղորդում ստեղծել, որ մինչեւ հիմա հիշում են, գրական հանդես ու գրական ակումբ ստեղծել, գրական միջավայր ձեւավորել, որպես գրող ու խմբագիր տարբեր երկրներ հրավիրվել, ու որ այս հնարավորությունները միայն ինձ համար չեն, այլ նաեւ շատ ուրիշ արվեստագետների… Մեկ էլ կրկին հայտնվում է Անցյալը՝ յուրայիններին ըստ իրեն աջակցելու չափի փոխհատուցելու խոստումներով, այսինքն՝ նորից մտավորականի կարիերան իշխանության հենարան լինելով պայմանավորելու հեռանկարով: Ես դեմ եմ այն մտայնությանը, որ փորձում է արվեստագետի կամ, առհասարակ, մտավոր ու ստեղծագործական մարզի հաջողությունը կրկին պայմանավորել իշխանավորի բարի կամքով ու ըմբռնումով, քանի որ սեփական փորձով համոզվել եմ, որ ավելի լավ է ազատ լինել իշխանության ըմբռնմանն ապավինելու պատրանքից:
Տեսա՞ր՝ որտեղից ուր հասա: Երեւի օղին ու այդ Անցյալը ենթագիտակցությանս մեջ նույնանում են: Օղին, որ ցուրտ ու մութ տարիներին փրկություն էինք համարում, հետո ինձ սարսափեցնում էր որպես դեպրեսիայի աղբյուրի: Այդ տարիների «պոետների խրախճանքն» էլ «Քաղաքում» հիստերիկ եմ անվանել: Որ մարիխուանա ծխեցի Նյու Յորքում, ուռելու հետագա մի քանի փորձերից էլ տպավորություն ունեցա, որ խոտը ավելի լավն է, քան օղին, խոտից հետո դեպրեսիա չի լինում, ոնց որ օղուց: Հիմա կասկածում եմ, որ դեպրեսիան օղուց է առաջանում, երեւի հակառակը՝ օղին է դեպրեսիայից «առաջանում»:

— Իրականում քննադատությունը պետք է միտք բանեցնի, մտածել տա, օգնի, սակայն կարծես հայ քննադատության մեջ չկա այդ միտումը: Գուցե ես չեմ հանդիպել, բայց մեր գրականության մեջ (գոնե ժամանակակից) չկա շշմեցնող, աղմուկ հանող և միևնույն ժամանակ անձնական շահերից չբխող հրաշալի, խելոք քննադատական հոդված:

— Դրա համար հարկավոր է նախ՝ ժամանակակից մասնագիտական բարձր կրթություն, քննադատական տարբեր մեթոդների ու դպրոցների ուսումնասիրություն ու նման լուրջ-լուրջ բաներ, որ դեռ չկան Հայաստանում: Հետո՝ սրանց տիրապետողը այլեւս չի կարծի, թե գրողը դեղահաբեր է պատրաստում, իսկ քննադատը ստուգում է դրանց պիտանելիությունը՝ դեղին կցելով իր եզրակացությունները, թե դա ինչ է բուժում, ում է ցուցված, ում՝ հակացուցված, ինչ դոզայով պետք է ընդունել եւ այլն: Գրականությունը հաճախ ենթագիտակցության ու ինտուիցիայի հետ գործ ունի, եւ երբեմն կարող է առանց բարձր մասնագիտական կրթության յոլա գնալ, բայց գրաքննադատությունը առանց ժամանակակից ուսման հնարավոր չի: Դե նայիր մեր կրթական հաստատություններին. սովետական ալյա-մարքսիստական, հին կուլտուր-պատմական մեթոդներով դիսերտացիաներ պաշտպանած պրոֆեսորներն են իշխում, որոնք մի նեղ ճեղք էլ չեն թողնի նոր քննադատական գիտելիքների համար: Ջահելներն էլ ուզում են կարիերա անել, հավես ունե՞ն հանուն գրականագիտության զոհել կյանքի ծրագրերը: Իսկ անձնական շահեր ամեն տեղ էլ կան, ուղղակի լավ վիճակը էն է, որ անձնական շահն ու մասնագիտական նախանձախնդրությունը, բացահայտումներ ու հայտնագործություններ անելու գիտական կամքը համընկնում են:

— Ու հետևաբար հարցս պիտի տանի դեպի «Ինքնապաշտպանություն գրականության ոստիկանների երկրում» (Գարուն, 6, 2005) հոդվածդ, դրանից հետո մինչև այսօր որևէ բան փոխվե՞լ է:

— Ե՛ս կուզեի էդ հարցը տալ, ե՛ս կուզեի իմանալ՝ փոխվե՞լ է, թե ոչ: Համենայն դեպս, ես այդքան միա- կամ մեծամիտ չեմ, որ կարծեմ մի հոդվածով տարիների կարծրացած հաստատությունների ու մտայնությունների մեջ բան կփոխվի: Հարցիդ մեջ «փոխելը» շատ լավն է, որովհետեւ ես գրել եմ փոխելու համար:

Հարցազրույցը` Նառա Վարդանյանի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն