width=

***
Ու նորից լիալուսնի աչքն ինձ նետում է
տափաստանի հեռուն,
ուր մենավոր են մայրամուտները,
իսկ մուտքը նորից խելագարների համար է միայն:
Հիշո՞ւմ ես երեկոն,
երբ առաջին մարդու նախասարսափը
նստեց քարանձավի պատին.
քո երգը կորցրած սիրո մասին էր,
ու ես տարիներն էի հաշվում աչքերիդ մեջ՝
մեկ, երկու, հազար…
բաց մի թող ձեռքս,
ինչո՞ւ ենք միշտ կորցնում իրար:
մեղավորը ժամանակն է գուցե,
որ ծանր է շնչում,
հայտնվում է միշտ, երբ մութ է արդեն
ու կրճատվող ստվերները քեզ տանում են հեռու:
Մեր բաժանումը երբեք «մնաս բարով» չէ.
գուցե հաջորդ անգամ,
մեկ այլ երկնքի տակ.
հազարավոր փոխվող ձևերի մեջ
կլինի մեկ այլ աշուն,
ու նորից քեզ կտենչան իմ կյանքի մայրամուտները…

***
փակի՜ր աչքերդ,
իմ տասնութամյա՜ գարուն,
մեզ նմաններին բախտը չի սիրում,
մեզ նմաններին կյանքը չի ներում իր իսկ մեղքերը,
փակի՜ր աչքերդ…
քո աչքերի մեջ իմ կորցրած հույսն է,
անսպառ հավատը դեգերումների
ու լիալուսնի գայլակարոտը,
քո աչքերի մեջ իմ որոնածն է,
որը երբևէ ոչ ոք չի գտնում…
իմ որոնածը դրախտի բույրն էր,
աստղերին թիկնած հավերժությունը,
խաղաղությունը մարգարտածաղկի:
իմ որոնածը դրախտի սուտն էր,
որ Գողգոթայից խաչն ի վար հոսեց,
դարձավ առասպել,
լցվեց տնետուն
ու անտուն թողեց իմ աստվածներին:
իմ որոնածը սիրահար սրտի ալեկոծումն էր,
արևադարձի վերջին անձրևը,
շառաչն ու կիրքը քո տասնութամյա,
հեթանոս արյան:
իմ որոնածը շարականների
տիեզերածավալ, սուրբ խնկաբույրն էր,
ցասումը Դելփյան պատգամախոսի,
արևագալի տաք պաշտանմունքը
ու բագինների օդը արնահոտ…
իմ որոնածը քո փակ աչքերի անմեղությունն էր,
փակի՜ր աչքերդ.
իմ որոնածը չգոյությունն է,
իսկ գտածս լոկ
հարրիհալլերյան իմ մենությունն էր,
գտածս միայն
դատարկ ու մութ ուղիներն էին Հարդագողի…

***
Լինում է, չի լինում.
չի լինում հավանաբար,
քանի որ ես փչացրի բոլոր հեքիաթները
արյունոտ արծաթով խեղդվածի
մեղքի մաքրությամբ:
Լինում է, չի լինում…
ի՞նչ տարբերություն` լինո՞ւմ է, թե՞ ոչ,
ես քեզ համար նոր հեքիաթ կգտնեմ,
որտեղ հայելիները քեզ կներկեն սև ու սպիտակ:
Ու էլ չես վախենա խավարի մեջ կոտրվող
լույսի եռանկյունիներից,
որ խարանում են մաշկդ ինքնասպան անմեղի
երեսուն անեծքով:
Նա նախահայրն էր խելագարների,
կուլ տվող պատերի, իջնող առաստաղի
և սպիտակի թագավորության,
ուր վագներյան հիվանդ նոտաները
ստիպում են ստվերիդ թաքնվել քո մեջ:
Իսկ վախերդ հորինում են իմաստը
գրքի դեղին էջերում,
ճահիճների տակ,
քարանձավի օդում, որտեղ քնած չղջիկն
իր թարսուշիտակ աշխարհն է նկարում
ոչնչի մեջ,
կամ անքնության միակ աչքում, որ ժպտում է
անթարթ ու ծաղրական:
Լինում է, չի լինում.
չի լինում, հավանաբար…

***
Պարզապես նոյեմբերը մնաց քո փոխարեն,
որ ժպիտդ պահի
լիալուսնից հետո ապրող դատարկի մեջ:
Իմ նոյեմբերը գույներ չուներ,
ու դեղնակարմիր տերևներ չկային ծառերից իջնող,
ինչպես արցունքները,
որ ժամանակից շուտ վրա հասան:
Երբ երազներդ փաթաթվեցին ոտքերիդ`
շղթայելու ինձ քո նվիրած ազատությամբ,
նոյեմբերը զարկերակիս մեջ մաքրվեց
ու արյուն դարձած նստեց շուրթերիս`
գույնի փոխարեն:
Գուցե շուրջս ամեն ինչ կարմիր ներկեմ,
որ նոյեմբերն ինձ մոռանա:

***
Non fui
ու կար ժամանակը երևի,
որևէ տեղ,
կամ գուցե ոչինչ չկար,
ու կար ժամանակը հաստատ,
որ գլորվում էր անորոշությունից
դեպի տարածության այն շարժվող կետը,
որտեղից իմաստը փորձեց տեղավորվել
գոյության մեջ.
sum
իսկ շրջանը պտտվում էր,
հոսում ժամանակի թվացյալ շառավղով
առաջ, երևի, կամ գուցե հետ:
Ինձ թվաց`ժամանակը ես եմ`
ինքնասպառ մի ակնթարթ
հավերժի մեջ:
Կային երազներ,
որ հազար գույն, նույնքան էլ ձև ունեին:
Իմաստը շարունակում էր փորձել,
բայց գույները մեկ առ մեկ հալվեցին ու հեռացան.
fui
չգիտեմ ինչպես կամ երբ,
իմ ժամանակն ինձնից թալանվեց,
ու մնաց փոշին,
մնաց հիշողությունը ինչ-որ մեկի սրտում
կամ ոչ մի տեղ:
Ես տեսա սկիզբն ու վերջը
իմ բովանդակության,
մինչև որ non sum
աշնանային մի կեսգիշեր,
սլաքների թափվելու հետ
աչքերիցդ հեռու,
չգիտակցված,
non sum…

***
Ես փորձեցի քո բոհեմյան երազները երազել,
բայց կաֆկայական մղձավանջներս
ինձնից ուժեղ էին ու քեզ վանեցին:
Սերերիս անկանոն հերթափոխն ագահաբար
կյանքի լաբիրինթոսը քանդում-կառուցում է՝
խելագար արագությամբ նորից ու նորից գծելով շրջան,
որը վերջ չունի,
ճիշտ ինչպես բաբելոնյան աշտարակը
կամ դղյակ տանող ուղին՝
գնալ չհասնելու, փնտրել չգտնելու
սարսափին դատապարտվածի համար:
Այդ մասին երեկ Պոյի ագռավն էր կռռում,
այսօր հուսահատ ճչում է Մունկի մարդակերպը…
երեկն այդ ե՞րբ այսօր դարձավ…
դեռ երեկ բոհեմյան վերջին աշունն էր ծփում,
այսօր միլլերյան չստացված ամռան ողջակիզումն էր:
Վերջին հավատս ամռան մոխրի քամուն տվեցի.
վաղվա աշունն ինձ դատարկ լինելու խոստում է տվել…

***
Գոյությանդ մինչև իսկ կասկածում եմ երբեմն:
Ես կարող եմ հիշել այն, ինչ չի եղել,
քանի դեռ ժամանակը հավաքում է հուշերս
փշրված ապակու փոքրիկ կտորներից
ու ստվերում շղարշի տակ:
Իսկ ստվերից դուրս մնում է այն, ինչ չի եղել`
վաղամեռիկ թիթեռների մի կույտ,
որ գոյացավ աննկատ,
մինչ նկարում էի քեզ իմ փոքրիկ տարածության մեջ:
Քեզ դրեցի աստվածների պատվանդանին,
որ հեռանաս, ինչպես բոլոր աստվածներն են մեռնում
հավատացյալի` հույսից ճաքող աչքի առաջ`
թողնելով այն, ինչ չի եղել`
վատ պատճենված կրկնօրինակի պես մշուշոտ,
աչք ցավեցնող մի ձեռագիր,
որտեղ սպասումը կերկարի
ու կդառնա հիշողություն…
Հիշի՛ր ինձ, երբ երազներդ քեզ լքեն,
Ու մնաս մենակ…
Հիշի՛ր ինձ այն ժամանակ,
երբ արևը հոգնած թափվի հորիզոնին`
վերջալույսի մեջ երազներիդ փախուստը թաղելով,
երբ ժամանակը սկսի իր հավաքած կծիկը քանդել,
հետադարձ գալարներով`
դեպի սկիզբը հավերժության,
դեպի այն, ինչ չի եղել…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն