-1-
Ես Գիժ էի
ավազներ առաջ,
ու ապրում էի ազատ.
արգելաճաղերն ինձ համար
լոկ թռչունների երամներ էին
մաս-մաս չվող,
սերը
անմահների հովտից
փչող խնկաթաթախ տրոփն էր,
աշխարհի բոլոր անիմաստ
խոսակցություններից ու
մեկի ժպիտից մաղվող
հաշիշն
ու նինջը…
ավազներ առաջ
անհուպ շոյանքն էր
լարում օդն
ու պայթում խոյակների տակ,
ու կապու՜յտ, կապու՜յտ
շունչն էր թռչկոտում
յասամանների շուրջ…
ավազներ առաջ
ես Վայրի էի
ու ազատ,
երբ դեռ մի պոետ
չէր հասցրել եռալռին մարգարեանալ
մինչև աքաղաղի կանչը…
Ավազներ առաջ
ժամանակը խցանման մեջ ընկավ…
երբ վերջապես դուրս գա այնտեղից
ես անպայման կսպասեմ
երրորդ օրվան՝
որպեսզի հարություն առնեմ…
…կսպասեմ…
-2-
Տարաշխարհիկ երիցուկի
ցողից բացակա ու
Քուչակից
քաղցա՜ծ, քաղցա՜ծ
պիքսելային-թվային
օրաշարքն է
միայն գունավոր…
(Սև ու սպիտակ
լուսանկարների
դարաշրջանում է՞լ էր
կյանքը սև ու սպիտակ…)
Օրերը խցիկի մեջ…
սերը խցիկի մեջ…
սուրճը խցիկի մեջ…
արևը խցիկի պատերին լղոզած…
(մտքերը… էնտեղ մտքեր չկան)
Էս գնդաձև Անբռնելին՝
իմ սահմաններում պտտվող
անվերջ,
անվերջ,
անվերջ,
մինչև վախճանը իմ,
բայց ոչ նրա…
ու ասկետական տենդն այս
համր ու անմխիթար՝
իմ տապանում թպրտացող,
թևանցուկ լուսանկարվում են՝
ժպտալով ինձ…
Այ թե cynici-ները կնախանձեին ձեզ,-
քմծիծաղեց մի միտք՝
տակառին նստած….
-3-
Երկաթե թռչունների
կռինչն է
շառաչյունով թափվում
գլխիս,
ճզմում ու
ձևախախտում
մտքերս…
բայց դու անհոգ եղիր,
էնտեղի քո բունկերն
ապահով է,
քեզ բան չի լինի…
երրորդ լուսինն է
արդեն,
ինչ պատերից
առարկաներ են աճում…
սրանք խոսել էլ գիտեն
ու պահանջում են,
որ անքնությամբ
ջրեմ իրենց…
գլխաֆռույտ …
անննջություն…
տենդապար…
կարոտախտ…
էս բրուտոսակերպների
փաղանգներն
ու այրուձին
արդեն երրորդ լուսինն է,
ինչ վերջնագիր են
ներկայացրել…
բայց դու անհոգ եղիր,
կոլապսում քո բունկերն
ապահով կլինի,
քեզ ոչինչ չի սպառնա…
-4-
Լսիր, սիրելիս,
մեր Տապանը ճեղքել է ու
էլեգիաների աղի շիթերն
արագորեն սողոսկում են ներս,
հասնում մահճակալիս ոտքերին.
ամենուր դրանց թթու հոտն է տարածվել…
կարկատել է պետք անհապաղ…
ախր ես վախենում եմ դրանցից…
ախր մենակ ո՞նց եմ կարկատելու…
ախր ես պուճուր-մուճուր եմ…
իսկ էս գրողի տարած Տե՜նդը…
եթե դու չօգնես,
կբռնեմ ու կկպնեմ պատերին,
և եթե հրդեհ չբռնկվի,
եթե չողջակիզվենք,
եթե վերջին տապանը չկործանվի՝
դեռ գագաթին չհասած
ու չջնջվեն ապագայից
բոլոր սուրբ գրային էջերը՝
մեր գրվելիք պատմության…
և եթե հավատանք, որ
Ֆատումը,
պանրի ու ծիտրոնի բրդուճը
կիսատ թողել,
ու իմ բոյին մուրճն առած
վազել է մեզ օգնության,
ապա գուցե
հաջողվի՞ զոդել
բացված ճեղքը մուրճով ու
Վայրի ջերմությամբ…
Սիրելիս, մեր Տապանը ճեղքել է
և այնտեղից էլեգիաների ձայնն է հորդում ներս…
պետք է մի բան անենք,
ես վախենում եմ անշարժությունից…
-5-
Իմ ալեգորիկ սերն
ու Քո էքսցենտրիկ կիրքը
նստած իրար կողք
ճռռոցով
դանդաղ թիթեռ են
խազում միմյանց
ներվերի վրա
ու ժպտո՜ւմ…
իմ էքսցենտրիկ կիրքն ու
Քո ալեգորիկ սերը
շփոթել են տեղերը…
խայտառակվեցինք…
բայց,
աննկատ
վերադիրքավորվում են
ու շարունակում
թիթեռել ներվերը միմյանց…
քո հպարտ մենությունն ու
իմ սառցե վեհությունը
սրում են մեզ սրիչով ու
հետևողականորեն
խեղդամահ անում
ճմրթված սպիտակ թղթերին՝
երկու տարբեր ձեռագրերով…
Լսիր, սիրելիս,
արի վերջապես
իմ ալեգորիկ սիրուն
և Քո էքսցենտրիկ կրքին
միասին ուղարկենք
գրողի ծոցը, հա՞…
չէ՛… գրողների…
-6-
Էս քարանձավային
փոքր մարդուկներն
ականջներիս մեջ կրակ են արել
ու միս են խորովում աղմուկով,
ասեք նրանց,
որ լեռնեցուս բարձունքներում,
միևնույն է
կրակի ջերմաստիճանը 100° չի հասնի,
42°-նն ամենաբարձրն է…
ասեք, թող չաղմկեն,
ախր ես իմ Վայրիի մասին եմ մտածում, չէ՞…
Երկնքի տակ եմ պառկած,
բոլորից վերև…
ու աստվածներն ինձ հետ են խոսում…
անձրևով…
ասեք նրանց, որ
իրենք էլ են խանգարում,
ախր մտածում եմ, չէ՞…
-7-
Դրսում երկինք է…
դրսում ջրհեղեղ է…
դրսում պանդեմիա է…
իսկ ես իմ
7 հարկանի տապանով
լողում եմ ու մտածում
Վայրիիս մասին…
եթե նույնիսկ
աղավնին հետ չգա՝
ձիթենու ճյուղը կտցին,
ու չասի,
որ աշխարհում մի ոտնաչափ
հողակտոր է ազատվել
Իմ ու Վայրիիս խաղաղ գոյակցության համար…
եթե նույնիսկ
մինչև վերջ էլ չհասկանամ,
թե ինչու է ձիթենին գերադասելի յասամանից…
եթե նույնիսկ
քերթողներն ու պատմագիրներն
երբևիցե հերքեն
մեր գոյությունը
ջրհեղեղից,
պանդեմիայից
ու մեր աստվածային կարճ միացումից առաջ…
միևնույն է,
իմ տապանի 7-րդ հարկում
քո մասին մտածելիս
ջերմությունս բարձրանում է
աստվածների մոտ…
հետո ավելի վերև…