Ջոն Ֆաուլզ

Իրականում երբեք չեմ ցանկացել արձակագիր դառնալ: Հեղինակ, գրականություն, գրաքննադատ բառերն ինձ համար միայն վատ նշանակություն ունեն, միայն վատ: Շինծու, նաև կեղծ, անհամ զվարճացնող, գնացքում ընթերցելու և հաճույք ստանալու պես մի բան են: Հնարավոր չէ անգամ պատկերացնել, թե արձակագիրը կարող է ասել այն, ինչ իրականում նկատի ունի կամ ինչ իրականում զգում է. դժվար է հավատալ, որ նա առհասարակ կարող է ինչ-որ բան զգալ կամ նկատի ունենալ: Այս բառերը տհաճ իմաստ ունեն, քանի որ ենթադրում են, որ գրելը և գրող լինելը մարդու հիմնական զբաղմունքներից չեն կարող լինել: Միշտ ցանկացել եմ գրել հետևյալ հաջորդականությամբ` բանաստեղծություններ, փիլիսոփայական աշխատանքներ, նոր հետո միայն վեպեր: Անգամ գրելու կատեգորիան չէի տեղավորի նպատակներիս առաջին ցանկում: Առաջին մղումը միշտ եղել է փոխել այն հասարակությունը, որում ապրում եմ, այսինքն` ազդել այլոց կյանքի վրա: Ինձ թվում է` արդեն սկսում եմ համաձայնվել Մարքսի և Լենինի հետ` գրելը հեղափոխություն իրականացնելու լավագույն տարբերակը չէ: Բայց ընդունում եմ, որ ընդունակ գրող եմ: Այո, ես գրող եմ: Ես կատարող չեմ: Հասարակությունը, լինելով այլոց միջավայր, մարտահրավեր է նետում, այնպես որ ես ստիպված եմ ընտրելու իմ զենքը: Եվ ես ընտրում եմ գրելը, բայց կարևորն այն է, որ սկզբում ինձ մարտահրավեր նետեցին: 1962 թվականի հուլիսին հրատարակչությունը «Կոլեկցիոները» վեպը տպագրության վերցրեց: Դիտավորյալ ապրում էի առանձնության մեջ, այսինքն զբաղվում էի այնպիսի գործերով, որոնք, իրականում, երբեք չէի կարող սիրել, ճիշտն ասած` վախենում էի, որ միգուցե կսիրահարվեմ գործիս և դրանից հետո հավիտյան կլինեմ մտավորականության այն տխուր, անթիվ, հալից ընկածներից մեկը, ովքեր գրական անհասկանալի մղումներ են ունեցել, բայց երբեք չեն իրագործել դրանք: Տասը տարի առաջ որոշեցի գրող դառնալ, ընտրությունս կատարեցի այդ գործողության էքզիստենցիալիստական իմաստով, այսինքն` ամեն անգամ ստիպված էի ընտրությունս վերանայել և ապրել անհանգստության մեջ, քանի որ հաճախակի էի կասկածանք ապրում, մտածում էի արդյո՞ք ճիշտ էր որոշումս: Ավելի հետաքրքիր աշխատանքներ մերժեցի և կենտրոնացա միմիայն այս ընտրության վրա: Մասամբ, այն գիտակցված էքզիստենցիալիստական ընտրություն էր, մասամբ էլ կրոնական լեզվով ասած՝ հոգու կանչ: Հիմա մտածում եմ, որ, անգամ, եթե գիրքս չընդունեին հրապարակման, նույնիսկ գրքերիցս ոչ մեկն էլ չընդունեին, միևնույն է ես ճիշտ կլինեի՝ կյանքս կառուցելով այս ընտրությամբ: Քանի որ ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր այս իմաստով սեփական ընտրությունը չեն կատարել, այլ թույլ են տվել, որ իրենց ընտրեն: Մեկը ընտրել է փողը, մյուսը` հասարակության մեջ բաձր դիրք գրավելու խորհրդանիշը, մեկ ուրիշը` աշխատանքը, և ես չգիտեմ, թե նրանցից ովքեր են ավելի տխուր՝ ովքեր գիտե՞ն այս ամենի մասին, թե՞ նրանք, ովքեր չգիտեն: Այդ իսկ պատճառով մարդկանց մեծ մասից մեկուսացած եմ, պարզապես առանձնացած: Երբեմն գոհ եմ դրանից: Գունավոր ապակի, փորագրված ապակի, փայլատ ապակի, հասարակ ապակի տվեք ինձ: Գրական երեկույթ: Գորտեր և եզներ: Գորտերը թղթակիցներն և լրագրողներ են, գրական գործակալներ, հրատարակիչներ, ովքեր ավելի շատ պաթետիկ կերպով փորձում են նույնացնել գրողների հետ ծանոթությունը ինչ-որ բան արարելու իսկական ունակության հետ, եզները գրողներն են, ովքեր անդամահատված են սեփական հետաքրքրությունից, ունայնությունից, արհեստից: Երկուսն էլ` թե գորտերը և թե եզները շատ լավն են իրենց համար, բայց լծասարքում` ճակատագրական: Իրենց շատախոսությունը շշմեցնում է ինձ, զգում եմ ինչպես Ալիսան թեյխմության ժամանակ: Նրանք որպես նյութ էլ պիտանի չեն: Փողն ինձ երջանկացնում է այն իմաստով, որ շատ ժամանակ է տալիս գրելու համար: Սակայն միևնույն չափով էլ կասկածների առիթ է տալիս գրելու ունակությանս վերաբերյալ, էքզիստենցիալիստական այսպիսի կասկածներ` արդյո՞ք իրականում վաստակել եմ գրելու ազատությունը: Ճիշտ ժամանակն այստեղ ներկա վաղակատարն է, քանի որ կասկածները վերաբերվում են թե՛ անցյալին, թե՛ ներկային: Ես ամեն օր պետք է ինչ-որ բան գրեմ: Առանց գրելու անցած օրը անապատի պես դատարկ է:
1963 թ. հունվարին որոշեցի հեռանալ աշխատանքից: Չեմ կարող ինձ որպես պրոֆեսիոնալ գրող պատկերացնել: Գրելն ինձ համար միշտ կիսակրոնական զբաղմունք է եղել, անշուշտ, ի նկատի չունեմ, որ գրելուն վերաբերվում եմ աստվածային ակնածանքով, այլ որ ստեղծագործելուն չեմ կարող որպես արհեստի կամ աշխատանքի վերաբերվել: Գիտեմ, երբ լավ եմ գրում, ինձ ոչ թե օգնում է կուտակված գիտելիքը, հմտությունը և փորձը, այլ՝ ինձնից դուրս ինչ-որ բան: Ոգեշնչումը, մուսայի հետ փորձը, հեռազգայության պես է: Մեր օրերում դժվար թե մեկը կհամարձակվի հայտարարել, որ անբացատրելի երևույթներ գոյություն ունեն. միանգամից ամորձիներիդ քացի ես ստանում. պոզիտիվիստներ, բիհեվիորիստներ և այլ հիպերգիտնականները չեն վարանի: Բայց մի մետատեխնիկա կա, որը պետք է ուսումնասիրել: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր «թողնում են աշխատանքը գրող դառնալու համար»: Ես թողնում եմ աշխատանքը, որպեսզի վերջապես լինեմ: Կարիերիստ մարդուն կարծում եմ որոշումս խելագարություն կթվար, չնայած նույնիսկ համարձակ կարող է թվալ: Բայց բանկի պահոցը անվտանգ է, ատոմային ապաստարանը` ևս, մահը նույնպես ապահով է: Անվտանգությունը հարուստ հասարակության բանտի պատերից մեկն է, սկսած «հռոմեական քաղաք»-ից սեփական անվտանգությունը մեգաեվրոպական անառողջ գաղափարն է եղել: Ինչ էի կորցրել վեպի մեջ: Վերջին հիսուն տարիների ընթացքում վեպը կյանքից դուրս է մնացել, ինչպես Վիթգեյնշտեյնն է ասել, կապ չունի` ինչ պատճառներով է դուրս մնացել: Հանգամանքներն են պարտադրել վեպի վերափոխումը: Արձակագիրը մեղավոր չէ: 18-րդ և 19-րդ դարերում վեպը մեկ քայլով կյանքից հեռացավ: Սակայն կինոյի, հեռուստատեսության և ձայնագրության ի հայտ գալով կրկնակի հեռացավ: Վեպն այժմ հիմնականում այնպիսի իրադարձությունների և իրերի մասին է, որոնք արվեստի այլ ձևերը համեմատաբար ավելի լավ են նկարագրում: Ժամանակակից վեպի ցանկացած տեսողական և լսողական հերթականություն ուղղակի ձանձրալի է, թե կարդալու և թե գրելու տեսանկյունից: Մարդկանց ֆիզիկական տեսքը, շարժումները, ձայները, վայրերը, վայրերում տիրող տրամադրությունը տեսախցիկն ու խոսափողը փոխանցում են քսանմեկ անգամ ավելի լավ, քան գրամեքենան: Եթե վեպին վիճակված է գոյատևել, ապա պետք է մի օր նեղացնի իր դաշտը նկարագրելով միայն այն, որ այլ ձայնագրման համակարգերը չեն կարող հավերժացնել: Ասում եմ «մի օր», քանի որ ընթերցասեր հասարակությունը առայժմ դեռ տեղյակ չէ այն երևույթից, որը ես անվանում եմ «mischanneling», այսինքն` մտքերը փոխանցելու կամ արտահայտելու արվեստի ձևի սխալ օգտագործում: Այլ կերպ ասած, 1964 թվականին վեպ գրել նշանակում էր մշտապես նյարդային ապրումներով գիտակցել, որ այլ, անթույլատրելի տարածք ես ներխուժում, և հատկապես կինոյի տիրույթ: Անշուշտ, մեզնից շատ քչերին է բախտ վիճակվում ֆիլմում ինքնաարտահայտվել: (Գրքի էկրանավորումը հավասարազոր է շքեղ պատկերազարդ հրատարակություն ունենալուն, բայց դա դեռ չի նշանակում, որ ֆիլմում արտահայտվելու ունակություն ունես): Այսօր վեպը «լավագույնի բացակայության» վերածվելու սպառնալիքի առջև է կանգնած: Բոլորս էլ դեռ քառասունը չբոլորած կինոարվեստի ոճով ենք գրում, մեր երևակայությունը, որը մշտապես ֆիլմերից է սնվում, նկարահանված տեսարաններից, նկարագրություններ ենք գրում արդեն իսկ նկարահանվածից: Այդ իսկ պատճառով մեզ համար վեպ գրելը դեռ չնկարահանված ֆիլմի (որը երբեք էլ չի նկարահանվելու) ձանձրալի թարգմանություն է թվում կամ հենց այդպիսին է:

Ես չգիտեմ, թե որն է ավելի վատը` բառեր ունենալ և միաժամանակ գաղափարներից զուրկ լինելը, թե հակառակը: Իմ կարծիքով՝ առաջինը, ոչ այն պատճառով, որ վերջինը հենց իմ դեպքն է եղել, այլ այն պատճառով, որ հավատում եմ՝ եթե բանը հասնում է ճգնաժամի, իսկ մեծագույն վեպերում նման բան երբեք տեղի չի ունենում, լավ գաղափարները լավ բառերից ավելի կարևոր են դառնում: Ահա, թե ինչը չեմ հավանում ամերիկյան հետպատերազմյան որոշ վեպերում: Գրեթե բոլոր ամերիկացի երիտասարդ արձակագիրները տեխնիկապես ավելի լավ են գրում, քան մենք` բրիտանացի գրողներս: Նրանք շատ ավելի հմուտ են նկարագրելիս, կրճատելիս, երկխոսություն կազմելիս և գրողական բոլոր մեխանիզմներով, բայց հետո, վերջում, հանում ես արևային ակնոցը և տեսնում, որ ինչ-որ բան սխալ է: Դու չես արևահարվել: Ողջ գործընթացը արհեստական է թվում (անգամ եթե դա այդպես չէ), սառեցված ուտելիքի նման, խելամտորեն խառնած, նորաձևությանը հարմարեցրած (նույնիսկ եթե դրան միտված էլ չես) և ստեղծագործական առումներով` հիմնավոր: Բայց մարդկայնորեն կամ ինչ-որ այլ անորոշ հին եվրոպական ստանդարտներով՝ անհիմն է: Գուցե պարզապես փորձում եմ արդարացնել սեփական տեխնիկական թերությունները: Ես քրտնաջան աշխատանք եմ կատարում գաղափարից (ճիշտ գաղափարներից, խորհրդանիշներից, սյուժեներից) բառի (էջերի) անցնելիս, և հավանաբար Ամերիկայում ևս գրողներ կան, որ զգում են, թե ինչպես են տքնում իրենց հեշտությամբ կազմված էջերից մինչև դժվար հասանելի գաղափարները: Ինձ հուզում և հետաքրքրում են այն ողբերգական հոգեսեքսուալ հետևանքները, որոնք մեկուսացող ծայրահեղ իրավիճակներում են առաջանում: Ի տարբերություն Ֆրեյդի և Յունգի, երբեք դրանք շատ կարևոր տեսակետ չեմ համարել բանավիճելու համար: Միգուցե այն պատճառով, որ երկար տարիներ հիմնականում կանանց միջավայրում եմ աշխատել ու նաև նրա համար, որ ես ֆեմինիստ եմ, սիրում եմ կանանց և նրանց ընկերակցությունը՝ ոչ միայն սեքսուալ նկատառումներով: Բացի այդ, կանանց և տղամարդկանց հետ հարաբերությունների միակ տեսակը, որն ինձ երբևէ հետաքրքրել է, «դու»-ով հարաբերվելն է: Ես օքլոֆոբ եմ, ինձ համար երեքն արդեն հնարավոր ամբոխ է: «Կոլեկցիոներ»-ում փորձել եմ գրել խիստ ռեալիզմի դիրքերից, հետ գնալով դեպի կեղծ կենսագրության գլխավոր վարպետ Դեֆոն, գրքի արտաքին միջավայրի զգացողությունը ստեղծելու համար: Ջեյն Օսթինից և Փիքոքից հերոսուհուն կերտելու համար: Սարտրից և Կամյուից «կլիմայի» ստեղծման համար: Միայն շատ միամիտ քննադատներն են կարծում, որ հեղինակի վրա ազդեցություն են թողնում միայն ժամանակակիցները: Նոոսֆերայում ամսաթվեր չկան, միայն համակրանք, հիացմունք, հակակրանք և ատելություն: Բրիտանական վեպի համար ժամանակ չեմ ծախսի փոփոխություններից խոսելու, որը զվարճացնող վեպ եմ անվանում` արկածային հին վեպի տարբերակ, որը գրվել է ժամանակակից ռոկոկոյի կեղծ ոճով: Ամեն դեպքում նման վեպերի հեղինակներին այնքան էլ խստորեն չեմ մեղադրում, մեղադրում եմ տեսաբաններին և գրական հանրությանը, ովքեր կարծես հիմնեցին զվարճանքը որպես գրական արժեքի մեծագույն մակարդակաչափ: Հենց այս պատճառով, բոլոր գրողներին դասակարգում եմ զվարճացնողների կամ քարոզիչների: Ես դեմ չեմ զվարճացնողներին, բայց դեմ եմ իրենց ներկայիս գերիշխանությանը: Իմ կարծիքով բրիտանական վեպում այս միտումը ծագում է ոչ միայն գրական ստեղծագործությանը լուրջ վերաբերվելու համատարած մերժումից, այլ, մասնավորապես, եվրոպական գրականությունը լուրջ ընդունելու մերժումից: Ոչ մի ապագա չեմ տեսնում մեկուսական վերաբերմունքի մեջ, որը Քինգսլի Էմիսն է ժողովրդականացրել: Լավագույն պահերին Ջոն Բուլից եմ դժգոհել, բայց կապույտ ջինսերով Ջոն Բուլը արդեն վերջն է: Ես մահու չափ հոգնել եմ անձայն հերոսներից: Գրողի ծոցը գնան դրանք: Խղճա դմբոներին, բայց մի փառաբանիր: 1961 թվականի մայիսին Օլդ-Բեյլի դատարում ատենակալ էի: Օրենքը գուցե հիանալի է, բայց արդարադատություն գոյություն չունի: Մտավոր արատ ունեցող հինգ երեխայի հայրը, ով հնոցի մեջ էր նետել իր ավագ դստեր արյունապիղծ երեխային, անշնորհք կերպով կանգնել և լաց էր լինում: Տառապանքի և սարսափի մերկություն լցվեց դատարանում, այդ տղամարդու բոլոր երեխաները տկարամիտ էին, կինը լքել էր նրան, ոչ փող ուներ, ոչ էլ հարազատ մեկը, ոչինչ՝ բացի կոպիտ, կեղտոտ ձեռքերից և արցունքներից: Ես ցանկացա ցատկել և գոռալ: Մենք չէինք դատում նրան, ինքն էր դատավորը և ողջ կյանքն էր դատում: Գիտեմ, որ Աստված չի կարող լինել, իմ ողջ էությամբ զգում եմ դա՝ նայելով կռացած անձին: Աթեիստ լինելը բարոյական ընտրության հարց չէ, այլ մարդկային պարտականություն: Ես զգում եմ, որ ունեմ երեք հիմնական սոցիալ-քաղաքական պարտավորություն: Առաջինը աթեիստ լինելն է, երկրորդը` որևէ քաղաքական կուսակցությանը չպատկանելը, իսկ երրորդը` որևէ միավորմանը, կազմակերպությանը, խմբին, հանցախմբին կամ դպրոցին չպատկանելը: Առաջինը, որովհետև, նույնիսկ եթե Աստված գոյություն ունի, մարդկության համար ավելի ապահով է ներկայացնել, որ այն չկա (Պասկալի հանրահայտ աֆորիզմը հակառակ կերպով), իսկ երկրորդ և երրորդը այն պատճառով, որ անհատի ազատությունը վտանգված է, ինչքան արևմուտքում, նույնքան էլ արևելքում: Արևմուտքի արժանիքը չէ, որ այստեղ ավելի հեշտ է ազատ լինելը, այլ այն, որ եթե ազատ ես, պետք է ձևացնես, ինչպես «երկաթե վարագույրի» ետևում է պարտադրվում անել: Օքսֆորդում ֆրանսերեն եմ սովորել և ֆրանսիական գրականությունը պատմականորեն ավելի լավ գիտեմ, քան անգլիականը: Աստիճանաբար սկսեցի գիտակցել, որ սա օրհնություն է, այլ ոչ թե խոչընդոտ: Ուսումնառության ընթացքում ձեռք բերած բնազդը ստիպում է ինձ ավելի հետաքրքրվել, թե ինչ եմ շատ ասում, քան թե ինչպես եմ ասում, ֆրանսիական գրականության իմացությունը ստիպում է թույլ մեկուսացմամբ անհամբեր լինել անգլիական գրականության նկատմամբ (Ֆրանսիան, ի թիվս այլ բաների, այն է, որ մենք չափազանց երեսպաշտությունից, արհամարհանքից, դասակարգային հարցերից կամ կայսերական խիզախությունից այդպես էլ չազատվեցինք): Միևնույն ժամանակ ինձ ստիպում է Անգլիայի և անգլիական գրականության որոշ կողմերով հպարտանալ: Մեծագույն մշակույթները արտացոլում են միմյանց, և եթե նույնիսկ Ֆրանսիայի և ֆրանսիական մտքի ճանաչման միակ փաստարկն էր՝ բացահայտել սեփական անգլիականությունը, արդեն բավարար հիմք էր: Բավարար պատճառ կլիներ նաև արհամարհել բոլոր հավերժական անգլո-սաքսոնական գավառաբնակներին, ում կարծիքով Ֆրանսիան սովորական Փոքր Տրիանոն է մեր Վինձորյան պալատի ամուր, մոխրագույն շքեղության կողքին: Ես չեմ ուզում անգլիացի գրող լինել, ուզում եմ եվրոպացի լինել, այսինքն կասեի մեգա-եվրոպական (Եվրոպան, գումարած Ամերիկան, գումարած Ռուսաստանը, գումարած այն երկրները, որտեղ մշակույթը, ըստ էության, եվրոպական է): Սրա համար պահանջվում է ընդամենը ողջախոհ լինել: Գրելու հիմնական էությունը ո՞րն է, որ քեզ Անգլիայում պարզապես կարդա՞ն: Ես անգամ անգլիացի էլ չեմ ցանկանում լինել: Անգլերենը իմ լեզուն է, բայց ես մեգաեվրոպացի եմ: Ատլանտի դիրքն է՝ ուսերիդ վրա ողջ աշխարհը կրելը: Յուրաքանչյուր գրող պետք է զգա դա, աշխարհը, որն ինքն է ստեղծել, փշրվում է և հողին հասցնում իր ստեղծողին: Երբեմն զգում ես սա, երբ ինչ-որ մեկի գիրքն ես կարդում: Վեպը ճնշում է հեղինակին: Կամ հակառակն է տեղի ունենում` հեղինակի ստեղծած աշխարհը եթերային պղպջակներ է և ատլանտ-վիպասանը ծանրորդի պես կանգնած ջանում է վեր բարձրացնել: Ես ձգտում եմ հավասարակշռության, համաձայնության, ատլանտի հզորության և իր աշխարհի ծանրության միջև լիարժեք համաձայնության: Ինչպես օրինակ Ֆլոբերի կամ Ջեյն Օսթինի մոտ է:
Չեմ սիրում շատ փաստաթղթերով հիմնավորումները, նույնն է, ինչ այնպիսի բարձրության հասնելը, որտեղ ժայռը կյանքի համար վտանգ է ներկայացնում: Չեմ սիրում այնպիսի վայրեր, որտեղ երևակայությունը անճար է և միայն դատարկ փաստաթղթային հիմնավորում է տեղի ունենում: Ես ցանկանում եմ կյանքի նկատմամբ շիտակ լինել, բայց կյանք ասելով ի նկատի ունեմ օբյեկտիվ իրականության իմ սահմանափակ գիտելիքը, պարտադիր չէ գիտական, լեզվաբանական կամ վիճակագրական իրականություն լինի, որի հետ կարող էի ծանոթանալ, եթե ամիսներ անցկացնեի մարդկանց հետ հարցազրույցներ վարելով կամ տարբեր դասագրքեր պարապելով: Ինձ թվում է սա նոր խնդիր է (կամ շատ ծանրացած մի հին խնդիր) գրողների համար, թե ինչքանով է պետք օգտագործել արձանագրման ամբողջ ժամանակակից միջոցները այն մասին, թե ինչպիսին են իրականում առարկաները, մարդկանց ձայները և այլն: Մի քանի ամերիկյան գեղարվեստական գրականության դասընթացներ ակնհայտորեն քաջալերում են վավերագրական մոտեցումը: Ինձ համար սա եղել և մնում է սկզբունքային հերետիկոսություն: Վեպը անհատի կյանքի վերաբերյալ տեսակետն է, այլ ոչ թե փաստաթղթերի կոլաժ:
«Նոր վեպ» դպրոցը ինձ ստիպում է ֆրանսիասեր լինելուց ամաչել: Իր գաղափարակիցները ոչինչ չարեցին, ինչը Սարտրը արեց «Սրտխառնոց»-ի մի քանի պարբերությունում: Ինձ համար ֆրանսիական գրականությունում 1918-ից հետո միայն չորս մեծ վեպեր կան, դրանք են` Սելինի «Ճանապարհորդություն դեպի գիշերվա վերջը», Մալրոյի «Մարդկային ճակատագիրը», Սարտրի «Սրտխառնոցը» և Քամյուի «Ժանտախտը»: Այս բոլոր վեպերը ինչ-որ չափով ուղիղ կյանքի երեսին են նայում, նույնիսկ միայն նրա համար, որ հարձակում գործես, ինչպես Սելինի վեպում: Հետդարձ չկա, չկա նվիրում լրիվ չնվիրվածության հանդեպ: Ինձ թվում է, որ «նոր վեպը» ամենից շատ շրջանառվողն է, ինչպես ֆրանսիական ցիկլային ֆուգան Հռենոսի լայնքով, այլ կերպ ասած՝ ինչպես մշակութային հիշողության կորուստը:
Իհարկե, այս հեղինակները մեր պես զգում են, որ վեպը վտանգավոր դրության մեջ է: Եվ փակուղուց դուրս գալը՝ ճանապարհին նստել և վերջում պատը նկարագրելը չէ:
Միակ բանը, որին ժամանակակից գրողը չպետք է հավատարիմ մնա, ոճն է: Հետագա մեծագույն մեգա-եվրոպացի գրողը կգրի բոլոր ժանրերում, ինչպես Պիկասոն է նկարել կամ Ստրավինսկին երաժշտություն գրել: Սա ամենևին էլ ինքնության կորուստ չի ենթադրում: Ինքնության կորուստ է տեղի ունենում, երբ ամեն ինչ զոհաբերում են՝ վախենալով կորցնել այդ ինքնությունը: Առաջին անգլիացի գրողը, ով հասկացավ դա, Դեֆոն էր:
Ահա հենց սա է գրողի չարաբաստիկ միայնությունը՝ մշտապես ինչ-որ բան հետաքննել, դատել այլոց և սեփական տեսակետները և երբեք չիմանալ՝ ինչ չափանիշներով են մյուսները դատում: Բայց միշտ ամենավատից զգուշանալով: Ես մի հատուկ դժգոհություն ունեմ. շատ հմուտ արձակագիրներ գրախոսում են վեպերը: Երաժշտության մեջ և արվեստում արված նմանատիպ դատողությունը գրեթե անլսելի է, կցանկանայի նույն կերպ լիներ նաև գրքերում:
Իրապես վատ գրախոսողները այնպես են կանգնում և կեցվածք ընդունում գրախոսելիք գրքերի առաջ, որ գրքերն իրենք ամբողջովին անհասկանալի են և հիմնվելով այն սկզբունքի վրա, որ մերկ սատանաները վտանգավոր չեն, հարկ չէ շատ մտահոգվել դրանց մասին:
Գրախոսները, ում տանել չեմ կարողանում, հատկապես նրանք են, ովքեր տպավորությունն են թողնում, իբր թե վեպ գրելու ամբողջ ընթացքը փոքրիշատե մանկամտության դատապարտելի ցուցադրումն է:
Տարեցները գրախոսություններ են գրում, երեխաները՝ վեպեր: Ես դեմ եմ բոլոր տեսակի պասիվ երևույթներին, ինչպիսիք են վաճառվելը, կարդացվելը: Գրելը ակտիվ երևույթ է, և ստեղծագործություն, որով մշտապես հիացել եմ, կցանկանամ հասնել գրելու այն տեսակին, որն ընթերցանությունը նույնպես ակտիվ է դարձնում՝ գիրքը կարդում է ընթերցողին այնպես, ինչպես ռադարն է կարդում անհայտ մի բան:
Արևմտյան այս գումարա-զվարճանքային խելահեղ իրականության մեջ, քարոզիչ մշակութաբանների բոլոր կրեատիվ գործողությունները կասկածելի են, նրանց կատարած յուրաքանչյուր սխալը կամ անշնորհք շարժումը դիտվում է որպես կեղծավորություն, ամբարտավանություն, միամտություն, դրանց վրա կատարվող ճնշումները, և արտաքին, և ներքին, բոլորը ուղղված են վերացնելու ցանակացած իսկություն, որ նրանք փորձել են հաստատել իրենց ապրելաձևով և իրենց գրելաոճով, և հենց տնտեսգիտական տերմիններով էլ դրանք ասվում են որպես «հաջողություններ» կամ «ձախողումներ»:
Երբ Միրանդան «Կոլեկցիոներ» վեպում խոսում է «մի քանիսի» մասին, հենց այն մարդկանց մասին է, որոնց ես նկատի էի ունեցել՝ հասարակ արարածներ, ոչ թե խելամիտ կամ լավ տեղեկացված մարդիկ, լավ բառապաշարով զինված մարդիկ: Այսպիսի գրողները չեն կարողանում լինել այնպիսին, ինչպիսին որ կան, ոչ էլ նրանք դադարում են պատկանել «մի քանիսի»-ի տեսակին, եթե նրանք մերժում են հասկացությունը: Նրանք «մի քանիսից» են, ինչպես այս մարդը, որ ծնվել է ձախլիկ, և այս մեկը՝ չինացի: Նրանք ազատության ոչ մի ընտրություն չունեն, նրանք պարտավոր են լինել ազատ: Եվ հենց սա է մեկուսացնում նրանց, նույնիսկ, երբ մյուս բոլոր խոչընդոտները նրանց և «շատերի» միջև կոտրվել են:

Թարգմանությունը՝
ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն