Մարդը վաղուց հեռացել է բնականությունից` իր համար սոցիալական ու հակաբնական հասարակություն ստեղծելով: Երևույթը ժամանակակից հայացքի ներքո դիտարկելով` պարզ է դառնում, որ ժամանակակից հասարակությունը գտնվում է դեպի այլ տարածության ու իրականության անցման շեմին: Արժե՞ տվյալ պարագայում խոսել «սոցիալական ճգնաժամի» մասին, իսկ միգուցե արդեն սխա՞լ է «սոցիալական» բառի գործածումը, միգուցե դա ոչ թե ճգնաժամ է, այլ հակառակը` առաջընթաց և բարգավաճո՞ւմ: Մենք պարզապես կա՛մ չենք հասկանում այն, ինչ կատարվում է մեզ հետ, կամ մեր գիտակցությունն է դեռևս անկատար, և մենք մտածում ենք նեղ ու սահմանափակ: Իսկ մտածում ենք մենք սովորաբար որպես օգտվող:
Մարդկային առաջընթացը ցույց է տալիս, որ ժամանակի փոփոխմանը զուգահեռ, փոխվում է ոչ միայն տարածությունը, այլ նաև` արժեքները, հայացքները, դրույթները: Ինչ-որ առանձին իրեր փոփոխել են միմյանց նկատմամբ իրենց դասավորությունը, բայց հենց ինքը` իրը, անփոփոխ է մնացել: Փոխվել են կրոնի նկատմամբ հայացքները, բայց հավատը երբեք փոփոխության չի ենթարկվել. միշտ նույնն է նրա էությունը: Բայց արդյոք ո՞րն է բարձրագույն արժեքը:
Բարոյականությունը, կրոնն ու փիլիսոփայությունը երբեք էլ բարձրագույն արժեքներ չեն եղել, նրանք ընդամենը միջոց են` ինչ-որ բան հաստատելու և իրականացնելու, բայց հաճախ միջնորդի դեր կատարելով` հենց իրենք են ընկալվում ու հաստատվում որպես «բարձրագույն արժեք»: Այսպիսով, բարձրագույն արժեքները երբեք չեն փոփոխվում, դրանք միշտ վերագնահատվում են: Ինչպես որ պատմությունը չի կարող միանգամից ինքնուրույն ընթացք ձեռք բերել, այնպես էլ բարձրագույն արժեքների հաստատումը միանգամից չի կատարվում:
Նիցշեն ստեղծեց «Գերմարդուն»` բարձրագույն կամքի աստիճանը, որը ձգտում է իշխանության: Գերմարդը մարդկային տեսակի բարձրագույն խստության աստիճանն է, որը, ինչպես և աներկբա իշխանության ձգտումը, տարբեր աստիճաններում սկսում է իշխել մարդկային գիտակցությանը` նրան մասնակից դարձնելով իրականությանը առհասարակ: Այդպիսով, իշխանության ձգտումը` որպես ճշմարիտ «իրական» ձգտում, նրան մոտեցնում է գոյությանն ու կյանքին: Գերմարդը պարզապես իր հետևում է թողնում նախկին արժեքային համակարգով մարդուն, «անցնում» նրա վրայով` ամեն տեսակ իրավունքների միջոցով արդարացում փնտրելով, մաքուր իշխանության գերակայության ասպարեզում ամեն տեսակ արժեքներ ներդնելով: Նիցշեն իշխողների գիշատչային գերակայությունը համարում է ցանկալի, նույնիսկ` անհրաժեշտ, իսկ բարոյականությունը` խեղճ, խղճահարական:
Ֆրիդրիխ Նիցշեն հաճախ էր լինում Մյունխեն քաղաքի Կարոլինապլատց, համար 5 տանը, որտեղ հանդիպում էին բոլոր նրանք, ովքեր անուն ու դիրք ունեին հասարակության մեջ: Ավելի ուշ այստեղ կսկսի այցելել և Ադոլֆ Հիտլերը: Ինձ անհայտ է, թե արդյո՞ք նրանք հանդիպել են այդ տանը, սակայն ակնհայտ փաստ է, որ նացիստները որդեգրել էին ռասսայական գաղափարախոսության կանխադրույթները, որոնք առավել արամատական բնույթ սկսեցին կրել հենց Նիցշե փիլիսոփայի միջոցով: Հիտլերն իրեն հռչակեց ամենագլխավոր մարտիկ` բարոյապես ու ֆիզիկապես գերմանական ժողովուրդը աղտոտության ենթարկողների դեմ պայքարում: Նա կյանքի կոչվեց` որպես գերմանացիների ազատագրիչ: Բայց ինչի՞ց էր ազատագրում նա գերմանացիներին: Հիշենք ֆաշիստների մասին կինոնկարները` Վիսկոնտիի «Աստվածների մահը», Բերտոլուչչիի «Կոնֆորմիստը», Կավանիի «Գիշերային բարապանը», Պազոլինիի «Սալոն կամ Սոդոմի 120 օրերը»: Այս բոլոր ֆիլմերը այս կամ այն կերպ մեզ բերում են այն համոզվածությանը, որ ֆաշիզմը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան սեքսուալ ամենաթողություն, սեռական անհագուրդություն:
Իսկ կար ժամանակ, որ սեքսուալ ամենաթողությունը` նման, ասենք, խելագարության կամ չքավորության` մարդկանց մեկուսացնում էին հասարակությունից: Ընդ որում` մինչև 19-րդ դար: Ընդամենը 19-րդ դարի սկզբին Ռուայ–Կոլարրը մտադրվում է վտարել Սադին Շարատոնի հոսպիտալից: Ռուայ-Կոլարրը ցանկանում էր ապացուցել, որ Սադը իրականում խելագարության ախտանիշներով չի տառապում, և որ անբարոյական էությունը, ում համար 18-րդ դարում նորմ էր համարվում մեկուսացումը, տեղ չունի 19-րդ դարի հոգեբուժարանում: Նրա տեղը բանտում է, և այդ մարդը պետք է ամենախիստ բանտարկության ենթարկվի: Ռուեն-Կոլլարը Սադին համարում էր «զառանցանք — արատով» տառապող անձնավորություն: 18-րդ դարում արատավոր կապերը համարվում էին խելագարություն, 19-րդ դարում «զառանցանք արատի» համար բանտարկում էին, 20-րդ դարում ֆաշիզմն արդեն պայքարում էր սեռական ամենաթողության համար, իսկ 21-րդ դարում… Թերևս դեռ շուտ է մեր դարի մասին ինչ-որ բան ասել:
Ռոլան Բարտը գտնում էր, որ աշխարհի փոփոխականության և կատարելության ձգտման մասին նախնական պատկերացումները հանգեցնում են մարդկության շրջված պատկերի ստեղծման, որն է անշարժությունն ու հավերժական նույնականությունը: Մի խոսքով, ժամանակակից իրականության մեջ իրականությունից դեպի գաղափարախոսություն անցումը ներկայանում է անցում «հակաբնականությունից» դեպի «կեղծ բնականություն»: Այդ կարգի անցումները մարդկային շփման ասպարեզում, կատարվում են միֆի մասնակցությամբ: Հռետորական միջոցների օգտագործմամբ միֆերը ստեղծում են կեղծ բնականության առաջընթացի հնարավորություններ` որոշակիացնելով ժամանակակից աշխարհի երազանքները: Միֆոլոգիան մասնակցում է աշխարհաստեղծմանը: Եթե վճռորոշ համարենք այն փաստը, որ հասարակության մեջ մարդն ամեն րոպե ընկղմվում է կեղծ բնականության մեջ, այդ դեպքում միֆոլոգի գործառույթը պետք է լինի` թաքցնել ամենաանմեղ շղարշի տակ ամենապարզ կյանքային հարաբերությունները: Սա Ռոլան Բարտի կարծիքն է, որն իր ժամանակին առանձնացրեց «հակաբնականը» բնականից և գծագրեց «կեղծ բնականի» անցման ճանապարհը: Այսինքն` «կեղծ բնականությունից բնականության» անցումը սիմուլյակրության էտապի հայտնություն է, տերմին, որն առաջադրվել է Ժան Բոդրիարի կողմից: Բայց ե՞րբ է կատարվել հակաբնականության բաժանումը բնականությունից: Հնարավոր է, որ դա պատահել է հենց դրախտում, երբ Եվան գայաթակղվեց օձի կողմից: Հնարավոր է նաև` երբ Ադամն ու Եվան, փորձելով արգելված պտուղը, վտարվեցին: Իսկ եթե դա պատահել է, երբ ծնվել են Աբելն ու Կայե՞նը: Իսկ միգուցե բաժանումը կատարվել է Կայենի կողմից հարազատ եղբոր սպանության հետ. «Կայենը սպանեց Աբելին», հնարավոր է, որ հենց այս նախադասությունը դարձավ անբնական, չնախատեսված բնության ու գոյության կողմից: Ես չեմ խոսում առաջին մարդու արարման մասին այն պատճառով, որ դա ընդունված է համարել նախատեսված փաստ:
Եվան Ադամից ծնեց երեք տղա, եթե չեմ սխալվում` նաև մի աղջիկ: Նրանք սկսեցին բազմանալ ու բազմապատկվել մինչ այն պահը, երբ ծնվեց Նոյը: Երբ Նոյը հարյուր տարեկան էր, իսկ աշխարհն այդ ժամանակ` մեղքի մեջ, Աստված որոշեց երկիր ուղարկել ջրհեղեղը: Դա պայմանավորված էր մի ցանկությամբ` վերացնել մեղքը և կրկին հաղթանակ շնորհել նախաստեղծ բնականությանը: Այնուամենայնիվ, այն, ինչ պատահեց հետո, մեզ կրկին ուղղորդեց հակաբնականության: Երբ Նոյի տապանը կանգ առավ Արարատ լեռան կատարին, դեռևս յոթ օր նրանք մնացին տապանում, մինչև ջրերի վերջնական ցամաքելը: Այդ ժամանակ Աստված կանչեց Նոյին և հրամայեց դուրս գալ: Եվ Աստված ասաց, որ այլևս երբեք չի փորձի վերացնել մարդկանց: Միգուցե դա նրա սխալն էր, բայց նա խոստացավ: Տապանից դուրս գալուց հետո Նոյը զբաղվեց գինեգործությամբ:Պատմությունից տեղեկանում ենք,որ երբ մի անգամ Նոյը հարբած քնել էր իր հյուղակում, Հաբեթը «տեսավ նրա մերկությունը»: Ուշադրություն դարձրեք, որ ոչ միայն Հաբեթի «տեսնելն» է մեղք համարվում, այլ նաև Նոյի հարբածությունը: Հնարավոր է, որ մեղքը ոչ այլ ինչ է, եթե ոչ արատ կամ անկատարություն: Կատարյալ է աշխարհը, բայց անկատար են մարդկային արարքները: Եվ հենց այստեղ պարզ է դառնում հակաբնականությունից բնականության բաժանման` անբնականից բնականի անցման հաջորդ փուլը: Այլ կերպ ասած, հակա և ան մասնիկները համահավասար են: Ինչևէ, ամեն դեպքում, հիմնական տարանջատման մեջ արտահայտվում են «մեղսագործության» կամ «արատի» հասկացությունները, իսկ դա նշանակում է, որ ամեն դեպքում մենք գործ ունենք միֆերի հետ:
Իսկ ինչպիսին էր մեղքի դերը հին Հռոմում: Մինչ մեր թվարկությունից առաջ յոթերորդ դարի առաջին քառորդը, Սեմոնիդ Ամերգոնացին տուրք տալով իր զգացմունքներին` մի ընդարձակ լիրիկական բանաստեղծության միջոցով, որը հասել է մինչ մեր օրերը, արտահայտել և հիմնավորել է իր համոզմունքները կնոջ ֆիզիկական և բարոյական թերությունների մասին զարմանալի պարզությամբ և մեծ բացահայտումներով: Բանաստեղծը հաստատում է, որ 10 կնոջից 9-ը ոչ մի բանի պիտանի չէ և փորձում է դա բացահայտել նրանց ծագմամբ: Փնթի-կինը ծագել է խոզից, ծայրահեղ խորամանկ կինը` աղվեսից, հետաքրքրասեր կինը`շնից, անուղեղ, ոչ մի բան չիմացող կինը, որ միայն ուտելիքի մասին է մտածում` անիմաստ հողից: Կամակոր և չհասկացող կինը նման է հավերժ անհանգիստ ծովին, որի վրա անհնար է հենարան գտնել: Ծույլ կնոջ նախածնողների մեջ երևում է ավանակը, իսկ հիշաչարինը` կատուն: Նա, որը հագուստի և զարդերի նկատմամբ մեծ սեր ունի, մշտապես ինչ-որ նորաձև իր փնտրտուքի մեջ է, առաջացել է ձիուց, իսկ վերջինը` տգեղը` կապիկից: Կանացի մեղքերի թվարկումից հետո, որը 80 տող է կազմում, ընդամենը 9 տող նվիրվում է հավատարիմ կնոջ, աշխատասեր տնտեսուհու և մոր գովաբանությանը, որը իր ծագումը ստացել է մեղվից: Պլատոնը (մեր թվարկությունից առաջ երրորդ դար) մեղքն արդեն դիտարկում է զգայականության մեջ: Մեղքը, լավագույն դեպքում արգելք է` հոգևոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին, ինքնության կազմաքանդում, ինչի մասին վկայում է նրա հանրաճանաչ այլաբանական արտահայտությունը` հրաշալի Նարցիսը, որը սիրահարվելով գետի մեջ երևացող սեփական արտացոլանքին` կախարդանքով ձգվում է այդ ուղղությամբ դեպի ճակատագրական անդունդը: Մեր թվարկության երրորդ դարում ստոիկները մշակել էին հոգու և մարմնի հիվանդության վերլուծության հատուկ համակարգ: Ստոիկների կողմից առաջադրված այդ հիվանդաբանական սանդղակում «մեղքին» հատկացված է հինգերորդ տեղը` «հիվանդագինության», «տկարության», «թուլության», «ախտանշության» հաջորդականությամբ: Մեղքը համարվում է անբուժելի հիվանդություն, որը հնարավոր չէ ապաքինել: Մեղքը հոգու հիվանդություն է, այսինքն մարդկային հոգու ներդաշնակության խախտում, ինչը նշանակում է, որ մյուս հիվանդությունների համեմատությամբ դա առավել առաջնային է. մեղքը` ինքը հանցագործությունն է, բայց մինչ կատարման պահը, հենց առաջացման աղբյուրում այն մարդու սրտում է:
Միշել Ֆուկոն իր «Սեքսուալության պատմություն» գրքում գրում է. «Դասականության դարաշրջանում աղքատությունը, ծուլությունը, մեղքն ու խելագարությունը համազոր էին համարվում և գտնվում էին անգիտակցականության ներքին ոլորտում. աղքատությունն ու գործազրկությունը մեծագույն մեկուսացում է, որն իր տարածք է ներքաշում բոլոր խելագարներին և մեկուսարանի բոլոր անդամներին, որոնք մեղքին այդքան մոտ գտնվելով` կարծես թե անխուսափելիորեն միտվում են մեղսագործության հետ հարաբերակցվելու: Այժմ խելագարությունը մոտենում է սոցիալական անկման աստիճանին, որն աներևույթ ձևով նրա համար և’ պատճառ է հանդիսանում, և’ օրինակ, և’ վերջնասահման: Կես դար անց հոգեկան հիվանդությունը կվերածվի այլասերման: Այսուհետ խելագարության գլխավոր և իրական վտանգը գալու է միայն հասարակության հատակից»:
Եվ կրկին մենք վերադառնում ենք հասարակությանը: Այժմ ես պետք է պատասխանեմ մի շարք հիմնահարցերի, թե ինչու՞ է ժամանակակից հասարակությունը ճգնաժամի մեջ, ինչու՞՞ է վերափոխվում կեղծ իրականության, ինչպե՞ս է իրականությունն անհետանում և վերածվում գոյության մեկ այլ ձևի: Արդյո՞ք հուսալի է այն աշխարհը, որին մենք ձգտում ենք… եթե երևակայությունն ընդամենը քմահաճույք է, ապա` այո’: Բայց երաժշտության մեջ երևակայությունը համարվում է ազատ ձևի ստեղծագործություն, ամու՞ր է արդյոք այդ ազատությունը. եթե դա սեփական կամքի ինքնաարտահայտման դրսևորում է, ուրեմն` այո: Հակառակ դեպքում արգելքներն ու սահմանափակումները կհանգեցնեն օտարման: Դիմացկուն ու ամու՞ր է արդյոք այն աշխարհը, ուր մենք ձգտում ենք…
Հակաբնականությունից կեղծ բնականության անցումը հիմնավորված է նոր տեխնոլոգիաներով. մարդկության խնդիրը կայանում է նրանում, որ հենց ինքը` մարդը, սարսափում է այսպես կոչված վիրտուալ իրականություն տեխնոլոգիաներից (Virtual reality technologyի), որոնք նրան ուղղորդում են կեղծ իրականություն, եթե իհարկե այդպիսի բան ընդհանրապես գոյություն ունի: Բարձր տեխնոլոգիաները սարսափելի զենք են մարդկության ձեռքում, որը սակայն մինչ այժմ մենք չենք գիտակցել: Այժմ սոցիալականը կարող է անհետ աներևութանալ: Փոխանակումը կկատարվի սոցիալական հասարակությունից դեպի գերսոցիալական հասարակության: Եվ նոր աշխարհի կերտումը կրկին մարդու ձեռքում է: Եթե Աստված աշխարհը ստեղծել է մարդկության համար, ապա անհայտ է, թե ու՞մ համար ենք այժմ մենք արարում այդ աշխարհը: Մենք, ինչպես որ ցանկանում էր Նիցշեն, հենց գերմարդն ենք, որը պատկանում է քաղաքակրթության գերսոցիալական հասարակությանը: Տվյալ դեպքում մեզ միայն մի բան է մնում անել, առգրավել այնքան նոր տարածքներ, որքան կզարգան սոցիալականը: Ժան Բրոյդարն ասել է, որ այսուհետ ոչինչ իր պատմության վերջին չի հասնում, ոչինչ ի վիճակի չէ փախչելու կեղծարարությունից: Հնարավոր է, որ ժամանակակից աշխարհում «սոցիալականի ճգնաժամը»- ամբողջ համակարգի փլուզման նշան Է: Ինչո՞ւ մեղքը չվերացավ ջրհեղեղի հետ. խնդիրը կենդանի մնացածների գիտակցության մեջ էր:
Ինչու՞ սոցիալականն ու հասարակությունը չեն կարող անհետանալ. պատասխանը նույն գիտակցության մեջ է: Թեպետ, մարդկությունն ինքը ղեկավարում է գիտակցությունն «առանց գիտակցման»: Մենք գիտեիքներ չունենք անցյալի ու ապագայի մասին, կան միայն ենթադրություններ և կանխատեսումներ: Եվ թե ինչ կլինի վաղը` ոչ ոքի հայտնի չէ: Մենք մնում ենք մեր երևակայության ու ֆանտազիայի հետ: Մնում է միայն կրկին անդրադառնալ միֆերին և ստեղծել նորերը: Իսկ կեղծ բնականությունը, եթե հենց մի ինքնատիպ միֆ չէ, ապա ապա ամեն դեպքում ինչ-որ բան է կեղծարարության ոլորտից:

Թարգմանությունը  ռուսերենից`  Հասմիկ Հակոբյանի

Տպագրվել է «Գրեթերթ», 2010, թիվ 1

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն