Ոտքերը գրկել, կծկվել էր հատակին: Ծխախոտից տեղ-տեղ դեղնած բեղը դողում էր միմյանց սեղմված շուրթերի շուրջը: Եթե չնստեր բազմոցին, կարելի էր կարծել, թե ընկել է: Երկու անգամ դժվարությամբ վեր կացավ, փորձեց բազմոցին տեղավորվել նույն դիրքով, ինչ հատակին էր, չստացվեց, պտտվեց, պտտվեց, ինչ-որ բան խանգարում էր: Իջավ, մեջքով հենվեց բազմոցին, գրկեց ոտքերը, գլուխը դրեց ծնկներին՝ միակ դիրքն էր, որով կարողանում էր երկար մնալ անշարժ: Որտեղի՞ց է գալիս ցավը, երբ սիրտը դատարկ է: Թե կարողանար վեր կենալ՝ գրադարանում նման գիրք կփնտրեր, հոդված հեղինակելու համար ցավի մասին, որի գիտական բացատրությունը մինչ այժմ անհայտ է իրեն: Մռմռաց, ծակոցը ուժեղացավ, ավելի պինդ գրկեց ոտքերը: Լռում են ցավի մասին, իսկ գրելիս նկարագրում են ուրիշի ցավը, որ ինքնախաբեության պես բան է երևի: Պատուհանից ներս ընկած քամին շարժում էր վարագույրը, գնում-գալիս էր լույսը: Դեպի արևը ձգվող փոշին այն արահետն էր, որով լույսը տուն էր մտնում, գլորվում սեղանի տակ և կորչում մինչև իրեն հասնելը: Հայացքը դիպավ պատից կախված կնոջ նկարին, կենդանության ոչ մի նշույլ՝ գլխավերևում կախված աչքերում: Վախեցավ, ամեն անգամ վախից հետո վատ բան էր պատահում: Առաջին անգամ վախեցավ, երբ սկսեց ուշադրություն չդարձնել գեղեցիկ աղջիկներին, և երբ խանութում իր հաճոյախոսությունները ոչ մի կնոջ չէին հետաքրքրում, մտածեց, կորցնում է ինչ-որ կարևոր բան: Երեկոյան գնաց բար, խմեց, սովորականից ավելի շուտ հարբեց, մոտեցավ, առաջարկություն արեց դիմացի սեղանին նստած գեղեցիկ աղջկան… Երկրորդ վախը գլխավերում բժշկի խոժոռ հայացքն էր և սպիտակ տարածության մեջ հիվանդանոցային ճնշող հոտը: Այդ օրերի միակ հետաքրքրությունը քննիչին խաբելն էր: Գեղեցիկ ստեղծագործում էր, թե ընկել է աստիճաններից, կոտրված քթով ծանր էր շնչում, իսկ երիտասարդ քննիչը թղթի վրա նշումներ էր անում և հեռանում: Երբեք այդքան սուր չեր զգացել օդը, քան ցավող քթանցքներով ներս քաշելիս:
Հերթական հոդվածը տպագրելուց բացի, մեկ էլ երազել էր գիտական կոչում ստանալու մասին, բայց երբ կրծքումդ պայթում է ցավը, երազում ես նաև ծխելու մասին: Չեր կարողանում բաց թողնել ձեռքերը, ավելի էր փոքրացել, գլուխը մտցրել էր ծնկների արանքը, և հեռվից նայելիս թվում էր, թե բարձն է բազմոցից ընկել հատակին: Եթե կարողանար՝ կծխեր հիմա, հետո ոտքի կկանգներ, հետո կգնար սար տեսնելու: Բառ առ բառ կբարձրանար աշնան հետ, ու թող քայլ առ քայլ անձրև գար, անձրևանոցը ուսերին կգցեր, հովվի պես կնստեր, կաթիլ առ կաթիլ կնայեր երկինք և կյանքում առաջին անգամ ժամանակ կտրամադրեր թռչուններին լսելու համար:
Կիրակի էր, մարմնի բոլոր բջիջներում կծկվել էր պարապուրդի մատնված կեսօրը: Ճակատի քրտինքի մեջ սառած դողի հետ կողքի էր թեքվել: Դեռ ոչ մի ծառ չէր ջրել, կնոջը ծաղիկներ չեր տարել, գերեզմանից վերդառնալու ճանապարհին չեր մտել իր սիրած գարեջրատունը, ուր միշտ գերեզմանափորը արտասովոր պատմություններ էր պատմում, որ ողջ ճանապարհին մտորելու տեղիք էր տալիս իրեն: Մկանները ձգվել էին, ատամները կրճտացնում էր, շուրթերը ավելի էին սեղմվել, ասես խրվել էին միմյանց մեջ և էլ երբեք չէին բացվելու: Վարագույրի և արևի խաղն աննկատ էր արդեն, սառը հատակին փլված մարմնի միակ երազանքը տաք վերմակն է, ու երևի այն ձեռքը, որը կծածկի մարմնի քրտնաթոր դողը, որն ավելի սարսափելի է, քան ցավը: Ուշանում էր հարևանի երիտասարդ տղան, որ ամեն կիրակի գալիս, միացնում էր համակարգիչը, և ինքը սկայպով խոսում էր երեխաների հետ:
Հեռու էր դուռը, պատուհանը, աթոռը, արևը, անգամ բազմոցը, որին կպած էր այդ պահին: Երբ հեռու ես լինում, գրասեղանը թղթի և թանաքի միջև անցանկալի պատնեշի է նմանվում: Ուրեմն ցավը մարմնի մեջ ծանրացած ժամանակն է, որի մասին չեն մտածել և երբեք որևէ բան չեն ասել գրասեղանին թափված թղթերը: Ուրեմն ժամանակը նման է գրողին, որ վաղ թե ուշ ավարտվում է, իսկ ցավը՝ գրականությանը, որը եկողների մեջ տեղավորվել և ապրել գիտի ընդմիշտ: