Նժդեհ Երանյան
մշակութաբան, հնագետ
Դժվար է գրել պատերազմի մասին, հատկապես երբ այն քո երկրի համար այնքան էլ շահեկան դիրքերով չի ավարտվել: Բայց այն ինչ գրելու եմ, չի հավակնում լինել պատերազմի և հատկապես պարտության պատճառների ռազմական և քաղաքական վերլուծություն: Դրա դետալային քննությունը թողնելով նեղ մասնագետներին, ընդամենն ուզում եմ կիսվել իմ՝ որպես քաղաքացու մտորումներով և հետագա անելիքներով:
Պատերազմները չեն վարում միայն զինվորականները և հետևաբար չեն հաղթում կամ պատրվում միայն նրանք. պատերազմում են պետությունները և արդյունքը հավասարապես կիսում են պետության բոլոր բաղադրիչները: Պիտի խոստովանենք, որ այս ելքի համար պատասխանատու ենք բոլորս: Մրցակցությունը և պատերազմը պետությունների և հասարակությունների միջև բոլոր ժամանակներում էլ անխուսափելի է և միշտ լինելու է: Ասում են՝ հասարակական և գիտական առաջընթացը նաև պատերազմի միջոցով է լինում: Խոնարհվելով արցախյան պատերազմում զոհված բոլոր հերոսների առաջ՝ պիտի նշեմ, որ այս պատերազմը և ինչու ոչ, նաև այսպիսի ելքը մեր պետության համար նոր հնարավորություններ և գործելու նոր դաշտ են ստեղծում: Հետանկախացման շրջանում անդադար քննադատել ենք բոլորին, նեղսրտել մեր շրջապատից, դժգոհել այս կամ այն պաշտոնյայի և երկրի անգործությունից: Եվ դժգոհությունը գուցե արդար էր, բայց բավական չէր ամուր պետություն ստեղծելու համար: Առանձին անհատներ իրենց նվիրումի շնորհիվ գուցե հույս են ներշնչել ապագայի հանդեպ և ուժեղ պետության իմիտացիա ստեղծել, բայց հասարակությունը երբեք չի ձևակերպել պետության այն մոդելը, որում կցանկանար ապրել և որը ի վիճակի կլիներ պաշտպանել իր քաղաքացիներին: Այսօր ունենք այն ինչ ունենք: Այս պատերազմը պետք է լինի մեր զրո կետը, սկզբնակետը, որտեղից պիտի սկսենք կառուցել այն գիտելիքահեն երկիրը, որը հաղթելու է հաջորդ պատերազմներում: Պիտի օգտագործենք այս հնարավորությունը, որովհետև հաջորդը գուցե և չլինի: Իսկ նոր պատերազմը և փորձությունները շատ հեռու չեն: