ԾԵՍ
Հիշելով
այն ինչ երազ չէր
հուլիս ամսվա մեջ երկու խեցիներ
մարմինը քո և մարմինն իմ
խոտի ներքնակի վրա շռայլորեն բաց
երբ արևը պարանոցից էր բարձրանում
ու ծղրիդներ էին երգում մեր շուրջը
ու երգեր էին հորինվում մեր միջև
ճանճերն ալարում էին թռչել
երբ օդն անմահ էր
խոտը խոնավ
ու անտանելի շոգ էր որքան հիշում եմ
ամեն ինչ տաք էր ու կարմիր
բոլորովին նոր բան
ու չկար ավելի կատարյալ բան
քան այս ու այնը
ու երկինքն ավելին չէր
քան կապույտի հազարերորդ երանգը
մինչ ամենափխրուն շարժման մեջ
մի տերև էր ընկնում ծառից
բայց երբեք տեղ չհասնելով
ինչպես հավերժ տևող մի բան
որ երբեք չէր դատարկվում
ոչնչի կամ դրա պես
մի բանի կույտի մեջ
մինչ մի շունն էր վազվզում այգում
հոտոտելով մեր ծառանման մարմինները
արմունկները ոսկրոտ դաստակները
ժիր ու գանգուր
գլուխները մեր
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ
Լույսից ծնված
հրեշտակների թիկունքում
նրանց որոնք երկնքում աստծո տեղն են զբաղեցնում
անթիվ սերովբեներ ու քերովբեներ որոնց պակասը
երբեք չի նկատվում
կեսգիշերին երբ աստղերը ցիրուցան են լինում
ցամաք ամսվա խելագարության մեջ
բացվում է գիշերվա անցքը
լուսինը հրեշտակագլուխ
վախը գլխաշորով կանանցից
վախը անլար հեռախոսներից
վախը խարույկներից
վախը առեղծվածից
վախը երազներից
ու մենությունից
(օ ինչ անթարգմանելի է Լուսինը)
քաղաքը չքվել է
մութ այնքան որ պատուհան ու եզրագիծ նույնիսկ չի երևում
չի լսվում շների հաչոցը աստղերը չեն երևում
աշխարհն ինչպես հսկա նարինջ
իր յոթ շրջանն է անում
քաղաքը հսկա գերեզմանոց է
բոլորն այստեղ են մեռած կամ քնած
բոլորը ներկա են հրեշտակների հետ արթուն կամ կորած
և շենքերը, և տանիքները, և բոլոր խռնչացող լուսատուները
գրպանում մկնդեղ ու թիթեռ
և գեղեցիկներն են
այստեղ
քսիլոֆոնե մարմնով
անջրանցիկ մենության մեջ
աշխարհը չի կարող կործանվել հիմա
երբ պարզ հրեշտակների պես գեղեցիկներն են այստեղ՝
ինչպես հանգած մոմեր երբեք տեղ չհասնող
ամենասիրուն ինքասպանները
մի կողմ դնելով խղճմտամքը ու երբեք չճչալով հաղթանակ
մտքում ունեցած չբացվող երկաթե դռան պես
անընդհատ բախվելով մահվանը երբ
իր երկնքի խղճուկ արվարձանից
ինչպես Նյու Յորքինը
աստված նայում է ու ժպտում
նայում է ու ժպտում
ԱԿՎԱՐԻՈՒՄ
Անցած գիշեր երազ տեսա
երրորդ օրը
(հայտնվելով ոսկե օրվա մեջ)
սեղանի շուրջ ես իմ նոր
մարմնի մեջ էի
և հեղեղը օրեցօր
և հեղեղը ծանր ինչպես լորձը ժամառժամ
շուրջս օվկիանոսներ ձկների վտառներ
ամաններ փայտե պահարաններ
պատռված օրագրի էջեր
չուգունե ծաղկամաններ
էին լողում
թռչուններ մողեսներ ու օձեր
և ինչպես Նոյը մեծ ջրհեղեղից առաջ շփոթված
աղոթքի փոխարեն թերթում եմ
իմ նոթատետրի գրառումները
դուրս տված բառեր անկշիռ ու շեղ
ու չեմ կառչում պատերից
չեմ կառչում բազկաթոռներից
չեմ կառչում կյանքիս օրացույցից
թաքնվել սեղանի տակ լոգախցիկում չեմ պատրաստվում
քանզի մարմինը որում ապրում եմ վեր է ինձնից
և սենյակը որում բնակվում եմ
դուրս է ինձնից
ես գիտեմ ակվարիումի մեջ շնչել ու չմեռնել
մեղվի պարսի պես պայթել ձեր բերաններում ու փրփուրի պես հոդս ցնդել
աստծով լի ծանր գրպանս քարեր ջրերի վրա քայլել ու սուզվել
ու աչքով անահավատի դավաճանի աչքով ինչպես հուդան նայել քեզ մեծ եղբայր
թե ինչ կրքով ես խցանում պատերը կուպր ու մոմով
լցնում նավի հատակը կաղնուց գերաններ շարում միմյանց վրա
սնունդով ու ծխախոտով գարեջրով լցնում արկղերը
նրանց համար ովքեր շատ երկար խելքները թռցրին կյանքի
իրենց գտած պատկերների և խոսակցությունների
վերջում առկայծումով թղթադրամի պես ցանկության մեջ այրվելու
և արթնության մեջ երազի վերջում
կյանքի ցրիվ եկած բեկորները
հավաքելու համար
ոտքերից քաշող տիղմի ինքնիրեն պատմող ողջ
առեղծվածային կեղծիքի համար