* * *
Սեր իմ, ասացիր՝ գայլ ես եղել,
ու պաշտեցի ես քեզ
մաշկիդ խզբզված
մազմզուկների չափ,
ու պաշտեցի ես քեզ
ապուպապերիդ տրորած
հողերի երկայնքով
ու հրացանի փողին
հայացքս հառած՝
ոռնացի քեզ նման.
գիշեր էր ու մութ,
ու լոկ լսեցի, որ չկամ…
Ասացիր, սեր իմ, գայլ ես եղել,
նայեցի ձեռքերիդ, թաթերիդ,
թաթերիդ, ձեռքերիդ.
գիշեր էր, մութ էր,
ու զգացի, որ մինչ այդ չկայի…
Հեռվում լալիս էր երեխան,
մեր շուրջը հարսանիք էր,
ես ու դու կծկվել էինք
սեղանի տակ.
արի գայլավարի
թաքուն հեռանանք…

Ու պաշտեցի ես քեզ
աշխարհի բոլոր
ճամփաների վրա…

* * *
…ու ցրտից չմեռնելու համար
(ես այնքան բարի էի) փաթաթվեցի քեզ,
և հուշեց գիշերը մաքուր արտագրված,
որ ոչ ոք չի նկատել
թուլությունս հավիտենական…
…այնքան բարի եմ,
որ կարող եմ մոռանալ քեզ` առանց տանջելու,
իսկ փողոցում թափառում է գարշահոտը մենակության.
ինչ լավ է, որ տանն եմ.
երնեկ հիմար լինեմ ու հավատամ,
որ մյուս ծայրում խոսափողի
դու ես լռում ինձ հետ,
հեքիաթասպան իմ սեր.
կրկին հեքիաթ եմ հորինել զվարճանքիդ համար.
կհանդիպենք ճիշտ նույն ժամին ու նույն տեղում.
այնքան բարի եմ, որ չեմ գալու…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն